Թշվառը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Թշվառը
Որսորդ եղա, իմ աղեղս լարեցի,
Կրծքիս վրա անթիվ վերքեր շարեցի.
Կյանք որոնած տեղս, ես ցավ ճարեցի,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց։
Ավաղ, ընկերներս ինձ շուտ մոռացան,
Հիվանդ, վիրավորված թողին հեռացան.
Օրըստօրե իմ ցավերս սաստկացան,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց։
Ով ինչ ասավ, սիրով նրան լսեցի,
Ինձ փրկություն, ցավիս մեկ ճար խնդրեցի,
Օգուտ չեղավ, հազար մարդու դիմեցի.
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջացա, սրտիս խորքում վերք մնաց:
Ասիայից մինչև Եվրոպա հասա,
Ոչ մի տեղից ցավիս հնար չգտա,
Գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք ման եկա,
Ինչ բժիշկ կանչեցի դեղ չարավ, գնաց,
Չառողջաց՛ա, սրտիս խորքում վերք մնաց։
1900