Իզաբելլային
Իզաբելլային
Ա
Դու ասում ես, որ անունդ Իզաբելա է,
Դու ասում ես, որ ապրում ես Բեյրութում հեռու,
Դու ասում ես... Ու իմ դիմաց հառնում է կրկին
Չմոռացվող մի հի՜ն տեսիլք՝ մաշված շորերում։
Դու ասում ես... Ու ցնցվում է տեսիլքը մեկեն,
Հերոսական մի հի՜ն երկիր կանչում է ինձ տուն,
Չկայացած մի երազ է մարմրում իմ մեջ,
Ու ծուխն է ինձ խեղդում կրկին՝ կարոտներով զուր։
Դու ասում ես... Ու ելնում են տղաները ծուռ,
Ելնում են, որ հայ քարերը հայ մնան կրկին,
Ելնում են, որ վերակերտեն ավեր տունը մեր,
Որ մոռացվի՛ դանթեական առասպելն այն հին։
Սակայն կրկին արյան մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ մեր,
Կրկին մահվան մա՛ղձն է պատել ԱՆՊԱՐՏ Արցախին,
(Դանթեական մղձավանջն է ահագնանում, Տե՛ր,
Տե՛ր, որտե՞ղ է ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՆԱ՜ՐԸ ՎԵՐՋԻՆ)...
...Դո՛ւ ասացիր, ես չուզեցի վիշտդ բորբոքել,
Դո՛ւ ասացիր, Իզաբելա, չուզեցի՛, ների՜ր...
23. 06. 91
ք. Երևան
Բ
Քո՛ւյր իմ, Իզաբել, քո դաշնամուրը
Մեղմ նվագում է Բեթհովեն, Բախ,
Իսկ արցունքներդ հնչյունների հետ
Լուռ գլորվում են քեզնից անկախ։
Դու արտասվում ես և արցունքներդ
Հատ-հատ ընկնում են քո աչքերից,
Դու արտասվում ես և արցունքներիդ
Ցավն ու թախիծն են պարուրում ինձ։
Դու արտասվում ես և արցունքներդ
Հատ-հատ ընկնում են իմ մատներին,
Մատներս ցավից անհույս այրվում են,
Մատներս՝ ցավիդ անհույս գերին։
Դու արտասվում ես... Իսկ ՀԻՆ ԵՐԿԻՐԸ
Մշուշ է թվում՝ հի՜ն ու անցա՛ծ,
Բայց անցած ցավը դեռ կրկնվում է,
Իզաբելլա՛, քո՛ւյր, խենթ ու տխրա՛ծ։
... Բայց տխուր դեմքին քո, Իզաբե՛լա,
ԱՐԵՎ ու ԼՈՒՅՍ եմ ես նշմարում,
Եվ հավատում եմ, որ քո ԵՐԱԶԸ
ՉԻ ԹԱՂՎԻ Ո՛Չ ՄԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ։
15.08.91, Ստեփանակերտ