Լուսավորչի կանթեղը
Արտաքին տեսք
ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
5
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Լույս է տալիս երկա՜ր դարեր
10
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նրա մեջ:
Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
15
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
20
Թույլ, կասկածոտ սրտերին,
Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —
25
Նա կտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հսկում է ցած երկընքից:
1902