Իմ անցած տարիքը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Իմ անցած տարիքը
Իմ անցած օրերս, անցած տարիքս
Այսօր իմ աչքերիս երազ կթվա,
Ոչինչ համարվելով բոլոր բարիքս՝
Նախանձ թշնամու մոտ տնազ կթվա։
Կորուսի օրերս թանկ ու աննման,
Իմ թշնամուս տալով պատիվ, գովասան.
Եթե տասը մատս մոմի պես լույս տան,
Դարձյալ անկամորդին նվազ կթվա։
Բավ է, անձ իմ, բավ է դու քեզի խաբես,
Ապերջանիկ ապրիս, խեղճ հոգիդ լափես,
Ջիվան, բերանիցդ մարգարիտ թափես՝
Քեզի ատողներուն ավազ կթվա։