Թեպետ երազ էր, բայց երազ չէր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոյի հետքերով Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Թեպետ երազ էր, բայց երազ չէր)

Վարդան Հակոբյան

Տերն ու ստրուկը

Տան ներսում լսվում էր բակում խաղացող երեխաների թեժ աղմուկը, իսկ ծիծեռնակների ծլվլոցներն ու կապույտ երկնքի անբացատրելի պարզությունը բաց պատուհանով ներս էին հորդում։ Բայց, միեւնույն է, Նարեկն անտրամադիր էր, ունքերն իրար էր տվել, նստել։ Օրվա այդ ժամին նա տանը լինի՞, չգնա խաղալո՞ւ։ Իրենից չէ։ Հաստատ մի բան կա։ Վարդան պապիկն անհանգստացավ, իր մի հայացքում տեղավորեց բոլոր հարցերը՝ նայելով թոռնիկին.

-Նարե՞կ...

-Գլուխս ցավում է։

-Ես այդպես էլ գիտեի։ Ասում էի, չէ՞, լեռան աղբյուրը սառն է լինում, նրա ջրով երկար չի կարելի լողանալ, մանավանդ, երբ դեռ չես հարմարվել,- Վարդան պապիկը միաժամանակ ձեռքը դրեց Նարեկի ճակատին՝ մատներով համբուրելու պես, շարունակեց,- ոչինչ, ամեն ինչ լավ կլինի։

Հետո պապիկը գնաց իր աշխատասենյակը, ամենաբարձր դարակից հանեց մի հաստափոր գիրք, որը թեպետ շատ թերթվելուց մաշվել էր, սակայն կազմի ու թղթերի հին մանրանկարները դեռ փայլուն ու հստակ տեսք ունեին, բերեց խնամքով ու, թախտին պառկեցնելով Նարեկին, դրեց նրա բարձի տակ։ Թոռնիկը շատ է տեսել՝ քանի անգամ տատիկը հիվանդանում էր, այդ գիրքը պապիկը դնում էր նրա գլխատակին, եւ հաջորդ օրը տատիկն արթնանում էր լրիվ կազդուրված։ Նարեկը որոշեց ավելորդ հարցեր չտալ պապիկին՝ համարելով, որ ինքն էլ մեծ է արդեն եւ շատ բան հասկանում է առանց հարցուփորձի։

Նարեկը թեեւ դպրոց չէր գնում, բայց մեսրոպյան այբուբենն արդեն գիտեր։ Երբ տանը մենակ էր լինում, շատ անգամ էր վերցնում այդ գիրքը, կարդում նրա կաշվե կազմի վրա դաջված «Նարեկ» անունը, համբուրում ու ակնածանքով տեղը դնում։ Պապի նման։ Գրքի մոմախառն բուրմունքը (պապիկն այն սիրում էր կարդալ էլեկտրական լամպը հանգցրած, մոմի լույսի տակ) միանգամից պարուրեց Նարեկին, եւ նա նինջ մտավ։ Սակայն դա սովորական քուն չէր։ Դա ճանապարհորդություն էր։ Շատ անգամ էր պապիկը պատմել, թե ինչու են իրեն Նարեկ անունը տվել, որտեղից է գալիս այդ անունը։ Մի խոսքով, Նարեկը, աչքը փակվելուն պես, ճանապարհ էր ընկել։

Ուղին անցնում էր հսկայական լեռներով։ Ահա եւ ճանապարհի ձախ կողմում մի վայրի ժայռաբեկոր, ասես քար չէ, այլ մեր հին դպիրներից մեկն է, որ աղոթելու համար ձեռքերը կարկառել է դեպի երկինք ու այդպես հավերժացել։ Ծանոթ տեսարան է։ Նարեկն անմիջապես հիշեց՝ Կաչաղակաբերդն է, նրանից ներքեւ Թթու ջուրն է, խոր ձորում՝ Խաչենագետը։ Ուրեմն, ճանապարհը տանում է Գանձասարի վանք։ Եղբայրները, հայրիկն ու մայրիկը, տատիկն ու պապիկը եւս իր հետ են։ Գնում են մատաղ անելու, մոմ վառելու... Հիշեց, երբ արցախյան կռվում թշնամիները հասել էին Գանձասարի մատույցները, ավերելով շատ գյուղեր ու ավաններ, չկարողացան Սուրբ տաճարին մոտենալ։ Երկնքից, հողից, ամեն կողմից արկեր ու ռումբեր էին նետում, կրակում էին դեպի վանքը, բայց Գանձասարը անառիկ մնաց.

-Ոգուն գնդակ չի դիպչում,- Նարեկը երազի մեջ լսեց պապիկի շշուկը,- հայոց ոգին է Գանձասարի սրբատաշ քարերում, այն անհաղթելի է։

Այդ պահին Վարդան պապիկը մոտեցել էր «քնած» Նարեկին, համբուրել, միաժամանակ թոռան ճակատին հպած իր շուրթերով ստուգել՝ երեխայի ջերմությունն անցավ, թե՝ չէ։ Ամեն ինչ լավ էր։ Նարեկի գլխատակին դրված «Նարեկն» իր գործն արել էր արդեն։ Նարեկավանքի ու Աստծո զորությունն է նրա մեջ։ Իսկ մեր փոքրիկ հերոսը քնի մեջ, թեպետ երազ էր, բայց երազ չէր, շարունակում էր ճանապարհը։ Ահա եւ Գանձասարը։ Ասեղ գցելու տեղ չկար, այնքան մարդիկ էին հավաքվել։ Բոլոր արարողությունները կատարվեցին։ Նարեկը, սակայն, մի կողմ քաշելով եղբայրներին, ասաց.

-Ես կարեւոր տեղ ունեմ գնալու... Շուտ, շատ շուտ կվերադառնամ...

Նարեկը հայոց Նարեկավանքի մասին շատ էր լսել պապիկից։ Գիտեր, որ այն մնացել է հեռու-հեռվում, օտարների իշխանության տակ։ Երբ Նարեկը եղբայրների հետ մոմ էր վառում եւ աղոթում, Աստված իջել էր հրեշտակի թեւերով եւ նրա ականջին շշնջացել.

-Գանձասարում քո վառած մոմերից մեկը տար Նարեկավանք, նրա հրով այնտեղ էլ մոմեր վառիր եւ Նարեկավանքը կազատվի...

Նարեկը երկու ափի մեջ ամուր պահած վառվող մոմը, քայլերն ուղղեց դեպի հեռուն, այնտեղ, ուր Նարեկավանքն է ու նրա կամարների տակ Նարեկա Մեծ Ճգնավորը՝ Նարեկացին, որի սուրբ մատյանը թեպետ ինքը դեռ չէր կարդացել, բայց շատ բառեր այնտեղից անգիր գիտեր, չէ՞ որ պապիկի ու տատիկի սիրած գիրքն էր այն։ Նարեկը ոգեւորված էր, մանավանդ, մտքով արդեն պատկերացնում էր, թե ինչպես պիտի իրեն դիմավորի... Նարեկացին։ Նարեկացին, Նարեկի կարծիքով, երբեք չի լքել Նարեկավանքը եւ մինչեւ այսօր մնում է նրա կամարների տակ եւ սպասում է, թե երբ կգան հայ ազատարար զավակները։

Ամեն քայլով մի լեռ ու ձոր էր անցնում Նարեկը։ Արարատյան դաշտ էր հասել արդեն։ Արարատի գագաթները Նարեկի ճամփան գիշերվա մեջ լուսավորում էին իրենց ձյուների ճերմակությամբ։ Հոգնել էր Նարեկը։ Փորձեց նստել մի քարի եւ հանկարծ նկատեց, որ քարից լույս է բարձրանում։

-Սա ի՞նչ կախարդանք է,- ձեռքում պահելով վառվող մոմը, ինքն իրեն շշնջաց Նարեկը։

-Բարի ողջույն, պայծառ տղա,- լսվեց մի անուշ ձայն,- օրհնում եմ քո ճանապարհը, բայց եւ ուզում եմ միաժամանակ զգուշացնել՝ ճանապարհին չար հողմեր շատ կան, որ ուզում են մոմդ հանգցնել...

Խոսողը Նոյ պապիկն էր։ Ինքը չէր երեւում, տեսիլն էր, բայց ձայնը լսվում էր։

-Ի՞նչ անեմ, Նոյ պապիկ, որ չար հողմերին հաղթեմ։

-Տեսնո՞ւմ ես այն քարը, որից լույս է ելնում։

-Դա պարզապես հրաշք է։

-Մոտեցիր եւ ձեռքիդ մոմը տեղադրիր այդ քարին։

Նարեկն այդպես էլ անում է։ Պարզվում է, որ դա հայոց երկրի այն անդրանիկ Քարն է, որը Նոյի ձեռքով դարձել է Զոհասեղան եւ որից առաջին զոհն է մատուցվել Աստծուն։ Այ քեզ բա՜ն։ Իսկ Նարեկը նոր էր իմանում, որ աշխարհում առաջին զոհասեղանը պատրաստվել է հայոց քարերից ու Աստծուն առաջին զոհը հայոց բիբլիական աշխարհոում է մատուցվել։ Մտքի մեջ Նարեկը դա եւս կապեց «Նարեկ» մատյանի բուժական հրաշագործության հետ (չէ՞ որ Հիսուս Քրիստոսն էլ բուժում էր մարդկանց) ու էլ ավելի ոգեւորվեց ու գոտեպնդվեց։ Իսկ ձեռքի մոմը, իսկապես, մի պահ վառվելով լույս արձակող Քարի վրա, դարձել էր անմարելի։

Մի երկու քայլ եւս եւ Նարեկն արդեն հասնում է Էրգիր, որի մասին այնքան շատ ու շատ էին պատմում տատիկն ու պապիկը. «Էրգրի խնձորն ուրրիշ համ ունի», «Էրգրի ջուրն ուրիշ ջուր է», «Էրգրի սոխն էլ մեղր է», «Էրգրի երկինքն ավելի բարձր է»... Բայց Նարեկը հենց ոտք դրեց Վանա լճի ափին, թե չէ, ասես լճի ջրերից դուրս սողաց լուսնի կեռ յաթաղանն ու մի այնպիսի հողմ բարձրացրեց շուրջը, որ ասել չի լինի։ Նարեկը ափի մեջ ամուր պահելով մոմը, խցկվեց լճափի ժայռից ներս։ Ի՞նչ աներ։ Նորից ականջին հասավ մի ձայն, այս անգամ՝ ջրեղեն։ Վանա լճի հրեշտակներից էր.

-Նարեկ, մենք քեզ կօգնենք, որպեսզի լուսնի սեւ յաթաղանը հանես Վանա լճից...

Խոսքը դեռ չէր ավարտել, երբ ժայռի խոռոչում հայտնվեց Նոյի ձեռքով պատրաստված առաջին քարե Զոհասեղանը։ Ապահովության համար Նարեկը մոմը դրեց նորից սուրբ քարի վրա եւ նոր միայն նկատեց, որ քարից բարձրացող լույսերը վերածվում են կախարդական սրերի։ Նարեկը շատ ուրախացավ։ Նույնիսկ մտածեց, որ այդ սրերից տանի իր եղբայրների համար եւս։ Բայց մեկ էլ ի՞նչ տեսավ՝Հարութը, Տիգրանը եւ Սարգիսիկը իր մոտ կանգնած են, զենք ու զրահ կապած։ Այդպես է, նեղ պահերին նրանք իրար հասնում են միշտ։ Միաբանված առնում են սրերը եւ դուրս գալիս ժայռաճեղքից։ Ի՞նչ են տեսնում. յաթաղանի ծայրերից սկիզբ առնող հողմը վերածվել է յոթգլխանի վիշապի ու պոչը խփելով ջրերին ու քարերին, ֆշշացնում է.

-Ով մոտենա՝ կուլ կտամ...

Եղբայրները չորս կողմից շրջապատում են վիշապին ու՝ տուր թե կտաս... Մասիսներից թռած-եկած աղավնիներն էլ իրենց ճախրանքով ու թեւերի շոյանքով վայրկենապես բուժում էին տղաների վերքերը։ Թեպետ սա հեքիաթ չէ, բայց, ինչպես հեքիաթում է լինում, վիշապի կտրված մի գլխի տեղը յոթն էր բուսում։ Քաջ եղբայրները անհաղթելի են։ Չանցած երկու-երեք ժամ, վիշապի մեծ մասն ականջն է մնում, այն էլ նրա համար, որ լսի Նարեկի ու նրա եղբայրների իմաստուն խոսքը.

-Ուրիշի հողին տիրացողի վերջը դա է լինում...

Վանա լիճը մինչ այդ միայն նկարներում էր տեսել Նարեկը։ Նայեց շուրջը եւ նկատեց, որ հաղթանակից հետո իր եղբայրները վայրկենապես մեկնել էին Արցախ, չէ՞ որ այնտեղ եւս դեռ դարանակալած, հարմար պահի են սպասում թշնամիներ, որպեսզի հարձակվեն։ Նարեկը ժայռի ճեղքից հանեց Գանձասարից բերած մոմը եւ սկսեց քայլել այս անգամ Վանա լճի ջրերի վրայով։ Մոմի փայլը, աստղերի հետ միացած, բազմապատկվել էր ջրերի հայելու մեջ։ Վանա լիճը անափ ուրախությունից դարձել էր վառվող մոմերի մի հսկայական դաշտ, իսկ Նարեկավանքի ուրվաստվերը լճի կապույտում լույսով էր խնկում։

Հրեշտակների, ծովերի փերիների ու Էրգրի քաղցր հովերի շոյանքի ու շշուկների տակ Նարեկը շտապեց Նարեկավանք։ Մեկ առ մեկ շոշափում էր ամեն մասունք, ընթեռնում ամեն մի քարի վրա գրված տառ, ամեն խաչի առաջ աղոթք մրմնջում։ Ահա եւ այն խորանը, որի առաջ ծնկի էր գալիս նրա մեծ պապը, ահա եւ այն խաչը, որի վրա հայոց մամիկների համբույրները դեռ շնչում են, ահա եւ... Բայց, ավաղ, նրա աչքի առաջ բացվեց նաեւ մի եղեռնական տեսարան։ Հարյուրից ավելի աղավնիներ ասես թռել-եկել էին Արարատի գագաթից, անշնչացած ընկել էին հատակին, արնաշաղախ էին։ Նարեկը շատ տխրեց, նկատելով, որ դրանք այն աղավնիներն էին, որ իր եւ եղբայրների հետ կռվի էին ելել վիշապի դեմ, բուժում էին իրենց վերքերը։ Աչքերից արցունքներ եկան։ Միանգամից սիրտը կոտրվեց։ Եվ հանկարծ մի ձեռք հաճելի ծանրությամբ իջավ ուսին.

-Զավակս... Քեզ այնքա՜ն եմ սպասել...

Նարեկը ցնցվեց։ Իր դիմաց կանգնած էր Վարդան պապի «Նարեկ» գրքի վրա պատկերված աստվածակերպ Մարդը։ Նարեկացին էր, հենց այն Գրիգոր պապիկը, որի ստեղծած «Նարեկ»-ով բուժվել էր եւ ինքը... Այդտեղ էին նաեւ Խոսրով Անձեւացին, Անանիա Նարեկացին, Նարեկացու եղբայրները՝ Սահակը, Հովհաննեսը... Նարեկը Գանձասարից բերած մոմը Նարեկավանքի կամարների տակ սրբությամբ տեղադրեց։ Չէ՞ որ ինքը Վարդան պապիկից, Վարդան պապիկն էլ իր Հայրապետ պապիկից շատ էին լսել՝ Էրգրի ազատության լույսը Արցախով է գալու... Հայոց թշնամիներն այնքան շատ չլինեին, մեր վառած մոմի լույսերից էլ կախարդական սրեր չէին ելնի...

Հենց որ Նարեկը Գանձասարից բերած մոմը Նարեկավանքի մեծ խորանում տեղադրեց, Էրգիրն ասես միանգամից լուսացավ, փրկվեց... Նարեկը տեսնում էր, թե ինչպես հայոց հաղթանակի ծիրանին դանդաղ բարձրանում վառվող մոմերի կրակներից, իջնում էր իր ուսերին։ Նա աչքի տակով նայեց ծնկաչոք աղոթող Մեծ Ճգնավորին.

Նորոգիր, վսեմ, լուսավորիր, վեհ,
Բուժիր, ձեռնհաս, քավիր, անքնին...

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես Նարեկն էր ուզում։ Բայց դեմքին մի տխրություն կար, որը եւ չվրիպեց Նարեկացու հայացքից.

-Մի ամպ կա դեմքիդ, որդյակս, ի՞նչ վիշտ ունես, երբ արդեն հայոց աշխարհն է ազատված ու միաբան...

Վարդան պապիկից սովորած բառերն ի մի բերելով, Նարեկը հեգեց.

-Քիչ առաջ, Վեհափառ Տեր, հարյուրից ավելի աղավնիներ տեսա անշունչ ընկած, նրանց ցավն է ինձ տանջում...

Գրիգոր Նարեկացին թեւանցուկ է անում Նարեկին ու միասին քայլում են դեպի այնտեղ, ուր ընկած են աղավնիները՝ վանքի ստվերոտ խորշերից մեկում։ Մեծ ճգնավորը հայացքը հառում է Աստծուն, մի քանի բառ շշնջում եւ Նարեկի աչի առաջ կատարվում է հրաշք, ինքն էլ քիչ է մնում չհավատա իր տեսածին՝ աղավնիները մի վայրկյանում կենդանանում են ու թռչում դեպի աշխարհի տարբեր ծագեր՝ հայոց երկրի փրկության լուրն ամենուրեք ավետելու...

Նարեկն աչքերը բացում է։ Լրիվ կազդուրված էր, գլուխը չէր ցավում։ Նա իր կատարած ճանապարհորդության մասին պատմեց եղբայրներին ու պապիկին։

-Ինչ որ տեսել ես, Նարեկ ջան, մի օր լինելու է։

Գլխատակի Գիրքը խնամքով հանեց Նարեկը, ձեռքերով շոյեց, համբուրեց տառերը, իր ձեռքով տեղադրեց Վարդան պապիկի աշխատասենյակում՝ Մաշտոց պապիկի ժպտացող նկարի կողքին, գրադարակի ամենատեսանելի ու բարձր տեղում, ուր դարակն ի վար կախված է նաեւ Վարդան Զորավարից մնացած մի սուր։

Նարեկի դիմացի պատուհանին իջել էր մի ճերմակ աղավնի։ Այս ամենը թեպետ երազ էր, բայց երազ չէր։