Ինչո՞ւ, ասա, այնքան սիրով․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ինչո՞ւ, ասա, այնքան սիրով․․․

Հակոբ Հակոբյան

Ինչո՞ւ, ասա, այնքան սիրով,
Բորբոքված ինձ մոտեցար,
Ինչո՞ւ բուռն վարդ հույսերով,
Երջանկություն խոստացար․․․

Ինչո՞ւ ձեռքս քնքուշ սեղմած,
Մի հայացքովդ դյութեցիր
Եվ անարգել սիրո դռներ
Մատաղ սրտիս բացեցիր։

― Մտիր անվախ, այնտեղ եդեմ
Քեզ է սպասում ― ասացիր,
Նորից տվիր հաստատ խոստում,
Բայց վերջն է՞ր խաբեցիր։

Մի՞թե, անգութ, նորա համար,
Որ սրտիս հետ խաղայիր․
Եվ ջարդելով սիրո քնար՝
Իմ տանջանքով խնդայիր․․․

Ա՜խ, տմարդի, դու կամեցար
Նյութել ինձ սև գերեզման,
Բայց տես, երգիչն ծաղրում է այժմ
Քո վարմունքը դիվական։

Եվ այս երգով անվեհեր
Կառուցում է սև արձան,
Ուր քանդակված քո արատներ
Պիտի հիշեն հավիտյան։

1894