Ժողովրդական դիտողություն (Ջիվանի)
Արտաքին տեսք
Ժողովրդական դիտողություն
Երախտագետ լավ դրացին,
Ապերախտ եղբորից լավ է,
Բարի, համեստ քաղաքացին,
Բարբարոս վատ հորից լավ է։
Զավակ կունենա ամեն կին,
Բայց չի կարող կրթել որդին,
Սանի համար քաջ վարժուհին
Խենթ ու խենեշ մորից լավ է։
Քնեածությունը, այո,
Միշտ կթողնե գործը հետո,
Ռազմական ձայնը փողո
Քուն բերող օրորից լավ է։
Ի՞նչ է շատ ապրելը, Ջիվան,
Երբ որ կյանքը կանցնի դաժան,
Օր կա որ չարժե մի վայրկյան,
Կա վայրկյան, մի օրից լավ է։
1907