Jump to content

Ժողովրդական խոսքեր (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժողովրդական խոսքեր
Պիտի գա՞ արդյոք

Ժողովրդական խոսքեր


Անհարազատ ընկերից հավատարիմ շունն է լավ,
Խռովահույզ պալատից խաղաղ գեղջուկ տունն է լավ,
Սողոմոն իմաստունը գիտնալով է ասել —
«Հազարավոր գանձերից մեկ բարի անունն է լավ»։
Նենգավոր նախանձոտը բարի համոզմունք չունի,
Նրա սրտից, բերանից խայթող օձի բունն է լավ.
Քանիպատիկ անխաղաղ, ապերջանիկ ապրելուց,
Հանգիստ, հավիտենական, քաղցր անուշ քունն է լավ։
Երկրագործ դասի համար վեց ամիս է ձմեռվանից,
Հով, բացօթյա դաշտի մեջ մեկ ամիս գարունն է լավ.
Գիտությունն է աշխարհի կամարակապ մեծ սյունը,
Տասը հազար հիմարից մեկ հատ իմաստունն է լավ:
Ասում են գետնի տակը չը մշակված գանձ կա շատ.
Ներկայիս գործածական երևցող փայլունն է լավ.
Կարծիքովս գեղեցիկ դեմքի մեջ լավ հոգի կա,
Օժիտավոր տգեղից անօժիտ սիրունն է լավ։
Ոսկի ապարանջը ուրիշին քեզ ի՞նչ օգուտ,
Քեզ համար քո սեփական հասարակ հլունն է լավ.
Օտարի քաղցրեղենով քո փորը լի կշտանալ,
Ամենօրյա գտնված քո տանդ մածունն է լավ։

Թեթև ցավից ընկճվող, վհատողը հում է դեռ,
Աշխարհի փորձաձքներուն դիմացող տոկոնն է լավ.
Ջիվան, ինչպես արևը աստղերի թագուհին է,
Այնպես էլ տգետներից փորձըված գիտունն է լավ:

1883