Jump to content

Թիֆլիսը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թիֆլիսը


Իմ կարողության չափ որքան որ գիտեմ,
Պիտի գովեմ ես աննման Թիֆլիսը,
Կյանքիս մեջը ես վատություն տեսած չեմ,
Ինձ հարգել է միշտ պատվական Թիֆլիսը։
Աստված օրհնե սորա հողն ու ջուրը,
Բազմացնե գործը և առևտուրը,
Հետը ոսկի բերե պատմական Կուրը,
Փարթամանա ազնվական Թիֆլիսը։
Բազմալեզու, բազմակրոն, բազմամարդ,
Ժողովուրդը անհոգ, ուրախ և զվարթ.
Կարմրաթուշ թե ծեր, թե երիտասարդ,
Սիրուններու բնակարան Թիֆլիսը։
Մայիս ամսում կարծես դրախտ կդառնա,
Ամեն մարդ ժպտալով տանից դուրս կուգա,
Գնում են Մուշտայիդ և Օրթաճալա,
Կյանք կստանա հին բուրաստան Թիֆլիսը։
Ողջ Կովկասի քաղաքներում թագուհին,
Ինչպես աստղերու մեջ փայլող մի լուսին,
Յոթը միլիոն ժողովրդի մայր տիկին,
Տարածում է վեհ հրաման Թիֆլիսը։

Այստեղի մարդկանց մեջ չկա իմ ու քու,
Իրար հարգոդ, հնազանդ, հլու,
Ամեն շաբաթ տոն է մեկ եկեղեցու,
Ունի բազում զբոսարան Թիֆլիսը։
Տվել է տերության մեծամեծ մարդիկ,
Քաջ֊քաջ գեներալներ, գիտնական անձինք,
Հայրենիքի համար գործել են բարիք,
Լսել, հրճվել է պատվարժան Թեֆլիսը։
Ունի երկու մեծ բանտ, ունի ամրոցներ,
Մեծ, հոյակապ տներ, լայն-նեղ փողոցներ,
Ունի արհեստանոց, կերպ-կերպ դպրոցներ,
Ափսոս չունի համալսարան Թիֆլիսը։
Հարուստը շատ հարուստ կապրի ապահով,
Աղքատը ծայրահեղ աղքատ, տունը՝ սով,
Հանքային ջրերով, բաղանիքներով
Համարվում է բժշկարան Թիֆլիսը։
Թիֆլիսը Կովկասի համար ճրագ է,
Զարգացած մարդկանցով պսակ ու թագ է,
Կարելի է ասել հավաքաքաղ է,
Պահում է շատ հայադավան Թիֆլիսը։
Բարեմաղթենք լինի Լոնդոնի նման,
Զարգանա արհեստով, ծաղկի ամեն բան.
Ամեն մեկում հարյուրավոր բանվոր կան,
Պատրաստել է վեց գործարան Թիֆլիսը։
Մեծ մարդկանց մարմիններ իբրև գանձ անգին,
Պահում է շիրիմներ շինած ամենին,
Մեկը Վարանցովին, մյուսը Պուշկինին,
Կանգնեցրել է ջուխտ արձան Թիֆլիսը։

Կա տասը լրագիր լեզվով չորս տեսակ,
Բոլորն էլ մարդկության օգուտ, ընդունակ,
Ամենն էլ բանում են, գործերն աջողակ,
Ունի վեց, յոթը տպարան Թիֆլիսը։
Կան ընկերություններ բարձրից հաստատված,
Օրենքով ճանաչված և գնահատված,
Կարծես հանգամանքից հատուկ խրատված,
Դառնալու է բարոյական Թիֆլիսը։
Ազատվելով բարբարոսաց ձեռքիցը,
Հին ցավերը նա հանել է մտքիցը.
Չար ու բարի շատ են անցել գլխիցը.
Կլինի հազար տարեկան Թիֆլիսը։
Թե գնալու լինինք հարյուր տարի ետ.
Քաղաքումս եղել է առանձին ջոկ պետ,
Այժմ միացած է Ռուսիայի հետ,
Հնումն է եղել Վրաստան Թիֆլիսը։
Քաշող զորություն կա սրանում հատուկ,
Գալիս են օտարներ հայտնի, թե ծածուկ,
Որքան պանդուխտներու ջրումն ինչպես ձուկ
Որսացել է որպես ուռկան Թիֆլիսը։
Փողի կողմից հարուստ հայերն են այստեղ,
Վրացիք էլ ունեն կալվածքներ շքեղ,
Հին ցեղի իշխաններ փարթամ, փառահեղ
Ծոցումն ունի մայր սիրական Թիֆլիսը։
Երկաթուղիները գոռում են, գոչում,
Ամեն օր մարդ, ապրանք այստեղ են լցնում,
Բաքվի ու Բաթումի մեջ տեղն է ընկնում
Առուտուրի մեծ կայարան Թիֆլիսը։

Էլ որքան թաթ, մուրթադ, որ կա Իրանում,
Միշտ լցվում են Կովկաս և փող են տանում.
Ինչքան հիվանդ, կույր, կաղ, խեղ է պահպանում
Անկյուներու պատսպարան Թիֆլիսը։
Ջիվան, աստված երկար օրեր կամենա,
Տոկուն լինի հոսանքներուն դիմանա,
Շեն ու հաստատ լինի, ծաղկի, զարգանա,
Չընկճվի մինչ հավիտյան Թիֆլիսը։