Ինքնախոստովանանք
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
...Իսկ կյանքս համակ կյանքուկռիվ էր,
Պայքար էր՝ հանուն ճշմարտության,
Բայց ճշմարտությունն այնպե՜ս խռիվ էր,
Որ դժվար պարզես ինչ որ մի բան...
Իմ կողքով անցան «հաստափորները»,
Մրցանակները ամեն կարգի,
Որ տպում էին իմ ընկերները,
Ստանում հարկի ու անհարկի:
Իմ գրածները, բացարձակապես,
(Խոստովանում եմ՝ «թույլ եմ գրում»,
Ճոռոմաբանել չեմ սիրում ձեզ պես),
Անտիպ պահում եմ գզրոցներում:
Լավ է՝ անտիպ, քան՝ միևնույն շարքում
Ինքնահռչակված «հանճարներիդ»,
Գերադասում եմ քար լինել հիմքում,
Քան՝ ավելորդ սյուն՝ տաճարներիդ:
...Երբ սուտ խոսելիս չես կարմրում դու՝
Միամիտ-անմեղ փոքրիկի պես,
Նշանակում է՝ ճիշտ չես ապրում, ու,
Ճիշտ խորհուրդներ չեն տվել միշտ քեզ...
...Եվ կյանքս համակ կյանքուկռի՛վ էր,
Պայքար էր՝ հանուն արդարությա՛ն,
Բայց արդարությունն այնպե՜ս խռիվ էր,
Բայց... արդարություն վայ թե՝ չկա՛ր...