Խաղաղության ասպետը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սարգիսիկը Ավարայրում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Խաղաղության ասպետը)

Վարդան Հակոբյան

Նոյի հետքերով

Երբ դեռ փոքր էր Հարութը, թռչունները վախվորանքով էին մոտենում նրան։ Ասենք՝ մի կտոր հաց էր վերցնում ձեռքը, որ ուտի, ծտերը վրա էին տալիս, կտուց-կտուց Հարութի հետ հավասար վայելում, դեռ մի քիչ էլ ավելի։ Սկզբում Հարութը մի քիչ դժգոհում էր նրանց «աներեսությունից», բայց հետո, երբ լավ ճանաչեց թռչուններին, բարեկամներ դարձան։ Ու մինչեւ այսօր էլ բարեկամություն են անում։ Ամենից շատ Հարութը վստահում է աղավնիներին, նրանք էլ՝ Հարութին։ Հիմա թեպետ Հարութն արդեն մեծ է, այս տարի երկրորդ դասարան է հաճախելու, մեկ էլ ես տեսնում ձեռքը մեկնում է ու, որտեղից-որտեղ, մի ճերմակ աղավնի՝ կտուցը կարմիր, տոտիկները կարմիր, գալիս, իջնում է ափի մեջ։ Հարութը եւ աղավնին զրուցում են, թե ինչ լեզվով, դա իրենք գիտեն միայն։ Մի օր Հարութն ասաց.

-Թեւերդ բացիր, ինձ առ քո թեւերի վրա, թռչենք հեռո՜ւ-հեռո՜ւ...

-Ո՞ւր...

-Ուզում եմ ամենալավ հեքիաթի դռնով ներս մտնենք։

Աղավնին մտածեց Հարութի ասածների մասին, կարծես թե վատ մտահղացում չէ, մանավանդ ինքն այնքան շատ է լինում հեքիաթների մեջ։ Թող հիմա էլ Հարութի հետ լինի։ Ինչ կա որ։ Եվ աղավնին ղունղունեց.

-Ինչ եմ ասում՝ թռչենք։

Հեքիաթի դռանը չհասած, տեսան, որ խոր անդունդներից լույս է ճառագայթում չորս կողմի վրա։ Աղավնին մոտեցավ մի արծվի ու հարցրեց.

-Այդ ի՞նչ հուր է վառվում այնտեղ։

-Բա չգիտե՞ս,- զարմացավ արծիվը,- Աղավնաստանի խաղաղասեր թագավորը մի քուրա է ստեղծել, որի մի շողը աշխարհի երեսին ինչքան զենք կա՝ մի վայրկյանում կարող է ոչնչացնել։

Հարութն ու աղավնին իրար երեսի նայում են ուրախ, ասես գյուտ են արել։ Աղավնին իր կտուցով այդ քուրայից մի շող վերցրեց ու, Հարութին առած թեւերի վրա, թռավ ուղիղ Արարատի գագաթին իջավ։

-Արարատը Աստծո լեռն է, այստեղից աշխարհի չորս ծագերը երեւում են։

-Շատ բարի...

Եվ աղավնու կտցից խնամքով վերցրած շողը Հարութն ուղղեց դեպի հարավ ու հյուսիս, դեպի արեւելք ու արեւմուտք... Ճառագայթները մի աչքաճպոցում հասնում էին ամենուր։ Մարդիկ՝ որը կռվի մեջ, որը տանը, որը դարբնոցում, զարմանքից քար էին կտրում. ինչ տեսակի զենք ունեն, բոլորը միանգամից հալվում, թափվում էին գետնին։ Մի վայրկյանում աշխարհը խաղաղվեց այնպես, որ ոչ մի ծագում մի կրակոց անգամ չէր լսվում։ Մենակ աղավնիներ էին՝ համաշխարհային խաղաղության ավետիքը կտուցներին առած, դես ու դեն թռչում։

-Տեսա՞ր,- ոգեւորվեց Հարութը,- հեքիաթը միայն հեքիաթների գրքերում կամ կինոներում չի լինում։

-Իհարկե,- հաստատեց աղավնին,- հեքիաթը լինում է եւ իրականում, այնտեղ, ուր խաղաղություն կա։

Հարութը հանկարծ հիշեց, որ իրենց դպրոցում երկար դասամիջոցն ուր-որ է կավարտվի, կհնչի զանգը, իսկ ինքը երբեք դասից չի ուշացել, չի էլ ցանկանա, որ կարգը խախտի։ Աղավնին հասկացավ նրան։ Թեւերը բացեց, որ Հարութին վերցնի, բայց ի՞նչ տեսավ, Հարութն ինքը ուրախությունից թեւեր էր առել ու միասին թռան-հասան Վարարակն քաղաքը, ուր ապրում եւ սովորում է Հարութը։ Հարութն իր աչքերով տեսածի մասին ուսուցչին, դասարանցիներին ու իր փոքրիկ եղբայրներին՝ Նարեկին, Տիգրանին, Սարգիսիկին պատմելու դեռ շատ ժամանակ կունենա։ Կարեւորն այն է, որ ամբողջ տիեզերքում համաշխարհային խաղաղություն է տիրում, իսկ թե ում շնորհիվ, դա այդքան էլ էական չէ։