Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. մարտի 30-ի հանրահավաքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ

Լեւոն Տեր-Պետրոսյան

2012



1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, եւ երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։

2. Վերջին չորս տարիներին (2008–2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետեւանքով՝

  • Ի դերեւ են ելել իշխող կուսակցության եւ գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները.
  • Հայաստանի համախառն ներքին արդյունքը եւ պետական բյուջեն նվազել են համապատասխանաբար 11.54 եւ 10.9 տոկոսով.
  • Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89‑րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը.
  • Երկրի արտաքին պարտքը 1.5 մլրդ դոլարից հասել է 3.8 մլրդ դոլարի.
  • Գումարային գնաճը կազմել է 37.1%, իսկ պարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գներն աճել են 45.7%-ով.
  • Դրամն արժեզրկվել է շուրջ 25%-ով. դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար.
  • Կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար. մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով (493 դոլար) Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին.
  • Կոռուպցիայի ինդեքսով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը.
  • Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը, եւ մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին.
  • Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի.
  • Պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 120.000 մարդ (մեկնողների եւ վերադարձողների թվի տարբերությունը).
  • Հանցագործությունների եւ ծանր իրավախախտումների թիվը 8428-ից հասել է 16.572-ի.
  • Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի, շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային եւ բեկորային վնասվածքներ, իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում.
  • Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի եւ ոչ-կանոնադրային հարաբերությունների պատճառով.
  • Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ մեկ տասնյակ դատական գործ.
  • Պատգամավորների 58%-ը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ.
  • Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ, ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, հեռացվել են աշխատանքից.
  • Ավելի քան 100 անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաքների իրազեկման՝ ընդդիմության ներկայացրած դիմումները.
  • Արտոնված հանրահավաքների օրերին իշխանությունները սիստեմատիկաբար փակել են Երեւան մտնող մայրուղիները եւ խափանել հանրային տրանսպորտի աշխատանքը.
  • Եւ վերջապես, արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։

Քիչ թե շատ ժողովրդավարական որեւէ երկրում նման խայտառակ ցուցանիշներ արձանագրած իշխանությունը ոչ միայն չէր համարձակվի մասնակցել ընտրությունների ու կրկին հայցել ժողովրդի վստահությունը, այլեւ վաղուց տապալված կլիներ, ինչպես, շատ ավելի անմեղ թերացումների համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով տապալվեցին տասնյակ եւրոպական կառավարություններ։ Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը, եւ գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման, ու դրա համար իրենից բացի որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա։

3. Երկրում տիրող իրական վիճակի բացահայտումն ու վարչախմբի մերկացումը համարելով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, դրան զուգահեռ, հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլընտրանքային ծրագրեր մշակելու եւ դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետեւյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը).

  • «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010).
  • Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
  • Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
  • ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
  • Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
  • Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
  • Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
  • ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
  • Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
  • Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
  • Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012).

Նշված փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են իշխանության գալու պարագայում Հայ Ազգային Կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը եւ նոր, ժողովրդավարական Հայաստանի կերտման իրատեսական հեռանկարը։ Հասկանալի լինելով, որ որեւէ նախընտրական ծրագրում անհնար ու, թերեւս, նաեւ ավելորդ է վերարծարծել վերոհիշյալ ծավալուն փաստաթղթերի ողջ բովանդակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար է համարում, դրա փոխարեն հասարակությանը հստակորեն ներկայացնել այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով, սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում, պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային Ժողովի առաջին իսկ նստաշրջաններում՝ այն է.

4. Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով, անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

5. Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման եւ իրավական հետեւանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով։

6. Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով։

7. Հիմնավորապես վերանայել պաշտոնեական պարտավորություններում սիստեմատիկորեն թերացած, հետեւողական անսկզբունքայնություն դրսեւորած եւ հասարակության աչքում լիովին վարկաբեկված Սահմանադրական դատարանի կազմը, որն արդարադատության գերագույն ատյանի կոչմանը հակառակ, դարձել է ավազակապետության հլուհնազանդ կամակատարը կամ պարզ կցորդը։

8. ԽՍՀՄ խնայբանկերի ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ՝ կրկնակի ավելի մեծ չափով եւ կրկնակի ավելի արագ, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։

9. Արտագաղթի վնասները նվազեցնելու եւ ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաեւ 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տեւողությունը։

10. Անցնել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն՝ ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի չափով, ներկայիս 1.6%-ի փոխարեն։

11. Օրենքով սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով։ 2013 թվականին ՀՆԱ-ի 1%-ին հասցնել նաեւ գիտության պետական ֆինանսավորումը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացնել 0.25%-ով։

12. Արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը», նրանում մասնավորապես ամրագրելով հետեւյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա շուրջ 500.000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը եւ այլն։

13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը, երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետեւանքների վերացման ոլորտով։

14. «Հավաքների մասին» օրենքում վերացնել բյուրոկրատական կամայականությունների դուռ բացող երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձեւակերպումները, եւ խիստ պատասխանատվություն սահմանել հավաքների ազատության իրավունքը ոտնահարող պետական պաշտոնյաների նկատմամբ։

15. Գյուղատնտեսության խթանման եւ գյուղացիության վիճակի թեթեւացման նպատակով ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորապես կընդգրկի հետեւյալ մոտեցումները. գյուղատնտեսության վարկավորման տարբերակված նորմատիվների սահմանում, պետության կողմից առ 01.04.2012թ. գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի եւ գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում, սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ-ի կիրառում, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում եւ այլն։

16. Հրատապ միջոցառումների նույնպիսի մի փաթեթ անհրաժեշտ է ընդունել նաեւ արդյունաբերության զարգացման եւ արտադրության խթանման համար, նկատի ունենալով, մասնավորապես, նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանումը, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ կատարելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ։

17. Հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը։

18. ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական եկամուտների կոմիտեն հանել ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ցանկից եւ վերականգնել որպես նախարարություններ կառավարության կազմում նրանց նախկինում ունեցած կարգավիճակը։

19. Օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել ավելորդ վարչական օղակները եւ էապես կրճատել վերջին 14 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատը՝ մասնավորապես ՀՀ Նախագահի, կառավարության, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների եւ Ազգային Ժողովի աշխատակազմերը, սակայն ոչ թե նշված մարմինների շարքային աշխատողների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվի հաշվին, իսկ կրճատումների հետեւանքով խնայված միջոցներն ուղղել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներ։

20. Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական գործունեությունն, անշուշտ, չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով. թեկուզ առաջնահերթ, դրանք ընդամենն ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում Կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը։ Իսկ որպես զգուշացում. լինելով սկզբունքային ընդդիմություն, Կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։

Հարկ եմ համարում նաեւ շեշտել, որ իմ ելույթի բոլոր դրույթները համաձայնեցված են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքին մաս կազմող կուսակցությունների հետ, հետեւաբար այն հանդիսանում է նրանց միասնական տեսակետը։

30 Մարտ 2012