Jump to content

Ինչ է, ով է/Ադամյան Պ.Հ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ադամյան Պ.Հ.
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ադամյան Պետրոս Հերոնիմոսի

1866 թվականն էր Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոստանդնուպոլսի «Արևելյան թատրոնը» ներկայացնում էր «Դուլիելմոս աշխարհակալ» թատերգությունը:

Տասնվեց տարին նոր միայն բոլորած մի պատանի հուզված ետ ու առաջ էր անում կուլիսներում: Իր մուտքին էր սպասում: Թատրոնում նրա առաջին ելույթն էր դա:

- Մեռի՛ր, դավաճան.

Դերն այս երկու բառից էր բաղկացած, բայց արտասանվեց մի այնպիսի ձայնով այնպիսի հուզումնալի շեշտով որ հանդիսատեսը փշաքաղվեց: Դերասաններն զգացին որ այդ պատանու մեջ կրակ կա թաքնված և մի օր պոռթկալու է։ Չէին սխալվել։ Տարիներ անց այդ պատանին դարձավ հայ բեմի հպարտությունը:

Պետրոս Ադամյանն էր նա որ կարճ ժամանակից պոլսահայ թատերասեր հասարակայնության սիրելին էր արդեն։

1879 թ. Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս (Թբիլիսի) որտեղ խաղում է երեք տարի. Ադամյանի արտիստական արժանիքներն էին թովիչ ձայնը մշակված շարժուձևը հարուստ դիմախաղը բուռն խառնվածքը, մարմնավորված կերպարների ինքնատիպ մեկնաբանությունը 1883 թ. հրավիրվում է Մոսկվա, 1884 թ. Պետերբուրգ և մեծ հաջողությամբ հանդես գալիս Շեքսպիրի «Համլետ»–ում Համլետի Լերմոնտովի «Դիմակահանդես»–ում Արբենինի և մի շարք այլ դերերով: Մոսկվայի և Պետերբուրգի մամուլը նրան համեմատել է աշխարհահռչակ ողբերգակների հետ և հավաստել, որ «Ադամյանը իր տաղանդի չափով այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում էլ քիչ են»

Հետո նա հյուրախաղերի է մեկնում Խարկով Կիև, Դոնի Ռոստով Մոզդոկ Օդեսա և ուրիշ քաղաքներ՝ միաժամանակ հարստացնելով իր խաղացանկը:

Ամենուրեք, ուր լինում է հայ արտիստը արժանանում է խանդավառ ընդունելության:

Ադամյանով ոգևորված էր հատկապես ազատախոհ երիտասարդությունը։ Ադամյանն իր լավատեսական արվեստով հատկապես շեքսպիրյան դերակատարումներով բեմից կոչ էր անում չհաշտվել մռայլ իրականության հետ և երիտասարդության սրտերում վառ էր պահում ազատասիրության կրակը.

Ռուսաստանով մեկ հռչակված Ադամյանը 1887 թ մեկնում է իր ծննդավայրը Կոստանդնուպոլիս։ Շուրջ տասնամյա բացակայությունից հետո Ադամյանն իր հայրենակիցներին ներկայացավ իբրև մեծ համբավի տեր արվեստագետ: Սուլթանական Թուրքիայի գրաքննությունը նրան թույլ չտվեց հանդես գալու Համլետի և Լիր արքայի դերերով՝ այն ծիծաղելի պատճառաբանությամբ թե իրենց երկրում Սուլթան Համիդից բացի ուրիշ թագավոր չի կարող լինել, թեկուզ և բեմում։ Եվ Ադամյանն իր մյուս դերերով (Օթելլո Ուրիել Ակոստա Կորրադո Քին) ցույց տվեց թե արվեստի ինչ բարձունքներ է նվաճել իր տաղանդը:

Ադամյանը ծրագրել էր իր շեքսպիրյան դերակատարումներով շրջագայության մեկնել Վիեննա, Փարիզ, Լոնդոն` Եվրոպայի թատերասեր հասարակությանը ցույց տալու, թե հայ արվեստագետն ինչպես է ըմբռնում և մեկնաբանում շեքսպիրյան նշանավոր դերերը։

Սակայն ծրագրերը ծրագրեր էլ մնացին: Նախ նյութական աջակցություն չգտավ, հետո էլ՝ օրեցօր վատանում էր առողջությունը։ Թեև երիտասարդ` նա զգում էր, որ ուժերը դավաճանում են իրեն, չունի առաջվա կրակն ու ավյունը: Ամիսներով գամվեց անկողնին: Ադամյանի հիվանդության լուրը հասավ Թիֆլիս, որտեղ անմիջապես հանգանակությամբ դրամ հավաքվեց։ Պետերբուրգում կազմակերպվեց Ադամյանին նվիրված երեկո` հասույթը Պոլիս ուղարկելու համար: Ոչինչ չօգնեց: Անբուժելի հիվանդությամբ տառապող մեծ դերասանը վախճանվեց 42 տարեկան հասակում։ Նրան թաղեցին Կոստանդնուպոլսի Շիշլիի գերեզմանատանը:

Ադամյանը կատարել է շուրջ 300 դեր: Նրա դերակատարումների գլուխգործոցը Համլետն է, որի դերը առաջին անգամ նա է խաղացել հայ թատրոնում։ Նա վիթխարի ազդեցություն է ունեցել հայ թատրոնի կյանքում։ Ադամյանը նաև բանաստեղծ էր, գեղանկարիչ: