Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ., հունվարի 11-ի մամլո ասուլիսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. հունվարի 11-ի մամլո ասուլիսը

Լևոն Տեր-Պետրոսյան

Արման Petrosyan (Լևոն Տեր Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար). – Տիկնայք և պարոնայք. շնորհակալություն, որ ընդունել եք Հանրապետության առաջին նախագահի հրավերը։ Սա 1997 թվականի սեպտեմբերի 26-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային հանդիպումն է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, այս տարիներին բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Ասուլիսը սկսելուց առաջ, ես կխնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինակից-ընկեր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հիշատակը (հոտնկայս լռություն)։ Իսկ այժմ, խնդրեմ, տվեք ձեր հարցերը։

Հովհաննես Մանուկյան, «ԱրմԻնֆո» գործակալություն. – Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք տասը տարի լռություն պահպանեցիք, ես կուզեի մատնանշեք՝ ինչը Ձեզ ստիպեց, այնուամենայնիվ, խախտել այդ լռությունը և մասնակցել առաջիկա ընտրություններին։
– Ձեր հարցն ինձ շատերն են տալիս, երբեմն նաև դրա մեջ քաղաքական բովանդակություն դնելով։ Բացատրեմ. նորմալ երկրում, երբ ամեն ինչ կարգին է, երբ ընտրությունների միջոցով, կանոնավոր կերպով, օրինական ճանապարհով, տեղի են ունենում իշխանության փոփոխություններ, նախկին նախագահն ընդհանրապես քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Պետք է զբաղվի գիտությամբ, այգեգործությամբ, թոռներով, որևէ ձևով չպետք է մեկնաբանի իր հաջորդների գործունեությունը։ Նախկին նախագահը քաղաքականության մեջ ինչ-որ պիտի աներ, ինչ-որ պիտի ապացուցեր, ինչ խորհուրդներ որ պիտի տար, արդեն պիտի արած լիներ իր իշխանության շրջանում։ Ես երջանիկ կլինեի, որ այդպիսի երկրում ապրեինք, և ես այլևս երբեք չմիջամտեի քաղաքականությանը։ Հիմա հարցնում են՝ ինչու եմ տասը տարի լռել, և ինչու եմ հանկարծ սկսել խոսել, կամ վերադարձել քաղաքականություն։ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ եղել են այսպիսի խոսակցություններ, նույնիսկ փորձել են հիմնավորել, թե անհրաժեշտ է, որ ես մասնակցեմ այդ ընտրություններին։ Բայց ես կտրականապես մերժել եմ, հասկանալով, որ դեռ իմ ժամանակը չէ։ 2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր։ Եթե ես առաջադրվեի էլ, այդ ընտրություններում հաղթելու որևէ շանս չէի ունենա, առավել ևս՝ կխանգարեի Ստեփան Դեմիրճյանին, ինչը բացարձակապես սխալ կլիներ ե՛ւ ինձ համար, ե՛ւ մեր երկրի համար։ Կհարցնեք՝ ի՞նչ է փոխվել հիմա։ Հիմա որոշ բան փոխվել է. նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընդդիմությունը, չէի ասի հուսալքվել, բարոյալքվել, բայց կորցրել է քաղաքական գործոնի այն դերը, որ մինչ այդ ուներ։ Չէի ասի ամայացել էր քաղաքական դաշտը, գուցե դա խաբուսիկ էր, բայց առնվազն չէր երևում այն ուժը, այն թեկնածուն, որը կկարողանար հաղթահարել ներկա իշխանություններին և թույլ չտալ նրանց վերարտադրությունը։ Ահա, սա է իմ վերադարձի պատճառներից մեկը։ Անկեղծ ասած, անձնական առումով ես դրանից որևէ ակնկալիք կամ քաղաքական հավակնություն (ամբիցիա) չունեմ։ Ես լիովին բավարարված, ինքնաբավ մարդ եմ։ Մինչև 1988 թվականն էլ այդպիսին եմ եղել, զբաղվել եմ գիտությամբ։ Դա ինձ մեծագույն հաճույք է պատճառել։ Չէի ասի մեծ գյուտեր, հայտնագործություններ եմ կատարել, բայց իմ բնագավառում եղել եմ միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ։ Դեռևս 80-ական թվականներին գրքեր և հոդվածներ եմ հրապարակել արտասահմանում՝ Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։ Այսինքն, ես լրիվ բավարարված մարդ եմ եղել գիտության մեջ, և քաղաքականությունը թողնելուց հետո կրկին զբաղվել եմ իմ սիրած գործով ու մեծագույն ստեղծագործական հաճույք ստացել։ Վերջին տասը տարիներն անձնական առումով ինձ համար եղել են ամենաերջանիկ և ամենաազատ տարիները, երբ ո՛չ աշխատանքային պլաններն էին ինձ խեղդում, ո՛չ «Գլավլիտն» ու հրատարակչություններն էին խոչընդոտներ առաջացնում։ Ինչ ուզում, երբ ուզում՝ գրում և հրատարակում էի, առանց որևէ արգելքի։ Եթե իմ վերադարձի պատճառներից մեկը, ինչպես նշեցի, ներկա վարչախմբին հաղթահարելու ունակ ուժի բացակայությունն էր, ապա մյուս պատճառը՝ պարտքի գիտակցությունն էր, մանավանդ նկատի ունենալով, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այդ վարչախմբի կայացման գործում։ Վերջին հաշվով, ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան։ Թեև պատասխանատու չեմ, թե դրանից հետո նրանք ինչպիսի պաշտոններ են զբաղեցրել՝ ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի։ Կարծում եմ, ես կկարողանամ համոզել մեր ժողովրդին, ձեզ, մեր հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են, և որ միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել ներկա վարչախմբի ևս տասը տարվա իշխանավարությունը։ Չեմ ուզում ապոկալիպտիկ տեսարաններ նկարագրել, բայց որ շատ դժբախտությունների ու բազում փորձությունների ենք հանդիպելու այդ պարագայում, բացարձակապես չեմ կասկածում։

Մարիետա Մակարյան, «Ազգ» օրաթերթ. – Պարոն Տեր-Պետրոսյան, ո՞րն է լինելու Ձեր առաջին հրամանագիրը։
– Իմ առաջին գործը պետք է լինի կառավարության ձևավորումը, քանի որ նոր նախագահի ընտրության դեպքում նախորդ կառավարությունը դադարեցնում է իր լիազորությունները։ Այստեղ, հասկանալի է, որ որոշակի խնդիրներ են ծագելու, որովհետև մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք։ Հետևաբար, պիտի կարողանանք աշխատել գոյություն ունեցող մեծամասնության հետ։ Ես արդեն բացատրել եմ, որ խորհրդարանը թեև այսօր չի արտահայտում մեր հասարակության և քաղաքական դաշտի ուժերի իրական հարաբերակցությունը, բայց հարկադրված ենք աշխատել նրա հետ։ Չեմ կարծում, թե լուրջ բարդություններ կլինեն. կառավարությունը սահուն կձևավորվի, կնշանակվի վարչապետ, որից հետո իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթների հիման վրա կներկայացվի կառավարության ծրագիրը։ Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ Երևան» օրաթերթ. – Պարոն նախագահ, կուզեի իմանալ, արդյո՞ք կա այն թիմը, որը կկազմի ապագա կառավարությունը Ձեր նախագահ դառնալու դեպքում, և եթե այո, Դուք հնարավո՞ր եք համարում գործող իշխանությունների ներկայացուցիչներից ոմանց այնտեղ ընդգրկվելը։
– Ով է լինելու իմ թիմում. այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Կարևոր չեն կոնկրետ անձերն ու նրանց հետագայում զբաղեցնելիք պաշտոնները։ Ցանկացած թեկնածուի ընտրարշավ, որը ինչ-որ ձևով վերածվում է քաղաքական շարժման, ունենում է իր առաջնորդները։ Դրանք այսօր ձեր աչքի առջև են։ Իշխանության են գալու այն ուժերը, որոնք կանգնած են իմ կողքին։ Խոսքը վերաբերում է բոլոր այն կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք սատարում են ինձ կամ պաշտպանում իմ թեկնածությունը։ Իշխանության մեջ տեղ զբաղեցնելու սկզբունքը լինելու է հետևյալը. յուրաքանչյուրը պիտի հատուցվի և պետական աստիճանակարգում համապատասխան պաշտոնների արժանանա մեր Շարժման և հաղթանակի մեջ ներդրած ջանքերի ու վաստակի չափով։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործող իշխանություններից ինչ-որ մարդիկ կշարունակե՞ն աշխատել՝ իհարկե, կշարունակեն։ Երբ մենք 1990 թվականին եկանք իշխանության, պետական ապարատում շատ քիչ փոփոխություն տեղի ունեցավ։ Մենք դեռևս փորձ չունեինք, կադրեր չունեինք, ուստի համարյա ամբողջությամբ պահպանեցինք կոմունիստական պետական ապարատը։ Անկախության շրջանի առաջին կառավարության մեջ նախկին կոմունիստական կառավարության անդամները կազմում էին մոտ 80 տոկոս։ Հետո կամաց-կամաց մեր կադրերը փորձ ձեռք բերեցին, հմտություն ստացան և փոխարինեցին նրանց։ Այսօր վիճակն, իհարկե, մի-փոքր այլ է. մենք ութ տարի իշխանության գլուխ ենք եղել, ունենք թե՛ փորձ, թե՛ կադրեր։ Բայց չեմ կասկածում, որ ներկա իշխանությունների կազմում կան բավականին արհեստավարժ մասնագետներ, ովքեր պիտի շարունակեն իրենց գործունեությունը, մանավանդ՝ միջին և ստորին օղակների ապարատում։ Նրանք անհանգստանալու խնդիր չունեն։

Կարմեն Դավթյան, «Իրավունք» շաբաթաթերթ. – Պարոն նախագահ, իշխանության գալու և նախագահ դառնալու դեպքում ղարաբաղյան բանակցային գործընթացը սկսելու եք 98-ի՞ց, այսօր սեղանին դրված, ըստ համանախագահների՝ տրամաբանական լուծումի՞ց, թե բոլորովին նոր բանակցային գործընթաց եք ծավալելու։
– Իհարկե, 1998-ից չեմ սկսելու։ Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը մի համակարգ է, որը սկսվել է 1992 թվականից, ունեցել իր տարբեր աստիճանները, և այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան էր՝ 98 ին։ Այսօր կա մի նոր, գրավոր առաջարկ։ Սա, ի դեպ, նորություն է. համանախագահների կողմից վերջին գրավոր առաջարկը եղել է ընդհանուր պետությանը վերաբերող առաջարկը (1998թ.)։ Դրանից հետո համանախագահները կողմերին որևէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել։ Այսինքն, վերականգնվում է նախկին ավանդույթը։ Այս հանգամանքն, ինձ թվում է, ավելի լրջացնում է գործընթացը։ Ընտրվելու դեպքում ես, բնականաբար, պիտի կողմնորոշվեմ ըստ վերջին առաջարկի։ Ի դեպ, ես ունեմ դրա բնագիրը, բայց քանի որ այն պետական գաղտնիք է, ես էլ պետական պաշտոն չեմ զբաղեցնում, իրավունք չունեմ այդ առթիվ որևէ վերաբերմունք արտահայտել։ Բովանդակությունը մոտավորապես ձեզ ներկայացրել եմ իմ հանրահավաքային ելույթներից մեկում։ Ըստ էության, դա նույն փուլային տարբերակն է (թող ոչ մի աճպարարություն չանեն), գումարած ընդամենը մեկ նոր տարր, այն է՝ մի հակիրճ ձևակերպում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անորոշ ապագայում ինչ-որ չկանոնակարգված հանրաքվե, ժողովրդական հարցում, կամ պլեբիսցիտ անցկացնելու մասին։ Ուրեմն, հետագա բանակցությունների հիմքը կարող է լինել բանակցային գործընթացի այսօրվա վիճակի, եթե ոչ անգամ ֆորմալ արտահայտությունը (գրավոր առաջարկը), ապա հաստատապես՝ նրա տրամաբանությունը։

Նորա Սարդարյան, «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթ. – Պարոն Տեր Պետրոսյան, Ձեր ծրագիրն ավելի շատ քաղաքագետների համար կազմված գրագետ փաստաթուղթ է։ Բայց Ձեզ պետք է լսի ամբողջ հանրությունը, ժողովուրդը, որը հակված է լսելու ավելի շատ բարձրագոչ խոսքեր, իր երազների մասին խոսակցություններ, Դուք ինչո՞ւ չեք ցանկացել օգտագործել քաղաքական այդ սնունդը։
– Ես Ձեզ հետ չէի համաձայնի, թե իմ ծրագիրը քաղաքագետների համար է գրված։ Բացարձակապես։ Ես հենց ժողովրդի հետ եմ զրուցում։ Դուք խոսում եք ծրագրի միայն վերջին գլխի մասին, որը կազմում է ընդամենը նրա 25 տոկոսը։ Առաջին երեք գլուխը՝ 75 տոկոսը, ժողովրդի հետ զրույց է, որում ներկայացված են իմ դատողությունները նրա երազանքների կամ պատկերացումների մասին։ Ես բացարձակապես չեմ կասկածում, որ երբ ծրագիրը տարածվի նաև տեսասկավառակների միջոցով, ժողովուրդը շատ ավելի լավ կհասկանա այն, քան քաղաքագետներից կամ քաղաքական գործիչներից շատերը։ Ինչ վերաբերում է ամպագոռգոռ խոստումներին, դա իմ ոճը չէ։ Այդպիսի հակում ունեցող թեկնածուներ շատ կան, եթե նրանք հաճելի են ժողովրդին, թող գնան նրանց ետևից, ես խնդիր չունեմ։ Իմ ծրագիրը սկսվում է հենց այն հավաստումից, որ նրանում պոպուլիզմ չի լինելու (առաջին էջում է գրված)։ Ծրագրում չկա որևէ դրույթ, որի տակ չլինեն կոնկրետ տնտեսագիտական կամ քաղաքական հաշվարկներ։ Ընդ որում, ներկայացված են միայն ամենահիմնական, հայեցակարգային դրույթները, որոնց հիմքում ընկած է օրենսդրական փոփոխությունների, տնտեսական հարաբերությունների, քաղաքական մոտեցումների վերանայման մի ողջ համակարգ։

Տաթևիկ Նալբանդյան, «Հայլուր». – Պարոն Տեր-Պետրոսյան, քիչ առաջ Դուք խոսեցիք, որ նորմալ երկրում իշխանափոխությունը տեղի է ունենում օրինական ճանապարհով։ Նախագահի մյուս թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը համոզված պնդում է, որ 96 թվին իշխանություններն են կեղծել ընտրությունները, ընդ որում, հակադրվելով Ձեզ, երբ Դուք դա վերագրեցիք հանձնաժողովականներին։
– Ես այդպիսի վերագրում չեմ արել։

Տաթևիկ Նալբանդյան. – Շատ լավ, և ինքը որպես ապացույց բերում է Վանոյի խոսքերը, որ իշխանություններն են կեղծել ընտրությունները և կարծում է, որ Դուք դեռ պարտք ունեք վերադարձնելու ժողովրդին և չե՞ք պատրաստվում, արդյոք, այդ պարտքը վերադարձնելու համար, հենց Վազգեն Մանուկյանի օգտին հանել Ձեր թեկնածությունը կամ նրան պաշտպանել ընտրություններում։ և մի փոքրիկ հարց, մի-փոքր անհարմարավետության զգացում չե՞ք ունենում, երբ Ձեզ դիմում են «պարոն նախագահ» բառերով։
– Նախ, «պարոն նախագահ» բառերով դիմում են բոլոր նախկին նախագահներին։ Եթե դուք գիտեք, դա միջազգային արարողակարգ է։ Եթե մեկը նախկինում նախարար է եղել, նա մինչև մահ կոչվում է «պարոն նախարար», եթե դեսպան է եղել՝ «պարոն դեսպան», եթե պրոֆեսոր է եղել՝ «պարոն պրոֆեսոր» և այլն։ Մյուս հարցը թեև ծավալուն է, բայց շատ ուրախ եմ, որ այն տվեցիք։ Որ Վազգեն Մանուկյանը համոզված է և կարծում է, թե 1996 թվականին ինքը ընտրվել է նախագահ, ես հարգում եմ նրա համոզմունքը և կարծիքը։ Թող այդպես էլ համոզված մնա ու կարծի։ Բայց քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ։ Քաղաքականությունը պետության կենսագործունեության հետ կապված իրավական պրոցես է։ Վազգեն Մանուկյանը 96 թվականի ընտրություններից հետո դիմել է Սահմանադրական դատարան, ներկայացրել 1000-ից ավելի արձանագրություն տեղամասերից՝ համոզված լինելով, որ այդ արձանագրություններով ապացուցվում է, որ ընտրությունները կեղծվել են։ Ներկայացված շուրջ 1030 կամ ավելի արձանագրություններից (ընդհանուր թիվը՝ մոտ 1600) ընդամենը մի քանի տասնյակում են միայն հայտնաբերվել թվական անճշտություններ, այն էլ՝ կապված ոչ թե թեր և դեմ ձայների, այլ հանձնաժողովների անփութության պատճառով կատարված թվաբանական հաշվարկների հետ (այդպիսի անճշտություններ բոլոր ընտրություններում լինում են հազարներով)։ Այսինքն, իմ մրցակիցը որևէ ապացույց չի կարողացել բերել, որ այդ ընտրությունները կեղծված են. սա մեկ։ Ավելին, մրցակցիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա Սահմանադրական դատարանում հաշվարկներ կատարվեցին, և իմ ստացած ձայները 0,25 տոկոսով ավելացան։ Ես շնորհակալ եմ Վազգեն Մանուկյանին, որ ավելացրեց իմ ստացած քվեները։ Մի խոսքով, սա իրավական պրոցես է, սա իմ և Մանուկյանի լուծելիք խնդիրը չէ, համոզմունքների, կարծիքների հետ կապված չէ։ Իրավական գործընթաց է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումը, Սահմանադրական դատարանն՝ իրենը։ Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո՛, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, նշել են կեղծիքներ ինչ-որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքները։ Եղել է երկու դեպք, երբ միջազգային հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյունքները՝ մի անգամ Ալբանիայում, մի անգամ՝ Բելառուսում։ Այսպիսի բան 96 թվականի ընտրությունների նկատմամբ տեղի չի ունեցել։ Ես ավելին չեմ ուզում ասել։ Իսկ որ իմ հարգելի մրցակիցը, նախկինում մտերիմ ընկերը, շարունակելու է այդպես մտածել, թող մտածի։

Կարինե Քալանթարյան, «Ազատություն» ռադիոկայան. – Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք ասացիք, որ պիտի փորձեք համոզել մեր ժողովրդին, որ այս իշխանությունները չարիք են։ Այդ հարցում Ձեզ երևի կօգնեն մյուս ընդդիմադիր թեկնածուները ևս, իսկ կկարողանա՞ք արդյոք համոզել, որ այդ չարիքից ազատողը հենց Դուք եք լինելու։
– Այդ հարցի պատասխանը Դուք կստանաք փետրվարի 19-ին։ Եթե հաղթեմ, ուրեմն, կարողացել եմ համոզել։ Եթե չհաղթեմ, չեմ համոզել։ Մարիետա Խաչատրյան, «Ազգ» օրաթերթ. – Որևէ նախագահի թեկնածու պետք է սթափ գնահատի իր հնարավորությունները։ Դուք սթափ գնահատե՞լ եք Ձեր հնարավորությունները ժողովրդի մեջ և այս պահին Ձեր վարկանիշը որքա՞ն է Ձեր գնահատմամբ։ և Դուք ասացիք, որ մեծամասնության հետ աշխատելու եք, այստեղ հակասություն չկա՞։ Այդ մեծամասնության հետ Դուք ինչպես եք աշխատելու, երբ դրա մեջ մտնում է, օրինակ, Դաշնակցությունը և արդյոք լուծարելո՞ւ եք խորհրդարանը, թե ոչ։
– Ես այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխանել եմ։ Բոլոր խորհրդարանները մեծամասնություն ունեն, խորհրդարանի էությունը հենց նրա մեծամասնությունն է՝ այսինքն, պատգամավորների այն մասը, որը կարող է վճիռներ կայացնել։ Նախագահը աշխատում է վճիռներ կայացնող մարմնի հետ։ Թե այստեղ որ կուսակցությունն ինչ դեր է խաղում, ոչ մի նշանակություն չունի։ Երկրորդ՝ ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ անպայման հաղթելու եմ, այսինքն՝ կասկածներ չունեմ։ Թե որքան է իմ վարկանիշը, դա մի կողմ դնենք. բայց որ այսօրվա իշխանություններին հակադիր միակ ռեալ ուժը ես եմ և մեր Շարժումը, դա, կարծում եմ, փաստ է։ Ինչ վերաբերում է իմ համոզմունքը ժողովրդին հասցնելուն, ես կհասցնեմ։ Մի՛ վախեցեք, Հայաստանում չի լինի որևէ քաղաքացի, որն իմ տեսակետներին չծանոթանա։ Ես արդեն խոսել եմ կես միլիոն մարդու հետ. իմ բոլոր ելույթները, գրքույկների և տեսասկավառակների տեսքով, հասնում են մարդկանց։ Այդպիսի լսարան ոչ մի թեկնածու չունի՝ ոչ իսկ իշխանության թեկնածուն, որը 15 հեռուստակայանով իբր թե խոսում է ժողովրդի հետ։ Նրան չեն լսում, չեն տեսնում։ Իսկական լսարանն այդ կես միլիոնն է, որը դեռ պիտի ավելանա։ Վստահ եղեք, մինչև փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում չի լինի որևէ քաղաքացի, որը չծանոթանա իմ ծրագրերին, իմ ելույթներին, իմ պլատֆորմին։ Ի դեպ. չպետք է մտածել, որ իմ ծրագիրը միայն այն է, ինչ ես մի քանի օր առաջ հրապարակեցի։ Իմ ծրագիրը սեպտեմբերի 21-ից ի վեր ունեցած բոլոր ելույթներն են. իմ պլատֆորմը, աշխարհայացքը, քաղաքական դատողությունները, մոտեցումները արտահայտված են այդ հրապարակային ելույթներում, որոնք չի կարելի իրարից անջատել։ Այսպես, նախընտրական ծրագրում ես Ղարաբաղի մասին ընդամենը հինգ տող եմ խոսում, բայց իմ ելույթներից մեկում այդ հարցը ներկայացրել եմ մի ամբողջ գլխով։ Նույնը վերաբերում է նաև այլ հարցերի, ինչպես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այլն։ Այնպես որ, չպետք է ֆորմալ մոտենալ իմ նախընտրական ծրագրին։

Թագուհի Հակոբյան, «Տարեգիր». – Պարոն նախագահ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. Սահմանադրության փոփոխությունները Ձեր շուրջը համախմբված ուժերի կողմից ժամանակին դատապարտվել են բազմիցս, և բուն հանրաքվեն էլ որակվել է որպես ուրվականների հանրաքվե։ Վերընտրվելու դեպքում, Դուք պատրաստվո՞ւմ եք նորից փոփոխությունների ենթարկել Սահմանադրությունը, թե պատրաստվում եք աշխատել այդ Սահմանադրությամբ։ և կուզեի Ձեր կարծիքը իմանալ գործող Սահմանադրության մասին։
– Ես գիտեմ, այո՛, որ 2005 թվականին լուրջ դիմադրություն կար Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ, բայց չեմ ուզում խոսել, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես անցկացվեց հանրաքվեն։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք ունենք մեկ Սահմանադրություն, որը 1995 թվականի Սահմանադրությունն է՝ 2005 ին ընդունված փոփոխություններով։ Ես ընտրապայքարի մեջ եմ մտել՝ հիմնվելով այս Սահմանադրության վրա, և որպես նախագահ, աշխատելու եմ այս Սահմանադրությամբ՝ ինչպիսի վերապահումներ էլ ունենամ, ինչպիսի թերություններ էլ նրանում տեսնեմ։ Մեկ հիմնական թերություն կարող եմ նշել, չմտնելով մանրամասների մեջ։ 1995 թվականի Սահմանադրությունը մի համակարգ էր, որը ներքին հակասություններ չուներ։ Անկախ այն բանից, թե ինչպես կվերաբերվեք դրան, դա պետական իշխանության մի համակարգ էր, որը զերծ էր ներքին հակասություններից։ 2005 թվականին եղան որոշ դրական փոփոխություններ, չեմ ժխտում։ Մասնավորապես, լուծվեց վարչապետի ինքնուրույնության խնդիրը, թեև ոչ այն ձևով, ինչպես պետք էր, քանի որ ընդունված տարբերակը հետագայում գործադիր իշխանության մեջ ճգնաժամային իրավիճակներ ստեղծելու վտանգներ է պարունակում։ Սահմանադրական դատարանի հարցում դրական փոփոխություններ եղան, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հաստատվեց։ Դրականի հետ մեկտեղ, սակայն, խախտվեց 1995 թվականի Սահմանադրության մոդելը կամ համակարգը և չփոխարինվեց նոր համակարգով։ Փոփոխված Սահմանադրության մեջ կան ճեղքեր, կան հակասություններ, որոնք հանգիստ քաղաքական զարգացումների դեպքում կարող են նկատելի կամ վտանգավոր չլինել, բայց ճգնաժամային պահերին կարող են սահմանադրական անլուծանելիության վիճակներ ստեղծել։ Հիշո՞ւմ եք, որքան էին քննադատում 1995 ի Սահմանադրությունը, բայց 1998 թվականի իշխանափոխությունից և 1999 թվականի ահաբեկչությունից հետո նույնիսկ նրա հակառակորդներն ասում էին՝ Սահմանադրությունն ապացուցեց իր կենսունակությունը, ապացուցեց, որ մենք ունենք մի այնպիսի Սահմանադրություն, որը մեզ չի կանգնեցնում ճգնաժամային վիճակների առաջ։ Սա բոլորն ընդունեցին, հակառակորդները նույնիսկ։ Ես կնախընտրեի, որ Սահմանադրությունը չփոխվեր։ Սահմանադրություններն, ընդհանրապես, մեկ անգամ պետք է ընդունվեն։ Այն այնքան հիմնավոր պիտի լինի, որ Սուրբ գրքի նման բան դառնա պետության, ժողովրդի համար։ Որքան անսասանելի, անփոփոխելի լինի Սահմանադրությունը, նշանակում է դա այնքան լավ Սահմանադրություն է։ Նշանակում է, որ այդ Սահմանադրությունն արդեն ստեղծել է պետական կայուն ավանդույթներ, որոնց, թեկուզ ենթագիտակցորեն, հետևում են մարդիկ։ Սահմանադրությունը քիչ պետք է փոփոխվի։ Չեմ բացառում, իհարկե, որ աշխատանքի ընթացքում, հետագա հինգ տարիներին, եթե ծագեն ինչ-որ հարցեր, մենք կարող ենք անդրադառնալ որոշ փոփոխությունների։ Բայց դրանք չեն լինի 2005-ին կատարված փոփոխությունների նման։ Ի դեպ, ամենասարսափելին և վտանգավորը փոփոխությունների անցկացման եղանակն էր. փոփոխություններ անվան տակ հանրաքվեի դրվեց ամբողջ Սահմանադրությունը։ Այդպես չի կարելի։ Փոփոխությունը պետք է հստակ առանձնացվի, կոնկրետ պետք է նշվի, թե որ հոդվածներն են փոխվում, հանրաքվեի պետք է դրվի առավելագույնը երկու-երեք փոփոխություն։ Միացյալ Նահանգներում կան սահմանադրական փոփոխությունների առաջարկներ, որոնք սկիզբ են առնում դեռևս 30-ական թվականներից, բայց մինչև օրս չեն ընդունվել։ Այնտեղ խիստ սահմանափակումներ կան, Նահանգների 2/3-ը պետք է համաձայնի, որ այդ փոփոխությունները տեղ գտնեն Սահմանադրության մեջ (ի դեպ, կենսական, անհրաժեշտ փոփոխություններ), բայց դա չի հաջողվում։ Այդուհանդերձ, դա ավելի նախընտրելի է, քան ամեն օր Սահմանադրությունը ձևելը, փոփոխելը և այլն։

Թաթուլ Հակոբյան, «Արմինիըն Ռիփորթըր». – Պարոն նախագահ, երկու օր առաջ ես հեռավոր շրջաններից մեկում էի և ինձ համար զարմանալիորեն, Ձեր վարկանիշը բավականաչափ, չեմ ուզում այլ բառ օգտագործել՝ բարձր էր։ Ինձ հետաքրքրում է, թե ինչպես եք անելու, որպեսզի ամսի 20-ին այդ ձայների տերը լինեք։ Այս հարցը տալիս եմ, ելնելով այն իրողությունից, որ գոնե ժողովրդի մեջ կա մի կարծիք, որ 96-ից, Ձեր ընտրությունների ժամանակ էլ, ընտրությունները կեղծվում են և իշխանության չեն գալիս մարդիկ, որոնց իրենք էին ընտրել։
– Ես այդ հարցը ընդհանրապես չեմ հասկանում, ուղղակի չեմ հասկանում։ Դա, որպես շատ լուրջ հարց, արդեն տասը տարի հնչում է բոլոր հեռուստակայանների, բոլոր լուրջ լրագրողների անունից, այն է՝ ինչպես եք տեր կանգնելու ձեր ձայներին։ Ֆանտաստիկ հարց։ Այդ հարցը տվողն ինքը պետք է տեր կանգնի իր տված ձայնին, և ոչ թե պահանջի, որ ես տեր կանգնեմ։ Կա պետություն, կա Սահմանադրական դատարան, կա դատախազություն, կա ԿԸՀ։ Նրանց գործն ի՞նչն է։ Հենց նրանց գործն է՝ տեր կանգնել ժողովրդի ձայներին։ Մինչև այդ գիտակցությունը չլինի, մեր երկրում ոչինչ չի փոխվի։ Ինչ վերաբերում է ինձ, թե ինչ եմ անելու, եթե տեսնեմ, որ փետրվարի 20-ին ընտրությունները կեղծվել են, ապա անելու եմ այն, ինչ անում եմ մինչև հիմա։ Գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը, ես անելու եմ դրանցից բխող բոլոր քայլերը՝ ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ և այլն։ Սա է լինելու իմ ճանապարհը։ Ես Ձեր ակնարկած մարդու նման ցանկապատեր չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխը չեմ ջարդելու։ և, ի դեպ, իմացեք, նախագահի տվյալ թեկնածուն կործանվեց հենց այդ պատճառով։ 1996 թվականին նա ուներ 41–42 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում (1998թ.) ստացավ 13 տոկոս, 2003-ին՝ 0.9 տոկոս։ Սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականին պետության դեմ նրա կատարած ահավոր հարվածի նկատմամբ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը։ և դա իմ կողմից երբեք տեղի չի ունենա։ Մնացածը ձեզնից է կախված։ Որքան ես պիտի պայքարեմ իմ ձայների համար, նույնքան դուք պիտի պայքարեք, և ոչ թե բավարարվեք հարց տալով։ Ինձնից էլ առաջ պիտի ընկնեք, քանի որ դա ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար եք անելու՝ նույնիսկ ինձ չսիրողներդ։ «Փակագծի» խմբագիրը պետք է ինքն առաջինը կանգնի ԿԸՀ-ի առջև և բողոքի, որ ինձնից ձայներ են խլել, այլապես ես չեմ հավատա, որ ուզում եք նորմալ պետություն ունենալ։

Կարեն Ղազարյան, «Հանրային ռադիո». – Խոսվեց ժողովրդավարություն բերելու մասին, հարցս վերաբերում է ժողովրդավարության բաղադրիչներից մեկին։ Կան լուրեր, որ Դուք «Ազատություն» ռ/կ խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ ասել եք, որ ժամանակին Ձեր կողմից ռադիոկայանի փակումը ճիշտ քայլ էր, և վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ «Ժամանակ Երևան» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը հրաժարական է տվել Ձեր և Ձեր թիմի ճնշմամբ, որովհետև փորձել եք գրաքննություն հաստատել այդ թերթում։
– Դուք երկու հարց տվեցիք, երկուսին էլ սիրով կպատասխանեմ։ Երկրորդ խնդրի՝ «Ժամանակ Երևան» թերթի խմբագրությունում տեղի ունեցած փոփոխության հետ ես որևէ կապ չունեմ։ Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, և այդպիսի լուրեր տարածողների խղճին եմ թողնում, թե ինչու են այդ բանն անում։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին, Դուք մի քիչ աղավաղված ներկայացրեցիք իրականությունը։ Ես եմ ներկա եղել «Ազատությունում» կայացած հանդիպմանը։ Դուք չեք էլ եղել. կային սիրուն աղջիկներ և մի չորս տղա, որոնցից մեկը Դուք չէիք։ Ինձ հարց են տվել, և խոսակցության ժամանակ ես իսկապես ասել եմ, որ երջանիկ կլինեի, եթե «Ազատություն» ռադիոկայանը չլիներ։ Ի՞նչ նկատի ունեի։ Ես ընդհանրապես դեմ եմ, երբ ժողովրդավարությունը հաստատվում է դրսից։ Մեր երկրում մենք պիտի հաստատենք ժողովրդավարությունը։ Դրսից հաստատված որևէ գաղափարախոսություն մեր ազգին օգուտ չի կարող բերել։ Այդպիսի գաղափարախոսություններ եղել են. մեկը կոմունիզմն էր, և տեսանք դրա արդյունքը։ Դա դրսից պարտադրված, մեր վզին փաթաթված գաղափարախոսություն էր։ Մինչև ժողովրդավարությունը չլինի մերը, չբխի մեր սրտից, չգիտակցենք, որ դա առաջին հերթին մեր երեխաներին, մեր պետությանը, մեր ապագային է անհրաժեշտ, այդ ժողովրդավարությունը մեզ պետք չէ։ Ուրեմն, ես երջանիկ կլինեմ, երբ Հայաստանում այնպիսի ժողովրդավարություն հաստատվի, որ «Ազատություն» ռադիոկայանի կարիքը չզգացվի, ինչպես արդեն չի զգացվում Արևելյան ևրոպայի և Բալթյան երկրներում։ Այդ երկրների լեզուներով հաղորդումները արդեն վաղուց դադարեցվել են։ Այն օրը, երբ որ դադարեցվեն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները Հայաստանում, մենք իրար պիտի շնորհավորենք այն առիթով, որ մեզ մոտ արդեն իսկական ժողովրդավարություն է հաստատվել։

Գոռ Աբրահամյան, «Ուրբաթ Ռիփորթըր». – Պարոն նախագահ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշեցիք, որ 1996 թվականից հետո չի եղել մի ընտրություն, որը չի կեղծվել։
– Ոչ, ոչ, կխնդրեմ ուշադիր լինել։ Ձեր հարցի մեջ կեղծիք է պարունակվում։ Ես ասել եմ՝ 96 թվականից մինչև այսօր չեն եղել անաղմուկ ընտրություններ, բոլոր ընտրությունները եղել են աղմկոտ։ և բացատրել եմ, թե ինչու։ Բացատրել եմ, որ դա գալիս է ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքից։ Ինչպիսի ընտրություններ էլ լինեն, եթե հանձնաժողովները ձևավորված են բազմակուսակցական սկզբունքով, անաղմուկ ընտրություն Հայաստանում չի կարող տեղի ունենալ։ Այդ հարցը հանեք, այլ ձևով ձևակերպեք։

Գոռ Աբրահամյան. – Այդ դեպքում, որն է լինելու անաղմուկ ընտրությունների երաշխիքը սրանից հետո։
– Արդեն ասացի. պետությունը պետք է անցկացնի ընտրությունները, պետությունը, և ոչ թե բազմակուսակցական հանձնաժողովները։

Զոյա Բարսեղյան, «Արմենպրես» գործակալություն. – Իմ հարցը վերաբերում է Ձեր ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին, որտեղ կա հետևյալ դրույթը՝ «կառուցողական ջանքերի գործադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։ Կխնդրեի մանրամասնել սա, և ո՞րն եք համարում կառուցողական, բացի առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումից։ և որպես այս հարցի շարունակություն կխնդրեի Ձեր վերաբերմունքը ադրբեջանական և թուրքական մամուլում եղած անթաքույց ուրախության վերաբերյալ Ձեր հնարավոր վերադարձի նկատմամբ, որով ակնկալվում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծում հօգուտ Ադրբեջանի։ Մասնավորապես նման հրապարակում կար «Զերկալո» օրաթերթում։
– Ես քիչ առաջ ասացի, որ իմ ծրագիրը միայն սա չէ, այս համառոտ դրույթները չեն։ Ձեր բարձրացրած հարցերի մասին ես շատ ընդարձակ խոսել եմ իմ վերջին ելույթներում։ «Կառուցողական ջանքերի գործադրում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում» ասելով, ես, առաջին հերթին, նկատի ունեմ Ղարաբաղի հարցի լուծումը։ Կառուցողականն այն է, որ ոչ կառուցողական չէ։ Մինչև հիմա տարվել է ոչ կառուցողական քաղաքականություն, այսինքն՝ մեր իշխանությունների կողմից ոչինչ չի արվել այդ հարցը լուծելու ուղղությամբ, անկախ այն բանից՝ ի նպաստ մեզ, թե՞ ի նպաստ Ադրբեջանի։ Տասը տարի մեր իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել։ Հակառակ ուղղությամբ են գործել, այն է՝ չլուծել հարցը, վիժեցնել բանակցությունները՝ ստատուս-քվոն պահպանելու նպատակով։ Իմ ամբողջ տասը տարվա հայեցակարգային պայքարն այս իշխանությունների դեմ՝ սրա շուրջն է ընթացել։ Ազնիվ լինելու պարագայում իշխանությունները մեր ժողովրդին պետք է ասեին՝ մենք չենք լուծելու այս հարցը, ձգե՛ք ձեր գոտիները, համբերե՛ք ևս տասը, երեսուն, քառասուն տարի. մենք պիտի ապրենք շրջափակումների մեջ, պիտի զրկանքներ կրենք։ Թող ազնիվ լինեն, ասեն այս ամենը։ Ոչ սա են ասում, ոչ էլ հարցի լուծման ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկում։ Ուրեմն, կառուցողականն այս գործընթացում՝ հարցի կարգավորման փիլիսոփայության փոփոխությունն է։ Այսինքն՝ հարցի լուծումը վիժեցնելու փիլիսոփայությունից պետք է անցում կատարել հարցի լուծման փիլիսոփայության։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում ես որևէ գաղտնիք չեմ տեսնում։ Այդ հարաբերությունները կկարգավորվեն միայնումիայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Դրանից առաջ որևէ բան սպասելն անիմաստ է։ Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Թուրքիայի սահմանը մեզ համար փակ կմնա։ Խոսքը նույնիսկ չի վերաբերում վերջնական լուծմանը։ Համոզված եմ՝ կարգավորման գործընթացում թեկուզ լուրջ առաջընթաց արձանագրվելու պարագայում, Թուրքիան կբացի սահմանը՝ դրանով իր նպաստը բերելով վերջնական լուծման գործին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ինչ են մտածում իմ հաղթանակի մասին, դա իրենց գործն է։ Մենք մեր խնդիրն ենք լուծում, մեր ժողովուրդն է ինձ ընտրում, ոչ թե թուրքերը կամ ադրբեջանցիները։ Ես Ձեզ հետ համաձայն էլ չեմ. Ադրբեջանում տասնյակ ավելի շատ հրապարակումներ են եղել, որոնցում ցանկություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, տասնյակ ավելի շատ, քան ինձնով ուրախացող։ Ես այդպիսիք անգամ չեմ էլ տեսել, գուցե կան, չեմ առարկում։ Մի պահ պատկերացրեք, եթե Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում Հայաստանի քաղաքականության մասին պատկերացում կազմեն մեր մամուլի հրապարակումներից, որքան լուրջ կընդունվի դա։ Չեմ ասում մերը վատ մամուլ է, ո՛չ, շատ էլ լավ մամուլ է, բայց նրանում այնքան ձայն կա, այնպիսի անեկդոտատիպ սենսացիաներ և հնարովի լուրեր, որ դրանից ոչ ոք գլուխ չի հանի։ Ուստի մամուլի այդպիսի հրապարակումների վրա հիմնվելով՝ քաղաքական լուրջ եզրակացություններ անելը, կարծում եմ այնքան էլ ճիշտ չի լինի։

Լիլիթ Պողոսյան, «Հայոց Աշխարհ». – Եթե ընտրություններում պարտվեք, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականը եղավ բարենպաստ մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։
– Ի՞նչ է նշանակում բարենպաստ երկրի համար, Դուք նկատի ունեք բարենպաստ Սերժի՞ համար։

Լիլիթ Պողոսյան. – Այսինքն՝ գնահատականը լինի դրական։ Ինչպիսի՞ն կլինեն Ձեր հետագա քայլերը, եթե Դուք լինեք երկրորդ տեղում, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ տեղում։
– Կներեք, բայց այդ հարցին ես քիչ առաջ պատասխանեցի, ընդամենը 15 րոպե առաջ։ Եթե կուզեք՝ տասներորդ տեղին էլ համաձայն եմ, ես խնդիր չունեմ։ Միջազգային դիտորդներն էլ ինչ կասեն, չեն ասի՝ նրանք վերին ատյան չեն, այլ ընդամենը մի հանձնաժողով, որը կարծիք է արտահայտում։ Ես կարող եմ ունենալ իմ կարծիքը, նրանք՝ իրենցը։ Դուք գիտեք, հրաշալի կարծիքներ կային սահմանադրական հանրաքվեի և անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների մասին։ Գնացեք փողոց և ժողովրդին հարցրեք, թե ինչ «կարծիք» ունի նա այդ կարծիքների մասին։ Մեր խնդիրները մենք լուծելու ենք մեր պետության մեջ։ Ինձ համար նշանակություն չի ունենա, թե ինչ կասեն միջազգային ատյանները։ Մեր հարցերը պիտի լուծենք մեր երկրի օրենքներով, մեր ունեցած թեկուզ փոքրիկ ազատությունների սահմաններում։

Սուսաննա Պետրոսյան, «Նոյյան տապան». – Պարոն նախագահ, Դուք երկար ընդմիջումից հետո վերադարձաք քաղաքականություն, և երևի հաշվարկել եք Ձեր քայլերը, ես կուզենայի Ձեր կարծիքը և գնահատականը իմանալ այն իրավիճակի մասին, որ տիրում է այսօրվա վերնախավում, նկատի ունեմ ե՛ւ տնտեսական, ե՛ւ զինվորական վերնախավում, ե՛ւ պետական պաշտոնյաների շրջանում։
– Հաշվարկներ, իհարկե, բոլորն էլ անում են, բայց մի մասը ճիշտ է դուրս գալիս իր հաշվարկներում, մի մասը՝ սխալ։ Ինչ վերաբերում է վերնախավին, ես չհասկացա, թե ինչ նկատի ունեք։

Սուսաննա Պետրոսյան. – Ձեր գնահատականը։
– Այս էլ երեք ամիս է՝ միայն դրանով եմ զբաղված, գիշեր-ցերեկ գնահատում եմ, նույնիսկ թվանշաններ դնելով, մեկին 5, մյուսին՝ 5-ից հանած և այլն։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ներկա իշխանական համակարգը, առանց անձնավորելու, ազգակործան համակարգ է, և դրա բոլոր պատասխանատուները պետք է համապատասխանաբար գնահատվեն։ Այսօր՝ քաղաքական լեզվով, վաղը՝ իրավական լեզվով, այսինքն՝ դատարաններում։

Գայանե Առուստամյան, «Տարեգիր». – Դատելով Ձեր հիմնական մրցակցին՝ Սերժ Սարգսյանին սատարող ուժերի հայտարարություններից, արդեն ձևավորվում է ընտրությունների պատկերը։ Անկախ ընտրությունների իրական ելքից, արդեն հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանին կվերագրվի ձայների 50 տոկոսից ավելին, և 2-րդ փուլի տարբերակով նրա մրցակիցը կլինի իրենց շատ ավելի հարմար թեկնածու, քան Դուք եք։ Որո՞նք են լինելու Ձեր կոնկրետ քայլերը այս պարագայում, ունե՞ք մշակած մեխանիզմներ և եթե ոչ, որոնք են լինելու Ձեր հետագա քայլերը։ Այսինքն, կոնկրետ ո՞ր ատյան եք դիմելու և ինչի՞ց եք սկսելու։
– Ես Սերժ Սարգսյանի սցենարները չեմ մեկնաբանելու։ Ես ունեմ իմ սցենարը, և իրականացնելու եմ այն։ Համոզված եմ, որ իմ սցենարը հաջողվում է։ և եթե մյուսներն ասում են՝ հաղթելու ենք, ես ասում եմ՝ արդեն հաղթած եմ։

Նաիրա Մամիկոնյան, «Առավոտ» օրաթերթ. – Պարոն նախագահ, սեպտեմբերի 21-ին այս նույն դահլիճում Դուք հայտարարեցիք, որ դեռ քաղաքականություն վերադառնալու, առավել ևս առաջադրվելու որոշում չունեք, որ Ձեր նման որոշումը լինելու է քաղաքական, առանց էմոցիաների։ և ասացիք որ մինչև համոզված չլինեք Ձեր քայլերի արդյունավետության մեջ՝ չեք անի։ Նաև ասացիք, որ մթնոլորտի փոփոխության կոնդիցիա պետք է լինի։ Ձեր առաջադրման պահին այդպիսի կոնդիցիա կա՞ր, և ի՞նչ քաղաքական հաշվարկներ էին պետք Ձեր վերադարձի որոշման մեջ։ Օրերս Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Ձեր նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին, ասաց, որ դրա մեջ նորություն չկար, ինչպես նաև ասաց, որ խնդրի կարգավորման Ձեր տարբերակում խոսք չկար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, իսկ ներկա տարբերակում այն առաջնային է. կխնդրեի Ձեր մեկնաբանությունը։
– Եթե ես Սերժին չեմ մեկնաբանում, Վարդան Օսկանյանին, հարյուր տարի էլ անցնի, չեմ մեկնաբանի։ Ես արտահայտել եմ իմ տեսակետը, ներկայացրել իմ գնահատականները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին։ Ինքն էլ ներկայացրել է իր գնահատականները։ Թող ժողովուրդն ընտրի, թե որն է ճիշտը։ Ես որևէ հավակնություն չունեմ վերին ճշմարտություններ արտահայտած լինելու։ Ժողովրդավարության իմաստը ոչ թե բանավիճելն է, այլ ժողովրդին տեսակետներ ներկայացնելը։ Դատավորը, ժյուրին՝ մանավանդ ընտրությունների ընթացքում, ժողովուրդն է, քաղաքացին, ուրիշ ոչ ոք։ Չեմ ուզում ծավալվել, թե Ղարաբաղի հարցում ես ինչ եմ ասել, ինչ չեմ ասել։ Չեմ էլ ուզում մանրանալ։ Կարող էի հուշեր պատմել, թե ինչ դեր է ունեցել Վարդան Օսկանյանը հենց փուլային տարբերակի մշակման գործում, թե ինչպես է նա եղել այդ տարբերակի հայրերից կամ ճարտարապետներից մեկը, գլխավոր բանակցողը Հայաստանի կողմից, մեր բոլոր պատասխանների հեղինակը համանախագահների առաջարկներին։ 1998 թվականի հունվարի անվտանգության խորհրդի նիստում ներկա իշխանությանը մաս կազմող միակ մարդը, որը կրծքով մինչև վերջ պաշտպանում էր փուլային տարբերակը, նույն Վարդան Օսկանյանն էր։ Իսկ այժմ, վերադառնալով Ձեր այն հարցին, թե ինչն ինձ օգնեց կողմնորոշվել իմ առաջադրման հարցում, հարկ եմ համարում նշել հետևյալը։ Առաջին հանրահավաքում ես դեռևս չէի ուզում հայտարարել, որ առաջադրում եմ իմ թեկնածությունը։ Մեկ հանրահավաքը կողմնորոշվելու համար դեռ քիչ էր։ Այդտեղ կարող էր էմոցիոնալ պահ լինել, իսկ ես չէի ուզում հենվել էմոցիաների վրա։ Հետաքրքրության պահ կարող էր լինել. մարդիկ տասը տարի ինձ չէին տեսել, կարող է մտածում էին՝ գանք, տեսնենք, ինչ է ասելու։ Եթե եկել էին, դա դեռ չէր նշանակում, որ ես նրանց համոզել եմ, կամ որ նրանք իմ կողմնակիցն են։ Ո՛չ, մեկ հանրահավաքով դա չէր կարելի հաշվարկել։ Չէի ուզում այդ ժամանակ հայտարարել, բայց հարկադրված էի, քանի որ տեսա, թե ինչպես իշխանություններն արձագանքեցին այդ հանրահավաքի կազմակերպմանը, ինչ վայրագություններ գործեցին իմ համակիրների նկատմամբ։ Նրանց նպատակն այն էր, որ ինձ վախեցնեն, և ես ընդհանրապես հրաժարվեմ առաջադրվելու մտքից։ Նրանք ընկան իրենց լարած թակարդը և արագացրին իմ որոշումը։ Ուստի ես անմիջապես հայտարարեցի իմ առաջադրման մասին, որպեսզի նրանք դադարեցնեն այդ վայրագությունները։ և հետագայում, որքան էլ զարմանալի է, դրանք բավականին նվազեցին։ Ավելի են նվազելու։ Դա վերանալու է։ Ուժային կառույցները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, հարկային տեսչությունը 10–20 օր հետո բացարձակապես չեն ենթարկվելու Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Անգամ Հանրային հեռուստատեսության համակարգում հայտնվելու են դիսիդենտներ, կտեսնեք։ 10–20 օր հետո նույնպիսի մարդիկ են հայտնվելու նաև «Հայոց աշխարհում»։

Մարինա Բրուտյան, «Ռեգնում». – Պարոն նախագահ, Ձեր ընտրվելու դեպքում։ Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք կառուցելու Ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և արդյոք պատրաստվո՞ւմ եք մինչև նախագահական ընտրությունները այցելել այդ երկիր։
– Եթե թույլ տաք, ես կդիմեմ ռամկական հայերենի օգնությանը։ Ոչ մի պարագայում ես որևէ տեղից տղա չեմ բերելու։ Դա մոռացեք, դա իմ ոճը չէ։ Ո՛չ Ռուսաստանին կդիմեմ օգնության խնդրանքով, ո՛չ Ամերիկային, ո՛չ ևրոպային, ո՛չ էլ որևէ այլ մեկի։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից տրված իշխանությունն ինձ պետք չէ։ Եթե սկուտեղի վրա անգամ ինձ իշխանություն մատուցեն Ռուսաստանից, Ամերիկայից կամ որևէ այլ երկրից, ես այդ սկուտեղը, մի ծաղիկ էլ վրան ավելացրած, կվերադարձնեմ իրենց։ Ինձ պիտի ընտրի իմ ժողովուրդը, և աշխարհը պիտի հաշվի նստի իմ ժողովրդի ընտրության հետ։ Ռուսաստանին ապացուցելու ես ոչինչ չունեմ։ Ութ տարվա իշխանավարության ընթացքում մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք ամենահավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ, պարտնյորական հարաբերություններ, մեր միջև չի եղել վասալի և սյուզերենի հարաբերություն։ Կարող եմ շեշտել նույնիսկ, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում 1990–1997 թվականներին ամենակոռեկտ, պարկեշտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հենց Ռուսաստանի հետ, և դրանից շահել են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը։ Հարաբերություններն անկեղծ, պարկեշտ և փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանցից շահում են երկուսը։ Ես բացարձակապես չեմ կասկածում, որ իմ իշխանության վերադառնալու պարագայում նշված ավանդույթը ոչ միայն կշարունակվի, այլև ավելի կխորանա։

Դիանա Մարկոսյան, «Ա1+». – Վերջին տասը տարում բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև այսօրվա նախագահի թեկնածուները, խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Դրա անհրաժեշտության մասին խոսում է նաև Ձեր քաղաքական հակառակորդը։ Կուզեի ավելի առարկայական նշեք այն մեթոդները, որոնցով պատրաստվում եք պայքարել Ձեր խոսքերով՝ վերից վար կոռումպացված համակարգի հետ։ և երկրորդ հարց. գործող իշխանության վերնախավը այսօր սպառնում է միջին և ստորին օղակների ծառայողներին, որ Ձեր իշխանության գալու դեպքում, նրանք բոլորը կմնան գործազուրկ։ Խնդրում եմ՝ կամ փարատեք, կամ հաստատեք նրանց սպառնալիքը։
– Երկրորդ հարցին քիչ առաջ պատասխանեցի. ես ասացի, որ պետության ժառանգականությունը պետք է պահպանվի։ Իսկ պետական ժառանգականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը բյուրոկրատիան է, առանց որի պետություն չկա։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա դա, քաղաքական բովանդակությամբ հանդերձ, առաջին հերթին իրավական պայքար է։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն նախևառաջ իրավապահ մարմինները. ինչի՞ համար է դատախազությունը, ինչի՞ համար են ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, ինչո՞վ են նրանք այսօր զբաղված։ Մի մասն իրենք կոռուպցիոն համակարգի սյուներից են, հատկապես այդ կառույցների վերնախավը։ Մինչդեռ իրավապահ մարմինների հազարավոր ցածրաստիճան աշխատակիցներ նույնքան զրկված և նույնքան նվաստացած են, որքան այս դահլիճում նստածներից շատերը։ Ավելին, նրանք մեզանից ավելի շոշափելի են տեսնում համատարած կոռուպցիան։ Մենք դրան տեղեկանում ենք թերթերից կամ մեր բարեկամների պատմածներից, իսկ նրանք ամեն օր իրենց մաշկի վրա են զգում դա։ Ոստիկանությունում տեսնում են, թե ինչպես են ապրում իրենց պետերը կամ համակարգի պարագլուխները, և ինչպես են ապրում իրենք։ Նույնը՝ անվտանգության համակարգում, դատախազությունում, նախարարություններում, ամենուրեք։ Նրանք մեր Շարժման ավելի համոզված կողմնակիցներ են, քան շատ ուրիշներ։ Որովհետև այն երևույթները, որ մեզ միայն ցավ են պատճառում կամ քաղաքականության խնդիրներ են, նրանց համար կյանքի, առօրյայի խնդիրներ են։ Իմ ծրագրում ասված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում վհուկների որս չպետք է լինի, սեփականության վերաբաշխում չպետք է տեղի ունենա։ Դրանք դատարկ խոսքեր չեն, այլ ենթադրում են որոշակի մեխանիզմներ։ Հակակոռուպցիոն պայքարն, առաջին հերթին, պետք է ուղղված լինի պետական պաշտոնյաների դեմ։ Եթե որևէ նախարար իր գործունեության ընթացքում ինչ-որ ընկերությունում բաժին է ձեռքբերել, կամ ինքը ընկերություն հիմնել, կամ էլ լուրջ սեփականության տիրել, ուրեմն, այդ նախարարը ոչ միայն իրավունք չպետք է ունենա աշխատելու, այլև անպայման դատվելու է։ Դառնանք ձեռնարկատերերին և գործարարներին, որոնց պարագայում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը լինելու է նրանց հարկային պարտավորությունների կատարման ապահովումը։ Եթե որևէ գործարար կամ ձեռնարկատեր անօրինական գործարքի հիման վրա տիրել է ինչ-որ սեփականության, ապա հիմնական պատիժը, դատական կարգով, պետք է կրեն ոչ թե նրանք, այլ այն պետական պաշտոնյաները, որոնք թույլ են տվել այդ գործարքը՝ քաղաքապետ լինի, նախարար լինի, միևնույն է։ Վստահեք ինձ, և երկու տարի հետո կունենաք ուրիշ պետություն, որում այսպիսի կոռուպցիոն համակարգ չի լինի։ և ոչ միայն իմ պարագայում, որևէ այլ նախագահի պարագայում ևս, չի լինի այն, ինչ գոյություն է ունեցել վերջին տասը տարիների ընթացքում։ Սա մի ազգային աղետ է, որի նմանն այս կամ այն չափով, այս կամ այն կերպ ապրել են համարյա բոլոր ազգերը։ Ռուսաստանն ապրել է ստալինիզմի շրջան, Գերմանիան ապրել է հիտլերիզմի շրջան, մենք ապրում ենք ռոբերտասերժիզմի շրջան. սա էլ է անցնելու։

Անուշ Ներսիսյան, «Երրորդ Ուժ». – Պարոն նախագահ, ուժեղ երկրի բաղադրիչներից մեկը բանակն է։ Դուք համամի՞տ եք, որ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակն է, և ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխություններ, բարեփոխումներ եք անցկացնելու բանակում։ Մեզ պե՞տք է վարձու բանակ։
– Իմ ծրագրում այդ մասին հստակ է գրված։ Անկեղծ խոսենք. եթե չլիներ ղարաբաղյան պատերազմը, կամ Ղարաբաղի հարցն արդեն կարգավորված լիներ, մեզ այսպիսի բանակ պետք չէր։ Սա մի այնպիսի մեծաթիվ բանակ է, որ աշխարհի շատ ավելի հարուստ, մեծ, հզոր պետություններ չունեն։ Ես չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, դա պետական գաղտնիք է։ Էստոնիան ունի հինգ հազարանոց բանակ, Բալթյան մյուս երկրները՝ տաս հազարանոց։ Հայաստանն այն երկիրը չէ, որ մեծ ռեսուրսներ կարողանա տրամադրել բանակին։ Ուրեմն, մենք ինչպես ենք պատկերացնում լուծումը. նախևառաջ՝ հաշտ ու խաղաղ ապրել մեր հարևանների հետ։ Մեր ապահովության մեծագույն երաշխիքը ոչ թե միջազգային անվտանգության կամ պաշտպանական համակարգերին՝ ՆԱՏՕ-ին, կամ Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելն է, այլ մեր չորս հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ Հայաստանը կունենա տասը հազարանոց բանակ։ Մեր զինված ուժերի այսօրվա թվաքանակի պարագայում անիմաստ է խոսել պրոֆեսիոնալ կամ պայմանագրային բանակի մասին։ Եթե երկրի ողջ ռեսուրսներն անգամ տրամադրենք, մենք չենք կարող այդ բանակը պահել։ Պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն կարող է լինել միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո։

Մարիամ Բարսեղյան, «Երկիր մեդիա». – Չնայած այս ընթացքում ժողովրդին բազմիցս դիմելուն, ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ Ձեզ համար ժողովրդին դիմելու շատ ավելի մեծ հնարավորություն լինելու է նախընտրական քարոզարշավի ընթացքում եթերի ազատ լինելը, կամ քաղաքական գովազդից օգտվելու հնարավորությունը։ Արդեն հստակեցվե՞լ է, թե հատկապես առաջին հնարավորությունը, առաջին ելույթը ինչ շեշտադրում է ունենալու, արդյոք հնարավո՞ր է լինելու զերծ մնալ էմոցիոնալ շեշտադրումներից։ և երկրորդ հարցը. ասացիք, որ 2003 թվականը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր, քանի՞ աստեղային ժամ կարող է ունենալ քաղաքական գործիչը, գուցե Ձերը եղել է 1988 թվականը։
– Բազմիցս. իմ առաջին աստեղային ժամը եղել է 88–91-ին, իսկ երկրորդը՝ հիմա է։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին, ապա չեմ կարող կոնկրետ պատասխանել։ Կա ժամանակացույց, որի վրա իմ թիմն աշխատում է։ Նախատեսված է, որ հունվարի 21-ին, քարոզարշավի առաջին օրը, ես պետք է հանդես գամ մի հակիրճ, 4–5 րոպեանոց, կոչով՝ ուղղված մեր ժողովրդին։ Եթե ես այսօր բացահայտեմ բովանդակությունը, այդ կոչը հետագայում իր ազդեցությունը չի գործի։ Թույլ տվեք այդ փոքրիկ ներքին գաղտնիքը պահպանել։

Արման Գալոյան, «Հայք». – Ի՞նչ եք պատրաստվում անել ընտրվելուց հետո սահմանամերձ և բարձր-լեռնային գոտիների բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները թեթևացնելու նպատակով։ և ապա՝ հասարակական տրամադրությունների մեջ արմատացած է այն կարծիքը, որ հանրապետության նախագահի ընտրվելու վրա մեծ ազդեցություն ունի դրսի գործոնը։
– Գերտերությունների ազդեցությունը շատերը չափազանցում են, ասում են՝ ռուսները, ամերիկացիները ում ուզեն, Հայաստանում նախագահ կնշանակեն։ Նման բան գոյություն չունի։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները չեն կարող Հայաստանում նախագահ նշանակել կամ ընտրել, եթե այդ թեկնածուն արդեն ռեալ ուժ չէ։ Սահակաշվիլուն և Յուշչենկոյին Միացյալ Նահանգները չեն նշանակել կամ ընտրել։ Այդուհանդերձ, գերտերությունների վերաբերմունքը կարող է որոշ ազդեցություն ունենալ, բայց այդ ազդեցությունը 4–5 տոկոսից ավելին չի կարող լինել։ Ոչնչից նախագահ հնարավոր չէ ստեղծել։ Երբ կա լուրջ այլընտրանք, որն ունի 40–50 տոկոսի վարկանիշ, ապա այդ դեպքում գերտերությունները կարող են, որոշակի քարոզչական մեխանիզմների կիրառմամբ, փոխել թեկնածուների վարկանիշների հարաբերակցությունը, բայց, միևնույն է, 4–5 տոկոսից ոչ ավելի։ Իսկ ինչ վերաբերում է առաջին հարցին՝ սահմանամերձ և բարձր-լեռնային շրջանների վիճակին, ապա ես Հայաստանում չեմ տեսնում որևէ ոլորտ, որի խնդիրները հնարավոր լինի լուծել առանձին վերցրած։ Մինչև չառողջանա պետական համակարգը, մինչև նորմալ հիմքերի վրա չդրվեն տնտեսական հարաբերությունները, չվերականգնվի օրինականությունը՝ ինչ էլ ասեմ Ձեր ակնարկած ոլորտի մասին, սուտ կլինի։ Խնդիրը շատ ավելի լայն պետք է դնել, շատ ավելի համակարգային լուծումներից բխեցնելով։

Սոնա Դանիելյան, «Մարդիկ» վերլուծական կենտրոն. – Իմ հարցը բխում է Ձեր ընտրած կարգախոսից. «Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա»։ Ձեր իշխանության տարիներին գործող քաղաքական ուժ է փակվել, և պատճառաբանությունները ծանրագույն մեղադրանքներ էին պարունակում՝ ահաբեկչություն, պետական անվտանգության սպառնալիքներ, նարկոբիզնես և այլն։ Իմաստավորե՞լ եք անցյալը այդ քաղաքական ուժի հետ կապված, թե՞, ինչպես քիչ առաջ նշեցիք, եթե նախագահն ամեն ինչ հիշի, այդ դեպքում նախագահ չի դառնա։ Ձեր հրաժարականի ելույթում Դուք նշել էիք, որ հրաժարականը ներկայացվել է հայտնի ուժերի կողմից, կարո՞ղ եք այսօր կոնկրետ նշել, ո՞ր հայտնի ուժերն էին դրանք։
– Նախ՝ առաջին հարցի մասին. ես շատ սիրով դրան կպատասխանեմ։ Ինձ ներկայացվող ամենահիմնական մեղադրանքներից մեկն, իրոք, եղել է այն, որ իմ իշխանության օրոք կուսակցություն է փակվել, թերթեր են փակվել, դատավարություններ են տեղի ունեցել։ Ամեն ինչ ճիշտ է. փակվել են, դատավարություններ են տեղի ունեցել։ Սակայն այս փաստը դեռևս հանցագործություն կամ ոճրագործություն չի նշանակում։ Պետք է պարզել, թե ինչի համար են փակվել, և օրենքո՞վ են փակվել, թե ոչ։ Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Շատ երկրներում այդ օրենքները նաև բազմիցս գործադրվել են, ինչպես Իսպանիայում, Ռուսաստանում և այլն։ Գերմանիայում ընդհանրապես արգելված է կոմունիստական կամ նացիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունների գործունեությունը։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում ասել, թե դրանք ժողովրդավարական երկրներ չեն, կամ նրանց իշխանությունները հանցագործություն են կատարել։ Եթե կա օրենք, ուրեմն այն կարող է գործադրվել։ Հայաստանի օրենսդրությամբ ևս՝ եթե կուսակցությունը խախտում է օրենքը, կարող է փակվել։ Այստեղ տերմինների որոշ շփոթ էլ կա. Դաշնակցությունը չի փակվել, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է նրա գործունեությունը։ Տրվել է վեց ամիս ժամանակ՝ կուսակցության գործունեությունը Հայաստանի գործող օրենքին համապատասխանեցնելու համար։ Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։ Դաշնակցության ղեկավար մարմինների՝ բյուրոյի և համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին. սա էր խնդիրը։ Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել։ Չգիտես ինչու մարդիկ ակամա պատմությունը խառնում, շփոթում են, տպավորություն, մթնոլորտ ստեղծում և հետո վերագրումներ անում։ Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք՝ պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Նրա գործունեությունը նախ ժամանակավորապես դադարեցվել է նախագահի հրամանագրով, ապա՝ դատարանի որոշմամբ։ Իմ հրամանագրի գործողությունն, այդպիսով, տևել է տասը-տասնհինգ օր։ Ես այդ իրավունքն ունեի. այդ ժամանակ թեև դեռևս սահմանադրություն չկար, բայց կար Հայաստանի նախագահի մասին սահմանադրական օրենք։ Նախագահին տրված էր իրավունք՝ պետության համար վտանգ պարունակող իրադրություններում կիրառել սահմանադրական ազատությունների որոշ սահմանափակումներ։ Հրամանագրին, ինչպես ասվեց, հետևել է երկրորդ իրավական ակտը՝ դատարանի վճիռը, որում կուսակցության առջև պահանջ է դրվել իր գործունեությունը վեց ամսվա ընթացքում համապատասխանեցնել Հայաստանի օրենքին։ Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կատարվել։ 1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։ Տեղի է ունեցել բանակցությունների երեք ռաունդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Շուգարյանն իմ հանձնարարությամբ և իմ անունից դիմել է Դաշնակցության բյուրոյին՝ կուսակցությունը վերաբացելու վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկով։ Խնդրո առարկան եղել են ոչ թե քաղաքական հաճոյախոսությունները, այլ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում վերականգնելու իրավական լուծումները։ Բանակցությունների առաջին ռաունդն, այսպիսով, Վաշինգտոնում է տեղի ունեցել, երկրորդը՝ Երևանում, որին մեր կողմից մասնակցել են Բաբկեն Արարքցյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Շահեն Կարամանուկյանը, իսկ երրորդը՝ Ամստերդամում, որը վարել է Ալեքսանդր Արզումանյանը։ Դժբախտաբար, իշխանափոխության պատճառով այդ գործընթացը չունեցավ իր ավարտը։ Բայց ես գտնում եմ, որ այն, վերջին հաշվով, ունեցավ իր արդյունքը։ Այսօր Դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկապես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։ Դա Գերագույն մարմնի ստեղծումն է, որը գոյություն չուներ Դաշնակցության 120 տարվա գործունեության մեջ։ Սա այն իրավական լուծումն էր, որ գտնվեց պետության և Դաշնակցության համատեղ ջանքերով՝ լուծում, որում մենք էլ ավանդ ունենք։ Ինչ վերաբերում է այն գնահատականներին և մեղադրանքներին, որոնք հնչել են մեր իշխանության և Դաշնակցության հարաբերությունների առնչությամբ, ապա դրանք զուտ քաղաքական հարթության վրա են։ Մինչդեռ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության վրա, քանի որ նախագահի հրամանագիրը և դատական վճիռները իրավական ակտեր են։ Ի դեպ, «Դրոյի» գործով դատավարության վերաբերյալ ասում են, թե դատարանը չապացուցեց Դաշնակցության մեղքը։ Դաշնակցության նկատմամբ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։ Ուրեմն, քանի որ խոսքը վերաբերում է զուտ իրավական ակտերի, ապա դրանց օրինականության վերաբերյալ գոյություն ունեցող հարցերը պիտի լուծվեն միայնումիայն իրավական ճանապարհով։ Եթե մարդիկ գտնում են, որ դատարանի վճիռը սխալ էր, ուրեմն նորից պիտի դիմեն դատարան՝ վերանայման կամ արդարացման վճիռ ստանալու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես վերջերս եմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարել 1994 թվականի դեկտեմբերի իմ հրամանագիրը։ Բայց դրա կարիքը չկար։ Այդ հրամանագիրն ուժը կորցրած էր դատական վճռի կայացման պահից։ Այսինքն. ընդամենը տասնհինգ օր հետո այդ հրամանագիրն այլևս գործողության ուժ չուներ։ Իրավական հարթության վրա գտնվող ցանկացած հարցում (այդ թվում 96 ի ընտրությունների վերաբերյալ) իմ մոտեցումն, ահա, սա է։ Իրավական խնդիրներին վերաբերող վեճերը հարթվում են բացառապես իրավական պրոցեսներով։ Եթե լինեն այդպիսի պրոցեսներ, միայն ուրախ կլինեմ։ Երկրորդ հարցի կապակցությամբ՝ կսպասեք իմ հուշերին։

11 հունվարի, 2008թ.