Jump to content

Խավարի արբանյակները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՎԱՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ

Մարդկության պատմագրությունը մեզ ուսուցանում է, որ ամեն մի հասարակական գործիչ, — երբ նա փոքր ի շատե բարձրանում է նույն հասարակության ստորացած, մինչև գետին հավասարված մակերևույթից, երբ նա աշխատում է վերականգնել նորան և դուրս քաշել անբարոյականության ցեխից, — նա դառնում է ամբոխի հալածանքին առարկա և զոհ նորա խավար նախապաշարմունքներին: Թողնենք եվրոպական ազգերի կյանքում պատահած բազմաթիվ օրինակները, դառնանք մեր ազգի պատմական անցյալին: Մեծն Տրդատ, որ մտցրուց Հայաստանում քրիստոնեության լույսը, ստացավ ամբոխից այդ սրբագործության փոխարեն թունալի բաժակ. նորա մեծ գործակիցը, Սուրբն Գրիգոր, հալածված ժողովրդից, թողած նորան, հեռացավ և յուր ծերության վերջին մխիթարությունը գտավ առանձնակեցության մեջ Մանյա այրերում, ուր և վախճանվեցավ անհայտությամբ: Արիստակեսը սպանվեցավ, Մեծն Ներսես մահացու թույն ընդունեց և այլն: Ինչո՞ւ ենք քրքրում պատմության խորքերը, գանք ավելի նոր ժամանակներին: Կարապետ վարդապետ Շահնազարյանցը մեռավ Փարիզում, Ալամդարյանցը յուր կյանքի մեծ մասը անցրուց աքսորանքներում մեր եկեղեցականների աններողամտությունից: Ստեփաննոս Շահնազարյանցի և նորա արժանահիշատակ աշխատակցի պատմությունն ամենեցուն հայտնի է, շատ տարիներ չեն անցել, որ մտածում էին «Հյուսիսափայլի» տետրակները հավաքել այրելու համար:

«Հյուսիսափայլի» անկումից հետո տիրեց, եթե կարելի է այսպես կոչել, գրականական մեռելությունը: Երևեցան մի քանի լրագիր, ամսագիր, բայց նոցա չքանալն այնպես շուտափույթ եղավ, որ յուրյանց հետքն անգամ չթողեցին: Շնչասպառ «Մեղուն» դեռ յուր դանդաղ ընթացքը շարունակում էր, վերջապես նա էլ ընկավ: Հայտնվեցավ Գերմանիայից մի ուսանող, նա արհամարհեց փառքը, աստիճանը և աշխարհային բոլոր բարօրությունքը, որոնց հասնելու հարմարություններն ուներ, կամեցավ ծառայել հասարակությանը և յուր ազդին: Նա հիմնեց մի խմբագրություն: Երևեցավ «Մշակը»: Առաջին անգամ մի հայոց թերթ ազդեց ժողովրդի վերա, շարժում ձգեց, վիճաբանություններ հարույց, գրգռեց ժողովրդի հարցասիրությունը, մի խոսքով` էլեկտրական ցնցում տվեց նորա թմրած անշարժությանը: Այդքանը բավական էր բորբոքել խավարասերների նախանձը:

Ազգի լուսավորությունը և նրա տնտեսական բարօրությունը հաստատուն պահպանել «Մշակի» սուրբ նպատակն է, որին նվիրել է յուր գործունեությունը: Այս նպատակին հասնելու համար, այո՜, «Մշակը» չի քարոզել փտած ազգասիրություն, այլ ընդհակառակն, անխնա հարձակվել է, մտրակել է ամեն հասարակական, տգեղ երևույթները: Նա մերկացրել է ժողովրդի կյանքի ամեն մի այլանդակությունները և դառն ատելությամբ պարսավել, պախարակել է նորանց: Նույնիսկ ատելության մեջ կայացած է եղել նորա սերը դեպի ազգը և դեպի ժողովուրդը: Ճշմարիտ է, եզվիտական կեղծ ժպիտը երեսին «Մշակը» չէ շողոքորթել ամբոխի հաճույքներին, այդ անում են նոքա, որք ցանկանում են ավելի ևս ծանրացնել ազգի թմրությունը և նորա անշարժությունից ու տգիտությունից օգուտ քաղել: «Մշակի» ուղղությունը, այո՜ բացասական է, նա խորին ատելությամբ աշխատում է և պիտի աշխատե հեռացնել ամեն մի վնասակար տարր ազգային մարմնից: Այդ յուրաքանչյուր բարեխիղճ վիրաբույժի պաշտոնն է, որ կտրում է մարմնի փտած և ապականված մասը, նորա կենդանությունը պահպանելու համար:

Նա միշտ պաշտպանել է ազգի լեզուն և նորա գրականությունը: Նա միշտ աշխատել է ցույց տալ ուղին, որով նա կարող էր հասնել ճշմարիտ գիտության և լուսավորության: Նորա նյութական և տնտեսական վիճակը բարվոքելու համար ցույց է տվել և պիտի ցույց տա բոլոր միջոցները: Մեզ մեղադրում են, թե մենք հերքեցինք բոլոր ազգային ուժերը: Որո՞նք են մեր ուժերը: Մենք արիստոկրատիա չունենք: Փառք աստուծո, որ չունենք: Մենք ունինք վաճառական դաս... Մենք ունինք արհեստավոր դաս, որ այսօրվա օրս էլ կոշիկը այնպես է կարում, ինչպես մի ժամանակ հագնում էր Արամը կամ Արմենակը: Մենք ունինք երկրագործ դաս, որ մաշվում է յուր նահապետական ծանր աշխատության մեջ և նորա վաստակը խլում են կալվածատերը, մանրավաճառը և այլն: Բայց ինչ որ վերաբերում է ազգային ոգուն, սրա գործիչ զորություններին մենք չունենք այն հին կամ նոր սերունդ կոչված բաները: Մեզանում թե՛ հինը և թե՛ նորը եգիպտական միակերպ մումիաներ են ներկայացնում, այն զանազանությամբ միայն, որ նոր սերունդը բավականին խարդախված, օտարացված և անպիտանացված է, մինչդեռ հինն ապրում է նախկին բնավորությամբ:

Մենք բավականին խաբեցինք մեզ ու մեզ, երեխայի նման ամեն մի ազգային չնչին հայտնություններով ուրախացանք, ոգևորվեցանք այն բոլոր բաներով, ինչ որ հային էր պատկանում, ատեցինք այն ամենը, ինչ որ օտարինն էր, սիրելի էր մեզ ամեն գործ, ուր հայն էր գործում, թող լիներ նա անօգտավետ, փույթ չէ: Մեր որդիների անունը Տիգրան, մեր աղջիկների անունը Աշխեն դրեցինք, մեր գրասեղանների առջև «Ոգի Հայաստանի» պատկերը կախեցինք: Բայց ի՞նչ եղավ այդ մոլի ազգասիրական շնորհքների արդյունքը, մի դառն անձնախաբեություն: Երբ քննեցինք մեզ ու մեզ, տեսանք, որ մի ողորմելի դատարկություն է տիրում մեր կյանքին:

«Օրհնած, ասում էր մեզ, մի քանի տարի առաջ ավելի վատ էր...»: Հայը միշտ այսպես է մխիթարում յուրյան, նա գոհ է, որ կես քայլ առաջ է գնացել, բայց երևակայել անգամ չէ կարող, թե քանի հազարավոր մղոններով ետ է մնացել զարգացած ազգերից: Բարձյալ ազգի անշարժության վերա թուխս նստած պատվելիներն, այդ հնդկական վամպիրները, ուզում են ավելի ևս ծանրացնել նորա շունչը, յուրյանց մաշկաթևիկներով զով սփռելով նորա երեսին, որպեսզի կարողանան ավելի հանգիստ կերպով ծծել յուրյանց զոհերի արյունը... Լույսը միշտ ատելի է նորանց, որովհետև չղջիկները սիրում են թափառել խավարի մեջ...:

Ահա, սիրելի ընթերցող, մեր այժմյան հասարակական կյանքի տխուր պատկերը, բայց մենք ունինք մի բան, որ մոռացա քեզ ասել, մի քանի դեռևս անհայտ երիտասարդներ, որոնց հալածում են ազգուրաց, դավաճան, հերետիկոս և այլն անուններով. — դոքա են մեր ուժերը: