Լիլիթ (Կուրղինյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լիլիթ

Շուշանիկ Կուրղինյան

Գէթ մի վայրկեան մրրիկ լինել
Կ՚ուզէի՝
Կեանքի հովտում ըմբոստ թափով
Շրջելու։
Սլանայի՝ կայծակ որոտ
Տեղայի՝
Սրտիս թոյնը ամենուրեք
Թափելու։
Գէթ մի վայրկեան դժոխք լինել
Կ՚ուզէի՝
Խռովելու անդորրութիւնը
Երկնի։
Վշտի շնչով այնտեղ անհաս
Իշխէի՝
Ոգիներին տեղի տայի
Չարքերի։
Գէթ մի վայրկեան աստուած լինել
Կ՚ուզէի՝
Շուրջս ամպեր երկրի արիւնով
Ներկուած,
Որ տանջանքի հեծկլտանքը
Լսէի՝
Գիշեր ցերեկ իմ դէմ դիակ
յօշոտուած։

1906