Թանկագին կորուստ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Թանկագին կորուստ
Միք դիպչիլ իմ ցավոտ, սգավոր սրտիս,
Սիրտս մեկ թանկագին բան է կորցրել,
Չափազանց վրդովված տխուր է հոգիս,
Սրտով սիրած սիրական է կորցրել։
Ավերվել է սրտիս այգին իսկական.
Գռեհիկի ձեռք է դիպել անպիտան,
Ինչպես չհառաչե սոխակի նման
Անթառամ վարդ, պալասան է կորցրել։
Արարչի օթևան, սիգաճեմ սիրտս,
Սուրբ սիրո անձնվեր, մտերիմ սիրտս.
Մեր նախահոր Ադամի պես իմ սիրտս,
Դրախտ, եդեմ, բուրաստան է կորցրել։
1898