Jump to content

Թումանյանի նամակներ/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
նամակ Անուշավան Աբովյանին
Աղբյուր. ԵԼԺ հ9, էջ 15,
ծ. ― էջ 481

քո սեփական հայացքներիդ ու եզրակացություններիդ մասին, դրանց հերթն էլ կգա. դրանք մնայուն հարցեր են։ Հուսով եմ, որ հասնելով (ճանապար<հորդական> տպավորություններովդ) քո բնակավայրը, կնկարագրես և քո կացությունը, նորա հետ և քո օրը. գիտես որ այս վերջինս մի մտերիմ ընկերոջ (կամ թե Կիկերոնի հասկացած), բարեկամի սրտին ամենամոտիկ տեղեկությունն է2։ Իմ բանավոր կյանքի մասին թե սկսեմ գրել, չնայած շատ կծիծաղես, բայց շատ կերկարի. իսկ գրավոր կյանքիցս հարկավորություն եմ համարում հաշիվ տալ և խորհուրդ ու քաջալերություն պահանջել, որ բխելու էին մի շատ անկեղծ և սիրելի սրտից։

Մի խումբ երիտասարդների ամենօրյա դրդումներից և թախանձանքներից ստիպված ու տաքացած Բանաստեղծություններիս համար բաժանորդաթերթեր տպագրել տվեցի3։ (Բայց սրանք որտեղ էին, որ դու էիր կրունկս տաքացնում)[1]։ Բաժանորդաթերթերը տուն բերելով՝ փակեցի ամուր, անորոշ ժամանակով։ Տղերքը գլխի ընկնելով, որ ես նպատակ չունիմ շտապելու, մի օր մի վեց հոգի հավաքված եկան տուն թափեցին, թե բաժանորդաթերթերը բեր տեսնենք, ոնց ես տպագրել տվել և այլն։ Ես զիջա, ցույց տվեցի։ Ձեռքիցս առնելով ամեն մեկը մի թերթ առան ու գնացին։ Այսսլիսով, ես ստիպված եմ ակամայից հրատարակել իմ բանաստեղծություններս, եթե կարելի է այսպես ասել։ Այս պարոնները բոլորը Ներսիսյան դպրոցն ավարտած են և մի քանիսն ուսուցիչ, բայց ես ու դուն գիտենք էլի… այսուամենայնիվ այն էլ գիտես, որ ես ինձանից խելոքների հետ եմ ընկնում. ասած ա է, թե քոսոտ էծը պարզ աղբրի ակնիցը կխմի։ Վերջապես սրանք ինձ ասում են, հավատացնում են, որ ես շատ բանջարեղ (հանճարեղ) բանաստեղծ եմ. մի քանի ուրիշ մարդկանց հավատացրել են, բայց ես չեմ հավատում։ Դուն էլ չէիր պակաս ձգել նամակումդ։ Այժմ բաժանորդագրությունը շարունակվում է, ես էլ կամաց-կամաց մի կողմից պատրաստում եմ. գրքի գինը նշանակել եմ 25 կոպեկ. կարծեմ արժան է լինելու, որովհետև գիրքը բավականին մեծ կլինի և մաքուր ու թանկագին թղթի վրա տպած։ Գլխավորները կլինեն. «Մեհրին», «Լոռեցի Սաքոն», «Ալեքը», «Ավանդությունը», «Արև ու Լուսին», և ուրիշ բանաստեղծություններ, որոնց մի քանիսը քեզանից հետո է գրված4։ Էլ ուրիշ ի՞նչ ասեմ։ Մամուլի մասին, որ մի՛ խոսալ. այնքան եմ զզված, որ չեմ ուզում կարդալ և ոչ մեկը դրանց մասին, որպեսզի կարճ կտրեմ, այստեղ եմ դնում մի տուն իմ ոտանավորից.

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի…5

Մի խոսքով, եթե երբևիցե կամենաս, ես քեզ կպատմեմ սրանց ձեռք առած միջոցներից իմ գիտեցածները, որոնցով կռվում են իրար դեմ՝ իրար խորտակելու նպատակով, այն տեղեկությունները կտամ, որոնք քեզ չեն հասնելու։ Բայց ես ավելի լավ եմ համարում, որ թույլ տանք մեռելոց թաղել զմեռեալս իւրեանց6, և մենք, թեև քաղցր է հասարակության ցավով տնքալ, մեր տկար ուժերի կազդուրելու և ազգի և մարդկության բարօրության օգտին գործադրելու մասին մտածենք։ Թող գնայուն մեռյալներն ասեն, թե ծակ ֆիլանտրոպներ ենք և այլն։ Բայց այս է մարդուս կյանքի խորհուրդը, մենք պարտավոր ենք մեր բանականությունը զարգացնել և միշտ հառաջ ու հառաջ դիմել դեպի կատարելության սահմանները՝ դեպի Աստված, թեև երբեք չենք հասնելու։ Սա մի աքսիոմա է, որ խոստովանում և դավանում են մարդիկ, ինչ էլ որ լինեին նրանք, և դրանով նրանք ամեն բան վերջացած են համարում, իրանց բարոյական պարտականությունը կատարած են համարում։ Բայց թող նրանց լռեցնի մեր մեծ վարդապետը— «Հավատք առանց  գործոց մեռեալ են»7։ Այս նամակս գրել եմ հոգեկան մի սուրբ հուզմունքի ժամանակ, որ ընդդեմ է բարձրանում ամեն տեսակ խավարի և մոլության և բարձրանում է նրանց յուր հորձանքի, ալիքների ներքո խորտակելու…

Ի սեր Աստծո, ամեն անգամ նամակս ստանալիս բարևիր Ստեփանին, ով գիտե գուցե երբեմն մոռանամ զանազան մտքերի մեջ խորասուզված ժամանակ։ Ընդունիր Կովկասի և նորա որդու ողջույնը։

Քո Հ. Թումանյան




  1. Ոգևորում։