Jump to content

Խեղճ մարդիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խեղճ մարդիկ
թարգմանությունը՝ Նար-Դոսի

ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ

(Ֆ. Մ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ)
Օ՛հ, այդ հեքիաթաբանները։
Փոխանակ որևէ օգտակար, հաճելի սրտագրավ
բան գրելու, վեր են կենում ու չես իմանում ինչեր
են դուրս տալիս։ Ինձ մնար, կարգիլեի նրանց գրել:
Դե, ինչի նման է այդ. կարդում ես... ակամա
մտածության մեջ ես ընկնում, ու մեկ էլ տեսնում ես ամեն
տեսակ ափեղ-ցփեղ բաներ են անցնում գլխովդ։
Հավատացնում եմ՝ կարգիլեի նրանց գրել, ուղղակի
կարգիլեի բոլորովին:
Իշխ. Վ. Ֆ. ՕԴՈԵՎԱԿԻ.
Ապրիլ 8

Իմ անգին Վարվառա Ալեքսեևնա։

Երեկ ես բախտավոր էի, չափազանց բախտավոր, անչափ բախտավոր։ Դուք գեթ մի անգամ, համառ աղջիկ, լսեցիք ինձ։ Երեկոյան ժամը ութին զարթնում եմ (դուք գիտեք, ջանիկս, որ ես ծառայությունից հետո սիրում եմ մի երկու ժամ քնել), մոմը հանում, թղթերը պատրաստում, գրիչս մաքրում, հանկարծ, պատահմունքով, բարձրացնում եմ աչքերս ու, հավատացեք, սիրտս վեր ու վեր թռավ։ Այդպես ուրեմն դուք, այնուամենայնիվ, հասկացել եք, թե ինչ էի ուզում ես, ինչ էր ուզում սիրտս։ Տեսնում եմ, ձեր պատուհանի վարագույրի անկյունը ծալած և հինածաղկի ծաղկամանին ամրացրած, ճիշտ այնպես, ինչպես ես էի այն ժամանակ ակնարկել ձեզ։ Միևնույն ժամանակ ինձ թվաց, թե ձեր դեմքն էլ երևաց պատուհանի մոտ, թե դուք էլ ձեր սենյակից նայում էիք ինձ, թե դուք էլ մտածում էիք իմ մասին։ Եվ որքան ցավեցի, իմ աղավնյակ, որ ձեր սիրուն դեմքը չկարողացա լավ տեսնել։ Կար ժամանակ, որ մենք էլ պարզ էինք տեսնում, ջանիկս։ Է՜հ, ծերությունն էլ մի բան չէ, բալիկս։ Ահա հիմա էլ աչքերիս շարունակ մի տեսակ մութ է կապում. երեկոյան, որ մի քիչ շատ եմ աշխատում, որևէ բան գրում, տեսնում եմ՝ առավոտյան աչքերս կարմրել են և ջրակալել, այնպես որ մինչև անգամ ամաչում եմ ուրիշների առջև։ Բայց և այնպես, երևակայությանս մեջ ցոլաց ձեր ժպիտը, իմ հրեշտակ, ձեր բարի, սիրալիր ժպիտն ու սրտիս մեջ ճիշտ այնպիսի զգացողություն կար, ինչպիսին այն ժամանակ, երբ ես համբուրեցի ձեզ, Վարինկա,— հիշո՞ւմ եք արդյոք, իմ հրեշտակ։ Գիտե՞ք, իմ աղավնյակ, ինձ նույնիսկ թվաց, թե դուք մատ թափ տվիք ինձ վրա։ Այդպե՞ս է, թե ոչ, չարաճճի։ Այս բոլորն անպատճառ մանրամասնորեն նկարագրեք ձեր նամակի մեջ։

Իսկ ի՞նչպես եք հավանում, Վարինկա, իմ մտահղացումը ձեր վարագույրի մասին։ Շատ լավ է, չէ՞։ Աշխատանքի եմ նստած, թե պառկում եմ քնելու կամ քնից զարթնում՝ գիտեմ արդեն, որ դուք էլ մտածում եք իմ մասին, հիշում եք ինձ և ինքներդ էլ առողջ եք և ուրախ: Վարագույրը որ իջեցնում եք նշանակում է՝ բարի գիշեր, Մակար Ալեքսեևիչ, ժամանակ է քնելու։ Իսկ որ բարձրացնում եք, նշանակում է՝ բարի լույս, Մակար Ալեքսեևիչ, լա՞վ քնեցիք կամ՝ ինչպես է ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, Մակար Ալեքսեևիչիս, ես, փառք ստեղծողին, առողջ եմ և լավ։ Տեսնո՞ւմ եք, հոգյակս, ինչպիսի ճարպիկ, խորամանկ մտահղացում է. էլ նամակներ բնավ պետք չեն, այնպես չէ՞։ Եվ մտահղացողն ե՜ս եմ, է՜, ե՜ս։ Հը՜, ո՞նց եմ ես այսպիսի բաներում, Վարվառա Ալեքսեևնա։

Ասեմ ձեզ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, որ այս գիշեր, հակառակ սպասածիս, քնած էի փառավորապես, որով և շատ գոհ եմ, թեև նոր բնակարանում, նոր տեղափոխված ժամանակ, մարդ կարգին չի կարողանում քնել: Այս առավոտ վերկացա կայտառ, ուրախ տրամադրության մեջ։ Այս ի՜նչ լավ առավոտ է այսօր, ջանիկս։ Մեզանում բաց են արել պատուհանը, արևը շողշողում է, ծտերը ծլվլում են, օդը գարուն է բուրում և ամբողջ բնությունը կենդանանում է. դե բոլոր մնացածն էլ նույնպես համապատասխան էր, ամեն ինչ կարգին, ինչպես վայել է գարնանը։ Այսօր ես մինչև անգամ բավական հաճելի ցնորքներ ունեցա և ցնորքներս միշտ ձեր մասին էին, Վարինկա։ Համեմատում էի ես ձեզ երկնքի թռչնակի հետ, որ ստեղծված է մարդկանց հաճույքի և բնությունը զարդարելու համար։ Միաժամանակ ես մտածեցի, Վարինկա, որ մենք էլ, հոգսերի և հուզումների մեջ ապրող մարդիկս, պետք է նույնպես նախանձենք երկնային թռչունների անհոգ ու անմեղ բախտավորությանը,— դե մնացածն էլ բոլորն այսպիսի և սրա նման բաներ, այսինքն՝ ես միշտ այսպիսի հեռավոր համեմատություններ էի անում։ Ես մի գրքույկ ունեմ, Վարինկա, նրա մեջ էլ նույնն է, բոլոր այսպիսի բաները խիստ մանրամասն կերպով նկարագրված են։ Ասելս այն է, որ չէ՞ որ ցնորքները զանազան տեսակ են լինում, ջանի՛կս։ Ա՜յ, հիմա գարուն է, ուստի մտքերն էլ բոլորն այնպիսի հաճելի, սուր, ճարպիկ և ցնորքները քնքուշ են լինում, բոլորը վարդագույն։ Հենց այդ բանի համար էլ գրեցի այս բոլորը. ասենք՝ այս բոլորը ես վերցրի գրքույկից։ Այնտեղ հեղինակը նույնպիսի ցանկություն է դրսևորում ոտանավորների մեջ և գրում է —

Ինչո՞ւ ես թռչուն չեմ, գիշակեր թռչուն։

Եվ այլն։ Այնտեղ ուրիշ զանազան մտքեր էլ կան, բայց աստված նրանց հետ։ Ա՜յ, դուք ինձ այս ասեք, այս առավոտ այդ ո՞ւր էիք գնում, Վարվառա Ալեքսեևնա։ Ես ծառայության գնալու դեռ չէի էլ պատրաստվել, իսկ դուք արդեն՝ ի՛սկապես որ գարնանային թռչնակի պես դուրս թռաք սենյակից և անցաք բակով այնքա՜ն ուրախ։ Ինչպե՜ս ուրախ էի ես, որ նայում էի ձեզ։ Ա՜խ, Վարինկա, Վարինկա, մի՛ տխրեք, արցունքը դարդին դարման չէ. այդ ես գիտեմ, ջանիկս, այդ ես փորձովս գիտեմ։ Իսկ այժմ դուք այնպե՜ս հանգստացել եք, մի քիչ էլ ապաքինվել եք հիվանդությունից։ Հա, ի՞նչ է անում ձեր Ֆեդորան։ Ախ, ի՜նչ բարի կին է նա։ Դուք, Վարինկա, գրեցեք ինձ՝ ի՞նչպես եք ապրում այժմ նրա հետ և գո՞հ եք արդյոք ամեն բանից։ Ֆեդորան մի քիչ քրթմնջող է, բայց դուք մի նայեք դրան, Վարինկա։ Աստված նրա հետ։ Նա այնքա՜ն բարի է։

Ես արդեն գրել եմ ձեզ այստեղի Թերեզայի մասին,— նույնպես թե՛ բարի, թե՛ հավատարիմ կին է։ Իսկ ինչքա՜ն ես անհանգստանում էի մեր նամակների մասին։ Ի՞նչպես պետք է նրանք տեղ հասնեին։ Բայց ահա մեր բախտից տերն ուղարկեց մեզ Թերեզային։ Բարի, համեստ, սուս ու փուս կին է։ Բայց մեր տիրուհին պարզապես անխիղճ է։ Ինչ բանի ասես չի դնում, կարծես փալաս լինի։

Հապա մի տեսնեք՝ ի՛նչ որջի մեջ եմ ընկել ես, Վարվառա Ալեքսեևնա։ Բնակարան եմ ասում, է՜։ Առաջ, խո գիտեք, ինչպես փակ էի ապրում,— հանգիստ, խաղաղ, ճանճը որ թռչեր, ձայնը կլսվեր։ Իսկ այստեղ աղմուկ, ճիչ, աղաղակ։ Դուք դեռ չգիտեք էլ, թե այս բոլորն, ինչպես է սարքված այստեղ։ Երևակայեցեք, օրինակ, մի երկար միջանցք, բոլորովին մութ և անմաքուր։ Աջ կողմը խուլ պատ է, իսկ ձախ կողմը՝ դռներ ու դռներ, բոլորը մի շարքի վրա ձգված, ինչպես հյուրանոցում։ Ամեն մի դուռ մի սենյակի է, և ամեն մի սենյակում ապրում են երկու-երեք հոգի։ Կարգապահություն ասած բանը մի՛ հարցնեք — Նոյան տապան։ Ասենք՝ կարծես լավ մարդիկ են, բոլորն էլ այնպես կրթված, գիտնական։ Կա մի աստիճանավոր (նա ինչ որ մի տեղ գրական մասումն է), կարդացած մարդ է. խոսում է հա՛մ Հոմերոսի, հա՛մ Բրամբեուսի, հա՛մ էլ զանազան հեղինակների մասին.— խելոք մարդ է։ Երկու օֆիցեր են կենում և շարունակ թուղթ են խաղում։ Մի միչման է կենում, մի անգլիացի ուսուցիչ է կենում։— Կացեք, ես ձեզ կզվարճացնեմ, ջանիկս. ապագա նամակիս մեջ կնկարագրեմ նրանց զավեշտական կերպով, այսինքն, ինչ են նրանք ըստինքյան, ամենայն մանրամասնությամբ։ Մեր տիրուհին շատ փոքրիկ և անմաքուր պառավ է, ամբողջ օրը ման է գալիս չուստերով ու խալաթով, և ամբողջ օրը բղավում է Թերեզայի վրա։ Ես ապրում եմ խոհանոցում, կամ ավելի ճիշտ կլինի՝ ասեմ ահա, թե ինչպես. այստեղ խոհանոցի կողքին մի սենյակ կա (իսկ մեզ մոտ, պետք է ձեզ նկատեմ, խոհանոցը մաքուր է, լուսավոր, շատ լավը), փոքր սենյակ, մի տեսակ համեստ անկյուն... այսինքն՝ կամ ավելի լավ է ասեմ, խոհանոցը մեծ է, երեք պատուհանով, ինձ համար պատի երկայնքով միջնորմ կա, այնպես որ դուրս է գալիս դարձյալ մի սենյակ շտատից դուրս, ընդարձակ, հարմար, պատուհան էլ կա և ամեն բան,— մի խոսքով՝ բոլոր հարմարությունները։ Ահա այս է իմ անկյունը։ Մի մտածեք, ջանիկս, թե այստեղ որևէ ուրիշ բան և խորհրդավոր իմաստ լիներ, թե ահա, իբր թե, խոհանոց է, այսինքն՝ ես գուցե և հենց այս սենյակում միջնորմի հետևն եմ կենում, բայց այդ վնաս չունի, ես ինձ համար ամենքից առանձին եմ ապրում, ականջս դինջ։ Դրել եմ ինձ համար մահճակալ, սեղան, կամոդ, մի զույգ աթոռ, սրբի պատկեր եմ կախել։ Ճիշտ է՝ կան սրանից էլ լավ բնակարաններ, գուցե ավելի լավերն էլ կան, բայց հարմարությունն է գլխավորը. չէ՞ որ ես այս բոլորը հարմարության համար եմ արել, և դուք մի՛ կարծեք, թե ուրիշ որևէ բանի համար։ Ձեր պատուհանը դիմացս է, բակով բաժանված. բակն էլ նեղլիկ է, ձեզ թռուցիկ կերպով եմ տեսնում և ուրախանում իմ խեղճ ու կրակ մենակությանս մեջ, համ էլ էժան է։ Մեզանում, այստեղ, ամենահետին սենյակը՝ ճաշով արժե 35 ռուբլի ասիգնացիայով։ Գրպանիս չի գալիս։ Իսկ իմ բնակարանն արժե յոթ ռուբ. ասիգնացիայով, ճաշն էլ հինգ ռուբլի արծաթ, բոլորը 24 ու կես, իսկ առաջ ուղիղ 30 էի վճարում և դրա փոխարեն շատ բանից զրկում էի ինձ. թեյ խմում էի ոչ միշտ, իսկ հիմա ահա թե՛ թեյի և թե՛ շաքարի փող եմ ետ գցել։ Գիտեք, ջանիկս, թեյ չխմելը մի տեսակ ամոթ է. այստեղ բոլորն էլ ունևոր մարդիկ են, այնպես որ՝ ամոթ է։ Ուրիշների աչքին երևալու համար է որ խմում եմ, Վարինկա, երևալու, տոնը պահպանելու համար, իսկ ինձ որ մնա — մեկ է ինձ համար, ես քմահաճ չեմ։ Գցեք այսպես, գրպանի փող ինչքան որ պահանջվում է — ասենք կոշիկների համար, վերարկուի համար, տակը շա՞տ բան կմնա։ Ահա և իմ ամբողջ ռոճիկը։ Ես չեմ էլ տրտնջում և գոհ եմ։ Ռոճիկս բավական է։ Ահա արդեն մի քանի տարի բավական է. պարգևներ էլ լինում են։— Դե, մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Ես ձեզ համար գնեցի մի զույգ ծաղկաման, մեկի մեջ՝ հինածաղիկ, մյուսի մեջ՝ խորդենի։ Թանկ չէր։ Իսկ դուք, գուցե, հափրուկ էլ եք սիրում։ Հափրուկ էլ կա, դուք գրեցեք, բայց գիտե՞ք որքան կարելի է ամեն ինչ մանրամասն գրեցեք։ Ասենք՝ դուք ուրիշ բան չկարծեք և չկասկածեք, ջանիկս, իմ մասին, որ ես այսպիսի սենյակ եմ վարձել։ Ո՛չ, այս հարմարությունն է ստիպել և մենակ հարմարությունն է հրապուրել ինձ։ Չէ՞ որ ես, ջանիկս, փող եմ հավաքում, հետ եմ գցում, ես փող ունեմ։ Դուք մի՛ նայեք, որ ես այսպես սուսուփուս մարդ եմ, որ կարծես թե ճանճը թևով որ խփի, վեր կգցի։ Ոչ, ջանիկս, ես ինձ գիտեմ պահել և բոլորովին այնպիսի բնավորություն ունեմ, որպիսին վայել է հաստատակամ և անխռով հոգու տեր մարդուն։ Մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Նամակս համարյա թե երկու թերթ բռնեց, այնինչ վաղուց ժամանակ է ծառայության գնալու։ Համբուրում եմ ձեր մատիկները, ջանիկս և մնում եմ՝

Ձեր ամենախոնարհ ծառա և ամենահավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:

Հ. Գ. Մի բան եմ խնդրում, պատասխանեցեք ինձ, իմ հրեշտակիկս, որքան կարելի է մանրամասն։ Ընդսմին ուղարկում եմ ձեզ, Վարինկա, մի ֆունտ կոնֆետ. անուշ արեք և, ի սեր աստծու, իմ մասին մի՛ հոգաք և պահանջկոտ չլինեք։ Այսպես ուրեմն մնաք բարով, ջանիկս։

Ապրիլ 8

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Գիտեք, որ վերջապես ես ստիպված կլինեմ բոլորովին կռվելու ձեզ հետ։ Երդվում եմ ձեզ, բարի Մակար Ալեքսեևիչ, որ ինձ համար մինչև անգամ ծանր է ընդունել ձեր նվերները։ Ես գիտեմ, թե նրանց համար ի՛նչպիսի ծախսեր եք անում, ի՛նչպիսի ամենաանհրաժեշտ բաներից եք զրկում ձեզ։ Քանի անգամ եմ ասել ձեզ, որ ինձ ոչինչ հարկավոր չէ, բոլորովին ոչինչ, որ ես չեմ կարող փոխարենը հատուցանել ձեզ այն բարերարությունների համար, որ դուք մինչև այժմ արել եք ինձ։ Եվ ինչի՞ս են պետք այդ ծաղկամանները։ Ասենք՝ հինածաղիկները էլի ոչինչ, բայց խորդենին ինչի՞ համար է։ Բավական է, որ անզգուշաբար մի խոսք ասեմ, ինչպես, օրինակ, այդ խորդենու մասին, մեկ էլ տեսնեմ՝ այն կգնեք, չէ՞ որ թանկ է։ Ի՜նչ հրաշալի ծաղիկներ ունի։ Ալ խաչիկներով։ Այդ ո՞րտեղ եք ճարել այսպիսի լավիկ խորդենի։ Պատուհանի մեջտեղն եմ դրել, ամենանկատելի տեղում, հատակի վրա նստարան կդնեմ, իսկ նստարանի վրա դարձյալ ծաղիկներ կդնեմ, միայն թողեք, որ ինքս հարստանամ։ Ֆեդորան ուրախությունից չի իմանում՝ ինչ անի. մեզ մոտ այժմ կարծես դրախտ է բացվել սենյակում,— մաքուր, լուսավոր։ Հա՛, իսկ կանֆետնե՞րն ինչի համար են։ Եվ հավատացեք, ձեր նամակից ես իսկույն գլխի ընկա, որ ձեզ մոտ ինչ-որ բան է պատահել — է՛լ դրախտ, է՛լ գարուն, է՛լ բուրմունքներ, է՛լ ծլվլան ծտեր։ Այս ի՞նչ է, ասում եմ, չլինի՞ ոտանավորներ էլ կան։ Հավատացեք, միայն ոտանավորներն են պակասում ձեր նամակի մեջ, Մակար Ալեքսեևիչ։ Զգացումներն էլ են քնքուշ, ցնորքներն էլ վարդագույն, ամեն բան կա այստեղ։ Վարագույրի մասին իսկի չեմ էլ մտածել, երևի ինքն իրեն է դեմ ընկել, երբ ծաղկամանները դես դեն էի քաշում, ահա թե ինչպես է եղել բանը։

Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ։ Ինչ էլ որ ասեք, ինչպես էլ որ հաշվեք ձեր եկամուտները, որպեսզի ինձ խաբեք, որպեսզի ցույց տաք, թե այդ եկամուտները բոլորը միայն ձեր վրա եք ծախսում, ինձնից ոչինչ չեք կարող ծածկել և թաքցնել։ Բարդ է, որ դուք անհրաժեշտ բաներից ձեր զրկում եք ինձ համար։ Ի՞նչ եք մտածել, օրինակ, որ այդպիսի բնակարան եք վարձել։ Չէ՞ որ այդտեղ ձեզ անհանգստացնում են, խանգարում են, նեղվածք է, անհարմար։ Դուք առանձնություն եք սիրում, իսկ այդտեղ ինչ ասեք՝ որ չկա ձեր շուրջը։ Այնինչ դատելով ձեր ռոճիկից, դուք կարող էիք ավելի լավ ապրել։ Ֆեդորան ասում է, որ առաջ դուք անհամեմատ ավելի լավ էիք ապրում, քան թե այժմ։ Մի՞թե դուք ձեր ամբողջ կյանքն անց եք կացրել մենակության մեջ, զրկանքների մեջ, առանց ուրախության, առանց բարեկամական սիրալիր խոսքի, օտար մարդկանց մոտ անկյուններ վարձելով։ Ախ, բարի բարեկամ, որքա՜ն խղճում եմ ձեզ։ Խնայեցեք գեթ ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Ասում եք, թե ձեր աչքերը լավ չեն տեսնում, ուրեմն մի՛ գրեք ճրագի տակ. ի՞նչ պիտի գրեք։ Ձեր ջանասիրությունը ծառայության մեջ առանց այն էլ, անշուշտ, հայտնի է ձեր մեծավորներին։

Կրկին աղաչում եմ ձեզ, այդքան փող մի ծախսեք ինձ վրա։ Գիտեմ, որ սիրում եք ինձ, բայց ինքներդ հարուստ չեք ա՜խր... Այսօր ես էլ ուրախ վեր կացա։ Այնպես լա՜վ էի զգում ինձ. Ֆեդորան վաղուց արդեն աշխատում էր և ինձ համար էլ աշխատանք գտավ։ Այնպե՜ս ուրախացա, գնացի միայն մետաքս գնելու և նստեցի գործի։ Ամբողջ առավոտը այնպիսի մի թեթևություն էր տիրում հոգուս, այնպե՜ս ուրախ էի: Իսկ այժմ նորից շարունակ սև մտքեր, տխուր եմ. շարունակ սիրտս նվում է։

Ախ, ի՞նչ պիտի պատահի ինձ, ի՞նչ պիտի լինի վիճակս։ Ծանրն այն է, որ ես այսպիսի անհայտության մեջ եմ, որ ես ապագա չունեմ, որ ես նախագուշակել էլ չեմ կարող, թե ինչ կպատահի ինձ։ Ետ նայելն էլ սարսափելի է։ Այնտեղ ամեն ինչ այնքան ցավագին է, որ սիրտս կտոր-կտոր է լինում լոկ հիշողությունից։ Հավիտյանս պիտի լամ այն չար մարդկանց վրա, որոնք կործանեցին ինձ։

Մթնում է։ Ժամանակ է գործի նստելու։ Շատ բաների մասին կուզեի գրել ձեզ, բայց ժամանակ չկա, գործս ժամանակին պիտի հասցնեմ։ Պետք է շտապեմ։ Իհարկե, նամակները լավ բան են, մարդ այնքան էլ տխուր չի լինում։ Իսկ ինչո՞ւ դուք ինքներդ երբեք չեք գալիս մեզ մոտ։ Ինչո՞ւ, է՜, Մակար Ալեքսեևիչ։ Չէ՞ որ այժմ մոտիկ եք ապրում, երբեմն էլ ազատ ժամանակ եք ունենում։ Մտեք, խնդրեմ։ Տեսա ձեր Թերեզային։ Այնպես հիվանդ է, կարծես։ Մեղքս եկավ, 20 կոպեկ տվի։ Հա, քիչ մնաց մոռանայի, անպատճառ գրեցեք ամեն բան, որքան կարելի է մանրամասն, թե ի՛նչ եք անում, ի՛նչ չեք անում, ի՛նչպես եք ապրում։ Ի՞նչ մարդիկ են ձեր շուրջը, և հա՞շտ եք ապրում նրանց հետ։ Ես շատ եմ ուզում այս բոլորն իմանալ։ Տեսեք, անպատճառ գրեցեք։ Այսօր ես արդեն դիտմամբ վարագույրի անկյունը կծալեմ։ Վաղ պառկեցեք. ես մինչև կես գիշեր ճրագ էի տեսնում ձեզ մոտ։ Դե, մնաք բարով։ Այսօրվա օրը մթնեցնում եմ թախծալի, ձանձրալի, տխուր։ Երևի օրն է այդպես։ Մնաք բարով։

Ձեր
Վարվառա Դոբրոսելովա
Ապրիլ 8

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Այո՛, ջանիկս, այո, բալիկս, իմ խեղճ ու կրակ բախտիցս երևի այսպիսի օր պիտի լուսանար ինձ համար։ Այո՛, ծաղրի առարկա դարձրիք ինձ, ծերուկիս, Վարվառա Ալեքսեևնա։ Ասենք՝ ինքս եմ մեղավոր, գլխովին մեղավոր։ Ինչո՞ւ էի ծեր հասակումս գլխիս մի փունջ մազով սիրաբանությունների մեջ մտնում... Ձեզ ա՛յս էլ ասեմ, ջանիկս, մարդս երբեմն զարմանալի արարած է, շատ զարմանալի։ Ո՜ւ, տե՛ր իմ աստված, ինչե՜ր չի ասում, ինչե՜ր չի դուրս տալիս երբեմն։ Եվ ի՞նչ է դուրս գալիս, ի՞նչ է հետևում սրանից։ Բոլորովին էլ ոչինչ չի հետևում, այլ դուրս է գալիս այնպիսի մի անպետք բան, որ տերը փրկի ու ազատի։ Ես, ջանիկս, ես չեմ բարկանում, այլ միայն ջիգրս շատ է գալիս, որ հիշում եմ այդ մասին, ջիգրս գալիս է, որ ես գրել եմ ձեզ այդպես պատկերավոր և հիմար կերպով։ Ու այսօր էլ պաշտոնիս գնացի այնքա՜ն ուրախ ու կայտառ, սրտումս կարծես վարդ էր բացվել։ Եռանդով առաջ քաշեցի թղթերս, բայց հետո ի՛նչ դուրս եկավ սրանից։ Հետո միայն, որ նայեցի շուրջս, ամեն ինչ դարձավ առաջվանը — տխուր ու մութ։ Միշտ միևնույն թանաքի բծերը, միշտ միևնույն սեղաններն ու թղթերը, ես ինքս էլ միշտ միևնույնը, բոլորովին այնպես, ինչպես որ կայի,— ուրեմն էլ ինչո՞ւ էի հեծնել Պեգասին ու քշում։ Եվ որտեղից էր այս բոլորը։ Որ արևը շողշողում էր, որ երկինքը լազուր էր կապել, սրանի՞ց է արդյոք։ Ու այդ ի՞նչ բուրմունքներ են, երբ մեր բակում պատուհանների տակ ինչ ասես չի պատահում: Ուրեմն պետք է կարծել, որ այս բոլորն ինձ հիմարությունից է թվացել։ Չէ՞ որ պատահում է, որ մարդ երբեմն մոլորվում է իր սեփական զգացումների մեջ և հիմարություններ է դուրս տալիս։ Այս ուրիշ բանից չի պատահում, եթե ոչ սրտի ավելորդ հիմար ջերմությունից։ Տուն չեկա, այլ քարշ ընկա. չեմ իմանում ինչու, գլուխս ցավում էր (մեջքս էի սառեցրել, թե ինչ)։ Հիմարաբար ուրախացել էի, որ գարունը բացվել էր, և թեթև վերարկուով էի գնացել։ Եվ իմ զգացմունքների մասին դուք սխալվել եք, բալիկս։ Նրանց զեղումը բոլորովին ուրիշ կողմն եք ընդունել։ Հայրական զգացումն է ինձ ոգևորել, միմիայն հայրական մաքուր զգացումը, Վարվառա Ալեքսեևնա, որովհետև ես ձեր հարազատ հոր տեղն եմ բռնում ձեր դառն որբության պատճառով, այս հոգուս խորքիցն եմ ասում, մաքուր սրտով, իբրև ազգակից։ Ինչ էլ որ լինի, ես ձեզ հեռավոր ազգական եմ, բայց և այնպես ազգական եմ և այժմ՝ ամենամոտիկ ազգականն ու հովանավորը, որովհետև այնտեղ, ուր դուք ամենից ավելի իրավունք ունեիք հովանավորություն ու պաշտպանություն գտնելու, դավաճանություն ու վիրավորանք գտաք։ Իսկ ոտանավորների մասին կասեմ ձեզ, ջանիկս, որ ծերությանս հասակում վայել չէ ինձ ոտանավորներ կազմելով զբաղվելու։ Ոտանավորները դատարկ բաներ են։ Ոտանավորների համար դպրոցներումն էլ հիմա ծեծում են երեխաներին... ա՜յ թե ինչ, բալիկս։

Այդ ի՞նչ եք գրում ինձ, Վարվառա Ալեքսեևնա, հարմարությունների, հանգստության և զանազան բաների մասին։ Ջանիկս, ես քրթմնջող չեմ և ոչ էլ պահանջկոտ. երբեք սրանից լավ չեմ ապրել, ուրեմն էլ ինչո՞ւ ծեր հասակումս քմահաճություն անեմ։ Փորս կուշտ է, հագուստ էլ ունեմ, ոտնաման էլ. մեզ չի էլ սազի մեծ-մեծ բաների ետևից ընկնել։— Կոմսի ցեղից չե՜մ։— Ծնողս ազնվական ծագումից չէր և իր ամբողջ ընտանիքով ինձնից աղքատ էր եկամուտով։ Ես քնքուշ չեմ։ Ասենք, ճիշտը որ ասեմ, իմ հին բնակարանում ամեն բան անհամեմատ լավ էր. ազատ ու արձակ, ջանիկս։ Իհարկե, այժմյան բնակարանս էլ լավն է, նույնիսկ մի քանի կողմերով ավելի ուրախ է, եթե կուզեք, զանազանակերպ. այս բանի դեմ ոչինչ չեմ ասում, բայց և այնպես ափսոսում եմ հինը։ Մենք, ծերունիներս, այսինքն հասակավոր մարդիկս, կապվում ենք հին առարկաների հետ, որպես մի տեսակ հարազատ բաների հետ։ Բնակարանը, գիտեք, փոքր էր մի տեսակ, պատերը,— դե ինչ ասեմ,— պատերը պատեր էին, էլի, ինչպես բոլոր պատերը, բայց բանը պատերը չեն, այլ այն, որ հին բնակարանիս հետ կապված բոլոր բաների մասին հիշողությունը կարոտ է հարուցանում իմ մեջ... Տարօրինակ բան. ծանր է, բայց հիշողությունները կարծես թե հաճելի են։ Նույնիսկ ինչ որ վատ էր, ինչի վրա որ երբեմն զայրանամ էի, այդ էլ հիշողություններիս մեջ մի տեսակ մաքրվում է, կորցնում վատությունը և երևակայությանս առջև կանգնում գրավիչ տեսքով։ Խաղաղ էինք ապրում մենք, Վարինկա, ես ու իմ հանգուցյալ պառավ տանտիրուհին։ Ահա և իմ այդ պառավին տխուր զգացումով եմ հիշում այժմ։ Լավ կին էր և թանկ չէր առնում բնակարանիս համար։ Ճոթեղենի կտորներից զանազան վերմակներ էր գործում շարունակ արշինանոց ճաղերով. միայն դրանով էլ պարապում էր։ Ճրագներս մեկ էր, մի սեղանի վրա էլ աշխատում էինք։ Մի թոռնիկ ուներ, անունը Մաշա — դեռ իր մանկությունից եմ հիշում նրան, այժմ տասներեք տարեկան աղջիկ կլինի։ Այնքան չարաճճի էր, թռվռուն, շարունակ ծիծաղեցնում էր մեզ, այսպես ահա ապրում էինք երեքով։ Երբեմն, ձմեռային երկար գիշերներին, նստում էինք կլոր սեղանի շուրջը, թեյ էինք խմում, հետո գործի կենում։ Իսկ պառավը՝ որպեսզի Մաշան չձանձրանա և չարություններ չանի չարաճճին, սկսում էր հեքիաթներ պատմել։ Ու ի՜նչպիսի հեքիաթներ։ Ո՛չ միայն երեխան, բանիմաց և խելոք մարդն էլ կլսեր։ Ինչ եմ ասում, ես ինքս էլ երբեմն չիբուխս փստացնում և այնպիսի հետաքրքրությամբ էի լսում, որ գործս մոռանում էի։ Իսկ երեխան, մեր չարաճճին, մտածմունքի մեջ էր ընկնում, վարդագույն թուշը դնում էր ձեռքին, սիրունիկ բերանը բաց անում, ու հեքիաթը մի քիչ որ սարսափելի էր լինում, պինդ կպչում էր պառավին։ Իսկ մենք հիանում էինք նրան նայելով, ու չէինք նկատում, թե ինչպես մոմը հատնում էր, չէինք լսում, թե ինչպես դուրսը երբեմն քամին ոռնում էր, ձյունաբեր փոթորիկը շառաչում:— Լավ էինք ապրում Վարինկա. և ահա համարյա քսան տարի մենք ապրեցինք այսպես միասին։— Բայց ի՛նչ ես այսպես տակից գլխից դուրս տվի։ Ձեզ գուցե այսպիսի նյութը դուր չի գալիս. ասենք ինձ համար էլ այս հիշողությունն այնքան էլ թեթև չէ։ Մանավանդ այժմ մթնել է։ Թերեզան ինչ-որ բան է շինում, գլուխս ցավում է, մեջքս էլ ցավում է մի քիչ, մտքերս էլ ուրիշ տեսակ են, կարծես նրանք էլ են ցավում, տխուր եմ այսօր, Վարինկա, տխուր։— Այդ ի՞նչ եք գրում, բալիկս։ Ի՞նչպես թե գամ ձեզ մոտ, սիրելիս, ի՞նչ կասեն մարդիկ։ Չէ՞ որ պետք է բակովն անցնեմ, մերոնք կնկատեն, կսկսեն հարցուփորձ անել,− ասիկոսեներ, բամբասանքներ, բանին ուրիշ իմաստ կտան։ Ոչ, իմ հրեշտակիկ, ավելի լավ է՝ ես ձեզ վաղը երեկոյան ժամերգությանը կտեսնեմ, այդ խոհեմություն կլինի և երկուսիս համար էլ անվնաս։ Ներեցեք ինձ, ջանիկս, որ ձեզ այսպիսի նամակ եմ գրել, գրածս որ կարդացի, տեսա՝ անկապ բաներ եմ գրել։ Ես, Վարինկա, ծեր, տգետ մարդ եմ, ջահել ժամանակս կարգին ուսում չեմ առել, իսկ այժմ գլուխս բան չի մտնի, եթե նոր սկսեմ սովորել։ Խոստովանում եմ, ջանիկս, վարպետ չեմ նկարագրելու և առանց ուրիշի ցուցումների ու ծաղրի էլ գիտեմ, որ եթե ուզենամ որևէ կարգին բան գրել, հիմարություններ դուրս կգան։— Այսօր տեսա ձեզ պատուհանի մոտ, տեսա՝ թե ինչպես վարագույրն իջեցրիք։ Մնաք բարով, մնաք բարով, տերը պահի, պահպանի ձեզ։ Մնաք բարով, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր անկաշառ բարեկամ
Մակար Դեվուշկին:

Հ․ Գ․ Ես, բալիկս, այժմ ոչ ոքի մասին զավեշտ չեմ գրում։ Ծերացել եմ, ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա, որպեսզի զուր տեղը ուրիշներին ծաղրեմ, և ինձ վրա էլ կծիծաղեն ըստ առածի — ով ուրիշի համար հոր կփորի, ինքն էլ... մեջը կընկնի։


Ապրիլ 9

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Դե՜, ինչպե՛ս չեք ամաչում, իմ բարեկամ և բարերար. Մակար Ալեքսեևիչ, որ այդպես վշտանում եք և քմահաճույքներ բանեցնում։ Մի՞թե նեղացել եք։ Ա՜խ, ես շատ անգամ անզգույշ եմ լինում, բայց չէի կարծում, թե դուք իմ խոսքերը կծու կատակ կհամարեք։ Հավատացած եղեք, որ ես երբեք չեմ համարձակվի կատակ անել ձեր տարիքի և ձեր բնավորության վրա։ Իսկ այս բոլորը պատահեց իմ թեթևամտությունից և ավելի նրա համար, որ սարսափելի ձանձրալի է անցնում օրս, իսկ ձանձրույթից մարդ ի՞նչ չի անի։ Իսկ ես կարծում էի, թե դուք ինքներդ ձեր նամակի մեջ ուզում էիք ծաղրել։ Ես սարսափելի տխրեցի, երբ տեսա, որ դուք դժգոհ եք ինձանից։ Ոչ, իմ բարի բարեկամ և բարերար. կսխալվեք, եթե կասկածեք, թե ես անզգա և անշնորհակալ աղջիկ եմ։ Ես գիտեմ սրտումս գնահատել այն ամենը, ինչ որ դուք արել եք ինձ համար, պաշտպանելով ինձ չար մարդկանցից, նրանց հալածանքից և ատելությունից։ Ես հավիտյան կաղոթեմ աստծուն ձեզ համար և եթե աղոթքս հասնում է աստծուն, և երկինքը լսի աղոթքս, դուք բախտավոր կլինեք։

Ես այսօր շատ տկար եմ զգում ինձ, մեկ ջերմում եմ, մեկ դողացնում։ Ֆեդորան շատ է անհանգստանում ինձ համար։ Զուր եք ամաչում գալ մեզ մոտ, Մակար Ալեքսեևիչ։ Ուրիշների ի՞նչ գործն է։ Դուք ծանոթ եք մեզ հետ ու պրծավ... Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ։ Այժմ էլ ուրիշ բան չունեմ գրելու, չեմ էլ կարող, սարսափելի տկար եմ։ Դարձյալ խնդրում եմ, մի բարկանաք ինձ վրա և հավատացած եղեք մշտական հարգանքիս և բարեկամությանս,

որով պատիվ ունեմ մնալու ձեր ամենաանձնվեր և ամենախոնարհ աղախին

Վարվառա Դոբրոսելովա
Ապրիլ 12
Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ախ, ջանիկս, այդ ի՞նչ է պատահել ձեզ։ Այդպես էլ բան կլինի՞, ամեն անգամ այսպես վախեցնում եք ինձ։ Ամեն մի նամակումս գրում եմ, որ զգուշանաք, տաք հագնվեք, վատ եղանակին դուրս չգաք, ամեն բանում զգույշ լինեք, իսկ դուք, իմ հրեշտակիկս, չեք լսում ինձ։ Ա՜խ, աղավնյակս, կարծես երեխա լինեք։ Չէ՞ որ թույլ եք, ծղոտի պես թույլ. ես այդ գիտեմ։ Մի թեթև հով էլ որ փչի, մեկ էլ տեսար հիվանդացաք։ Ուրեմն պետք է զգուշանաք, ինքներդ ձեզ պահեք, վտանգներից խուսափեք և ձեր բարեկամներին վիշտ ու տխրություն չպատճառեք։

Ցանկություն եք հայտնում, ջանիկս, մանրամասնորեն իմանալ իմ հալն ու ափալը և իմ շրջապատի մասին։ Ուրախությամբ շտապում եմ կատարել ձե՛ր ցանկությունը, բալիկս։ Կսկսեմ սկզբից, ջանիկս, ավելի կարգով կլինի։ Նախ, մեր տանը մաքուր մուտքում սանդուղքները բավական միջակ են. մանավանդ գլխավոր մուտքը մաքուր է, լուսավոր, լայն, բոլորը չուգուն և կարմիր փայտ։ Բայց հետին մուտքի մասին արդեն էլ մի հարցնեք. պտուտակաձև, խոնավ, կեղտոտ, աստիճանները կոտրատված, և պատերն այնքան թաց, որ հենվելիս ձեռքդ կպչում է նրանց։ Ամեն մի հրապարակի վրա կոտրած սնդուկներ, աթոռներ ու պահարաններ են դրված, փալասներ են կախված, պատուհանները ջարդված են, տաշտեր են դրված ամեն տեսակ կեղտոտություններով, ցեխով, աղբով, ձվի կճեպներով և ձկան փուչիկներով, վատ հոտ է կանգնած... մի խոսքով՝ լավ չէ։

Ես արդեն նկարագրել եմ ձեզ սենյակների դասավորությունը. խոսք չկա, ճիշտ է, հարմար է, բայց մի տեսակ օդ չկա նրանց մեջ, այսինքն, չեմ ուզում ասել, թե վատ հոտ է կանգնած, այլ, եթե կարելի է այսպես ասել, մի քիչ մգլած, ինչ-որ սուր քաղցրավուն հոտ է գալիս։ Սկզբում տպավորությունն աննպաստ է. բայց այդ վնաս չունի, մի-երկու րոպե որ մնում ես, տեսնում ես՝ ամեն բան անցնում է և չես զգում, թե ինչպես է անցնում, որովհետև քեզանից էլ մի տեսակ վատ հոտ է գալիս, և շորերդ էլ են հոտում, ձեռքերդ էլ են հոտում, ամեն բան հոտում է,— ու ահավասիկ սովորում ես։ Մեզանում սարյակները սատկում են շարունակ։ Միչմանն արդեն հինգերորդն է գնում,— չեն ապրում մեր օդում։ Խոհանոցը մեզանում մեծ է, ընդարձակ, լուսավոր։ Ճիշտ է, առավոտները մի քիշ վատ հոտ է կանգնում, երբ ձուկ կամ տավարի միս են տապակում և ամեն տեղ թափում ու թրջում, բայց դրա փոխարեն երեկոները դրախտ է։ Մեզ մոտ խոհանոցում թոկերի վրա միշտ հին սպիտակեղեն է փռված, և որովհետև իմ սենյակը հեռու չէ, այսինքն՝ համարյա թե կպած է խոհանոցին, սպիտակեղենի հոտը մի քիչ անհանգստացնում է ինձ. բայց վնաս չունի, կապրեմ, կսովորեմ։

Ամենավաղ առավոտվանից, Վարինկա, մեզանում սկսվում է շարժումը, վեր են կենում, ման են գալիս, թրխկացնում, շրխկացնում, որը պաշտոնի գնալու է պատրաստվում, որը՝ ով գիտե ինչ, որը հենց այնպես, ամենքը սկսում են թեյ խմել։ Մեզանում սամովարները տանտիրոջն են, մեծ մասամբ քիչ են, այնպես որ հերթ ենք պահում, իսկ ով որ հերթից դուրս իր թեյնոցով առաջ է խցկվում, իսկույն նրա գլխին տալիս են։ Ահա ես էլ առաջին անգամ ընկա... ասենք՝ չարժե գրել։ Այդտեղ էլ ամենքի հետ ծանոթացա։ Ամենից առաջ ծանոթացա Միչմանի հետ. անկեղծ մարդ է, ամեն ինչ պատմեց ինձ հոր մասին, մոր մասին, քրոջ մասին, որն ամուսնացած է Տուլայի դատական ատենակալի հետ, և Կրոնշտատ քաղաքի մասին։ Խոստացավ ինձ ամեն բանում հովանավորել և թեյի հրավիրեց ինձ իր մոտ։ Ես նրան գտա նույն այն սենյակում, ուր մեզնում սովորաբար թուղթ են խաղում։ Այնտեղ ինձ թեյ տվին և անպատճառ ուզում էին, որ ես ազարտ խաղի նստեմ իրենց հետ։ Ծիծաղում էին նրանք ինձ վրա, թե ինչ, չգիտեմ, միայն իրենք ամբողջ գիշերը մինչև լույս խաղում էին ու ես որ մտա, դարձյալ խաղում էին։ Կավիճ, խաղաթղթեր ու սենյակումն էլ այնպիսի ծուխ էր կանգնած, որ աչքերս այրեց։ Ես չուզեցի խաղալ, և իսկույն նկատեցին ինձ, որ ես փիլիսոփայության մասին եմ խոսում։ Հետո արդեն ամբողջ ժամանակ ինձ հետ ոչ ոք չխոսեց, ասենք ճիշտը որ ասեմ, ես ուրախ էի այդ բանի համար։ Այժմ չեմ գնա նրանց մոտ, ազարտ խաղի են նստած, զուտ ազարտ խաղի։ Ա՜յ, գրական մասի չինովնիկի մոտ էլ ժողովներ են լինում երեկոները։ Նրա մոտ լավ է, համեստ, անմեղ և քաղաքավարի, ամեն ինչ նուրբ։

Հիմա, Վարինկա, թռուցիկ կերպով կնկատեմ ձեզ դարձյալ, որ շատ անպիտան կին է մեր այս տանտիրուհին, ուղղակի վհուկ: Դուք տեսաք Թերեզային. դե՛, ի՞նչ է նա իսկապես: Լղար, կարծես փետրած, սատկած վառեկ լինի։ Տան մեջ ծառայողները ընդամենը երկու հոգի են — Թերեզան, մեկ էլ Ֆալդոնին, տան տիրուհու ծառան։ Ես չգիտեմ, գուցե նա ուրիշ որևէ անուն էլ ունի, միայն ամենքը նրան այդ անունով են կանչում։ Շեկ տղա է, շլդիկ, պաճո քթով, կոպիտ, շարունակ կռվում է Թերեզայի հետ, քիչ է մնում իրար թակեն։ Առհասարակ պետք է ասեմ, որ ինձ համար այստեղ ապրելը շատ էլ լավ չէ... Որ գիշերը միանգամից քնեմ և հանգստանամ, այս երբեք չի լինում: Շարունակ որևէ տեղ նստած թուղթ են խաղում, երբեմն էլ այնպիսի բան է կատարվում, որ զզվելի է պատմել։ Այժմ ես արդեն, այնուամենայնիվ, ընտելացել եմ, բայց զարմանում եմ, թե ինչպես ընտանիքավոր մարդիկ այս սոդոմի մեջ կարողանում են ապրել։ Ինչ-որ աղքատների մի ամբողջ ընտանիք մեր տանտիրուհուց մի սենյակ է վարձել, միայն ոչ մյուս սենյակների շարքում, այլ մյուս կողմը, անկյունում, առանձին։ Հանգիստ մարդիկ են։ Նրանց մասին ոչ ոք ոչինչ չի լսում։ Նրանք ապրում են մի սենյակում՝ միջնորմով բաժանված։ Նա մի ինչ-որ աստիճանավոր է առանց պաշտոնի, յոթ տարի առաջ արձակել են ինչ-որ բանի համար։ Նրա ազգը Գարշկով է. ճերմակած, փոքրիկ մարդ է, ման է գալիս այնպիսի յուղոտած, մաշված հագուստով, որ մարդ խղճում է նայելիս. ո՜ւր իմ հագուստը, ո՜ւր նրանը։ Խղճուկ, հիվանդոտ (երբեմն հանդիպում ենք իրար միջանցքում), ծնկները դողում են, ձեռքերը դողում են, գլուխը դողում է, հիվանդությունից է՝ թե ինչ, աստված գիտե. մարդկանցից քաշվում է, վախենում է ամենքից, հեռու է ման գալիս. ես խո ամաչկոտ եմ, իսկ սա ինձանից էլ ավելի ամաչկոտ է։ Նրա ընտանիքը կազմում են կինը և երեք որդին։ Մեծը, տղան ամբողջովին հորն է գցել։ Կինը մի ժամանակ գեղեցիկ է եղել, հիմա էլ նկատելի է. խեղճն այնպիսի՝ խղճուկ, հնամաշ հագուստով է ման գալիս։ Լսել եմ, որ նրանք պարտ են տանտիրուհուն, տանտիրուհին շատ էլ լավ աչքով չի նայում նրանց վրա։ Լսել եմ նույնպես, որ Գարշկովն ինքը ինչ-որ անհաճո բաներ ունի, որոնց պատճառով էլ զրկվել է տեղից. դատի տակ է, թե նախնական քննության տակ — ուղիղը չեմ կարող ասել։ Տե՛ր իմ աստված, աղքատ են նրանք, ինչքա՜ն աղքատ։ Նրանց սենյակից երբեք ձայն ծպտուն չի լսվում, կարծես ոչ ոք չի ապրում այնտեղ։ Նույնիսկ երեխաների ձայնը չի լսվում։ Ու չի լինում, որ երբևիցե զվարճանան, խաղան երեխաները, իսկ այդ արդեն վատ նշան է։ Մի անգամ երեկոյան անցնում էի նրանց դռան մոտով. այդ պահին տան մեջ սովորականից դուրս խաղաղություն էր տիրում, լացի ձայն եմ լսում, հետո շշունջ, հետո դարձյալ լացի ձայն, բայց այնքան ցածր, այնքան խղճալի, որ սիրտս կտոր-կտոր եղավ, ու հետո ամբողջ գիքերը մտածում էի այդ խեղճերի մասին, այնպես որ կարգին քնել չկարողացա։

Դե՜, մնաք բարով, իմ անգին բարեկամ Վարինկա։ Որքան կարողացա, նկարագրեցի ձեզ ամեն բան։ Այսօր ամբողջ օրը շարունակ ձեր մասին եմ մտածում։ Ամբողջ սիրտս կսկծում է ձեզ համար, բա՛լիկս։ Գիտեմ, է՜, գիտեմ, հոգյակս, որ տաք վերարկու չունեք։ Ախ, Պետերբուրգի այս գարունները, քամիները, ձյունախառն անձրևները,— մահս են դրանք, Վարինկա։ Եղանակների այնպիսի բարեխառնություն, որ տերը փրկի։ Պահանջկոտ մի՛ լինեք, հոգյակս, իմ գրություններից. ոճ չունեմ, Վարինկա, ոչ մի ոճ։ Գեթ որևէ ոճ ունենայի։ Գրում եմ, ինչ որ խելքիս փչում է, միայն թե ձեզ ուրախացնեմ որևէ բանով։ Ա՜յ, ուրիշ բան է, թե որ սովորած լինեի որևէ կերպ, թե չէ ի՞նչպես եմ սովորել, սև փող էլ չի ծախսվել իմ ուսման վրա։

Ձեր մշտական և հավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:
Ապրիլ 25
Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Այսօր հանդիպեցի քեռուս աղջկան՝ Սաշային։ Սարսափելի է, նա էլ է կործանվելու, խեղճը։ Կողմնակի կերպով իմացել եմ, որ Աննա Ֆյոդորովնան իմ մասին շարունակ տեղեկություններ է հավաքում։ Թվում է, թե նա երբեք չպիտի դադարի ինձ հետապնդելուց։ Ասում է, թե ուզում է ներել ինձ, մոռանալ ամբողջ անցյալը և թե ինքը անպատճառ կայցելի ինձ։ Ասում է, թե դուք ինձ բոլորովին ազգական չեք, թե ինքն ավելի մոտիկ ազգական է ինձ, թե դուք ոչ մի իրավունք չունեք խառնվելու մեր ընտանեկան հարաբերություններին և թե ինձ համար ամոթ է և վայել չէ ապրելու ձեր ողորմությամբ և ձեր ծախսով։ Նա հայհոյում, հանդիմանում է ինձ, թե մոռացել եմ իր աղուհացը, թե ինքը կերակրել է երկուս ու կես տարուց ավելի, ծախսերի տակ է ընկել մեզ համար, թե չնայելով այս բոլորին, ներել է մեր պարտքը։ Մորս էլ խնայել չի ուզեցել։ Իսկ եթե խեղճ մայրս իմանար, թե ինչ են արել նրանք ինձ։ Աստված վերևից տեսնում է... Աննա Ֆյոդորովնան ասում է, թե ես իմ հիմարությունից չկարողացա պահել իմ բախտավորությունը, թե նա ինքն էր, որ ինձ կանգնեցրել էր բախտի դռանը, թե ինքը մնացած ոչ մի բանում մեղավոր չէ, և թե ես ինքս չկարողացա, գուցե և չկամեցա իմ պատիվը պաշտպանել։ Բայց ո՞վ է այստեղ մեղավորը, տե՛ր իմ աստված։ Նա ասում է, թե պարոն Բըկովը բոլորովին արդարացի է, թե հո չի կարելի ամուսնանալ ամեն տեսակ աղջկա հետ, որը․․․ դե ինչ գրեմ։ Անգութ բան է այսպիսի ստություն լսելը, Մակար Ալեքսեևիչ։ Ես չեմ իմանում, թե այժմ ինչ է կատարվում ինձ հետ։ Ես դողում եմ, լաց եմ լինում, հեկեկում, երկու ժամ է, որ այս նամակը գրում եմ ձեզ։ Ես կարծում էի, թե Աննա Ֆյոդորովնան գոնե կհասկանա, թե ինքը մեղավոր է իմ առջև, բայց ահա թե ինչեր է ասում այժմ։ Ի սեր աստծու, մի անհանգստանաք, իմ բարեկամ, իմ միակ բարի կամեցող Ֆեդորան ամեն բան չափազանցնում է, ես հիվանդ չեմ։ Ես միայն մի քիչ մրսել եմ երեկ, երբ գնացել էի Վոլկովո՝ մորս գերեզմանն օրհնել տալու։ Ինչո՞ւ դուք էլ չեկաք ինձ հետ,— այնպե՜ս խնդրել էի, որ գաք։ Ա՜խ, խեղճ իմ մայրիկ, որ վեր կենայիր գերեզմանիցդ, որ իմանայիր, որ լսեիր, թե ինչ արին նրանք ինձ...

Վ. Դ.
Մայիս 20

Իմ աղավնյակ, Վարինկա։

Մի քիչ խաղող եմ ուղարկում ձեզ, հոգյակս, առողջանալու համար այդ, ասում են, լավ է, բժիշկն էլ խորհուրդ է տալիս՝ ծարավը կոտրելու համար, միմիայն ծարավը կոտրելու համար։ Անցյալ անգամ սպիտակ հաց էիք ուզել, ջանիկս, ահա ուղարկում եմ հիմա։ Ախորժակ ունե՞ք, հոգյակս, ահա թե ինչն է գլխավորը։ Ասենք, փառք աստծո, որ ամեն ինչ անցավ և վերջացավ, և մեր դժբախտություններն էլ նույնպես բոլորովին վերջանում են։ Շնորհակալ լինենք երկնքից. իսկ ինչ վերաբերում է գրքերին, առայժմ ոչ մի տեղից չեմ ճարում։ Այստեղ, ասում են, մի լավ գիրք կա․ խիստ բարձր ոճով գրված, ասում են, որ լավն է, ես ինքս չեմ կարդացել, իսկ այստեղ շատ են գովում։ Խնդրեցի, որ տան ինձ կարդալու, խոստացան ուղարկել։ Բայց թե դուք կկարդա՞ք։ Այս տեսակետից դուք քմահաճ եք։ Դժվար է ձեր ճաշակին գոհացում տալ. ես ճանաչում եմ ձեզ, իմ աղավնյակ, ձեզ, անպատճառ բանաստեղծություն է հարկավոր, հառաչանքներ, սեր. դե՜, բանաստեղծություններ էլ կճարեմ, ամեն բան կճարեմ, այնտեղ մի տետրակ կա արտագրած։

Իսկ ես լավ եմ ապրում։ Դուք, ջանիկս, իմ մասին մի անհանգստանաք, խնդրում եմ, իսկ ինչ որ Ֆեդորան դուրս է տվել ձեզ իմ մասին, այդ բոլորը հիմարություն է. ասեք նրան, որ նա սուտ է ասել, անպատճառ ասեք նրան, այդ բամբասասեր կնկան... նոր վիցմունդիրս իսկի էլ չեմ ծախել։ Եվ ինչո՞ւ, ինքներդ դատեցեք, ինչո՞ւ ծախեմ։ Այ, ասում են, քառասուն արծաթ ռուբլի պարգև է դուրս գալիս ինձ համար, ուրեմն ինչո՞ւ պիտի ծախեմ։ Դուք, ջանիկս, մի անհանգստանաք.— նա կասկածոտ կին է, Ֆեդորան եմ ասում, նա կասկածոտ կին է։ Այ թե կապրե՜նք, իմ աղավնյակ։ Միայն թե դուք, հրեշտակիկս, առողջացեք, ի սեր աստծու, առողջացեք, դարդամաշ մի՛ անեք ծերուկիս։ Այդ ո՞վ է ասել ձեզ, թե լղարել եմ։ Զրպարտություն, դարձյալ զրպարտություն, այնպես եմ չաղացել, որ ինքս ինձանից ամաչում եմ. կուշտ և գոհ եմ մինչև բողազս, միայն թե դուք առողջանաք։ Դե՜, մնաք բարով, իմ հրեշտակիկ. համբուրում եմ ձեր բոլոր մատիկները և մնում եմ

Ձեր հավիտենական, անփոփոխ բարեկամ՝

Մակար Դեվուշկին։

Հ. Գ. Ա՜խ, հոգյակս, այդ ի՞նչ է իսկապես, որ դուք սկսել եք նորից գրել ինձ... այդ ինչ խելառություն է, ի՞նչպես կարող եմ գալ ձեզ մոտ այդպես շուտ-շուտ, ջանիկս, ինչպես։ Գուցե թե օգտվելով գիշերային մթությունի՞ց, բայց ահա հիմա գիշերներ էլ համարյա թե չեն լինում. այդպիսի ժամանակ է։ Ես հո, ջանիկս, հրեշտակիկս, համարյա թե չեմ հեռացել ձեզնից ձեր հիվանդության ամբողջ ժամանակ, ձեր ուշագնաց պառկած ժամանակ, բայց այստեղ ինքս էլ արդեն չգիտեմ, թե ինչպես էի այդ բոլոր գործերը կատարում ու հետո էլ չէի գալիս, որովհետև սկսել էին հետաքրքրրվել և հարցուփորձ անել։ Այստեղ արդեն առանց այն էլ ինչ որ բամբասանք է պտտվում։ Ես Թերեզայի վրա հույս ունեմ, նա բերանից բան բաց չի թողնի, բայց և այնպես ինքներդ դատեցեք, ջանիկս, ինչի՞ նման կլինի, որ նրանք ամեն բան իմանան մեր մասին։ Ի՞նչ կկարծեն և ի՞նչ կասեն այն ժամանակ.— Այդպես, ուրեմն, դուք ամուր պահեք ձեր սրտիկը, ջանիկս, և համբերեցեք մինչև առողջանալը, իսկ հետո արդեն այնպես, տանից դուրս, որևէ տեղ ռանդևու կունենանք։

Հունիս 1

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։

Այնպես եմ ուզում ձեզ համար որևէ ցանկալի և հաճելի բան անել, իմ նկատմամբ ձեր թափած բոլոր ջանքերի համար, ձեր դեպի ինձ ունեցած սիրո համար, որ ես վճռեցի, վերջապես, քրքրել իմ կամոդը և գտնել իմ տետրակը, որը և այժմ ուղարկում եմ ձեզ։ Այդ տետրակը ես սկսել եմ գրել դեռևս իմ կյանքի բախտավոր ժամանակ։ Դուք հաճախ հետաքրքրությամբ հարցուփորձ էիք անում ինձ իմ նախկին կյանքի մասին, մայրիկիս մասին, Պակրովսկու մասին, Աննա Ֆյոդորովնայի մոտ իմ գտնվելու մասին և վերջապես, իմ վերջին դժբախտությունների մասին, և այնպես անհամբեր ուզում էիք կարդալ այդ տետրակը, որի մեջ խելքիս փչել էր, աստված գիտե՝ ինչու, գրի առնել կյանքիս մի քանի իրադարձությունները, որ չեմ կասկածում, տետրակս ուղարկելով մեծ հաճույք պիտի պատճառեմ ձեզ։ Իսկ ես, որ նորից կարդացի, մի տեսակ տխրեցի։ Ինձ թվում է, թե կրկնակի ծերացել եմ այն ժամանակից ի վեր, երբ գրել եմ հուշատետրիս մեջ վերջին տողը։ Այդ բոլորը գրել եմ զանազանն ժամանակներում։ Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ։ Ես սարսափելի տխուր եմ այժմ և հաճախ անքնությունը տանջում է ինձ։ Ամենաձանձրալի ապաքինում։

Վ․ Դ․

1

Տասնչորս տարեկան էի, որ հայրիկս մեռավ։ Մանկությունս կյանքիս ամենաերջանիկ ժամանակն էր։ Մանկությունս այստեղ չսկսվեց, այլ այստեղից հեռու, խուլ գավառում։ Հայրիկս իշխան Պ.-ի ահագին կալվածքի կառավարիչն էր Տ.-ի նահանգում։ Մենք ապրում էինք իշխանի գյուղերից մեկում, ապրում էինք խաղաղ, սուսուփուս, բախտավոր... ես անհանգիստ, շարժուն, փոքրիկ աղջիկ էի, բան ու գործս դաշտերում, ծառաստաններում, այգում վազվզելն էր և իմ մասին ոչ ոք էլ չէր հոգում։ Հայրիկս անընդհատ զբաղված էր գործերով, մայրիկս տնտեսությամբ էր զբաղվում, ինձ ոչինչ չէին սովորեցնում, և ես ուրախ էի այդ բանի համար: Կպատահեր՝ ամենավաղ առավոտից կվազեի լճակը կամ անտառ, կամ խոտհարք, կամ հնձվորների մոտ, ու հոգս չէր թե արևն այրում է, թե ինքս էլ չգիտեմ ուր եմ հեռացել գյուղից, թե մացառները ճանկռում են ինձ, պատառոտում շորերս.— տանը հետո հանդիմանում էին, իսկ ես ուշադրություն էլ չէի դարձնում։

Եվ ինձ թվում է, թե շատ երջանիկ կլինեի, եթե վիճակվեր թեկուզ իմ ամբողջ կյանքում չհեռանալ գյուղից և ապրել միևնույն տեղում։ Այնինչ դեռևս երեխա ժամանակս ստիպված եղա թողնել ծննդավայրս։ Ես դեռ տասներկու տարեկան էի, երբ Պետերբուրգ տեղափոխվեցինք։ Ա՜խ, ինչպիսի տխրությամբ եմ հիշում այն րոպեները, երբ մենք պատրաստվում էինք ճամփա ընկնելու։ Ի՜նչպես էի լալիս, երբ հրաժեշտ էի տալիս այն բոլորին, ինչ որ այնքան սիրելի էր ինձ համար։ Հիշում եմ, փաթաթվեցի հայրիկիս վզովը և լալով աղաչում էի, որ գեթ քիչ էլ մնանք գյուղում։ Հայրիկս գոռաց ինձ վրա, մայրիկս լաց էր լինում, ասում էին պետք է, գործերն այդ են պահանջում։ Ծեր իշխան Պ.-ն մեռել էր։ Ժառանգները հայրիկիս արձակել էին պաշտոնից։ Հայրիկս քիչ թե շատ փող ուներ շրջանառության մեջ մասնավոր մարդկանց ձեռքին, Պետերբուրգում։ Հույս ունենալով ուղղել իր հանգամանքները, անհրաժեշտ էր համարել, որ անձամբ ներկա լինի այստեղ։ Այս բոլորը ես հետո իմացա մայրիկից։ Այստեղ մենք բնակություն հաստատեցինք Պետերբուրգսկայա Ստորոնա քաղաքամասում և ապրեցինք մի տեղ մինչև հայրիկիս մահը։

Որքան ծանր էր ինձ համար նոր կյանքին վարժվելը։ Պետերբուրգ մտանք աշնանը։ Գյուղից հեռանալիս օրն այնքան պարզ, տաք, պայծառ էր. գյուղական աշխատանքները վերջանում էին, կալերում արդեն հացի ահագին դեզեր էին դիզված, և թռչունների աղմկարար երամներն էին ամբոխվում. ամեն ինչ այնքա՜ն պարզ էր և ուրախ, իսկ այստեղ քաղաք մտնելիս՝ անձրև, աշնանային խոնավ եղյամ, ամպած երկինք, ցեխ և նոր անծանոթ մարդկանց ամբոխ, անհյուրընկալ, դժգոհ, բարկացկոտ։ Մի կերպ տեղավորվեցինք։ Հիշում եմ՝ ամենքը դես-դեն էին վազում շարունակ, այս ու այն անում, նոր տուն ու տեղ դնում։ Հայրիկս շարունակ տանը չէր, մայրիկս մի րոպե էլ հանգիստ չուներ, ինձ բոլորովին մոռացել էին: Երբ նոր բնակարանում առաջին գիշերն անցկացնելուց հետո առավոտյան վեր կացա — տխուր էի։ Մեր պատուհանները նայում էին ինչ-որ դեղին ցանկապատի։ Փողոցում շարունակ ցեխ էր։ Հատ ու կենտ մարդիկ էին անցնում, ամենքը տաք փաթաթված, մրսում էին։

Իսկ մեր տան մեջ ամբողջ օրերով սարսափելի թախիծ ու ձանձրույթ էր տիրում, հարազատներ և մոտիկ ծանոթներ համարյա չունեինք։ Աննա Ֆյոդորովնայի հետ հայրիկս խռով էր (ինչ որ փող էր պարտ Աննա Ֆյոդորովնային)։ Մեզ մոտ հաճախ մարդիկ էին գալիս գործով։ Սովորաբար վիճում էին, աղմկում, բղավում։ Ամեն անգամ, որ նրանք գնում էին, հայրիկս դժգոհ, բարկացած էր լինում, ամբողջ ժամերով անկյունից անկյուն էր չափում, մռութը հավաքած, և ոչ ոքի ոչ մի խոսք չէր ասում։ Մայրիկս այդ ժամանակ չէր համարձակվում հետը խոսել և լռում էր։ Ես քաշվում էի մի անկյուն, գիրքը ձեռքիս նստում սուսուփուս և չէի համարձակվում շարժվել:

Մեր Պետերբուրգ գալուց երեք ամիս հետո ինձ տվին պանսիոն։ Սկզբում շատ տխուր էի օտար մարդկանց մեջ: Ամեն ինչ այնքան չոր, անդուրեկան էր, դաստիարակչուհիները շարունակ բղավում էին, աշակերտուհիները չարաճճի, իսկ ես՝ քաշվող։ Խիստ կարգապահություն էր տիրում, պատժում էին։ Ամեն ինչ իր ժամին պիտի կատարվեր, ճաշն ընդհանուր էր, ուսուցիչները՝ ձանձրալի, այս բոլորն սկզբում հոգիս մաշում, տանջում էր։ Այնտեղ քնել էլ չէի կարողանում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերը, երկար, ձանձրալի, ցուրտ գիշերը լաց էի լինում։ Պատահում էր, որ երեկոներն ամենքը կրկնում կամ սովորում են դասը, ես ինձ համար նստած սերտում եմ ֆրանսերեն խոսակցությունները կամ ոկաբուլները ու շարունակ մտածում մեր տան մասին, հայրիկիս մասին, մայրիկիս մասին, պառավ դայակիս մասին, նրա պատմած հեքիաթների մասին... ու ի՜նչպիսի թախիծ էր պատում սիրտս։ Տան մեջ եղած ամենաչնչին բանն ինչ է, այդ էլ էի հաճույքով հիշում։ Մտածում էի՝ ինչ լավ կլիներ հիմա տանը լինեի։ Կնստեի մեր փոքրիկ սենյակում, սամովարի մոտ, մերոնց հետ. այնքան տաք կլիներ, լավ, ամեն ինչ ծանոթ։ Մտածում էի, ի՞նչպես կգրկեի հիմա մայրիկիս, ամուր-ամուր, ջերմորեն։ Մտածում էի, մտածում ու կամաց լաց լինում, կրծքումս սեղմելով արցունքները, և միտս չէին գալիս ոկաբուլները։ Վաղվա դասը չէի սովորում, ամբողջ գիշերը երազում և տեսնում էի ուսուցչիս, մադամին, օրիորդներին։ Ամբողջ գիշերը երազում և դաս էի սերտում, իսկ հետևյալ օրը ոչինչ չգիտեի։ Չոքեցնում էին, մի կերակուր էին տալիս։ Այնքան տխուր էի, դարդոտ։ Սկզբում բոլոր օրիորդները ծիծաղում էին ինձ վրա, ջգրացնում, շփոթեցնում, երբ դաս էի ասում, կսմթում էին, երբ շարքերով գնում էինք ճաշի կամ թեյի՝ սուտ-սուտ գանգատվում ինձնից դաստիարակչուհուն։ Բայց դրա փոխարեն ի՞նչպիսի դրախտ էր բացվում ինձ համար, երբ դայակս շաբաթ երեկոներն ինձ տուն տանելու էր գալիս։ Ամուր-ամուր գրկում էի պառավիս խելագար ուրախությամբ։ Հագցնում էր ինձ, փաթաթում, ճամփին հազիվ էր հասնում հետևիցս, իսկ ես շարունակ խոսում էի, հա խոսում, պատմում։ Տուն էի գալիս ուրախ, զվարթ, պինդ գրկում մերոնց, կարծես տասը տարի տեսած չլինեի։ Սկսվում էին հարցուփորձերը, խոսակցությունները, ամենքին բարևում էի, ծիծաղում, հրհռում, վազվզում, թռչկոտում։ Հայրիկիս հետ սկսում էի լուրջ խոսակցություններ՝ գիտությունների մասին, մեր ուսուցիչների մասին, ֆրանսերեն լեզվի մասին, Լոմոնդի քերականության մասին, — և ամենքս այնքա՜ն ուրախ, այնքա՜ն գոհ էինք։ Հիմա էլ ես ուրախությամբ եմ հիշում այդ րոպեները։ Ես ամեն կերպ աշխատում էի սովորել, որ հայրիկս գոհ մնար։ Տեսնում էի, որ նա իր վերջին կոպեկը ծախսում է ինձ վրա, իսկ ինքն, աստված գիտե, թե ինչ նեղություններ էր քաշում։ Օրը-օրին մռայլվում էր, քրթմնջող, բարկացկոտ դառնում, նրա բնավորությունը բոլորովին փչացել էր, գործերը չէին հաջողվում, պարտքերի մեջ խրված էր։ Մայրիկս վախենում էր նույնիսկ լաց լինել, վախենում էր մի խոսք անգամ ասել, որպեսզի չբարկացնի հայրիկիս, հիվանդացավ, շարունակ լղարում էր ու լղարում և սկսեց վատ հազալ։ Պանսիոնից որ գալիս էի, տեսնում էի ամենքի դեմքը տխուր, մայրիկս կամացուկ լաց էր լինում, հայրիկս՝ բարկանում։ Սկսվում էին դժգոհությունները, հանդիմանությունները։ Հայրիկս սկսում էր ասել ինձ, թե ես ոչ մի ուրախություն, ոչ մի մխիթարություն չեմ պատճառում իրեն, թե իրենք իմ պատճառով զրկվում են վերջին ունեցվածքից, իսկ ես մինչև այժմ չեմ խոսում ֆրանսերեն, մի խոսքով՝ բոլոր անհաջողությունների, բոլոր դժբախտությունների, ամեն, ամեն բանի համար կուժն ու կուլեն իմ ու մայրիկիս գլխին էր կոտրվում։ Բայց ի՛նչպես կարելի էր տանջել խեղճ մայրիկիս։ Որ նայում էի նրան, սիրտս կես էր լինում միջից, այտերը կախ էին ընկել, աչքերը խորն ընկել, դեմքը թոքախտավորի գույն էր ստացել։ Ամենից ավելի ինձ էր հասնում։ Միշտ դատարկ բանից էր սկսվում ու հետո, աստված գիտե ուր էր հասնում, շատ անգամ չէի էլ իմանում, թե բանն ինչումն է։ Էլ ինչ ասես չէր ասվում, էլ ինչ հանդիմանություն ասես՝ երեսիս չէր նետվում... Մեջ էր գալիս ֆրանսերենը, հետո՝ թե ես շատ հիմար եմ, թե մեր պանսիոն պահողը ապիկար, հիմար կին է, թե նա մեր բարոյականության մասին չի հոգում, թե ինքը, հայրիկս մինչև այժմ չի կարողանում պաշտոն ճարել իր համար, թե Լոմոնդի քերականությունն անպետք քերականություն է, իսկ Զապոլսկունը ավելի լավ է, թե ինձ վրա շատ փող են ծախսել զուր տեղը. թե ես, ինչպես երևում է, անզգա, քար աղջիկ եմ,— մի խոսքով՝ ես, խեղճս բոլոր ուժովս աշխատում էի սերտել ֆրանսերեն խոսակցություններն ու ոկաբուլները ու միևնույն ժամանակ ամեն բանում ես էի մեղավորը, ամեն բանի համար ես էի պատասխանատուն: Եվ դրա պատճառը բոլորովին այն չէր, թե հայրիկս չէր սիրում ինձ. ինձ ու մայրիկիս համար նա հոգին էլ չէր խնայի։ Բայց այդպես էր, բնավորությունն էր այդպես։

Հոգսերը, դարդերը, անհաջողությունները տանջել, չարչարել էին խեղճ հայրիկիս. ծայր աստիճան կասկածամիտ, մաղձոտ էր դարձրել, հաճախ հուսահատության էր հասնում, սկսել էր ուշադրություն չդարձնել իր առողջության վրա, մրսեց և հիվանդացավ, երկար չտանջվեց և վախճանվեց այնպես հանկարծ, այնպես անակնկալ, որ մենք մի քանի օր ուշքի չէինք գալիս հարվածից։ Մայրիկս մի տեսակ քարացած դրության մեջ էր. ես մինչև անգամ վախենում էի, թե միգուցե խելագարվի։ Հենց որ հայրիկս վախճանվեց, պարտատերերը խմբովին վրա թափվեցին, կարծես գետնից բռնվեցին։ Ինչ ունեինք-չունեինք տվինք։ Պետերբուրգսկայա Ստորոնա քաղաքամասում մեր տնակը, որ հայրիկս գնել էր մեր Պետերբուրգ տեղափոխվելուց կես տարի հետո, նույնպես ծախվեց։ Չեմ իմանում՝ մնացածն ինչպես դրստեցին, բայց մենք ինքներս մնացինք անտուն, անտեղ, անոթի։ Մայրիկս հյուծվում էր հիվանդությունից, ինքներս մեզ կերակրել չէինք կարողանում, ապրուստի միջոց չունեինք, կործանվելու էինք։ Այն ժամանակ ես տասնչորս տարեկան էի։ Ահա այդ ժամանակ էր, որ մեզ այցելեց Աննա Ֆյոդորովնան։ Նա միշտ ասում էր, թե ինքն ինչ-որ կալվածատիրուհի է և մեզ ազգական։ Մայրիկս նույնպես ասում էր, թե նա ազգական է մեզ, միայն շատ հեռու ազգական։ Հայրիկիս կենդանության ժամանակ նա երբեք գնալ-գալ չուներ մեզ մոտ։ Եկավ արտասուքն աչքերին, ասաց, թե շատ է կարեկցում մեզ, ցավ հայտնեց մեր կորստի համար, մեր դժբախտ վիճակի համար, ավելացրեց, թե հայրիկս ինքն էր մեղավոր, թե նա իր ունեցածի համեմատ չէր ապրում, ոտը հեռու էր ձգում և թե չափազանց մեծ հույսեր էր դնում իր ուժերի վրա։ Ցանկություն հայտնեց մոտիկ հարաբերություն հաստատել մեզ հետ, առաջարկեց մոռանալ փոխադարձ անհարմարությունները, իսկ երբ մայրիկս ասաց, թե երբեք թշնամություն չի տածել դեպի նա, արտասվեց, մայրիկիս եկեղեցի տարավ և ժամ ու պատարագ անել տվեց հայրիկիս հոգու համար։ Սրանից հետո հանդիսավորապես հաշտվեց մայրիկիս հետ։

Երկար ներածություններից և նախապատրաստումներից հետո Աննա Ֆյոդորովնան, վառ գույներով նկարագրելով մեր աղետալի դրությունը, որբությունը, անհուսությունը, անօգնականությունը, հրավիրեց մեզ, ինչպես ինքն արտահայտվեց, իր մոտ ապաստանելու։ Մայրիկս շնորհակալություն հայտնեց, բայց որովհետև ուրիշ հնար չկար, ուստի, վերջապես, հայտարարեց Աննա Ֆյոդորովնային, որ իր առաջարկն ընդունում ենք շնորհակալությամբ։ Այսօրվա պես հիշում եմ այն առավոտը, երբ մենք Պետերբուրգսկայա Ստորոնա քաղաքամասից տեղափոխվեցինք Վասիլևսկի Օստրով։ Առավոտը աշնանային էր, պարզ, չոր, ցուրտ։ Մայրիկս լաց էր լինում, ես սաստիկ տխուր էի, կուրծքս պատռվում էր, հոգիս քամվում էր ինչ-որ անբացատրելի, սարսափելի թախիծից։ Ծանր էր ժամանակը ․․․

2

Սկզբում մենք, այսինքն՝ ես ու մայրիկս, քանի դեռ չէինք ընտելացել մեր նոր բնակարանին, մի տեսակ անհարմար էինք զգում մեզ Աննա Ֆյոդորովնայի մոտ։ Աննա Ֆյոդորովնան ապրում էր սեփական տանը, վեցերորդ գծում։ Տան մեջ կար ընդամենը հինգ մաքուր սենյակ։ Նրանցից երեքում ապրում էր ինքը՝ Աննա Ֆյոդորովնան և քեռուս աղջիկը՝ Սաշան, որը դաստիարակվում էր նրա մոտ. նա որբ էր, առանց հոր ու մոր և դեռ երեխա։ Հետո մի սենյակում մենք էինք ապրում և վերջապես վերջին սենյակում մեր կողքին տեղավորված էր մի աղքատ ուսանող Պակրովսկի ազգանունով, Աննա Ֆյոդորովնայի կենողը։ Աննա Ֆյոդորովնան ապրում էր շատ լավ և ավելի հարուստ, քան կարելի էր ենթադրել. բայց նրա կարողությունն խորհրդավոր էր, ինչպես և նրա զբաղմունքը։ Նա միշտ ինչ-որ բանի վրա էր, միշտ զբաղված, օրը միքանի անգամ դուրս էր գնում, բայց թե ինչ էր անում, ինչի մասին էր հոգում և ինչու համար էր հոգում, այս ես ոչ մի կերպ չկարողացա իմանալ։ Մեծ և բազմազան ծանոթություններ ուներ նա։ Շարունակ հյուրեր էին գալիս նրա մոտ, աստված գիտե, ինչպիսի մարդիկ, միշտ ինչ-որ գործերով և մի րոպեով։ Դռան զանգակը զրնգում էր թե չէ, մայրիկս միշտ ներս էր տանում ինձ մեր սենյակը։ Աննա Ֆյոդորովնան այս բանի համար սաստիկ նեղանում էր մայրիկիցս և անդադար պնդում էր, թե մենք արդեն չափազանց հպարտ ենք, աղքատ ու հպարտ, և ամբողջ ժամերով չէր լռում։ Այն ժամանակ ես չէի հասկանում, թե խոսքը ինչ հպարտության մասին էր, նմանապես ես այժմ եմ միայն իմանում կամ գոնե գուշակում, թե ինչու մայրիկս չէր վստահում ապրել Աննա Ֆյոդորովնայի մոտ. նա շարունակ տանջում էր մեզ։ Մինչև այժմ ինձ համար գաղտնիք է, թե ինչու նա հրավիրում էր մեզ իր մոտ։ Սկզբում բավական սիրալիր էր մեզ հետ, բայց հետո արդեն բոլորովին ցույց տվեց իր իսկական բնավորությունը, երբ տեսավ, որ մենք կատարելապես անօգնական ենք և գնալու տեղ չունենք։ Հետագայում ինձ հետ շատ սիրալիր դարձավ, նույնիսկ քծնանքի հասնող մի տեսակ կոպիտ սիրալիր, բայց սկզբում նրանից ինձ էլ էր հասնում մայրիկիս հետ մեկտեղ։ Րոպե առ րոպե հանդիմանում էր մեզ, շարունակ երեսներովս տալիս իր բարերարությունները։ Օտար մարդկանց մեզ ներկայացնում էր իբրև իր աղքատ-անօգնական ազգականներ, մայրիկիս՝ իբրև այրի կնոջ, ինձ՝ իբրև որբի, որոնց ինքը քրիստոնեական սիրուց դրդված ապաստան է տվել իր մոտ։ Ճաշի նստած ժամանակ մեր վերցրած ամեն մի կտորին հետևում էր աչքերով, իսկ եթե չէինք ուտում, նորից սկսվում էր հին պատմությունը, թե մենք լայեղ չենք անում, թե պետք է ներեք, իր ունեցածն այդ է, թե ի՛նչ անենք, որ մենք դրանից ավելի լա՞վ բաներ ենք կերել: Հայրիկիս մասին շարունակ վատ էր խոսում, ասում էր, թե ուզում էր ամենքից լավ լինել, բայց վատ դուրս եկավ, թե՛ կնոջն ու աղջկան դառ ու դատարկ թողեց և թե՛ իր պես բարերար, քրիստոնեական հոգու տեր, կարեկից ազգականուհի որ չգտնվեր, աստված գիտե, գուցե թե նրանք սովամահ լինեին փողոցի մեջ։ Էլ ինչ ու ինչ չէր ասում նա։ Այնքան դառը չէր, որքան զզվելի նրան լսելը։ Մայրիկս շարունակ լաց էր լինում. նրա առողջությունն օրը-օրին վատանում էր, նա նկատելի կերպով հյուծվում էր, մինչդեռ ես ու նա առավոտվանից մինչև կես գիշեր աշխատում էինք, կար էինք ճարում՝ կարում, ինչ-որ շատ էլ դուր չէր գալիս Աննա Ֆյոդորովնային. նա շարունակ ասում էր, թե իր տունը նորաձևության արհեստանոց չէ։ Բայց պետք էր հագնվել, պետք էր փող հետ գցել անակնունելի ծախքերի համար, պետք էր, որ անպատճառ փող ունենայինք մեզ համար։ Մենք համենայն դեպս փող էինք հետ գցում, հույս ունեինք, թե կարելի կլինի ժամանակին տեղափոխվել որևէ տեղ։ Բայց մայրիկս իր վերջին առողջությունն էլ կորցրեց աշխատանքի վրա. նա օր-օրին ուժասպառ էր լինում։ Հիվանդությունը ցեցի նման կրծում էր նրա կյանքը և մոտեցնում գերեզմանին։ Ես ամեն բան տեսնում էի, ամեն բան զգում, ամեն բան սրտիս առնում. այս բոլորն իմ աչքի առաջ կատարվեց։

Օրերն անցնում էին օրերի ետևից և ամեն մի օր նման էր նախորդ օրվան։ Մենք ապրում էինք սուսուփուս, կարծես քաղաքում չէինք ապրում։ Աննա Ֆյոդորովնան քիչ-քիչ հանգստանում էր, երբ սկսել էր կատարելապես գիտակցել իր տիրապետությունը։ Ասենք՝ երբեք ոչ ոք չէր էլ մտածում նրան նախատել։ Մեր սենյակը բաժանված էր նրա սենյակներից միջանցքով, իսկ մեր կողքին, ինչպես արդեն հիշել եմ, ապրում էր Պակրովսկին։ Նա սովորեցնում էր Սաշային ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ, պատմություն, աշխարհագրություն — բոլոր գիտությունները, ինչպես ասում էր Աննա Ֆյոդորովնան, և դրա համար սենյակ ու ճաշ էր ստանում։ Սաշան շատ ուշիմ աղջիկ էր, թեև թռչկոտուն ու չարաճճի. նա այն ժամանակ տասներեք տարեկան էր։ Աննա Ֆյոդորովնան նկատեց մայրիկիս, թե վատ չէր լինի, որ ես էլ սկսեի սովորել, քանի որ պանսիոնում ուսումս կիսատ էի թողել։ Մայրիկս ուրախությամբ համաձայնեց, և ես մի ամբողջ տարի սովորում էի Պակրովսկու մոտ Սաշայի հետ միասին։ Պակրովսկին աղքատ, շատ աղքատ երիտասարդ էր, առողջությունը նրան թույլ չէր տալիս շարունակ ուսման գնալու և նրան հենց այնպես, սովորության համար էին միայն ուսանող անվանում մեր տանը։ Ապրում էր նա համեստ, հեզ, սուսուփուս, այնպես որ նրա սենյակից ձայն ծպտուն չէինք լսում։ Արտաքուստ այնքան տարօրինակ էր, այնքան անշնորհք էր ման գալիս, բարևում, այնքան մազալու էր խոսում, սկզբում առանց ծիծաղելու չէի կարողանում նայել նրան։ Սաշան անդադար չարաճճիություններ էր անում նրա մոտ, մանավանդ երբ նա դաս էր տալիս մեզ։ Իսկ նա, պետք է այս էլ ասեմ, դյուրագրգիռ բնավորություն ուներ, անդադար բարկանում էր, ամեն մի չնչին բանի համար իրենից դուրս գալիս, գոռում մեզ վրա, գանգատվում մեզնից և հաճախ առանց դասը վերջացնելու, բարկացած թողնում, հեռանում էր իր սենյակից։ Իսկ իր սենյակում ամբողջ օրերով նստած գրքեր էր կարդում։ Շատ գիրք ուներ և բոլորը թանկ, հազվագյուտ գրքեր։ Նա ուրիշ միքանի տեղ էլ դաս էր տալիս, քիչ թե շատ վճար էր ստանում, այնպես որ ձեռքը փող էր ընկնում թե չէ, իսկույն գնում էր՝ գրքի տալիս։

Հետագայում ես ավելի լավ, ավելի մոտիկից ճանաչեցի նրան։ Նա շատ բարի, շատ արժանավոր մարդ էր, ամենալավն այն բոլոր մարդկանցից, որոնց ինձ հաջողվել էր հանդիպել։ Մայրիկս խիստ հարգում էր նրան։ Հետագայում նա էլ իմ լավագույն բարեկամն էր,— իհարկե, մայրիկիցս հետո։

Սկզբում ես, որ այնքան մեծ աղջիկ էի, Սաշայի հետ միասին չարություն էի անում, և մենք երբեմն ամբողջ ժամերով գլուխ էինք պատռում, թե ինչպես անեինք, որ ջգրացնեինք, համբերությունից հանեինք նրան։ Նա բարկանում էր շատ ծիծաղելի կերպով, իսկ այդ չափազանց զվարճացնում էր մեզ (ես նույնիսկ ամաչում եմ հիշել այս)։ Մի անգսրմ մի ինչ-որ բանով բարկացրինք նրան, որ քիչ մնաց լաց լիներ, և որ ես պարզ կերպով լսեցի, թե ինչպես նա շշնջաց՝ «չար երեխեք»։ Ես հանկարծ շփոթվեցի, հա՛մ ամաչեցի, հա՛մ դառնացա, հա՛մ մեղքս եկավ։ Հիշում եմ՝ մինչև ականջներս կարմրեցի և համարյա թե արտասվախառն աչքերով սկսեցի խնդրել, որ հանգստանա և չնեղանա մեր հիմար չարաճճիություններից, բայց նա գիրքը ծածկեց, դասը կիսատ թողեց և գնաց իր սենյակը։ Ես ամբողջ օրն ինձ ուտում էի զղջումից։ Այն միտքը՝ թե մենք՝ երեխաներս, մեր անգթություններով համարյա թե լացացրինք նրան, անտանելի էր ինձ համար։ Ուրեմն մենք սպասում էինք, որ նա լաց լինի։ Ուրեմն մենք այդ էինք ուզում, ուրեմն մենք կարողացանք հանել նրան համբերությունից. ուրեմն մենք զոռով ստիպեցինք նրան, այդ դժբախտ, խեղճ երիտասարդին, հիշել իր անագորույն վիճակի մասին։ Ես ամբողջ գիշերը չքնեցի զայրույթից, խղճահարությունից, զղջումից։ Ասում են, թե զղջումը թեթևացնում է հոգին, ընդհակառակը։ Չգիտեմ՝ վշտիս ինչպես միացավ և ինքնասիրությունը։ Չէի ուզում, որ նա ինձ երեխայի տեղ դներ։

Այդ ժամանակ ես արդեն տասնհինգ տարեկան էի։ Այդ օրվանից ես սկսեցի տանջել իմ երևակայությունը, հազարավոր ծրագիրներ կազմելով, թե ինչպես Պակրովսկուն հանկարծ ստիպեմ, որ փոխի իր կարծիքն իմ մասին։ Բայց երբեմն ես քաշվող և ամաչկոտ էի լինում. իմ ներկա դրության մեջ ոչ մի բան չէի կարող վճռել և բավականանում էի միմիայն ցնորքներով (և աստված գիտե, ինչպիսի ցնորքներով): Ես դադարեցի միայն չարություն անել Սաշայի հետ։ Պակրովսկին այլևս չէր բարկանում մեզ վրա, բայց ինքնասիրությանս համար այդ քիչ էր։

Այժմ մի քանի խոսք կասեմ ամենատարօրինակ, ամենահետաքրքրական և ամենախղճուկ մի մարդու մասին, որի նմանը չեմ տեսել ոչ մի տեղ։ Այդ մարդու մասին նրա համար եմ ասում այժմ, հուշերիս հենց այս տեղում, որովհետև մինչև այս ժամանակ ես համարյա թե ոչ մի ուշադրություն չէի դարձնում նրա վրա, այնքան էր Պակրովսկուն վերաբերող ամեն բան հանկարծ մտահոգիչ դարձել ինձ համար։

Երբեմն մեր տունն էր գալիս մի ծերուկ, կեղտոտ, վատ հագնված, փոքրիկ, սպիտակահեր, կուզիկ, անշնորհք, մի խոսքով՝ այնքան տարօրինակ, որ չի ասվի։ Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե ամաչում է ինչ-որ բանից, քաշվում է ինքն իրենից։ Դրա համար միշտ մի տեսակ կուչ էր գալիս, մի տեսակ ծռմռվում, այնպիսի շարժումներ էր անում, այնպիսի ծամածռություններ, որ համարյա թե առանց սխալվելու կարելի էր եզրակացնել, թե խելքը տեղը չէ։ Կգար երբեմն մեզ մոտ, կկանգներ դուրսը՝ ապակևոր դռների մոտ և չէր համարձակվի տուն մտնել։ Մեզնից ով մոտից կանցներ,— ես կամ Սաշան, կամ ծառաներից որևէ մեկը, որին գիտեր, որ իրեն բարի աչքով է նայում,— իսկույն ձեռքով կաներ, կկանչեր իր մոտ, զանազան նշաններ կաներ և այն հետո միայն, երբ գլխով կանեիր և կկանչեիր (սա պայմանական նշան էր, թե տանը ոչ մի կողմնակի մարդ չկա և թե կարող է մտնել, երբ կամենա), միայն այդ ժամանակ ծերունին կամացուկ բաց կաներ դուռը, ուրախ կժպտար, ձեռքերը կշփեր գոհունակությունից — և ոտների ծայրերի վրա ուղղակի կդիմեր դեպի Պակրովսկու սենյակը։ Դա նրա հայրն էր։

Հետագայում ես մանրամասնորեն իմացա այդ խեղճ ծերունու ամբողջ պատմությունը։ Մի ժամանակ ինչ-որ մի տեղ ծառայելիս է եղել, ոչ մի ընդունակություն չի ունեցել և ամենավերջին, ամենաաննշան տեղն է եղել գրաված ծառայության մեջ։ Առաջին կնոջ Պակրովսկու մոր մահից հետո խելքին փչել է նոր կին առնել և ամուսնացել է մի քաղքենի կնոջ վրա։ Նոր կնկա օրով տանն ամեն ինչ տակնուվրա է եղել, ամենքի հոգին հանելիս է եղել, ամենքին իր ձեռքն է հավաքել։ Ուսանող Պակրովսկին այն ժամանակ դեռ երեխա է եղել, տասը տարեկան։ Խորթ մայրն ատելիս է եղել նրան։ Բայց փոքրիկ Պակրովսկու բախտը բանել է։ Կալվածատեր Բըկովը, որ չինովնիկ Պակրովսկուն ճանաչելիս և երբեմն նրա բարերարն է եղել, երեխային ընդունել է իր հովանավորության տակ և տեղավորել ինչ-որ մի դպրոցում։ Իսկ նրանով հետաքրքրվելիս է եղել այն պատճառով, որ ճանաչելիս է եղել նրա հանգուցյալ մորը, որը դեռևս աղջիկ ժամանակ բավարարված է եղել Աննա Ֆյոդորովնայից և կնության է եղել տրված չինովնիկ Պակրովսկուն։ Պարոն Բըկովը, Աննա Ֆյոդորովնայի բարեկամն ու մոտիկ ծանոթը, մեծահոգությունից դրդված, նորահարսին տվել է հինգ հազար ռուբլի օժիտ։ Ուր են գնացել այդ փողերը, հայտնի չէ։ Այսպես էր պատմել ինձ այս բոլորը Աննա Ֆյոդորովնան, իսկ ինքն ուսանող Պակրովսկին երբեք չէր սիրում խոսել իր ընտանեկան պայմանների մասին։ Ասում են, որ նրա մայրը շատ գեղեցիկ է եղել, և ինձ տարօրինակ է թվում, թե ինչու նա այդքան անհաջող ամուսին է առել, այդքան աննշան մարդ... նա մեռել է դեռևս ջահել հասակում, ամուսնությունից չորս տարի հետո։

Դպրոցից երիտասարդ Պակրովսկին մտել է մի ինչ-որ գիմնազիա և ապա՝ համալսարան։ Պարոն Որկովր, որ շատ հաճախ գալիս է եղել Պետերբուրգ, այստեղ էլ նրան հովանավորելիս է եղել։ Առողջությունը խանգարված լինելու պատճառով Պակրովսկին չի կարողացել շարունակել իր ուսումը համալսարանում։ Պարոն Բըկովը ծանոթացրել է նրան Աննա Ֆյոդորովնայի հետ, ինքն է հանձնարարել նրան, և այսպիսով երիտասարդ Պակրովսկին ընդունվել է Աննա Ֆյոդորովնայի մոտ հացափոր, այն պայմանով, որ Սաշային սովորեցնի՝ ինչ-որ հարկավոր կլինի։

Իսկ ծերունի Պակրովսկին, կնոջ անգթություններից դարդահալ եղած, անձնատուր է լինում ամենավատ արատի և գրեթե միշտ հարբած է լինում։ Կինը երբեմն նրան խոհանոցն է վռնդում, որ այնտեղ ապրի, և բանը հասցնում է այնտեղ, որ նա վերջապես սովորում է ծեծին ու իր հետ վատ վարվելուն և չի գանգատվում։ Նա դեռևս շատ էլ ծեր մարդ չէր, բայց վատ հակումներից համարյա թե խելքը կորցրել էր։ Իսկ մարդկային ազնիվ զգացումների միակ նշանը նրա մեջ անսահման սերն էր դեպի որդին։ Ասում էին, թե երիտասարդ Պակրովսկին նման էր իր հանգուցյալ մորը, ինչպես խնձորը կիսես։ Իր նախկին բարի կնոջ մասին ունեցած հիշողություններից չէ՞ր արդյոք, որ այդպիսի անսահման սեր էր ծագել կորած ծերունու սրտում դեպի որդին։ Ծերունին ուրիշ ոչ մի բանի մասին խոսել էլ չգիտեր, եթե ոչ միայն որդու մասին և շարունակ շաբաթը երկու անգամ այցելում էր նրան։ Իսկ ավելի հաճախ այցելել չէր համարձակվում, որովհետև երիտասարդ Պակրովսկին տանել չէր կարողանում հոր այցելությունները։ Նրա պակասություններից, անկասկած, առաջինը և կարևորագույնն այն էր, որ չէր հարգում հորը։ Ասենք հայրն էլ չափազանց անտանելի արարած էր։ Նախ՝ սարսափելի հետաքրքրվող էր, երկրորդ ամենադատարկ և հիմար խոսակցություններով ու հարցուփորձերով րոպե առ րոպե խանգարում էր որդուն պարապելու և վերջապես՝ երբեմն գալիս էր հարբած դրությամբ։ Որդին քիչ-քիչ մոռացնել էր տալիս ծերունուն իր արատները, ամեն բանով հետաքրքրվելու և տակից գլխից դուրս տալու սովորությունը և վերջապես բանը հասցրեց այնտեղ, որ հայրը լսում էր նրան ամեն բանում՝ ինչպես պատգամախոսի և բերան բանալ չէր համարձակվում առանց նրա թույլտվության։

Խեղճ ծերունին հրճվում, ուրախանում էր, որ նայում էր իր Պետինկին (այսպես էր անվանում որդուն)։ Նրա մոտ հյուր գալիս գրեթե միշտ մի տեսակ մտահոգ, վախկոտ տեսք էր ունենում, երևի այն պատճառով, որ չգիտեր, թե որդին ինչպես կընդունի իրեն, սովորաբար երկար ժամանակ չէր վստահում մտնել, և եթե պատահում էր, որ ես այդտեղ էի լինում, մի քսան րոպեի չափ հարցուփորձ էր անում՝ ի՞նչպես է Պետինկան, առո՞ղջ է, տրամադրությունն ի՞նչպես է և որևէ կարևոր գործով չի՞ զբաղված արդյոք, ինչո՞վ է զբաղվում, գրո՞ւմ է, կարդո՞ւմ է, թե որևէ մտածողություններով է զբաղված։ Երբ բավականաչափ խրախուսում և հանգստացնում էի, ծերունին, վերջապես, վստահանում էր մտնել և կամաց-կամաց, զգույշ-զգույշ բաց էր անում դուռը, նախ գլուխն էր ներս կոխում ու թե որ տեսնում էր, որ որդին չի բարկանում ու գլխով նշան է անում, կամացուկ մտնում էր սենյակը, հանում վերարկուն, գլխարկը, որը միշտ ճխլտված էր լինում, ծակ, պոկված եզրերով,— կախում էր կեռի վրա, ամեն ինչ անում էր կամացուկ, անլռելի, հետո զգուշորեն նստում էր աթոռի վրա և աչքերը չէր հեռացնում որդուց, որսում էր նրա բոլոր շարժումները, որ իմանա իր Պետինկի տրամադրությունը։ Եթե որդին մի քիչ քեֆին չէր լինում, և ծերունին նկատում էր այդ, իսկույն վեր էր կենում տեղից և բացատրում, թե «Պետինկա, մի րոպեով եմ եկել, հեռու տեղ էի գնացել, անցնում էի այս կողմով, մտա, որ հանգստանամ»։ Ու հետո սուսուփուս, հնազանդ վերցնում էր վերարկուն, գլխարկը, նորից կամացուկ դուռը բաց անում ու գնում, զոռով ժպտալով, որպեսզի սրտի մեջ պահի իր վիշտը և ցույց չտա որդուն։

Բայց եթե որդին լավ էր ընդունում հորը, ծերուհին չէր իմանում՝ ինչ անի ուրախությունից։ Գոհունակությունը երևում էր նրա դեմքին, շարժումների մեջ։ Եթե որդին խոսում էր նրա հետ, ծերունին միշտ մի քիչ բարձրանում էր աթոռից և պատասխանում կամաց, պատկառանքով, գրեթե երկյուղածությամբ և միշտ աշխատելով գործածել ամենաընտիր, այսինքն ամենածիծաղելի խոսքեր։ Բայց խոսքի վարպետությունը պետությունը չէր հաջողվում նրան, միշտ շփոթվում էր, լեզուն խառնում այնպես, որ չէր իմանում՝ ինչ անի, ուր պահի ձեռքերը և հետո դեռ երկար ժամանակ ինքն իրեն շշնջում էր պատասխանը, որպես թե ուզելով ուղղել ասածը։ Իսկ եթե աջողվում էր լավ պատասխանել, ծերունին կուրծքը դուրս էր ցցում, ուղղում էր ժիլետը, փողկապը, ֆրակը և իր արժանապատվությունը հասկացող մարդու տեսք էր ընդունում։ Երբեմն էլ այնպես էր խրախուսվում, այն աստիճանի հասցնում իր համարձակությունը, որ կամացուկ վեր էր կենում աթոռից, մոտենում գրքերի դարակին, որևէ գիրք վերցնում և մինչև անգամ հենց այդտեղ էլ կարդում էր, ինչ գիրք էլ որ լիներ։ Այս բոլորն անում էր կեղծ անտարբերությամբ և սառնասրտությամբ, կարծես միշտ էլ կարող էր այդպես, ինչ ուզենար՝ անել որդու գրքերը, կարծես շատ էլ չի զարմանում որդու բարեհաճության վրա։ Բայց մի անգամ ինձ պատահեց տեսնել, թե ինչպես վախեցավ խեղճը, երբ Պակրովսկին խնդրեց նրան, որ գրքերին ձեռք չտա։ Նա շփոթվեց, շտապեց, գիրքը տեղը դրեց գլխիվայր։ Հետո ուզեց ուղղել, շուռ տվավ և դրեց բերանը դեպի դուրս, ժպտաց, կարմրեց ու չէր իմանում՝ ինչպես քավի իր ոճիրը։ Պակրովսկին իր խորհուրդներով քիչ-քիչ մոռացնել էր տալիս ծերանուն իր վատ հակումները և հենց որ երեք անգամ իրար հետևից հարբած չէր տեսնում նրան, քսանհինգ կոպեկանոց կամ ավելի փող էր տալիս հեռանալիս։ Երբեմն կոշիկ, փողկապ կամ ժիլետ էր առնում նրա համար։ Ծերունին էլ իր նոր հագուստով հպարտանում էր աքլորի պես։ Երբեմն մտնում էր մեզ մոտ։ Ինձ ու Սաշայի համար քաղցր խմորեղենի աքլորներ, խնձորներ էր բերում և շարունակ խոսում էր մեզ հետ Պետինկի մասին։ Խնդրում էր մեզ, որ ուշադիր սովորենք, լսենք, ասում էր, որ Պետինկան բարի որդի է, օրինակելի որդի, և բացի այդ՝ ուսումնական որդի։ Այստեղ, երբեմն, աչքով էր անում մեզ, այնպես մազալու կերպով ծռմռվում, որ ծիծաղներս չէինք կարողանում զսպել և ծիծաղից թուլանում էինք։ Մայրիկս շատ էր սիրում նրան։ Բայց ծերունին ատում էր Աննա Ֆյոդորովնային, թեև նրա առջև հեզ ու խոնարհ էր գառան պես։ Շուտով այլևս չէի սովորում Պակրովսկու մոտ։ Նա ինձ առաջվա պես երեխա էր համարում, թեթևսոլիկ աղջիկ, Սաշային հավասար։ Իմ ջիգրը շատ էր գալիս այդ բանից, որովհետև ես ամեն կերպ աշխատում էի ուղղեմ իմ նախկին վարմունքը։ Բայց այդ չէր տեսնում։ Այս ավելի ու ավելի էր գրգռում ինձ։ Ես գրեթե երբեք չէի խոսում Պակրովսկու հետ դասերից դուրս, չէի էլ կարողանում խոսել։ Կարմրում էի, շփոթվում ու հետո քաշվում էի մի անկյուն ու լալիս զայրույթից։

Չգիտեմ՝ ինչով պիտի վերջանար այս բոլորը, եթե մեր մերձեցմանը չնպաստեր մի տարօրինակ հանգամանք։ Մի երեկո, երբ մայրիկս Աննա Ֆյոդորովնայի մոտ էր, ես կամացուկ մտա Պակրովսկու սենյակը։ Գիտեի, որ տանը չէ և, հավատացեք, չգիտեմ ինչու խելքիս փչել էր, որ մտնեմ նրա մոտ։ Մինչև այդ ես երբեք ներս էլ չէի նայել նրա սենյակը, թեև արդեն մի տարուց ավելի էր, որ ապրում էինք իրար կողքի։ Այս անգամ սիրտս այնքան արագ էր խփում, այնքան ուժգին, որ թվում էր, թե ուզում էր դուրս թռչել կրրծքիցս։ Նայեցի շուրջս մի տեսակ առանձին հետաքրքրությամբ։ Պակրովսկու սենյակը կահավորված էր շատ աղքատ, շատ էլ կարգին չէր։ Պատերին հինգ երկար դարակ էր խփած, դարակների վրա՝ գրքեր։ Սեղանի և աթոռների վրա թղթեր էին դրված։ Գրքեր և թղթեր։ Գլխումս մի տարօրինակ միտք ծագեց և միևնույն ժամանակ զայրույթի ինչ-որ անհաճո մի զգացում պաշարեց ինձ։ Ինձ թվաց, թե իմ բարեկամությունը, իմ սիրող սիրտը քիչ էր նրա համար։ Նա ուսում ուներ, իսկ ես հիմար էի և ոչինչ չգիտեի, ոչինչ չէի կարդացել, ո՛չ, ո՛չ մի գիրք... Այստեղ նախանձով նայեցի երկար դարակներին, որոնք տնքում էին գրքերի ծանրության տակ։ Զայրույթ, թախիծ, ինչ-որ կատաղություն տիրապետեց ինձ։ Սիրտս տվեց և հենց իսկույն էլ վճռեցի կարդալ նրա գրքերը, բոլորը, բոլորը և որքան կարելի է՝ շուտ։ Չգիաեմ, գուցե կարծում էի, որ եթե սովորեմ այն բոլորը, ինչ որ նա գիտեր, արժանի կլինեի նրա բարեկամությանը։ Վրա ընկա առաջին դարակին, առանց մտածելու, առանց կանգ առնելու վերցրի առաջին պատահած փոշոտ մի հին հատոր և, հուզումից ու վախից կարմրելով, դեղնելով ու զողալով, տարա ինձ հետ գողացած գիրքը՝ վճռելով կարդալ գիշերը, փոքրիկ ճրագի լույսով, երբ մայրիկս կքներ։

Բայց որքան ջիգրս եկավ, երբ մեր սենյակը գալով, շտապով բաց արի գիրքը և տեսա ինչ-որ հին, կես փտած, ցեցակեր լատիներեն մի շարադրություն։ Ետ դարձա՝ առանց ժամանակ կորցնելու։ Հենց ուզում էի գիրքը դարակի վրա դնել, նախասենյակից ինչ-որ քայլերի ձայն լսվեց։ Շտապեցի, բայց անպիտան գիրքն այնպես պինդ էր խցկված շարքի մեջ, որ երբ հանել էի այդ մեկը, մյուսները բռնել էին նրա տեղը և այնպես կպել իրար, որ իրենց նախկին ընկերոջ համար այժմ տեղ չէին թողել այլևս։ Ուժ չունեի գիրքը ներս խցկելու։ Բայց և այնպես, որքան կարողացա, գրքերն ուժգին կերպով մի կողմ հրեցի։ Ժանգոտած մեխը, որի վրա ամրացրած էր դարակը և որը կարծես դիտմամբ այդ րոպեին էր սպասում, որ կոտրվի, կոտրվեց։ Դարակը մի ծայրով թռավ ներքև։ Գրքերն աղմուկով թափվեցին հատակի վրա։ Դուռը բացվեց, և Պակրովսկին ներս մտավ։

Պետք է նկատեմ, որ նա տանել չէր կարողանում, երբ որևէ մեկն իր սենյակում մի բան վերցնում, ուրիշ տեղ էր դնում։ Վայ նրան, ով նրա գրքերին ձեռք կտար։ Ուրեմն երևակայեցեք, սարսափս, երբ փոքրիկ, մեծ, ամեն ծավալի, ամեն տեսակ մեծության ու հաստության գրքերը շառաչյունով թափվեցին դարակից և գլորվելով՝ ցաք ու ցրիվ եկան սեղանի տակ, աթոռների տակ, ամբողջ սենյակում։ Ուզում էի փախչել, բայց ուշ էր։— Վերջացավ, ասում եմ ինքս ինձ, վերջացավ։ Կորա, կործանվեցի։ Չարություն եմ անում տասը տարեկան երեխայի պես. հիմար աղջիկ եմ, շատ հիմար։— Պակրովսկին սաստիկ բարկացավ։— Ըհը՞, այդ էր պակաս,— բղավեց նա։ — «Դե, ամոթ չի՞, որ այդսլիսի չարություն եք անում...։ Երբ պիտի խելքի գաք», ու ինքը վրա ընկավ, որ գրքերը հավաքի։ Կռացա, որ օգնեմ։ — «Հարկավոր չէ, հարկավոր չէ,— բղավեց նա։— Լավն այն կլիներ, որ չմտնեիք այնտեղ, ուր ձեզ չեն հրավիրել»։ Բայց մի քիչ մեղմացած իմ հնազանդ շարժումից, նա շարունակեց արդեն հանգիստ կերպով իր առաջվա խրատական տոնով, օգտվելով ուսուցչի իր առաջվա իրավունքից։ — Դե ե՞րբ կզգաստանաք, ե՞րբ կուշիմանաք։ Մեկ նայեցեք ձեզ, չէ՞ որ էլ երեխա չեք, փոքր աղջիկ չեք, արդեն տասնհինգ տարեկան եք, չէ՞»։ Եվ այստեղ, երևի ուղեղով ստուգեք, թե ճի՞շտ է, որ ես արդեն փոքր չեմ, նայեց ինձ և կարմրեց մինչև ականջները։ Ես չէի հասկանում. կանգնած էի նրա առջև ու նայում էի զարմանքից ապուշ կտրած։ Վեր կացավ, ամոթխած մոտեցավ ինձ, սաստիկ շփոթվեց, ինչ-որ ասաց, կարծեմ ներողություն էր խնդրում ինչ-որ բանի համար, թերևս, այն բանի համար, որ այժմ էր նկատել, թե ես այսքան մեծ աղջիկ եմ։

Վերջապես հասկացա։ Ու չեմ հիշում՝ ինչ պատահեց ինձ. շփոթվեցի, կորցրի ինքս ինձ, Պակրովսկուց էլ ավելի կարմրատակեցի, դեմքս ծածկեցի ձեռքերովս ու դուրս փախա սենյակից։

Չէի իմանում՝ ինչ անեի, ուր կորչեի ամոթից։ Հենց միայն այն պատճառով, որ նա ինձ վրա էր հասել իր սենյակում, ամբողջ երեք օր չէի կարողանում նայել նրան։ Կարմրում էի արտասվելու չափ։ Ամենատարօրինակ, ամենածիծաղելի մտքեր էին պտտվում գլխումս։ Այդ մտքերից մեկն այն էր, որ ուզում էի գնալ նրա մոտ, պարզ խոսել նրա հետ, խոստովանել նրան ամեն բան, անկեղծորեն պատմել ամեն ինչ և հավատացնել, որ ես հիմար աղջկա պես չեմ վարվել, այլ բարի մտադրությամբ։ Հենց այն է, բոլորովին վճռել էի գնալ, բայց, փառք աստծու, համարձակություն չունեցա։ Երևակայում եմ՝ ինչեր պիտի անեի։ Այժմ էլ, որ հիշում եմ այս բոլորի մասին, ամաչում եմ։

Մի քանի օր հետո մայրիկիս հիվանդությունը հանկարծ վտանգավոր դարձավ։ Արդեն երկու օր նա անկողնից վեր չէր կենում և երրորդ գիշերը տաքության մեջ զառանցում էր։ Ես մի գիշեր արդեն չէի քնել, նայում էի մայրիկիս, նստած էի նրա մահճակալի մոտ, ջուր էի տալիս, որոշ ժամերին՝ դեղ։ Երկրորդ գիշերը բոլորովին ուժասպառ էի եղել։ Ժամանակ առ ժամանակ քունս հաղթում էր, աչքերիս մեջ կանաչ շերտեր էին խաղում, գլուխս պտտվում էր և ամեն րոպե ընկնելու վրա էի հոգնածությունից, բայց մորս թույլ նվոցները զարթեցնում էին ինձ. ես ցնցվում էի, մի ակընթարթ բաց անում աչքերս, և ապա նիրհը նորից հաղթում էր ինձ։ Ես տանջվում էի։ Չեմ իմանում, չեմ կարողանում հիշել, բայց ինչ-որ սարսափելի մի երազ, ինչ-որ սարսափելի մի տեսիլք տեսա քնի և արթնության պայքարի տանջալից րոպեին։ Զարթնեցի սարսափահար... սենյակը մութն էր, ճրագը հանգչում էր, լույսի շերտերը մերթ հանկարծ որոշում էին ամբողջ սենյակը, մերթ հազիվհազ երևում պատի վրա և մերթ չքանում բոլորովին։ Ինչ-որ սոսկում պատեց ինձ, ինչ-որ սարսափ եկավ վրաս. երևակայությունն ալեկոծվել էր զարհուրելի երազից, թախիծը ճնշում էր սիրտս... Վեր թռա աթոռից և ճչացի ինչ-որ տանջալից, սարսափելի ծանր զգացումից։ Այդ ժամանակ դուռը բացվեց, և Պակրովսկին ներս մտավ մեզ մոտ։

Հիշում եմ միայն, որ ուշքի եկա նրա ձեռքերի վրա։ նա զգուշորեն նստացրեց ինձ թիկնաթոռի վրա, ջուր տվավ և սկսեց հարցուփորձ անել։ Չեմ հիշում՝ ինչ էի պատասխանում։— «Դուք հիվանդ եք, դուք ինքներդ խիստ հիվանդ եք»,— ասաց ձեռքս առնելով.— «դուք տաքություն ունեք, դուք կործանում եք ձեզ, չեք խնայում ձեր առողջությունը, հանգստացեք, պառկեցե՛ք, քնեցե՛ք։ Ես ձեզ կզարթեցնեմ երկու ժամից հետո, մի քիչ հանգստացեք... Դե՛, պառկեցեք, պառկեցեք»,— շարունակում էր նա՝ թույլ չտալով, որ ես մի խոսք անգամ արտասանեմ առարկելու համար։ Հոգնածությունը խլել էր ինձնից վերջին ուժերս, աչքերս փակվում էին թուլությունից։ Հետ ընկա թիկնաթոռի մեջքին, որ մի կես ժամ քնեմ, բայց քնեցի մինչև առավոտ։ Պակրովսկին ինձ զարթեցրեց այն ժամանակ, երբ դեղ պիտի տայի մայրիկիս։

Հետևյալ օրը, ցերեկով մի քիչ հանգստանալուց հետո, պատրաստվել էի նորից նստելու թիկնաթոռի վրա՝ մայրիկիս անկողնու մոտ, հաստատապես վճռելով, որ այս անգամ չքնեմ, Պակրովսկին ժամը տասնմեկին ծեծեց մեր դուռը։ Բաց արի։ «Կձանձրանաք մենակ նստելուց»,— ասաց նա ինձ,— «ձեզ համար գիրք եմ բերել, վերցրեք, այնքան էլ չեք ձանձրանա»։ Վերցրի, չեմ հիշում՝ ինչ գիրք էր. հազիվ թե այն ժամանակ բացած լինեի, թեև ամբողջ գիշերը չքնեցի։ Ներքին տարօրինակ մի հուզում թույլ չէր տալիս քնելու․ չէի կարողանում մի տեղ նստել, միքանի անգամ վեր էի կենում թիկնաթոռից և սկսում ման գալ սենյակում։ Ներքին ինչ-որ մի գոհունակություն տարածվում էր ամբողջ էությանս մեջ։ Այնքան ուրախ էի Պակրովսկու ուշադրության համար։ Հպարտանում էի, որ նա մտահոգում էր իմ մասին։ Պակրովսկին այլևս չմտավ, գիտեի էլ, որ չի մտնի, և ինքս ինձ ասում էի, որ հետևյալ գիշերը կմտնի։

Հետևյալ գիշերը, երբ տան մեջ արդեն բուորը պառկել էին, Պակրովսկին բաց արավ իր դուռը և սկսեց խոսել ինձ հետ՝ իր սենյակի շեմքին կանգնած։ Այժմ ոչ մի խոսք չեմ հիշում, թե ինչ էինք ասում իրար, հիշում եմ միայն, որ ես քաշվում էի, շփոթվում, բարկանում ինքս ինձ վրա և անհամբեր սպասում, թե երբ պիտի վերջանա մեր խոսակցությունը, թեև ինքս ի սրտե ցանկանում էի այդ, ամբողջ օրն այդ մասին էի երազում և շարադրում իմ հարցումներն ու պատասխանները... Այդ գիշերից սկսվեց մեր բարեկամական կապը։ Մայրիկիս հիվանդության ամբողջ ժամանակ ամեն գիշեր մի քանի ժամ իրար հետ էինք անցկացնում։ Ես կամաց-կամաց հաղթահարեցի իմ ամաչկոտությունը, թեև մեր ամեն մի խոսակցությունից հետո դեռևս բաներ էին լինում, որոնց համար զայրանում էի ինքս ինձ վրա։ Սակայն ես գողունի ուրախությամբ և հպարտ գոհունակությամբ տեսնում էի, որ նա իմ պատճառով մոռանում էր իր անտանելի գրքերը։ Պատահմամբ, կատակով, մի անգամ խոսք ընկավ գրքերը դարակից թափվելու մասին։ Րոպեն տարօրինակ էր. ես մի տեսակ չափազանց անկեղծ և սրտաբաց էի. ջերմությամբ, տարօրինակ ցնծությամբ տարված, խոստովանեցի նրան ամեն բան... այն, թե ուզում էի սովորել, որևէ բան գիտենալ, թե ջիգրս գալիս էր, որ ինձ փոքրիկ աղջիկ, երեխա էին համարում... Կրկնում եմ, որ ես ամենատարօրինակ հոգեկան տրամադրության մեջ էի. սիրտս փափկել էր, աչքերս լցվել էին արցունքով,— ոչինչ չթաքցրի, պատմեցի ամեն բան, ամեն բան ասացի, թե իր բարեկամն եմ, թե ուզում եմ սիրել իրեն, սրտով ապրել իր հետ մեկտեղ, մխիթարել, հանգստացնել իրեն։ Նայեց ինձ մի տեսակ տարօրինակ կերպով, շփոթված, զարմանքով և ոչ մի խոսք չասաց։ Հանկարծ սարսափելի ցավեցի, տխրեցի։ Ինձ թվաց, թե չի հասկանում ինձ, թե գուցե ծիծաղում է ինձ վրա։ Հանկարծ լաց եղա երեխայի պես, հեծկլտացի, ինքս ինձ զսպել չկարողացա, մի տեսակ ջղայնության մեջ էի ընկել։ Նա առավ ձեռքերս, համբուրում էր, հանգստացնում ինձ, զգացված, չեմ հիշում, ինչ էր ասում, միայն հա՛մ լաց էի լինում, հա՛մ ծիծաղում ու նորից լաց լինում. կարմրել էի, չէի կարողանում մի խոսք անգամ արտասանել ուրախությունից։ Սակայն չնայելով հուզման՝ նկատեցի, որ Պակրովսկին մի տեսակ շփոթված դրության և հարկադրանքի մեջ է։ Թվում էր, թե նա զարմանալով զարմանում էր իմ ոգևորության, իմ հրճվանքի, այնքան անակնկալ, ջերմ, բոցավառ բարեկամության վրա։ Գուցե սկզբում այդ բանը միայն հետաքրքրական էր նրա համար. հետագայում նրա անվճռականությունը չքացավ և նա նույնպիսի պարզ, անմիջական զգացումով, ինչպես և ես, ընդունում էր իմ բարեկամությունը, իմ սիրալիր խոսքերը, իմ ուշադրությունը և այս բոլորին պատասխանում նույն ուշադրությամբ, նույնպիսի բարեկամությամբ և նույնքան սիրալիր կերպով, իբրև իմ անկեղծ բարեկամը, իբրև իմ հարազատ եղբայրը։ Սրտիս մեջ այնպիսի ջերմություն էր տիրում, այնքան լավ էի զգում ինձ... Ես ոչ մի բան չէի թաքցնում, չէի ծածկում, այս բոլորը նա տեսնում էր և օրը-օրին ավելի ու ավելի կապվում ինձ հետ։

Եվ հավատացեք, չեմ հիշում, թե էլ ինչ բանի մասին ասես չէինք խոսում իրար հետ մեր տեսակցության այն տանջալից և միաժամանակ քաղցր ժամերին, գիշերը, ճրագի երերուն լույսի տակ, իմ խեղճ հիվանդ մայրիկի գրեթե անկողնի մոտ... խոսում էինք ամեն բանի մասին, ինչ որ գալիս էր մտքներիս, ինչ որ դուրս էր թռչում սրտներիցս, ու մենք գրեթե երջանիկ էինք... Օ՜հ, այդ հա՛մ տխուր, հա՛մ ուրախալի ժամանակ էր, և ես հա՛մ տխրում, հա՛մ ուրախանում եմ, որ այժմ հիշում եմ այդ։ Հիշողությունները, ուրախալի, թե դառն, միշտ տանջալից են. գոնե ինձ համար, բայց այդ տանջանքն էլ քաղցր է։ Եվ երբ սրտիդ մեջ ծանրություն, ցավ, մաշող թախիծ ես զգում, այն ժամանակ հիշողությունները թարմացնում և կենդանացնում են քեզ, ինչպես ցողի կաթիլները և զովաշունչ երեկոն տոթակեզ ցերեկից հետո թարմացնում և կենդանացնում են ցերեկվա տապից այրված խեղճ թոշնած ծաղիկը։ Մայրիկս ապաքինվում էր, բայց ես դեռևս շարունակում էի գիշերները նստած մնալ նրա անկողնի մոտ։ Հաճախ Պակրովսկին գրքեր էր տալիս ինձ. սկզբում կարդում էի, որ չքնեմ, հետո կարդում էի ավելի ուշադիր, հետո ագահությամբ, առջևս հանկարծ բացվեց շատ նոր բան, ինչ որ մինչ այդ անհայտ, անծանոթ էր ինձ։ Նոր մտքեր, նոր տպավորություններ առատ հոսանքով մեկեն եկան լցնելու սիրտս։ Ու որքան հուզիչ, շփոթեցնող և դժվարին էին նոր տպավորությունները, այնքան ավելի սիրելի էին նրանք ինձ համար, այնքան ավելի քաղցրորեն՝ ցնցում էին հոգիս հիմն ի վեր։ Մեկեն հանկարծ ամբոխվեցին նրանք սրտիս մեջ, առանց հանգիստ տալու։ Ինչ-որ տարօրինակ մի քաոս սկսեց ալեկոծել ամբողջ էությունս։ Բայց հոգեկան այս բռնությունը չէր կարող և չկարողացավ ինձ շփոթեցնել բոլորովին։ Ես չափազանց երազող էի, և այս փրկեց ինձ։ Երբ մայրիկիս հիվանդությունը վերջացավ, մեր երեկոյան տեսակցություններն ու երկար խոսակցությունները դադարեցին, մեզ հաջողվում էր երբեմն մի-մի, հաճախ դատարկ ու աննշան խոսք փոխանակել իրար հետ. բայց ես սիրում էի ամեն բանի իր նշանակությունը, իր առանձին, ենթադրական արժեքը տալ։ Կյանքս լի էր, ինքս ուրախ, հանգիստ, խաղաղ, երջանիկ։ Այսպես անցավ միքանի շաբաթ...

Մի անգամ մեզ մոտ մտավ ծերունի Պակրովսկին։ Երկար ժամանակ զրույց էր անում մեզ հետ, սովորականից դուրս ուրախ էր, կայտառ, շատախոս, ծիծաղում էր, իր հանգի սրախոսում և վերջապես լուծեց իր ցնծության հանելուկը, հայտարարելով, թե ուղիղ մի շաբաթ հետո Պետինկի ծննդյան օրն է լինելու, և թե այս առթիվ անպատճառ գալու է որդու մոտ, հագնելու է իր նոր ժիլետը և թե կինը խոստացել է նոր կոշիկներ դնել իր համար։ Մի խոսքով, ծերունին երջանիկ էր կատարելապես և դուրս էր տալիս՝ ինչ որ խելքին փչում էր։

Նրա ծննդյան օ՜րը։ Ծննդյան այդ օրը հանգիստ չէր տալիս ինձ ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Վճռեցի անպատճառ հիշեցնել Պակրովսկուն իմ բարեկամությունը և որևէ բան նվիրել նրան։ Բայց ի՞նչ։ Վերջապես մտածեցի գրքեր նվիրել։ Գիտեի, որ ուզում էր ունենալ Պուշկինի երկերի լիակատար ժողովածուն վերջին հրատարակությամբ ու վճռեցի գնել Պուշկինը։ Ես ունեի իմ սեփական փողը — երեսուն ռուբլի, որ վաստակել էի ձեռագործով։ Այղ փողը հետ էի գցել նոր շոր առնելու։ Իսկույն մեր խոհարարուհուն, պառավ Մատրյոնային ուղարկեցի, որ իմանա՝ ինչ արժե ամբողջ Պուշկինը։ Վա՜յ ինձ։ Բոլոր տասնմեկ գրքերի գինը, հետը հաշված նաև կազմի ծախքը, ամենաքիչը վաթսուն ռուբլի էր։ Ո՞րտեղից վերցնեի այդքան փող։ Մտածում էի, մտածում ու չէի իմանում ինչ անեմ։ Մայրիկիցս խնդրել չէի ուզում։ Իհարկե, մայրիկս անպատճառ կօգներ, բայց այն ժամանակ տան մեջ ամենքը կիմանային մեր նվերի մասին, բայց դրանից, այդ նվերը շնորհակալության, վճարի պես մի բան կդառնար այն աշխատանքի համար, որ Պակրովսկին թափել էր՝ մի ամբողջ տարի, ինձ հետ պարապելով։ Ես ուզում էի միայն ինքս նվիրեմ, ամենքից ծածուկ։ Իսկ իմ ուսման վրա թափած աշխատանքի համար ուզում էի առ միշտ պարտական մնալ նրան առանց որևէ վճարի, բացի իմ բարեկամությունից։ Վերջապես մտածեցի ինչպես դուրս գամ դժվարությունից։

Գիտեի, որ հին գրքեր վաճառողների մոտ Գաստիննի Դվորում հաճախ քիչ հնացած և գրեթե բոլորովին նոր գիրք կարելի է գնել, երբեմն կիսով չափ էժան, եթե միայն առուտուր անես։ Վճռեցի անպատճառ գնալ Գաստիննի Դվոր։ Այդպես էլ եղավ, հենց մյուս օրն ինչ-որ բան էր հարկավոր մեզ էլ, Աննա Ֆյոդորովնային էլ։ Մայրիկս տկար էր, Աննա Ֆյոդորովնային էլ շատ դեղին ծուլությունն էր բռնել, այնպես որ ստիպված էին բոլոր հանձնարարությունները ինձ վրա դնել, և ես գնացի Մատրյոնայի հետ։

Իմ բախտից շատ շուտով գտա Պուշկինը և շատ գեղեցիկ կազմով։ Սկսեցի առուտուր անել։ Սկզբում ավելի թանկ գնահատեցին, քան խանութներում, բայց հետո սակայն առանց դժվարության, միքանի անգամ հեռանալով, գրավաճառին այն տեղը հասցրի, որ նա գինը պակասեցրեց և սահմանափակեց իր պահանջները միայն տասն արծաթ ռուբլով։ Ինչքա՜ն ուրախ էի, որ առուտուր էի անում... Խեղճ Մատրյոնան չէր իմանում, թե ինչ է պատահում ինձ, և խելքս ինչ էր փչել, որ այդքան գրքեր էի առնում։ Բայց ո՜հ սարսա։ Իմ ամբողջ կապիտալը երեսուն ռուբլի ասիգնացիա էր, իսկ գրավաճառը ո՛չ մի կերպ չէր համաձայնում ավելի էժան զիջել։ Վերջապես սկսեցի խնդրել, շարունակ խնդրում էի. վերջապես կակղեց, զիջեց, բայց միայն երկուսուկես և երդվեց, թե այդ զիջումն էլ ինձ համար է անում, որովհետև ես այսպիսի լավ օրիորդ եմ, իսկ ուրիշի համար ոչ մի պայմանով չէր զիջի։ Երկուսուկես ռուբլի պակասում էր։ Բարկությունից պատրաստ էի լաց լինելու։ Բայց բոլորովին անսպասելի հանգամանք օգնության հասավ իմ դարդին։

Ինձանից ոչ հեռու, մի ուրիշ գրավաճառի սեղանի մոտ, տեսա ծերունի Պակրովսկուն։ Նրա չորս կողմը հավաքվել էին չորս թե հինգ գրավաճառ, որոնք բոլորովին շփոթեցրել էին նրան։ Ամեն մեկն առաջարկում էր իր ապրանքը և ինչ ու ինչ չէին առաջարկում նրան, և նա էլ ինչ ու ինչ չէր ուզում գնել։ Խեղճ ծերունին կանգնել էր նրանց մեջտեղը բոլորովին շշկլված ու չէր իմանում որ գիրքը վերցնի նրանց առաջարկածներից։ Մոտեցա նրան և հարցրի— ի՞նչ է անում այդտեղ։ Ինձ որ տեսավ, շատ ուրախացավ, ծերունին չափազանց սիրում էր ինձ, գուցե ոչ պակաս Պետինկից։ «Ա՜յ, գրքեր եմ առնում, Վարվառա Ալեքսեևնա,— պատասխանեց նա,— Պետինկի համար եմ ուզում։ Նրա ծննդյան օրը շուտով կլինի, իսկ նա գրքեր սիրում է, ես էլ հրես առնում եմ նրա համար...»։ Ծերունին հո միշտ էլ ծիծաղելի կերպով էր արտահայտվում, իսկ այժմ միանգամայն շշկլվել էր։ Ինչ գրքի գինն էլ հարցնում էր, բոլորը մի ռուբլի արծաթ, երկու ռուբլի, երեք ռուբլի արծաթ, էլ մեծ գրքերի գինը չէր էլ հարցնում, այլ միայն այնպես նայում էր նախանձով. մատներով թերթում, շուռ ու մուռ էր տալիս ձեռքին ու նորից տեղը գնում։ «Չէ՛, չէ՛, թանկ է,— ասում էր կիսաձայն,— ա՛յ, գուցե այստեղից որևէ բան»,— ու սկսում էր մեկ-մեկ նայել բարակ տետրակները, երգարանները, ալմանախները, այդ բոլորը շատ էժան էին։— Բայց ինչո՞ւ եք այդ առնում,— հարցրի ես.— դրանք բոլորն էլ անպետք գրքեր են։ «Չէ՛, չէ՛,— պատասխանում էր նա,— մեկ նայեցեք թե ինչպիսի լավ գրքեր կան այստեղ, շատ, շատ լավ գրքեր կան»։— Ու վերջին խոսքերն այնպիսի խղճալի ձայնով արտասանեց, որ որ ինձ թվաց, թե պատրաստ է լաց լինելու բարկությունից, որ լավ գրքերը թանկ են, և թե ահա որտեղ որ է, արտասուքը գունատ այտերով կկաթի կարմիր քթին։ Հարցրի՝ շա՞տ փող ունի։— «Ա՛յ, — այստեղ խեղճը հանեց լրագրի յուղոտած թղթի մեջ փաթաթած իր բոլոր փողերը,— ահա տաս շահանոց, աբասանոց, սև փող, մի աբասի»։ Ես իսկույն քարշ տվի նրան իմ գրավաճառի մոտ:— «Ահա ամբողջ տասնմեկ գիրք, արժե ընդամենը երեսուն երկու ռուբլի ու կես. երեսունը ես ունեմ, երկուսուկեսն էլ դուք կտաք, և մենք այս բոլոր գրքերը կնվիրենք միասին»։ Ծերունին խելքը կորցրեց ուրախությունից, թափեց իր բոլոր փողերը, և գրավաճառը բեռնեց նրա վրա մեր ամբողջ ընդհանուր գրադարանը։ Իմ ծերուկը գրքերը կոխեց բոլոր գրպանները, առավ ձեռքերի վրա, կռների տակ և տարավ իր մոտ, խոսք տալով ինձ, որ հետևյալ օրը բոլոր գրքերը ծածուկ կբերի ինձ մոտ։

Հետևյալ օրը ծերունին եկավ որդու մոտ, մի ժամի չափ նստեց նրա մոտ ըստ սովորականին, հետո մտավ մեզ մոտ և նստեց մոտս ամենա կոմիքական խորհրդավոր տեսքով։ Սկզբում ինչ-որ գաղտնիք իմացող մարդու հպարտ գոհունակությամբ ձեռքերն իրար շփելով, հայտարարեց ինձ, որ բոլոր գրքերն ամենաաննկատելի կերպով տեղափոխված են մեզ մոտ և դրված են խոհանոցի անկյունում՝ Մատրյոնայի հովանավորության տակ։ Հետո խոսակցությունը բնականաբար դարձավ սպասվող տոնի վրա. ծերունին սկսեց երկարումեկ խոսել այն մասին, թե ինչպես պիտի նվիրենք, և որքան խորանում, որքան շատ էր խոսում այս մասին, այնքան ավելի նկատելի էր դառնում ինձ համար, որ ինչ-որ ուրիշ բան ունի ասելու, որի մասին, սակայն, չի կարողանում, չի համարձակվում, նույնիսկ վախենում է խոսք բանալ։ Ես շարունակ սպասում էի և լռում։ Այն գաղտնի ուրախությունը, որ մինչ այդ ես հեշտությամբ կարդում էի նրա տարօրինակ շարժուձևերի, ծամածռությունների, ձախ աչքով անելու մեջ, չքացել էին։ նա րոպե առ րոպե անհանգիստ էր դառնում, տխուր, վերջապես չդիմացավ։ — Լսեցեք,— սկսեց նա վախկոտ կերպով, կիսաձայն.— լսեցեք, Վարվառա Ալեքսեևնա... գիտե՞ք ինչ, Վարվառա Ալեքսեևնա...— ծերունին սարսափելի շփոթության մեջ էր։ — Գիտե՞ք, հենց որ նրա ծննդյան օրը գա, դուք վերցրեք տասը գիրք և նվիրեցեք դուք, այսինքն ձեր կողմից։ Իսկ ես կվերցնեմ մեկը և նույնպես կնվիրեմ իմ կողմից, այսինքն իմ սեփական կողմից։ Այսպիսով, գիտե՞ք, դուք էլ նվիրելու բան կունենաք, ես էլ, երկուսս էլ կունենանք։— Այստեղ ծերունին շփոթվեց և լռեց։ Ես նայեցի նրան. վախկոտությամբ սպասում էր իմ դատավճռին։— «Բայց ինչո՞ւ եք ուզում, որ մենք միասին չնվիրենք, Զախար Պետրովիչ»։ «Հենց այնպես, Վարվառա Ալեքսեևնա, հենց այնպես, ուրիշ ոչինչ... ես հո, այնպես, էլի՜...»։ Մի խոսքով՝ ծերունին շփոթվեց, կարմրեց, կապ ընկավ և չկարողացավ տեղից շարժվել։

— Գիտե՞ք,— բացատրեց նա, վերջապես։— Ես, Վարվառա Ալեքսեևնա, երբեմն գժություններ եմ անում... այսինքն ուզում եմ ասել, որ ես համարյա թե գժություններ եմ անում և միշտ էլ գժություններ եմ անում... անում եմ այն, ինչ որ լավ չէ... այսինքն, գիտե՞ք, դուրսն այնպիսի ցրտեր են լինում, երբեմն էլ զանազան անախորժություններ են լինում, կամ թե այնպես մի տեսակ տխուր եմ լինում, այնպես որ երբեմն չեմ դիմանում, գժություն եմ անում, խմում եմ, երբեմն էլ մի քիչ ավելի։ Պետրուշին այս բանը դուր չի գալիս։ Նա, գիտե՞ք, Վարվառա Ալեքսեևնա, բարկանում է, ուշունց է տալիս ինձ, զանազան խրատներ է կարդում։ Հրես ես էլ ուզում եմ ապացուցել նրան իմ նվերով, որ ուղղվում եմ և սկսում եմ կարգին պահել ինձ, որ հրես փող եմ հավաքել, որ գիրք առնեմ. շատ ժամանակ է հավաքում եմ, որովհետև փող համարյա թե իսկի էլ չեմ ունենում, ունենում եմ միայն այն ժամանակ, երբ Պետրուշան մի-մի անգամ տալիս է։ Այս նա գիտի։ Հետևաբար, հրես նա էլ կտեսնի իմ փողերի գործածությունն ու կիմանա, որ այս բոլորը ես մենակ իր համար եմ անում։

Շատ խղճացի ծերունուն։ Երկար չմտածեցի։ Ծերունին նայում էր ինձ անհանգիստ։ «Լսեցե՛ք, Զախար Պետրովիչ,— ասացի ես.— գրքերը դուք նվիրեցեք նրան բոլորը»։— «Ինչպես պե՞ս թե բոլորը, այսինքն բոլո՞ր գրքերը..․» —«Հա, էլի՞, բոլոր գրքերը»։— «Եվ ի՞մ կողմից» — «Ձեր կողմից»։ — «Մենակ ի՞մ կողմից, այսինքն ի՞մ անունից»։— «Հա, էլի՜, ձեր անունից...»։ Ես կարծում եմ, շատ պարզ էի հասկանում, բայց ծերունին շատ երկար չէր կարողանում հասկանալ ինձ։

— Հա՛,— ասում էր նա մտածության մեջ ընկնելով,— հա՛, այդ շատ լավ կլինի, այդ խիստ լավ կլինի, բայց հետո դո՞ւք, Վարվառա Ալեքսեևնա։— «Դե, ես ինչ, ես ոչինչ չեմ նվիրի»։— «Ո՞նց թե,— բացականչեց ծերունին, գրեթե վախեցած.— ուրեմն դուք Պետինկին ոչինչ չե՞ք նվիրի, ուրեմն ոչինչ չե՞ք ուզում նվիրել նրան»։ Ծերունին վախեցել էր. այդ րոպեին թվում էր, թե պատրաստ էր հրաժարվելու իր առաջարկից, որպեսզի ես կարողանայի որևէ բան նվիրած լինել իր որդուն։ Բարի մարդ էր այդ ծերունին։ Ես հավատացրի նրան, թե ուրախ կլինեի որևէ նվեր տալ, բայց չեմ ուզում զրկել իրեն հաճույքից։— «Եթե ձեր որդին գոհ կմնա ձեզնից,— ավելացրի ես,— և դուք էլ ուրախ կլինեք, դրանով ես էլ ուրախ կլինեմ, որովհետև ծածուկ կերպով սրտիս մեջ կզգամ, թե իսկապես ես եմ նվիրել»։ Սրանով ծերունին բոլորովին հանգստացավ։ Նա դարձյալ երկու ժամ մնաց մեզ մոտ, բայց այդ ամբողջ ժամանակ տեղումը նստել չէր կարողանում, վեր էր կենում, այս ու այն բանին ձեռ տալիս, աղմկում, չարություն անում Սաշայի հետ, ծածուկ համբարում ինձ, ձեռքս կսմթում և թաքուն ծամածռություններ անում Աննա Ֆյոդորովնայի կողմը։ Աննա Ֆյոդորովնան վերջապես դուրս արավ նրան տնից։ Մի խոսքով՝ ծերունին հրճվանքից խելքն այնպես կորցրել էր, ինչպես գուցե երբեք։

Հանդիսավոր օրը նա եկավ ուղիղ ժամը տասնմեկին, ուղղակի պատարագից, կարգին կարկատած ֆրակով և իսկապես նոր ժիլետով ու կոշիկներով։ Երկու ձեռքին էլ մի-մի կապոց գիրք կար։ Այն ժամանակ մենք նստած էինք Աննա Ֆյոդորովնայի մոտ և սուրճ էինք խմում (օրը կիրակի էր)։ Ծերունին կարծեմ սկսեց այն բանից, թե Պուշկինը շատ լավ ոտանավորներ գրող էր. հետո շփոթվելով և խառնվելով, հանկարծ անցավ այն բանին, թե մարդ պետք է կարգին պահի իրեն և եթե մարդ կարգին չի պահում իրեն, նշանակում է գժություններ է անում, ասաց, թե վատ հակումները կործանում և ոչնչացնում են մարդուն, թվեց անժուժկալության միքանի կործանարար օրինակներ և եզրափակեց նրանով, թե ինքը միքանի ժամանակից ի վեր բոլորովին ուղղվել է և թե այժմ ինքն օրինակելի կերպով լավ է պահում իրեն։ Թե ինքն առաջ էլ զգում էր որդու խրատների արդարացիությունը, թե այս բոլորը վաղուց զգում ու պահում էր սրտում, բայց այժ՛մ սկսել է իսկապես ժուժկալ լինել, որի ապացույցն այն է, որ երկար ժամանակի ընթացքում իր հավաքած փողերով գնած գրքեր է նվիրում։

Ես չէի կարողանում զսպել արցունքներս ու ծիծաղս ծերունուն լսելիս, ի՜նչպես կարողանում էր սուտ խոսել, երբ եկել էր կարիքը։ Գրքերը փոխադրված էին Պակրովսկու սենյակը և դարակի վրա դրված։ Պակրովսկին իսկույն գուշակեց ճշմարտությունը։ Ծերունուն հրավիրեցինք ճաշելու։ Այդ օրն ամենքս այնքան ուրախ էինք։ Ճաշից հետո ֆանտ, թուղթ էինք խաղում։ Սաշան չարաճճիություններ էր անում, ես նրանից հետ չէի մնում։ Պակրովսկին ուշադիր էր դեպի ինձ և շարունակ առիթ էր որոնում խոսելու ինձ հետ մենակ, բայց ես խուսափում էի։ Դա ամենալավ օրն էր կյանքիս ամբողջ չորս տարվա ընթացքում։

Իսկ այժմ պետք է գան բոլորը տխուր, ծանր հիշողություններ. պիտի սկսվի իմ սև օրերի պատմությունը։ Ահա թե ինչու, գուցե, գրիչս սկսում է շարժվել ավելի դանդաղ և կարծես թե հրաժարվում է այլևս գրել։ Ահա թե ինչու, գուցե, ես այնպիսի ոգևորությամբ ու սիրով անցնում էի հիշողությանս մեջ երջանիկ օրերիս, իմ փոքրիկ կենցաղի ամենաչնչին մանրամասնություններին։ Այդ օրերն այնքան կարճատև էին. նրանց փոխարինեց վիշտը, սև վիշտը, որը, աստված գիտե, երբ կվերջանար։

Դժբախտություններս սկսվեցին Պակրովսկու հիվանդությամբ և մահով։

Նա հիվանդացավ իմ այստեղ նկարագրած վերջին անցքերից երկու ամիս հետո։ Այդ երկու ամսվա ընթացքում նա անդադրում աշխատում էր միջոցներ գտնել ապրելու համար, որովհետև մինչև այդ դեռևս որոշ գործի չէր։ Ինչպես և բոլոր թոքախտավորները, նա մինչև իր կյանքի վերջին րոպեն էլ հույսը չէր կտրում, թե դեռ շատ երկար պիտի ապրի։ Ինչ-որ մի տեղ ուսուցչի պաշտոն էին առաջարկում նրան, բայց դեպի այդ պաշտոնը նա զզվանք էր տածում։ Որևէ պետական հաստատության մեջ ծառայել էլ չէր կարող հիվանդության պատճառով։ Բացի դրանից, երկար պիտի սպասեր, մինչև որ ռոճիկ նշանակեին։ Կարճ՝ Պակրովսկին ամեն տեղ էլ միայն անհաջողության էր հանդիպում, բնավորությունր փչացել էր։ Առողջությունը խանդարվում էր, բայց ինքը չէր նկատում։ Վրա էր հասնում աշունը։ Ամեն օր նա իր թեթև վերարկուով գնում էր աշխատելու, որ մի գործ գտնի, խնդրելու, աղաչելու, որ որևէ տեղ պաշտոն տան իրեն — մի բան, որը ներքուստ տանջում էր նրան. անձրևի տակ թրջվում էր, ոտները թաց անում և վերջապես անկողին մտավ ու այլևս վեր չկացավ․․․ Մեռավ խոր աշնանը, հոկտեմբեր ամսի վերջին։

Նրա հիվանդության ամբողջ ժամանակ ես գրեթե չէի հեռանում իր սենյակից, մտիկ էի տալիս, ծառայում։ Հաճախ ամբողջ գիշերներ չէի քնում։ Քիչ էր պատահում, որ ուշքը գլխին լիներ․ հաճախ զառանցում էր, խոսում էր. աստված գիտե, ինչ, զառանցում էր պաշտոնի մասին, իր գրքերի մասին, իմ մասին, հոր մասին... և այստեղ շատ բան իմացա իր հանգամանքների մասին, ինչ որ առաջ չգիտեի և նույնիսկ մտքովս չէր անցնում։ Նրա հիվանդության սկզբում մերոնք բոլորը մի տեսակ տարօրինակ աչքով էին նայում ինձ. Աննա Ֆյոդորովնան երերում էր գլուխը։ Բայց ես շեշտակի նայում էի ամենքի աչքերին, և այլևս չէին դատապարտում ինձ, որ ես կարեկցում էի Պակրովսկուն,— գոնե մայրիկս։

Երբեմն Պակրովսկին ճանաչում էր ինձ, բայց այդ շատ քիչ էր պատահում։ Նա գրեթե ամբողջ ժամանակ ուշագնաց էր։ Երբեմն ամբողջ գիշերներ չես իմանում ում հետ էր խոսում երկա՜ր, երկա՜ր, անորոշ, մութ խոսքերով, և նրա խռպոտ ձայնը խուլ արձագանք էր տալիս իր նեղլիկ սենյակում, ինչպես դագաղի մեջ. այն ժամանակ ինձ սարսափ էր պատում։ Մանավանդ վերջին գիշերը կատաղածի պես էր սաստիկ տանջվում էր, հառաչում. նրա հառաչանքները կտրատում էին սիրտս։ Տան մեջ ամենքին մի տեսակ վախ էր պատել։ Աննա Ֆյոդորովնան շարունակ աղոթում էր, որ աստված շուտով առնի նրա հոգին։ Բժիշկ կանչեցին։ Բժիշկն ասաց, որ հիվանդն առավոտյան դեմ կմեռնի անպատճառ։

Ծերունի Պակրովսկին ամբողջ գիշերն անցկացրեց միջանցքում, որդու սենյակի դռան մոտ. այստեղ ինչ-որ խսիր փռեցին նրա համար։ Րոպե առ րոպե մտնում էր սենյակը. մարդ սոսկում էր նրան նայելիս։ Վիշտն այնպես էր սպանել նրան, որ բոլորովին անզգա և անմիտ մարդու տպավորություն էր գործում։ Գլուխը շարժվում էր ահից։ Ինքն ամբողջապես դողում էր և շարունակ ինչ-որ բաներ էր ասում քթի տակ, ինչ-որ դատողություններ էր անում ինքնիրեն։ Ինձ թվում էր, թե կխելագարվի վշտից։

Լուսադեմից առաջ ծերունին, հոգեկան ցավից հոգնած, սպանվածի պես քնեց իր խորի վրա։ Ժամը ութին որդին սկսեց մեռնել. հորը զարթեցրի։ Պակրովսկին կատարյալ գիտակցության մեջ էր և հրաժեշտ տվեց ամենքին։ Զարմանալի բան։ Չկարողացա լալ, բայց հոգիս կտոր-կտոր էր լինում։

Բայց ամենից ավելի քայքայեցին և տանջեցին ինձ նրա վերջին րոպեները։ Իր կապ ընկնող լեզվով նա երկա՜ր-երկա՜ր ժամանակ ինչ-որ բան էր խնդրում շարունակ, և ես ոչինչ չէի կարողանում հասկանալ նրա խոսքերից։ Սիրտս կտրատվում էր ցավից։ Մի ամբողջ ժամ անհանգիստ էր, շարունակ ինչ-որ բանի կարոտ էր քաշում, աշխատում էր ինչ-որ նշան տալ սառչող ձեռքերով և ապա նորից սկսում էր խնդրել խղճալի, խռպոտ, խուլ ձայնով, բայց նրա խոսքերն անկապ հնչյուններ էին միայն, և ես նորից ոչինչ չկարողացա հասկանալ։ Ես մոտեցնում էի նրան մերոնց բոլորին, ջուր էի տալիս, որ խմի, բայց նա գլուխը միշտ շարժում էր տխրորեն։ Վերջապես, իմացա ինչ էր ուզում։ Խնդրում էր պատուհանի վարագույրը բարձրացնեմ և տախտակի փեղկերը բանամ։ Անշուշտ ուզում էր վերջին անգամ նայել ցերեկվա լույսին, աստծու ստեղծած աշխարհին, արևին։ Վարագույրը հետ քաշեցի, բայց նոր բացվող օրը տխուր էր ու թախծալի, ինչպես մեռնողի մարող խեղճ կյանքը։ Արև չկար։ Ամպերը երկինքը ծածկել էին մշուշի սավանով, անձրևային, մռայլ, տխուր էր երկինքը։ Մանրիկ անձրևը թակում էր ապակիները, ողողում ցուրտ, կեղտոտ ջրով, օրը խամրած էր և մութ։ Հազիվ-հազ սենյակ էին մտնում խավարամած օրվա շողերը և հազիվ-հազ հաղթահարում որթի պատկերի առջև առկայծող կանթեղի երերուն լույսը։ Մեռնողը նայեց ինձ տխուր-տխուր և երերեց գլուխը։ Մի րոպեից հետո մեռավ։

Թաղման կարգադրություններն անում էր ինքը՝ Աննա Ֆյոդորովնան։ Մի շատ, շատ հասարակ դագաղ գնեցին և բեռնակիր մի կառք վարձեցին։ Իբրև գրավական իր արած ծախքերի, Աննա Ֆյոդորովնան զավթեց հանգուցյալի բոլոր գրքերն ու իրերը։ Ծերունին վիճում էր նրա հետ, աղմկում, գրքերից խլեց որքան կարող էր, բոլոր գրպանները լցրեց նրանցով, կոխեց գլխարկի մեջ, ուր կարող էր ու հետը ման էր ածում ամբողջ երեք օր, նույնիսկ այն ժամանակ, երբ պետք էր եկեղեցի գնալ։ Այդ բոլոր երեք օրը նա խելքը կորցրածի, շշմածի պես էր և ինչ-որ տարօրինակ հոգացողությամբ շարունակ պտտվում էր դագաղի շուրջը։ Մերթ հանգուցյալի վրա դրած պսակն էր ուղղում, մերթ վառում և հանում էր մոմերը։ Երևում էր, որ մտքերը ոչ մի բանի վրա կարգին կանգ առնել չէին կարողանում։ Ոչ մայրիկը, ոչ էլ Աննա Ֆյոդորովնան եկեղեցի չեկան հուղարկավորությանը: Մայրիկս հիվանդ էր, իսկ Աննա Ֆյոդորովնան պատրաստվել էր գալու, բայց ծերունի Պակրովսկու հետ կռվեց և չեկավ։ Միայն ես էի, մեկ էլ ծերունին։ Ժամերգության ժամանակ ինչ-որ վախ պատեց ինձ — կարծես ապագայի մի նախազգացում։ Հազիվ կարողացա եկեղեցում մնալ մինչև վերջը։— Վերջապես, դագաղը ծածկեցին, մեխեցին, դրին կառքի վրա և տարան։ Ես հուղարկավորեցի միայն մինչև փողոցի վերջը։ Կառապանը քշեց։ Ծերունին վազում էր հետևից և բարձրաձայն լալիս։ Նրա լացը դողդողում և ընդհատվում էր վազելուց։ Խեղճը կորցրեց գլխարկը և կանգ չառավ, որ վերցնի։ Գլուխը թրջվում էր անձրևից, քամի էր բարձրանում, ցուրտ մշուշը կտրում, ծակում էր դեմքը։ Ծերունին, ըստ երևույթին, չէր զգում ցուրտը և կառքի մեկ այս կողմն էր վազում, մեկ այն կողմը։ նրա հնամյա սյուրտուկի փեշերը փռփռում էին քամուց թևերի պես։ Բոլոր գրպաններից գրքերը հանել էին գլուխները, ձեռքին մի ահագին գիրք ուներ պինդ բռնած։ Անցորդները հանում էին գլխարկները ե երեսները խաչակնքում։ Ոմանք կանգ էին առնում և զարմանում խեղճ ծերունու վրա։ Գրքերը րոպե առ րոպե ընկնում էին՝ գրպաններից ցեխի մեջ։ Նրան կանգնեցնում էին, ցույց տալիս կորուստը. վերցնում էր, նորից վազ տալիս դագաղին հասնելու։ Փողոցի անկյանը նրա հետ ընկերացավ դագաղին ուղեկցելու ինչ-որ մի աղքատ պառավ կին։ Կառքը վերջապես ծռվեց դեպի մյուս փողոցը և ծածկվեց իմ աչքերից։ Ես տուն գնացի։ Սոսկալի թախիծով ընկա մայրիկիս կրծքին։ Ձեռքերիս մեջ սեղմում էի նրան պինդ-պինդ, համբուրում և հեկեկալով լաց լինում, վախկոտությամբ սեղմելով նրան, կարծես աշխատելով պահելու գրկիս մեջ իմ վերջին բարեկամին և թույլ չտալու, որ մահը խլի նրան ինձանից... Բայց մահն արդեն կանգնած էր խեղճ մայրիկիս գլխավերևը...

Հունիս 11-ին

Ինչքա՛ն շնորհակալ եմ ձեզնից դեպի կղզիները կատարած երեկվա զբոսանքի համար, Մակար Ալեքսեևիչ։ Ինչքա՜ն թարմ, լավ է օդն այնտեղ, ի՜նչպիսի բուսականություն։ Որքա՜ն ժամանակ է, որ ես կանաչ բուսականություն չեմ տեսել։ Հիվանդ ժամանակս ինձ միշտ թվում էր, թե պիտի մեռնեմ և կմեռնեմ անպատճառ. ուրեմն, ինքներդ դատեցեք, թե ինչ պիտի զգայի ես երեկ։ Մի նեղանաք ինձնից, որ երեկ ես այնքան տխուր էի, ես շատ լավ, շատ թեթև էի զգում ինձ, բայց իմ ամենալավ րոպեներին ինձ միշտ մի տեսակ տխրություն է պատում։ Իսկ որ լաց էի լինում, այդ դատարկ բան է, ինքս էլ չեմ իմ անում՝ ինչու միշտ լաց եմ լինում։ Զգացողություններս ցավագին, ջղային են, տպավորությունս՝ հիվանդագին։ Անամպ, դժգույն երկինքը, արևի մուտքը, երեկոյան խաղաղությունը, այս բոլորը ես արդեն չեմ իմանում, բայց երեկ ես մի տեսակ տրամադրված էի բոլոր տպավորություններն ընդունելու ծանր, տանջալից կերպով, այնպես սիրտս լցվում էր, հոգիս լաց էր ուղում։ Բայց ինչո՞ւ եմ այս բոլորը գրում ձեզ. այս բոլորը ծանր է ազդում սրտիս, իսկ պատմելն ավելի ևս ծանր է։ Բայց դուք, գուցե, կհասկանաք ինձ։ Հա՜մ տխրություն, հա՜մ ծիծաղ։ Ճշմարիտ, ինչքա՜ն բարի եք դուք, Մակար Ալեքսեևիչ։[1]*) Երեկ դուք այնպես էիք նայում աչքերիս, որ կարդաք նրանց մեջ, ինչ որ ես զգում եմ և հրճվում եմ հրճվանքով։ Լինի դա փոքրիկ թուփ, ծառուղի, ջրի շերտ, դուք վրա էիք հասնում, կանգ առնում իմ դիմաց, կարգի գցելով ձեզ և շարունակ աչքերիս նայում, ասես՝ դուք ձեր կալվածներն եք ինձ ցույց տալիս։ Դա ցույց է տալիս, որ դուք բարի սիրտ ունեք, Մակար Ալեքսեևիչ։

Հենց դրա համար է, որ սիրում եմ ձեզ։ Դե՜, մնաք բարով։ Այսօր ես դարձյալ հիվանդ եմ. երեկ ոտներս թաց էի արել, դրանից էլ մրսել եմ։ Ֆեդորան նույնպես տկար է, այնպես որ երկուսս էլ հիվանդ ենք։ Մի՜ մոռանաք ինձ, այսինքն շուտ-շուտ եկեք ինձ մոտ։

Ձեր
Վ. Դ.
Հունիս 12

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ես կարծում էի, թե երեկվանը, ամեն բան իսկական բանաստեղծություններով կնկարագրեք, իսկ ձեր գրածը դուրս է եկել ընդամենը մի հասարակ թերթիկ։ Նրա համար եմ ասում, որ դուք թեև քիչ եք գրել ինձ ձեր թերթիկի մեջ, բայց շատ լավ և քաղցր եք նկարագրել։ Թե՛ բնությունը, թե՛ զանազան գյուղական տեսարանները, մյուս բոլոր զգացումների մասին, մի խոսքով այս բոլորը շատ լավ եք նկարագրել։ Իսկ ես տաղանդ չունեմ։ Թեկուզ տասը երես մրոտեմ, ոչ մի կերպ ոչինչ դուրս չի գալիս, ոչինչ չի նկարագրվում։ Փորձել եմ։ Դուք գրում եք ինձ, բալիկս, որ ես բարի մարդ եմ, անհիշաչար, մերձավորին վնաս հասցնելու անընդունակ և բնության մեջ հայտնվող աստվածային ողորմածությունը հասկացող և վերջապես զանազան գովաբանություններ եք անում ինձ։ Այս բոլորը ճիշտ է, ջանիկս, այս բոլորը կատարյալ ճշմարտություն է, ես իսկապես այդպես էլ եմ, ինչպես դուք եք ասում, ինքս էլ գիտեմ այդ. բայց հենց որ կարդում եմ այդ, ինչպես որ դուք եք գրում, ակամա հրճվում է սիրտս, իսկ հետո զանազան ծանր դիտողություններ են գալիս։ Ահա լսեցեք, ջանիկս, ես միքանի բան պատմեմ ձեզ, բալիկս։

Կսկսեմ այն բանից, որ ես ընդամենը տասնյոթ տարեկան էի, ծառայության մտա, և ահա արդեն երեսուն տարին կլրանա շուտով իմ ծառայական ասպարեզի։ Դե՛ էլ ինչ ասել կուզի, բավականաչափ վիցմունդիրներ եմ մաշել, հասակ եմ առել. խելոքացել, մարդիկ տեսել, ապրել եմ, կարող եմ ասել, ապրել աշխարհիս երեսին այնպես, որ մի անգամ նույնիսկ ուզում էին ինձ ներկայացնել խաչ ստանալու։ Դուք, գուցե, չեք հավատում, իսկ ես, հավատացեք, սուտ չեմ ասում։ Ձեզ ի՜նչ, ջանիկս, գտնվեցին չար մարդիկ, որոնք խանգարեցին այս բանը։ Իսկ ես կասեմ ձեզ, բալիկս, որ ես թեև տգետ մարդ եմ, հիմար մարդ եմ գուցե, բայց նույնպիսի սիրտ ունեմ, ինչպես ուրիշ ամեն մեկը։ Եվ գիտե՞ք, Վարինկա, ինչ արեց ինձ չար մարդը։ Ամոթ է ասեմ՝ ինչ արեց, հարցրեք — ինչու արեց։ Նրա համար, որ ես հեզ մարդ եմ, նրա համար, որ ես խաղաղ մարդ եմ, նրա համար, որ բարի մարդ եմ։ Քեֆներին չեկա, ու ինչ ուզեցին, արին։ Սկզբում սկսվեց նրանով, թե՝ «Դուք Մակար Ալեքսեևիչ, այս ու այն եք», հետո թե՝ «իսկի մի՛ք էլ հարցնի Մակար Ալեքսեևիչ»։ Իսկ այժմ եզրափակեցին նրանով, թե՝ «պրծավ — այդ Մակար Ալեքսեևիչի բանն է»։ Ահա տեսնում եք, ջանիկս, բանն ինչպես գնաց, ամեն բանում Մակար Ալեքսեևիչր. նրանց արածը միայն այն էր, որ Մակար Ալեքսեևիչին մի մատը մեղր շինեցին մեր ամբողջ վարչության մեջ։ Եվ բավական չէ, որ մի մատը մեղր շինեցին և համարյա թե հայհոյանքի խոսք դարձրին իմ անունը, հասել են մինչև կոշիկներս, մունդիրս, մազերս, իմ ամբողջ կերպարանքը.— ամեն ինչ քեֆներովը չէ, բոլորը պետք է վերափոխել։ Եվ այս բոլորն անհիշատակելի ժամանակներից ի վեր ամեն աստծու օր կրկնվում է։ Ես սովորել եմ, որովհետև ամեն բանի սովորում եմ, որովհետև ես խոնարհ մարդ եմ, որովհետև ես փոքր մարդ եմ. բայց և այնպես ինչի՞ս համար այս բոլորը։ Ո՞ւմն եմ ես վատ բան արեր։ Ո՞ւմ չինն եմ խլել։ Ո՞ւմ եմ սևացրել բարձր իշխանավորների առջև: Պարգև՞ եմ խնդրել։ Ստրկացրե՞լ եմ ումևիցե։ Մեղք կգործեք, ջանիկս, եթե այսպիսի բան մտքներովդ անգամ անցկացնեք։ Դե՛, ես ինչ եմ, որ այդպիսի բաներ անեմ։ Մեկ նայեցեք ինձ, բալիկս, ունե՞մ ես արդյոք բավականաչափ ընդունակություններ ուրիշի տակ հոր փորելու և փառասիրություն անելու։ Ուրեմն էլ ո՞ր մեղքիս համար են այս դժբախտությունները թափվում իմ գլխին, տեր իմ աստված։ Չէ՞ որ դուք ինձ արժանավոր մարդ եք համարում, իսկ դուք անհամեմատ լավն եք նրանց բոլորից, ջանիկս։ Ո՞րն է քաղաքացիական ամենամեծ առաքինությունը։ Անցյալ օրը մասնավոր խոսակցության ժամանակ Եվստաֆիյ Իվանովիչն ասաց, թե քաղաքացիական ամենակարևոր առաքինությունը փող դիզել կարենալն է։ Նա կատակով էր ասում, (գիտեմ, որ կատակով էր ասում), իսկ բարոյախոսականն այն է, թե ոչ ոք ծանր բեռ չպիտի դառնա ուրիշի վզին.— իսկ ես ոչ ոքի վզին ծանր բեռ չեմ։ Ես ունեմ իմ հացի պատառը, ճիշտ է՝ հացի հասարակ պատառ, երբեմն նույնիսկ չոր հացի, բայց ունեմ, աշխատանքովս եմ ձեռք բերել, օրինավոր անբիծ կերպով։ Դե՛, ի՞նչ անենք։ Ես ինքս էլ գիտեմ, որ քիչ բան եմ անում՝ որ արտագրում եմ, բայց և այնպես պարծենում եմ սրանով, որովհետև աշխատում եմ, քրտինք եմ թափում։ Եվ իսկապես սրանում ի՞նչ վատ բան կա, որ արտագրում եմ։ Ի՜նչ, արտագրելը մե՞ղք է, ինչ է։ «Տեսե՛ք, տեսե՜ք արտագրում է» — «Տեսե՛ք, տեսե՛ք չինովնիկ մուկն արտագրում է»։ Լավ, այստեղ ի՞նչ կա անազնիվ։ Գիրս այնքան պարզ է, լավ է, մարդու քեֆը գալիս է, որ նայում է, և նորին գերազանցությունն էլ գոհ է. ես նրա համար ամենակարևոր թղթերն եմ արտագրում։ Ասենք՝ թե ոճ չունեմ, ես հո ինքս էլ գիտեմ, որ չունեմ այդ անիծյալը, ոճը, ահա հենց դրա համար էլ ծառայությամբ առաջ չգնացի և մինչև անգամ ահա այժմ էլ, բալիկս, գրում եմ ձեզ հասարակ կերպով, առանց ճոռոմաբանությունների և այնպես, ինչպես խե՜լքս կտրում է... Ես այդ բոլորը գիտեմ և բացի այդ, եթե ամենքն սկսեին հեղինակել, արտագրո՛ղը ով կլիներ։ Ես ահա թե ինչ հարը եմ անում և ձեզ էլ խնդրում եմ պատասխան տաք, ջանիկս։ Ուրեմն, ես գիտակցում եմ այժմ, որ ես հարկավոր եմ, որ ես անհրաժեշտ եմ, և թե հարկ չկա դատարկախոսություններով մարդու շշկլացնել։ Ասենք, շատ բարի, թսղ ես մուկ լինեմ, թե որ նմանություն են գտել։ Բայց այդ մուկը հարկավոր է, այդ մուկն օգուտ է բերում, այդ մուկն է, որ պահում է նրանց, այդ մկանն է, որ պարգև է դուրս գալիս,— ահա թե ինչ տեսակ մուկ է դա։ Սակայն բավական է այս մասին խոսենք, բալիկս, ես հո այս մասին չէի էլ ուզում խոսել, միայն այնպես, մի քիչ տաքացա։ Բայց և այնպես հաճելի է, որ մարդ ժամանակ առ ժամանակ արդարության հարկը տա իրեն։ Մնաք բարով, բալիկս, իմ աղավնյակ, իմ բարի մխիթարիչ։ Կգամ, անպատճառ կգամ ձեզ մոտ, կայցելեմ ձեզ, իմ պայծառիկ։ Իսկ դուք մի՛ ձանձրանաք առայժմ։ Ձեզ համար գիրք կբերեմ։ Դե՛, մնաք բարով, Վարինկա։

Ձեր սրտագին բարյացակամ

Մակար Դեվուշկին:
Հունիս 20

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Գրում եմ ձեզ ձեռաց. շտապում եմ, գործս պիտի վերջացնեմ ժամանակին։ Գիտե՞ք բանն ինչումն է, միքանի լավ բաներ կան ծախու։ Ֆեդորան ասում է, որ իր մի ծանոթի մոտ կա մի ինչ-որ վիցմունգիր, բոլորովին նոր, ներքնաշոր, ժիլետ և գլխարկ, և ասում է՝ բոլորն էլ խիստ էժան, չավ կլինի, որ գնեք։ Այժմ էլ հո կարիքի մեջ չեք, փող էլ ունեք, ինքներդ եք ասում, որ ունեք։ Խնդրում եմ՝ ժլատություն չանեք, չէ՞ որ այդ բոլորը հարկավոր բաներ են։ Մեկ նայեցեք ձեզ, թե ինչ հին շորերով եք ման գալիս։ Ամոթ է, ամբողջովին կարկատան։ Նոր շոր չունեք, այդ ես գիտեմ, թեև հավատացնում եք, թե ունեք։ Աստված գիտե, թե ում եք ծախել. ուրեմն լսեցեք ինձ, խնդրում եմ։ Ինձ համար արեք այդ. թե որ սիրում եք ինձ, գնեցեք։

Դուք ինձ սպիտակեղեն եք ուղարկել նվեր, բայց լսեցեք, Մակար Ալեքսեևիչ, չէ՞, որ դուք դրանով քանդվում եք։ Հանաք բա՞ն է, ինչ է, այնքան եք ծախսել ինձ վրա, սարսափելի շատ փող։ Ա՜խ, այդ ի՞նչ սովորություն է, որ դուք սիրում եք փողերը դեսուդեն շպրտել։ Ինձ հարկավոր չէ, այդ բոլորը միանգամայն ավելորդ էր։ Ես գիտեմ և հավատացած եմ, որ ինձ սիրում եք. հավատացնում եմ, ավելորդ է, որ այդ հիշեցնում եք ինձ նվերներով, իսկ ինձ համար ծանր է ձեզնից նվերներ ընդունելը, որովհետև գիտեմ, թե ինչ են նստում ձեզ վրա։ Մի անգամ և առմիշտ ասում եմ, բավական է, լսո՞ւմ եք։ Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ։ Դուք խնդրում եք, Մակար Ալեքսեևիչ, որ ուղարկեմ ձեզ հուշատետրիս շարունակությունը, ուզում եք, որ վերջացնեմ։ Ես չգիտեմ, թե ինչպես էր գրվել այն էլ, ինչ որ գրել եմ։ Բայց ես ուժ չեմ ունենա այժմ խոսելու իմ անցյալի մասին, ես մտածել անգամ չեմ ուզում այդ մասին, ես սարսափում եմ այդ հիշողություններից։ Իսկ խոսել իմ խեղճ մայրիկի մասին, որ իր դժբախտ զավակին ավար թողեց այդ հրեշների ձեռքին, այդ ամենից ավելի ծանր է ինձ համար։ Սիրտս արնաքամ է լինում, որ հիշում եմ այդ։ Այս բոլորը դեռևս այնքան թարմ է, ոչ միայն հանգստանալ, այլև խելքս դեռ գլուխս չեմ ժողովել, թեև մի տարուց ավելի է անցել։ Բայց դուք գիտեք ամեն բան։

Ես ձեզ ասացի, թե Աննա Ֆյոդորովնան ինչեր է ասում այժմ, նա ինձ է մեղադրում, թե երախտամոռ եմ եղել, և ոչ մի մեղադրանք չի ընդունում, որ ինքը գործակից է եղել պարոն Բըկովի հետ։ Նա կանչում է ինձ իր մոտ. ասում է, թե ես մուրացկանություն եմ անում, թե ես վատ ճանապարհով եմ գնացել։ Ասում է, որ եթե վերադառնամ իր մոտ, ինքը հանձն է առնում գործը դրստել պարոն Բըկովի հետ և ստիպել նրան, որ իր մեղքը քավի իմ առջև։ Ասում է, թե Բըկովն ուզում է օժիտ տալ ինձ։ Աստված նրանց հետ։ Այստեղ էլ շատ լավ եմ զգում ինձ ձեզ հետ, իմ բարի Ֆեդորայի մոտ, որն իր անձնվիրությամբ հիշեցնում է ինձ իմ հանգուցյալ դայակին։ Դուք թեև հեռավոր ազգական եք ինձ, բայց պաշտպանում եք ինձ ձեր անունով։ Իսկ նրանց չեմ ուզում ճանաչել, կմոռանամ նրանց, եթե կարողանամ։ Էլ ի՞նչ են ուզում ինձանից։ Ֆեդորան ասում է, թե այդ բոլորը բամբասանք է, թե նրանք հանդիստ կթողնեն ինձ վերջապես։ Տա՛ աստված։

Վ. Դ.
Հունիս 21

Աղավնյակդ իմ, ջանիկս։

Ուզում եմ գրել, բայց չեմ իմանում, ինչից սկսեմ։ Այս ի՞նչ տարօրինակ բան է, որ մենք ձեզ հետ ապրում ենք այսպես։ Ասելս այն է, որ ես ոչ մի ժամանակ օրերս չեմ անցկացրել այսպիսի ուրախության մեջ։ Կարծես աստված օրհնել, տուն ու ընտանիք է տվել ինձ։ Զավակս, իմ սիրունիկ, այդ ի՞նչ եք ասում չորս շապկի մասին, որ ես ուղարկել եմ ձեզ։ Չէ՞ որ հարկավոր էին ձեզ,— Ֆեդորայից իմացա։ Ջանիկս, ձեզ գոհացում տալը մի առանձին երջանկություն է ինձ համար. այդ արդեն իմ հաճույքն է, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, ինձ մի վիրավորեք և մի վատաբանեք ինձ։ Ոչ մի ժամանակ այսպիսի բան չի պատահել ինձ, ջանիկս։ Ահա ես այժմ մարդամեջ եմ ընկել։ Նախ՝ ապրում եմ երկուտակ, որովհետև դուք էլ նույնպես շատ մոտիկ եք ապրում ինձ և ի մխիթարություն իմ. իսկ երկրորդը՝ այսօր ինձ թեյի հրավիրեց մի կենող, իմ հարևան Ռատազյայևը, այն նույն չինովնիկը, որի մոտ հեղինակային երեկոներ են լինում։ Այսօր ժողով կա. գրականություն պիտի կարդանք։ Այ, թե այժմ ոնց ենք ապրում մենք, ջանիկս,— ա՜յ»։ Դե՜հ, մնաք բարով։ Ես այս բոլորը դրեցի հենց այնպես, առանց որևէ նկատելի նպատակի, այլ միայն նրա համար, որ ծանոթացնեմ ձեզ իմ բարության մասին։ Դուք հրամայել եք, հոգյակս, Թերեզայի միջոցով ասելու, որ ձեզ գունավոր մետաքս է հարկավոր հարթակարելու, կդնեմ, ջանիկս, կդնեմ, մետաքս էլ կդնեմ։ Հենց վաղնևեթ հաճույք կունենամ գոհացում տալու ձեզ կատարելապես։ Տեղն էլ գիտեմ՝ որտեղ դնեմ։ Իսկ ինքս այժմ մնում եմ

Ձեր անկեղծ բարեկամ

Մակար Դեվուշկին:
Հունիս 22

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ծանուցանում եմ ձեզ, իմ հարազատ, որ մեր բնակարանում ամենախղճալի մի անցք պատահեց, իսկական-իսկական խղճահարության արժանի։ Այսօր առավոտյան հինգերորդ ժամին մեռավ Գարշկովի փոքրիկը։ Միայն թե չգիտեմ ինչից, սկարլատինա էր, թե ինչ, աստված գիտե։ Այցելեցի այդ Գարշկովներին։ Օ՜հ, ջանիկս, ինչքա՜ն աղքատ են։ Եվ ի՜նչ անկարգություն։ Զարմանալի էլ չէ. ամբողջ ընտանիքն ապրում է մի սենյակում, միայն պատվարներով բաժանված՝ վայելչության համար։ Նրանց մոտ արդեն դագաղիկն էլ է դրված, հասարակ, բայց բավական լավ դագաղիկ, պատրաստի են առել. տղան տասը տարեկան էր, հույսեր էր տալիս, ասում են։ Մարդ խղճահարվում է նրանց նայելիս, Վարինկա։ Մայրը լաց չի լինում, բայց այնքա՜ն տխուր է խեղճը։ Նրանց համար գուցե և թեթևություն է, որ մեկից ազատվել են, իսկ նրանց մոտ դարձյալ երկուսն են մնացել, մեկը ծծի, մյուսը՝ մի փոքրիկ աղջիկ, այսպես վեց տարեկանից մի քիչ մեծ։ Ինչ մի հաճելի բան է, իսկապես, որ տեսնում ես, երեխադ տանջվում է, այն էլ հարազատ զավակդ ու ոչինչ չունես, որ օգնես։ Հայրը նստած է հին, յուղոտած ֆրակով, ջարդված աթոռի վրա։ Արտասուքները կաթում են գուցե և ոչ վշտից, այլ հենց այնպես, ըստ սովորականին, աչքերն արտասվակալում են աչքացավից։ Այնքան տարօրինակ մարդ է։ Միշտ կարմրատակում է, որ խոսում ես հետը, շփոթվում է ու չի իմանում՝ ինչ պատասխանի։ Փոքրիկ աղջիկը կանգնած է դագաղին կռթնած ու այնպես տխուր է, մտածկոտ խղճուկը։ Իսկ ես, ջանիկս, Վարինկա, չեմ սիրում, որ երեխան մտածության մեջ է ընկնում, չի դուր գալիս նայելը։ Փալասներից շինած ինչ-որ տիկնիկ է ընկած նրա մոտ հատակի վրա, չի խաղում, մատիկը դրել է շրթներին, կանգնած է իր համար, չի շարժվում։ Տանտիրուհին կանֆետ տվեց նրան, վերցրեց, բայց չկերավ։ Տխուր բան է, Վարինկա, չէ՞։

Մակար Դեվուշկին։

Հանիս 25

Ամենասիրելի բարեկամ Մակար Ալեքսեևիշ։ Զեր գրքույկը հետ եմ ուղարկում։ Շատ անպետք գրքույկ է, իսկի ձեռք առնել չի կարելի։ Ո՞րտեղից եք փորփրել, գտել այդ թանկագին գանձը։ Հանաքը դենը կենա, մի՞թե ձեզ դուր են գալիս այդպիսի գրքույկները, Մակար Ալեքսեևիչ։ Խոստացել էիք ինձ այս օրերս որևէ կարդալու բան գտնել։ Ես էլ կուղարկեմ ձեզ, եթե ուզում եք։ Իսկ այժմ ցտեսության։ Հավատացեք, ժամանակ չունեմ ավելի գրելու։

Վ. Դ.
Հունիս 26

Սիրելի Վարինկա։ Բանն էլ հենց այն է, որ ես իսկապես չէի կարդացել այդ գրքույկը։ Ճիշտ է, կարդացել էի մի քիչ, տեսնեմ զավզակ բան է, միայն ծիծաղելու համար է գրված, ասի գուցե և իսկապես զվարճալի բան է, գուցե թե դուր գա Վարինկին. վերցրի ուղարկեցի ձեզ։

Ա՜յ, Ռատազյայևը խոստացել է ինձ իսկական գրականական որևէ բան տալ կարդալու, և ահա դուք էլ գրքույկներ կունենաք, ջանիկս։ Ռատազյայևր հասկացող, հետ եկած մարդ է, ինքն էլ է գրում, ո՜ւհ, ինչպես է գրում։ Այնպիսի ճարպիկ գրիչ ունի և անհատնում ոճ, այսինքն ամեն մի խոսքի մեջ, ասես, ամենադատարկ, ամենահասարակ, անպիտան խոսքի մեջ անգամ, որ թեկուզ ես էլ երբեմն Ֆալդոնին կամ Թերեզային ասեի, ահա այստեղ էլ նա ոճ ունի։ Ես նրա երեկույթներին էլ եմ լինում։ Մենք թութուն ենք ծխում, իսկ նա կարդում է մեզ համար, հինգ ժամ կարդում, իսկ մենք շարունակ լսում ենք։ Հիացում, և ոչ թե գրականություն։ Սքանչելի է, ծաղիկներ, ուղղակի ծաղիկներ, ամեն մի էջից վերցրու ու ծաղկեփունջ կապի։ Նա այնպես քաղաքավարի է, բարի, սիրալիր։ Դե, ես ի՞նչ եմ նրա մոտ, ի՞նչ։ Ոչինչ։ Նա անվանի մարդ է, իսկ ես ի՞նչ եմ։ — Ուղղակի գոյություն չունեմ, այնինչ դեպի ինձ էլ բարեհաճ է։ Ես նրա համար միքանի բաներ եմ արտագրում։ Բայց միայն դուք չկարծեք, Վարինկա, թե այստեղ որևէ արարք կա, թե ահա իսկապես այն պատճառով է նա դեպի ինձ բարեհաճ կերպով վերաբերվում, որ ես արտագրում եմ: Բամբասանքներին մի՛ հավատաք, ջանիկս, գարշելի բամբասանքներին մի՛ հավատաք։ Ոչ, այդ ես ինքս իմ կամքով նրան հաճույք պատճառելու համար եմ անում, իսկ որ նա դեպի ինձ բարեհաճ կերպով է վերաբերվում, այդ էլ ինձ հաճույք պատճառելու համար է անում։ Ես վարմունքի քաղաքավարությունը հասկանում եմ, ջանիկս։ Նա բարի, շատ բարի մարդ է և աննման գրող։

Իսկ լավ բան է գրականությունը, Վարինկա, շատ լավ. այդ ես երեկ չէ մեկել օրն իմացա նրանցից։ Խորը բան է։ Սիրտը պնդացնող, սովորեցնող, և այդ ամենի մասին ուրիշ բան է գրված նրանց մոտ գրքի մեջ։ Շատ լավ է գրված։ Գրականությունը, դա պատկեր է, այսինքն, մի տեսակ պատկեր և հայելի, կրքի արտահայտություն, այնպիսի նուրբ քննադատություն, խրատական ուսուցմունք և դոկումենտ։ Այս բոլորը ես նրանց մոտ նկատեցի։ Անկեղծ ասեմ ձեզ, ջանիկս, նստած եմ նրանց մեջ, լսում եմ (նրանց պես ես էլ չիբուխ եմ քաշում), ու հենց որ սկսում են մրցել ու վիճել զանազան բաների մասին, այստեղ արդեն, ջանիկս, ես ուղղակի փաս եմ լինում, այստեղ, ջանիկս, ես էլ, դու էլ պարզապես փաս կլինենք։ Այստեղ ես ուղղակի ապուշի պես նստած եմ մնում, ինքս ինձնից ամաչում, այնպես որ ամբողջ երեկույթի ընթացքում աշխատում եմ, թե ինչպես անեմ, որ րնդհանուր խոսակցության մեջ գեթ մի կես խոսք էլ ես ասեմ ու թարսի պես այդ կես խոսքն էլ չկա ու չկա։ Ու ցավում եմ, Վարինկա, ինքս ինձ վրա, որ ոչ այս եմ, ոչ այն, առածի պես մեծացել եմ, խելքս չի հասել։ Դե՛, ի՞նչ եմ անում ես այժմ։— Քնում եմ հիմարի պես։ Այնինչ անհարկի քնելու տեղ կարելի էր հաճելի բանով զբաղվել, օրինակ՝ նստել և գրել։ Ինձ էլ օգուտ կտար, ուրիշի համար էլ լավ կլիներ։ Մեկ դուք տեսեք, ջանիկս, թե որքան են վերցնում նրանք, տեր իմ աստված։ Ա՜յ, հենց Ռատազյայևը, ինչքա՜ն է վերցնում։ Ի՞նչ բան է նրա համար մի թերթ գրելը։ Օր է պատահում, որ հինգ թերթ էլ է գրում և ամեն մի թերթի համար, ասում է, երեք հարյուր ռուբլի եմ վերցնում։ Կգրի որևէ մի պստիկ անեկդոտ, կամ հետաքրքրական որևէ բան, հինգ հարյուր, տալիս ես տուր, թեկուզ ճաքիր՝ տուր, չես տալիս, մենք ուրիշ անգամ հազար էլ կառնենք։ Լավ է, չէ՞, Վարվառա Ալեքսեևնա։ Է՜հ, մենա՞կ եմ։ Նա ոտանավորների մի պստիկ տետրակ ունի, ոտանավորներն էլ պստիկ բաներ են,— յոթը հազար, ջանիկս, յոթը հազար է ուզում, մեկ լավ մտածեցեք։ Այդ հո մի ամբողջ անշարժ կայք է, հիմնական տուն։ Ասում է, թե հինգ հազար տալիս են, չի վերցնում։ Ես համոզում, ասում եմ. վերցրեք հինգ հազարը և թքեցեք նրանց վրա՛, հինգ հազարը հո փող է, չէ, ասում է, յոթը կտան սրիկաները։ Այնպիսի ճարպիկն է, հավատացեք։

Բանը որ այստեղ հասավ, ջանիկս, ուրեմն թող այդպես լինի, ես կարտագրեմ Իտալական կրքերից մի տեղ։ Այս նրա հեղինակությունն է, այսպես է անվանվում։ Ահա կարդացեք, Վարինկա, և ինքներդ դատեցեք։

«... Վլադիմիրը ցնցվեց, և կրքերը կատաղորեն խլթխլթացին նրա մեջ, և արյունը եռաց...

— Կոմսուհի,— աղաղակեց նա,— կոմսուհի։ Գիտե՞ք դուք արդյոք՝ որքան սարսափելի է այս կիրքը, որքան անսահման է այս խելագարությունը։ Ոչ, իմ ցնորքներն ինձ չէին խաբում։ Ես սիրում եմ, սիրում եմ ցնծագին, կատաղի, խելագար։ Քո ամուսնու ամբողջ արյունը չի կարող ողողել իմ հոգու կատաղի, խլթխլթացող հրճվանքը։ Չնչին արգելքները չէր դադարեցնի ամեն ինչ պայթեցնող դժոխային այն հուրը, որ ակոսում է իմ հոգնած, տանջված կուրծքը։ Օ՜, Զինայիդա, Զինայիդա։

— Վլադի՛միր...— շշնջաց կոմսուհին ինքն իրեն կորցրած, գլուխը խոնարհելով նրա ուս ին...

— Զինայիդա,— աղաղակեց ցնծագին Սմելսկին։

— Նրա կրծքից շոգիացավ օդը։ Հրդեհը բորբոքվեց կարմիր բոցերով սիրո սեղանի վրա և ակոսեց դժբախտ տանջվածների կուրծքը։

— Վլադիմիր...— շշնջում էր հիացքի մեջ կոմսուհին։ Նրա կուրծքն փոթորկում էր, այտերը կաս կարմիր կտրել, աչքերը վառվում էին...

Նոր, սոսկալի պսակը կատարված էր, Կես Ժամից հետո ծեր կոմսը մտավ, իր կնոջ բուդուարը։

— Ի՞նչ կասեք, հոգյակս, հրամայե՞մ, որ թանկագին հյուրի համար սամովար գնեն,— ասաց նա կսմթելով կնոջ թուշը»։

Դ՛ե հիմա, սրանից հետո հարցնեմ ձեզ, ջանիկս, ի՞նչպես եք գտնում։ ճիշտ է, մի քիշ բաց է գրած, սրանում խոսք չկա, բայց լավ։ Ինչ-որ լավ է, լավ է։ Բայց ահա թույլ տվեք ես մի կտոր էլ արտագրեմ «Երմակ և Զուլեյկա» վիպակից։ Երևակայեցեք, ջանիկս, որ կազակ Երմակը, Սիբիրի վայրենի և ահարկու նվաճողը, սիրահարված է Զուլեյկայի, Սիբիրի Կոշում թագավորի աղջկա վրա, որին գերի է վերցրել։ Անցքն ուղղակի Եվան Գրոզնու ժամանակներից է, ինչպես տեսնում եք։ Ահա Երմակի և Զուլեյկայի խոսակցությունը.

«— Դու ինձ սիրո՞ւմ ես, Զուլեյկա։— Օ՜, կրկնիր, կրկնիր...

— Ես սիրում եմ քեզ, Երմակ,— շշնջաց Զուլեյկան։

— Երկինք և երկիր, շնորհակալ եմ ձեզնից. ես երջանիկ եմ... դուք տվիք ինձ ամեն բան, ամեն բան, որին պատանեկական հասակիցս ձգտում էր իմ հուզումնալից հոգին։ Ուրեմն, ահա՝ թե ուր էիր տանում, իմ աստղ ուղեցույց, ահա թե ինչու դու բերիր ինձ այստեղ, Քարե Գոտու հետևը։ Ես ցույց կտամ ամբողջ աշխարհին իմ Զուլեյկային, և մարդիկ, կատաղած հրեշները, չեն համարձակվի մեղադրել ինձ։ Օ՜, եթե նրանց հասկանալի են սրա քնքուշ հոգու այս ծալուկ տանջանքները, եթե նրանք ընդունակ են տեսնելու մի ամբողջ պոեմ իմ Զուլեյկայի մի հատիկ արցունքի մեջ։ Օ՜, թույլ տուր ինձ համբույրներովս սրբեմ այդ արցունքը, թույլ տվեք խմեմ այդ երկնային արցունքը, իմ չնաշխարհիկ արարած։

- Երմակ,— ասաց Զուլեյկան,— աշխարհը չար է, մարդիկ անարդար։ Նրանք կհալածեն մեզ, նրանք կդատապարտեն մեզ, իմ սիրելի Երմակ։ Ի՞նչ պիտի անի խեղճ կույսը, որ մեծացել է Սիբիրի հայրենի ձյուների մեջ, իր հոր յուրտում, ձեր ցուրտ, սառցային, անհոգի, ինքնասեր աշխարհում։ Մարդիկ չեն հասկանա ինձ, իմ ցանկալի, իմ սիրեցյալ։

— Այն ժամանակ կազակի թուրը կբարձրանա նրանց գլխին և կշառաչի,— գոռաց Երմակը, վայրենի կերպով խաղացնելով աչքերը»։

Հիմա տեսնենք, Վարինկա, թե ինչ է անում Երմակը, երբ իմանում է, որ իր Զուլեյկան սրախողխող է եղած։ Կույր ծերունին, Կուշումը, օգտվելով գիշերվա մթությունից, Երմակի բացակայության ժամանակ ծածուկ մտնում է նրա վրանը և մորթում իր աղջկան, կամենալով մահացու հարված հասցնել Երմակին, որ զրկել էր նրան գայիսոնից և գահից։

«— Սիրում եմ երկաթը զրնգացնել քարի վրա,— գոչեց Երմակը վայրենի կատաղության մեջ, իր պողպատյա թուրը սրելով շամանյան քարի վրա։— Ինձ հարկավոր է նրանց արյունը, արյունը։ Նրանց պետք է սղոցե՛լ, սղոցե՛լ, սղոցե՛լ»։

Եվ սրանից հետո Երմակն այլևս չկարողանալով ապրել իր Զուլեյկայից հետո, իրեն գցում է Իրտիշ գետը, և դրանով ամեն բան վերջանում է։

Իսկ, օրինակ, այս փոքրիկ կտորը, որ գրված է նկարագրական կատակի ձևով՝ իսկապես ծիծաղեցնելու համար։

«Ճանաչո՞ւմ եք դուք Իվան Պրոկոֆևիչ Ժելտոպուզին։ Այ հենց նա, որ կծել էր Պրոկոֆիյ Իվանովիչի ոտը։ Իվան Պրոկոֆևիչը խիստ բնավորության, բայց հազվագյուտ առաքինությունների տեր մարդ է. ընդհակառակը, Պրոկոֆիյ Իվանովիչը չափազանց սիրում է սև բողկը մեղրով։ Ահա, երբ որ նրա հետ դեռևս ծանոթ էր Պելագեյա Անտոնովնան... Իսկ դուք ճանաչու՞մ եք Պելագեյա Անտոնովնային։ Այ, հենց նա, որ շրջազգեստը միշտ շուռ տված է հագնում»։

Այս հո մազալու բան է, Վարինկա, ուղղակի մազալու։ Մենք ծիծաղից թուլանում էինք, որ նա կարդում էր այս։ Ինչ տեսակ մարդ է, տե՛ր իմ աստված։ Ասենք, ջանիկս, թեև մի քիչ մազալու է և արդեն չափազանց ծիծաղաշարժ, բայց անմեղ բան է, առանց ամենաչնչին ազատամտության և լիբերալ մտքերի։ Պետք է նկատել, ջանիկս, որ Ռատազյայևը գեղեցիկ վարքի տեր մարդ է, ուստի և գերազանց գրող, և ոչ թե մյուս գրողների նման։

Հիմա ինչ եմ ասում, երբեմն խելքս փչում է... ասում եմ, ի՞նչ կլինի իսկապես, որ ես էլ գրեմ որևէ բան. հա, ի՞նչ կլինի այն ժամանակ։ Այ, օրինակ, գցենք թե հանկարծ, ոչ այս, ոչ այն, լույս տեսավ մի գրքույկ — Բանաստեղծություններ Մակար Դևուշկինի վերնագրով։ Հը՞, ի՞նչ կասեիք այն ժամանակ, իմ հրեշտակիկ։ Ի՞նչպես կներկայանար ձեզ այս բանը և ի՞նչ կմտածեիք։ Իսկ իմ մասին կասեմ, ջանիկս, որ հենց որ գրքույկս լույս տեսներ, այն ժամանակ ես բոլորովին չէի համարձակվի Նևսկու վրա երևալ։ Ինչի՞ նման կլիներ, որ ամեն մեկն ասեր, թե հրես գալիս է գրականության հեղինակ և բանաստեղծ Դևուշկինը, թե հրես, հենց սա է ինքը Դևուշկինը։ Դե՛, այն ժամանակ ի՞նչ պիտի անեի, օրինակ, իմ կոշիկներով։ Ի միջի այլոց, նկատեմ ձեզ, ջանիկս, որ կոշիկներս համարյա թե միշտ կարկատած են, տակերն էլ, ճիշտն ասեմ, երբեմն հետ եմ մնում շատ անվայելուչ կերպով։ Դե՛, ի՞նչ կլիներ այն ժամանակ, երբ ամենքն իմանային, որ ահա հեղինակող Դևուշկինի կոշիկները կարկատած են։ Որևէ մի կոնտեսսա-դյուշեսսան[2]), ո՛ր իմանար, նա ի՞նչ կասեր, հոգյակը։ Նա գուցե թե չնկատի էլ. որովհետև կոնտեսսաները, ինչպես կարծում եմ ես, կոշիկներով չեն զբաղվում, այն էլ չինովնիկների կոշիկներով (որովհետև չէ՞ որ կոշիկներ էլ կան, կոշիկներ էլ), բայց թե նրան կպատմեին ամեն ինչ իմ բարեկամները, կմատնեին ինձ։ Ա՛յ, հենց Ռատազյայևը առաջինը կլիներ, որ կմատներ, նա կոմսուհի Վ.-ի մոտ գնում է, ասում է, որ ամեն անգամ լինում է նրա մոտ, և առանց այլևայլության լինում։ Ասում է՝ այնպիսի մի հոգյակ է, այնպիսի գրականական դամա։ Զալում մարդ է այդ Ռատազյայևը։

Սակայն բավական է այս մասին, չէ՞ որ այս բոլորը ես գրում եմ հենց այնպես, իմ հրեշտակիկ, գրում եմ կատակով, որ ձեզ ծիծաղեցնեմ։ Մնաք բարյավ, իմ աղավնյակ։ Շատ բան խզմզեցի այստեղ, բայց այդ իսկապես այն պատճառով, որ այսօր ես ամենաուրախ հոգեկան տրամադրության մեջ եմ։ Այսօր ամենքս միասին ճաշեցինք Ռատազյայևի մոտ, այնպիսի (չարաճճիներ են նրանք, ջանիկս) ռոմանների մեջ մտան, որ... դե ի՞նչ հարկ կա գրելու ձեզ այս մասին։ Բայց չլինեմ-չիմանամ՝ որևէ կարծիք տանեք իմ մասին, Վարինկա։ Ես այս բոլորն ասում եմ հենց այնպես։ Գրքույկներ կուղարկեմ, անպատճառ կուղարկեմ... Այստեղ ձեռքից ձեռք է անցնում Պոլ-դը-Կոկի մի գրվածքը, միայն թե Պոլ-դը-Կոկը ձեզ չի կարելի, ջանիկս... Ո՛չ, ո՛չ, ձեզ համար Պոլ-դը-Կոկը անպետք է։ Նրա մասին ասում են, ջանիկս, որ նա Պետերբուրգի բոլոր կրիտիկոսներին ազնիվ զայրույթ է պատճառում։ Ուղարկում եմ ձեզ մի ֆունտ կանֆետ. հատկապես ձեզ համար եմ առել։ Անուշ արեք, ջանիկս, և ամեն մի կանֆետն անուշ անելիս հիշեցեք ինձ։ Միայն սառը շաքարը մի ծամեք, այլ ծծեցեք միայն, թե չէ ատամներդ կցավեն։ Իսկ դուք գուցե ցուկատներ էլ եք սիրում, գրեցեք։ Դե՛, մնաք բարով, մնաք բարով։ Քրիստոսը ձեզ հետ, աղավնյակդ իմ։ Իսկ ես մնամ առ միշտ։

Ձեր ամենահավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին։


Հունիսի 21

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ֆեդորան ասում է, որ եթե ես ուզենամ, ապա մի քանի մարդիկ հաճությամբ կկարեկցեն ինձ, և կաշխատեն շատ լավ տեղ ճարել ինձ համար մի տան մեջ դաստիարակչուհու պաշտոնով։ Ի՞նչ եք կարծում, իմ բարեկամ, գնա՞մ, թե ոչ։ Իհարկե, այն մամանակ ես բեռ չեմ լինի ձեզ համար, տեղն էլ կարծեմ շահավետ է, բայց մյուս կողմից մի տեսակ սիրտս չի գալիս գնալ անծանոթ տուն։ Նրանք ինչ-որ կալվածատերեր են։ Կսկսեն տեղեկանալ, հարցնել, հետաքրքրվել, դե՛, ի՞նչ պիտի ասեմ այն ժամանակ։ Բացի այդ, ես քաշվում, փախչում եմ մարդկանցից։ Սիրում եմ պինդ նստած մնալ սովորական անկյունումս։ Մի տեսակ լավ ես զգում քեզ, ուր սովոր ես․ թեև վայնաչարի ես ապրում, բայց և այնպես լավ է այդպես։ Բացի այդ, պետք է ուրիշ տեղ տանեն, այն էլ, աստված գիտե, ինչ տեսակ պաշտոն կլինի, գուցե ստիպեն, որ երեխաներին դայակություն անեմ։ Իրենք էլ այնպիսի մարդիկ են, որ երկու տարում արդեն երրորդ դաստիարակչուհին են փոխում։ Ուրեմն, ի սեր աստծու, խորհուրդ տվեք ինձ, Մակար Ալեքսեևիչ, գնա՞մ, թե ոչ;— Այդ ի՞նչ է, որ երբեք ինքներդ չեք մտնում ինձ մոտ, երբեմն միայն ձեր աչքերն եք ցույց տալիս։ Համարյա թե միայն կիրակի օրերին ենք պատարագի ժամանակ իրար հետ տեսնվում։ Ի՞նչ է եղել, որ այդպես քաշվում եք։ Ճիշտ ինձ պես։ Իսկ չէ որ ես ձեր համարյա հարազատ ազգականն եմ։ Դուք ինձ չեք սիրում, Մակար Ալեքսեևիչ, իսկ ես մենակ երբեմն շատ տխուր եմ լինում։ Մի անգամ, մանավանդ մթնշաղին, նստում եմ մեն-մենակ։ Ֆեդորան գնում է ուր-որ։ Նստում եմ, մտածում-մտածում, հիշում եմ բոլոր անցած գնացածը, թե ուրախալին, թե տխուրը, ամեն ինչ անցնում է աչքիս առաջով, ամեն ինչ երևում է կարծես մշուշի մեջ։ Երևում են ծանոթ դեմքեր, սկսում եմ համարյա թե տեսնել պարզ կերպով մայրիկիս, տեսնում եմ ամենից հաճախ․․․ Իսկ ի՞նչպիսի երազներ եմ տեսնում։ Զգում եմ, որ առողջությունս խանգարված է․ այնպես թույլ եմ, ա՛յ, հենց այսօր, անկողնից որ վեր էի կենում առավոտյան, գլուխս պտտվեց, բացի այդ՝ այնպես վատ եմ հազում։ Ես զգում եմ, գիտեմ, որ շուտ կմեռնեմ։ Ո՞վ կթաղի ինձ։ Ո՞վ կգա դագաղիս հետևից։ Ո՞վ կցավի ինձ համար... և ահա ստիպված պիտի լինեմ, գուցե, մեռնել օտար տեղում, օտարի տանը, օտարի անկյունում։ Աստվա՛ծ իմ, ի՜նչքան տխուր է կյանքը, Մակար Ալեքսեևիչ։ Իմ բարեկամ, ի՞նչ եք դուք ինձ շարունակ կանֆետներով կերակրում։ Չեմ իմանում, ճշմարիտ, ո՞րտեղից եք այդքան փող գտնում։ Ա՜խ, իմ բարեկամ, պահեցեք փողերը, ի սեր աստծու, պահեցեք։— Ֆեդորան ծախում է իմ գործած գորգը. 50 ռուբլի ասսիգնացիա են տալիս։ Այս շատ լավ է, կարծում էի՝ ավելի քիչ կտան։ Ֆեդորային երեք ռուբլի կտամ, ինձ համար էլ շոր կգնեմ, հասարակ, մի քիչ տաք շոր։ Ձեզ համար ժիլետ կկարեմ, ինքս կկարեմ և լավ կտոր կջոկեմ։

Ֆեդորան ինձ համար մի գիրք է ճարել — Повести Белкина, որն ուղարկում եմ ձեզ, եթե ուզում եք կարդալ։ Միայն խնդրում եմ՝ չկեղտոտեք և երկար մի պահեք, ուրիշի գիրքն է. դա Պուշկինի հեղինակությունն է։ Սրանից երկու տարի առաջ այդ վիպակները ես ու մայրիկս միասին էինք կարդում. և այժմ այնպիսի տխրություն պատեց ինձ, որ նորից կարդացի։ Եթե ձեզ մոտ գրքեր կան, ուղարկեցեք ինձ, բայց միայն այն դեպքում, եթե Ռատազյայևից չեք ստացել։ Նա անշուշտ իր հեղինակությունը կտա, եթե միայն որևէ բան և երբևիցե տպագրել է։ Այդ ի՞նչպես է, որ ձեզ այնքան դուր են գալիս նրա հեղինակությունները, Մակար Ալեքսեևիչ,— այդ դատարկ բաները...— Դե՛հ, մնաք բարով։ Ինչքա՜ն շատախոսեցի։ Տխուր որ լինում եմ, ուզում եմ խոսել, հա՛ խոսել, ինչ բանի մասին ուզում է լինի։ Սա դեղ է։ Իսկույն թեթևանում եմ, մանավանդ, երբ դատարկում եմ սիրտս։ Մնաք բարով, մնաք բարով, իմ բարեկամ։

Ձեր Վ. Դ.
Հունիս 28

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Բավական է դարդոտվեք։ Մի՞թե ամոթ չեք քաշում։ Բավական է, իմ հրեշտակիկ, այդ ի՞նչ բաներ եք մտածում։ Դուք հիվանդ չեք, հոգյակս, ամենևին հիվանդ չեք։ Դուք ծաղկում եք, հավատացեք, ծաղկում եք. մի քիչ դժգույն եք, բայց և այնպես ծաղկում եք։ Եվ այդ ինչ երազներ ու տեսիլներ են։ Ամոթ է, աղավնյակս, թողեք․ թքեցեք այդ երազների վրա, ուղղակի թքեցեք։ Ինչո՞ւ ես լավ եմ քնում։ Ինչո՞ւ ինձ բան չի պատահում։ Մեկ նայեցեք ինձ, ջանիկս։ Ապրում եմ ինձ համար, քնում եմ հանգիստ, առողջ եմ և այնքան կայտառ, որ մարդու քեֆը կգա ինձ նայելիս։ Բավական է, բավական, հոգյակս, ամոթ է։ Խելքի եկեք։ Ես ձեզ ճանաչում եմ, ջանիկս, հենց որ մի բան մտավ գլուխներդ, իսկույն սկսում եք ցնորել և դարդերով լցվել։ Թե որ սիրում եք ինձ, հոգյակս, թողեք այդ բոլորը։ Դաստիարակչուհի՞ գնաք.— երբե՛ք։ Ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Այդ ինչե՞ր եք մտածում, այդ ի՞նչ քամիներ են փչում ձեր գլխին։ Այն էլ ուրիշ տեղ պիտի տանեն։ Չէ որ չէ, ջանիկս, չեմ թողնի, բոլոր ուժերովս զինվում եմ այդպիսի մտադրության դեմ։ Իմ հին ֆրակը կծախեմ, շապկանց ման կգամ փողոցներում և չեմ թողնի ձեզ կարիքի մեջ։ Ոչ, Վարինկա, ոչ, ես ձեզ ճանաչում եմ։ Դա խելառություն է, պարզ խելառություն։ Իսկ ինչ որ ճշմարիտ է, այդ այն է, որ ամեն բանում մենակ Ֆեդորան է մեղավոր, այդ հիմար կինը, ինչպես երևում է, հանել է ձեզ խելքից։ Բայց դուք, ջանիկս, մի՛ հավատաք նրան։ Անշուշտ դուք դեռևս բոլորը չգիտեք... Նա հիմար կին է, կռվարար, դատարկամիտ, իր հանգուցյալ մարդուն էլ գերեզման դրեց։ Կամ թե, ով գիտե, նա որևէ բանով չարացրե՞լ է ձեզ։ Ոչ, ոչ, ջանիկս, ո՛չ մի պայմանով։ Հապա ես ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ, ի՞նչ պիտի լինի իմ դրությունը։ Ոչ, Վարինկա, դուք այդ գլխներիցդ հանեցեք։ Ինչնե՞րդ է պակաս։ Մենք սիրելով սիրում ենք ձեզ. դուք էլ մեզ եք սիրում, դե էլ ի՞նչ, ապրեցեք ձեզ համար հանգիստ, կար արեք և կարդացեք, ասենք կար էլ որ չանեք, միևնույն է, միայն թե մեզ հետ ապրեցեք։ Թե չէ, ինքներդ դատեցեք, ինչի՞ նման կլինի այդ այն ժամանակ... Այ, ես ձեզ համար գրքույկներ կճարեմ, իսկ հետո գուցե նորից որևէ տեղ կգնանք զբոսնելու։ Միայն թե դուք, ջանիկս, թողեք այդ միտքը, խելքի եկեք և դատարկ բաների հետևից մի՝ ընկնեք։ Ես ձեզ մոտ կգամ և շատ շուտով, միայն թե դուք իմ պարզ ու անկեղծ խոստովանությունն ընդունեցեք, լավ չէ, հոգյակս, բոլորովին լավ չէ։ Ես, իհարկե, ուսումնական մարդ չեմ, ինքս էլ գիտեմ, որ ուսումնական չեմ, սովորել եմ վայ-նաչարի, խոսքս էլ այդ մասին չէ, իմ մասին չէ, այլ այն մասին, որ ինչ ուզում եք ասեք, ես պիտի պաշտպան եմ Ռատազյայևին։ Նա բարեկամ է ինձ, դրա համար էլ պիտի պաշտպանեմ նրան։ Նա լավ է գրում, շատ, շատ և դարձյալ շատ լավ է գրում։ Համաձայն չեմ ձեզ հետ և ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել։ Գրված է ծաղկափթիթ, կտրուկ, ֆիգուրներով, զանազան մտքեր կան,— շատ լավ է։ Դուք գուցե առանց զգացումի եք կարդացել, Վարինկա, կամ քեֆներդ տեղը չի եղել կարդալիս, չարացած եք եղել Ֆեդորայի վրա, կամ որևէ բան է եղել փչացած ձեզ մոտ։ Չէ՛, հապա մեկ կարդացեք զգացումով, ավելի լավ, երբ որ գոհ եք և ուրախ և հոգեկան լավ տրամադրության մեջ եք գտնվում, ա՛յ, օրինակ, երբ որ կոնֆետ եք ուտում ձեր բերնում, ա՛յ, այդ ժամանակ կարդացեք։ Ես չեմ վիճում (ո՞վ է այս բանի դեմ), կան Ռատազյայևից էլ լավ գրողներ, կան և մինչև անգամ շատ լավ գրողներ, բայց նրանք էլ են լավ, Ռատազյայևն էլ է լավ։ Նրանք լավ են գրում, նա էլ է գրում։ Նա իրեն համար առանձին, հենց այնպես գրում է և շատ լավ է անում, որ գրում է։ Դեհ, մնաս բարով, ջանիկս, գրել այլևս չեմ կարող, պետք է շտապեմ, գործ կա։ Էլի ասում եմ, ջանիկս, սիրունիկ պայծառիկս, հանգստացեք ու թող աստված ձեզ հետ լինի, իսկ ես մնում եմ

Ձեր հավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին:

Հ. Գ. Շնորհակալ եմ գրքույկի համար, բալիկս, Պուշկինն էլ կկարդանք, իսկ այսօր երեկոյան անպատճառ կմտնեմ ձեզ մոտ։

Հուլիս 1

Իմ թանկագին Մակար Ալեքսեևիչ։

Ո՛չ, իմ բարեկամ, ո՛չ, ես չեմ կարող ձեր հաշվին։ Մտածեցի և տեսա, որ շատ վատ եմ անում հրաժարվելով այնպիսի շահավետ պաշտոնից։ Այնտեղ գոնե հացի հաստատ մի կտոր կունենամ. ես կաշխատեմ ձեռք բերել օտար մարդկանց սերը, նույնիսկ կաշխատեմ փոխել բնավորությունս, եթե հարկավոր լինի։ Իհարկե, ցավալի և ծանր կլինի ապրել օտարների մեջ, ուրիշների ողորմությունը հայցել, ծածկվել և հարկադրել ինքս ինձ, բայց աստված կօգնի ինձ։ Հո չի՞ կարելի շարունակ խուսափել մարդկանցից։ Այդպիսի դեպքեր արդեն պատահել են ինձ։ Հիշում եմ, երբ դեռ ևս փոքր եղած ժամանակս պանսիոն էի գնում։ Պատահում էր, ամբողջ կիրակի օրը տանը վազվզում էի, թռչկոտում, այնպես որ մայրիկս երբեմն չարանում էր, բայց ոչինչ, սրտով, հոգով ուրախ էի, զվարթ․ բայց հենց որ երեկոն սկսում էր մոտենալ, մահացու տխրություն էր գալիս վրաս. պետք էր ժամը իննին պանսիոն գնայի, իսկ այնտեղ ամեն ինչ օտար էր, ամենքը սառը, խիստ, դաստիարակչուհիները երկուշաբթի օրերը խիստ բարկացկոտ էին լինում, սիրտս ճմլվում էր․ լացս գալիս էր․ քաշվում էի մի անկյուն և լաց լինում մեն-մենակ, արցունքներս ծածկում, որ չասեն, թե ծույլ եմ, իսկ ես ամենևին նրա համար չէի լալիս, որ պետք է սովորեի։— Բայց ի՞նչ սովորեցի, և հետո պանսիոնից որ դուրս էի գալիս, այն ժամանակ էլ էի լաց լինում, երբ որ հրաժեշտ էի տալիս ընկերուհիներիս։ Ես լավ էլ չեմ անում, որ ծանր բեռ եմ դառել ձեր երկուսիդ էլ։ Այս միտքը մի տանջանք է ինձ համար։ Ես ձեզ անկեղծ կերպով ասում եմ այս բոլորը նրա համար, որ սովորել եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Մի՞թե չեմ տեսնում, որ Ֆեդորան ամեն օր վեր է կենում շատ վաղ, սկսում է լվացք անել և մինչև ուշ գիշեր աշխատում է,— այնինչ պառավ ոսկորները հանգստություն են սիրում։ Մի՞թե չեմ տեսնում, որ դուք ձեր վերջին կոպեկն ինձ վրա եք ծախսում․ այդ վեր է ձեր կարողությունից, իմ բարեկամ։ Գրում եք, թե ձեր վերջին ունեցածը կծախեք և ինձ կարիքի մեջ չեք թողնի։ Հավատում եմ, իմ բարեկամ, հավատում եմ ձեր բարի սրտին, բայց այդ այժմ եք այդպես ասում։ Այժմ դուք անսպասելի փողեր ունեք, պարգև եք ստացել. բայց հետո՞ ինչ կլինի, հետո՞։ Ինքներդ գիտեք, որ ես միշտ հիվանդ եմ․ ես չեմ կարող ձեզ պես աշխատել, թեև հոգովս ուրախ կլինեի, գործ էլ միշտ չի լինում։ Ուրեմն ի՞նչ է մնում ինձ։ Դարդահալ լինել նայելով ձեզ երկուսիդ։ Ինչո՞վ կարող եմ ձեզ գեթ մի չնչին օգուտ տալ։ Եվ ինչո՞ւ ես ձեզ այդքան անհրաժեշտ եմ, իմ բարեկամ։ Ի՞նչ մի լավ բան եմ արել ձեզ։ Ես միայն կապված եմ ձեզ հետ ամբողջ հոգովս, սիրում եմ ձեզ պինդ, սաստիկ, ամբողջ սրտովս, բայց դառն է իմ վիճակը, ես ընդունակ եմ սիրելու և կարող եմ սիրել, բայց միայն այդքան և ոչ թե բարիք գործել, հատուցանել ձեր բարերարությունների համար։ Մի՛ պահեք ինձ այլևս, թողեք գնամ, մտածեցեք և ասացեք ձեր վերջին կարծիքը։ Սպասելով մնում եմ

ձեզ սիրող
Վ. Դ.
Հուլիս 1

Խելառություն, խելառություն Վարինկա, պարզ խելառություն։ Ձեզ որ թողնենք ձեր խելքով, էլ ինչ ու ինչ չեք մտածի։ Հա՛ այս այսպես չէ, հա՛ այն այնպես չէ։ Իսկ ես հիմա տեսնում եմ, որ այդ բոլորը խելառություն է։ Ախր ինչնե՞րդ է պակաս, ջանիկս, դուք միայն այս ասացեք։ Ձեզ սիրում են, դուք մեզ սիրում եք, մենք ամենքս էլ գոհ ենք և երջանիկ, էլ ի՞նչ։ Դե ի՞նչ պիտի անեք օտար մարդկանց մեջ։ Դուք դեռ երևի չգիտեք, թե ինչ է նշանակում օտար մարդ․․․ Ո՛չ, բարեհաճեցեք ինձ հարցնել, և ես ձեզ կասեմ, թե ինչ է նշանակում օտար մարդ։ Ճանաչում եմ նրանց, ջանիկս, լավ եմ ճանաչում, պատահել է կերել եմ նրա հացը։ Չար է նա, Վարինկա, չար, այնպես չար, որ սրտիկդ չի դիմանա, այնպես կմաշի նա իր հանդիմանություններով, նախատինքներով ու վատ հայացքով։ Մեզ մոտ դուք ապրում եք տաքուկ, լավ, ոնց որ բնի մեջ նստած ծիտիկ լինեք։ Մեզ էլ ի՛նչպես պիտի թողնեք անգլուխ։ Ի՞նչ պիտի անենք առանց ձեզ, այս ծեր տեղովս ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ։ Դուք մեզ հարկավոր չե՞ք։ Օգտակար չե՞ք։ Ինչպե՞ս չեք օգտակար։ Չէ՛, ջանիկս, ինքներդ դատեցեք, այդ ի՞նչպես է, որ օգտակար չեք։ Դուք ինձ շատ եք оգտակար, Վարինկա։ Դուք այնպիսի ազդեցություն ունեք, բարերար ազդեցություն... Ահա ես այժմ մտածում եմ ձեր մասին և ուրախ եմ։ Երբեմն նամակ եմ գրում և բոլոր զգացումներս արտահայտում նրա մեջ, մանրամասն էլ պատասխան եմ ստանում ձեզանից։— Շորի փոքրիկ պահարան առա ձեզ համար, գլխարկ, ձեզնից երբեմն որևէ բան եմ ստանում, ես էլ տալիս եմ․․․ Չէ՛, ի՞նչպես թե օգտակար չեք։ Ի՞նչ պիտի անեմ ես մենակ այս ծեր հասակումս և ինչի՞ պետք կլինեմ։ Դուք գուցե այս մասին չեք էլ մտածել, Վարինկա, չէ՛, դուք հենց այս մասին մտածեցեք, թե ինչի՞ պետք կլինի նա առանց ինձ։ Ես սովորել եմ ձեզ, բալիկս։ Թե չէ, ի՞նչ դուրս կգա սրանից։ Կգնամ Նևայի ափն ու պրծավ։ Հավատացնում եմ, Վարինկա, այսպես կլինի, որովհետև առանց ձեզ էլ ինչ կմնա ինձ անելու։ Ախ, հոգյակս, Վարինկա։ Երևի ուզում եք, որ ինձ սայլակի վրա գցեն և տանեն Վոլկովո, որ ցեխի մեջ թրև եկող որևէ մի պառավ աղքատ կին մենակ հուղարկավորի իմ դագաղը, որ այնտեղ ինձ ավազի տակ թաղեն, հեռանան ու մենակ թողնեն ինձ այնտեղ։ Մեղք է, մեղք, ջանիկս։ Հավատացնում եմ, մեղք է, աստված է վկա, մեղք է։ Հետ եմ ուղարկում ձեզ ձեր գրքույկը, իմ բարեկամ Վարինկա, և եթե դուք, բարեկամդ իմ, հարցնեք իմ կարծիքը ձեր գրքույկի մասին, ապա կասեմ, որ կյանքումս չի պատահել, որ այդպիսի փառավոր գրքեր կարդացած լինեմ։ Այժմ հարցնում եմ ձեզ, ջանիկս, այս ի՛նչպես է եղել, որ ես մինչև այժմ ապրել եմ այնպես ապուշ, մեղա քեզ աստված։ Ի՞նչ եմ արել։ Ո՞ր անտառներից եմ եկել։ Ախր ես ոչինչ չգիտեմ, է՜, ջանիկս, բոլորովին ոչինչ չգիտեմ։ Ես ձեզ պարզ կասեմ, Վարինկա, ես ուսումնական մարդ չեմ, մինչև այժմ քիչ բան եմ կարդացել, շատ քիչ, համարյա ոչինչ․ Картина человека, խելոք հեղինակություն է, կարդացել եմ. Мальчик, наигрывающий разные штучки на колокольчиках, կարդացել եմ մեկել Ивиковы журавли — այսքանը միայն, ու էլ ուրիշ ոչ մի բան ոչ մի ժամանակ չեմ կարդացել։ Այժմ ես Станционный смотритель-ը այստեղ ձեր գրքույկի մեջ կարդացի։ Մի բան ասեմ, ձեզ, ջանիկս, այդ ինչպես է պատահում, որ մարդ ապրում է ու չի իմանում, թե քթի տակ մի գրքույկ կա, որի մեջ իր ամբողջ կյանքը սուփրի պես փռված է առջևը։ Եվ ինչո՞ւ առաջ իր խելքը չէր կտրում, թե հրես այո գրքույկը, որ սկսում է կարդար քիչ-քիչ համ հիշում է ամեն բան հա՜մ գտնել, հա՜մ հասկանալ։ Եվ, վերջապես, ահա թե դարձյալ, ինչու սիրեցի ձեր գրքույկը. լինում է մի տեսակ ստեղծագործություն, որ ինչքան կարդում ես, կարդում թեկուզ ճաքի ու բան չես հասկանում. այնքան խորամանկ կերպով է լինում գրված։ Ես, օրինակ, ես բութ եմ, ես բնությունից բութ եմ, այնպես որ չեմ կարող չափազանց կարևոր գրվածքներ կարդալ, իսկ այս որ կարդում եմ, կասես ինքս եմ գրել, կասես այս, օրինակի համար ասած, իմ սեփական սիրտն է, ինչպես որ կա, շուռ եմ տվել մարդկանց առջև ու ամեն բան նկարագրել մանրամասն, ահա թե ոնց։ Ու ինչքա՜ն էլ հասարակ բան է, աստված իմ, ինչքա՜ն հասարակ, հավատացնում եմ, ես էլ կգրեի այդպես, հա, ինչո՞ւ չէի գրի։ Չէ՞ որ ես էլ նույնն եմ զգում, հենց բոլորովին այնպես, ինչպես որ գրքույկի մեջ, և ինքս էլ երբեմն նույնպիսի դրությունների մեջ եմ գտնվել, ինչպես, օրինակի համար ասած, այդ խեղճ Սամսոն Վիրինը։ Ու ինչքա՜ն Սամսոն Վիրիններ են ման գալիս մեզնում, նույնպիսի անտեր, անտիրական, խեղճ ու կրակներ։ Եվ ինչքա՜ն հմուտ կերպով է նկարագրված ամեն բան։ Արտասուքը քիչ էր մնում խեղդեր ինձ, ջանիկս, որ կարդում էի, թե ինչպես խեղճը խելքը կորցնելու չափ իրեն արբեցողության էր տվել. ամբողջ օրը քնում էր ոչխարի մորթու քուրքը վրեն գցած, արաղ էր խմում դարդը մոռանալու համար ու լաց լինում ողորմելի կերպով, աչքերը կեղտոտ փեշով սրբելով, երբ որ հիշում էր իր մոլորված գառնուկին, իր Դունյաշա աղջկան։ Չէ, սա բնական է։ Մեկ կարդացեք, դա բնական է, ապրո՛ւմ է։ Ա՜յ, հենց Թերեզան, ասենք ինչ եմ հեռու գնում, հենց թեկուզ մեր խեղճ չինովնիկը, չէ՞ որ նա, գուցե թե, նույնպիսի Սամսոն Վիրին է,— միայն ազգանունն է ուրիշ — Գարշկով։ Դա ընդհանուր բան է, ջանիկս, ձեզ էլ, ինձ էլ կարող է պատահել։ Եվ մի որևէ կոմս, որ Նևսկու վրա կամ գետափին է ապրում, նա էլ նույնը կլինի, միայն ուրիշ ուրիշների առջև կձևացնի, թե կոմս է, որովհետև նրանք ամեն բանում իրենց սովորություններն ունեն, իրենց բարձր տոնը, բայց նա էլ նույնը կլինի, ամեն բան կարող է պատահել և ինձ էլ կարող է նույնը պատահել։ Ահա թե ինչ, ջանիկս, իսկ դուք ուզում եք մեզնից հեռանալ. բայց չէ՞ որ, Վարինկա, ես կարող եմ մեղքի մեջ ընկնել։ Կարող եք ձեզ էլ, ինձ էլ կործանել, բալիկս։ Ա՜խ դուք, իմ պայծառիկ, ի սեր աստծու, հանեցեք գլխներիցդ այդ ազատ մտքերը և մի տանջեք ինձ իզուր։ Դե՜, ինչպես կարող եք դուք իմ թույլ, չփետրավորված թռչնակ, ի՞նչպես կարող եք ինքներդ ձեզ կերակրել, կործանումից խուսափել, չարագործներից պաշտպանվել։ Թողեք այդ, Վարինկա, ուշքի եկեք, տխմար խորհուրդների և փսփսուկների ականջ մի դնեք, իսկ գրքույկը մի անգամ էլ կարդացեք, ուշադրությամբ կարդացեք, օգուտ կտա ձեզ։

Станционный смотритель-ի մասին խոսեցի Ռատազյայևի հետ։ Նա ինձ ասաց, թե բոլորը հին բան է, և թե հիմա գրքերը բոլորը պատկերներով են և զանազան նկարագրություններով, լավ չհասկացա, թե ինչ էր ասում։ Իսկ վերջում ասաց, թե Պուշկինը լավ գրող է, թե նա սուրբ Ռուսաստանը փառավորեց, ու դարձյալ շատ բաներ ասաց նրա մասին։ Այո՛, շատ լավ է, Վարինկա, շատ լավ. մի անգամ էլ կարդացեք գրքույկն ուշադրությամբ, իմ խորհուրդներին հետևեցեք և ինձ ականջ դնելով բախտավորեցրեք ինձ, ծերունուս։ Այն ժամանակ ինքը տերը կպարգևատրի ձեզ, բալիկս, անպատճառ կպարգևատրի։

Ձեր անկեղծ բարեկամ
Մակար Դեվուշկին


Հուլիս 5
Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ֆեդորան այսօր ինձ համար բերեց տասնհինգ ռուբլի արծաթ փող։ Ինչքան ուրախացավ խեղճը, որ իրեն երեք ռուբլի տվի։ Գրում եմ ձեզ շտապով։ Այժմ ժիլետ եմ ձևում ձեզ համար,— հրաշալի կտոր է,— դեղնավուն, ծաղկանկար։ Ուղարկում եմ ձեզ մի գրքույկ. այստեղ բոլորը զանազան պատմվածքներ են. ես կարդացի մի քանիսը, կարդացեք դրանցից մեկը «Шинель» վերնագրով։— Դուք խորհուրդ եք տալիս ինձ միասին թատրոն գնալ, թանկ չի՞ լինի արդյոք։ Գուցե թե գալերեյ գնանք։ Արդեն շատ վաղուց է, որ ես թատրոնում չեմ եղել, չեմ էլ հիշում ե՜րբ։ Միայն էլի վախենում եմ, թանկ չի՞ նստի։ Ֆեդորան միայն երերում է գլուխը։ Նա ասում է, որ դուք սկսել եք բոլորովին այնպես չապրել, ինչպես թույլ է տալիս ձեր կարողությունը, ես ինքս էլ եմ տեսնում այդ, մենակ ինձ վրա ո՜րքան եք ծախսել։ Տեսեք, բարեկամս, վատ բան դուրս չգա։ Ֆեդորան առանց այն էլ ինչ-որ լուրեր հասցրեց ականջիս, թե դուք կարծեմ վեճ եք ունեցել ձեր տանտիրուհու հետ նրան հասանելիք վճարը չտալու համար. ես շատ եմ վախենում ձեզ համար։ Դե՛հ, մնաք բարով, շտապում եմ։ Մի փոքրիկ գործ կա, գլխարկիս ժապավենները փոխում եմ։

Վ. Դ.
Հ. Գ. Գիտե՞ք, եթե մենք թատրոն գնալու լինենք, ես կծածկեմ իմ նոր գլխարկը, իսկ ուսերիս սև մանտիլիան։ Լավ կլինի, չէ՞։
Հուլիս 7

Ողորմած տիրուհի, Վարվաոա Ալեքսեևնա։

... Ահավասիկ ես դարձյալ երեկվանի մասին։— Այո՛, ջանիկս, կար ժամանակ, որ մենք էլ գժություններ էինք անում։ Սիրահարվել էի այդ դերասանուհու վրա, մինչև ականջներս սիրահարվել, և դեռ էլի ոչինչ, իսկ զարմանալին այն էր, որ ես նրան համարյա թե բոլորովին չէի տեսել և թատրոնումն էլ ընդամենը մի անգամ էի եղել, այնուամենայնիվ, սիրահարվել էի։ Այն ժամանակ ինձ հարևան ապրում էին չորս ստահակ ջահելներ։ Ընկերացա հետները, ակամա ընկերացա, թեև ինձ միշտ վայելուչ հեռավորության վրա էի պահում նրանցից։ Որպեսզի հետ չմնամ, ես ինքս էլ ամեն բանում խթխթում էի նրանց։ Ականջներս տարան՝ այնքան պատմում էին այդ դերասանուհու մասին։ Ամեն գիշեր, հենց որ թատրոն էր լինում, ամբողջ կամպանիան — հարկավոր բաների համար նրանք երբեք մի սև գրոշ էլ չէին ունենում — ամբողջ կամպանիան գնում էր թատրոն, գալերեյ, ու ծափահարում, ծափահարում, կանչում, կանչում այդ դերասանուհուն — ուղղակի կատաղում։ Իսկ հետո չէին թողնում, որ քնեմ. ամբողջ գիշեր նրա մասին էին խոսում, ամեն մեկը նրան իր Գլաշան էր անվանում, ամենքն էլ մենակ նրա վրա էին սիրահարված, ամենքի սրտումն էլ այդ մի հատիկ սոխակն էր։ Խելքահան արին նրանք ինձ էլ, անպաշտպանիս. այն ժամանակ ես դեռ ջահել էի։ Ինքս էլ չգիտեմ ինչպես եղավ, որ նրանց հետ ես էլ գնացի թատրոն. նստել էինք չորրորդ հարկում, գալերեյում։ Վարագույրի միայն ծայրն էի տեսնում ես, բայց ամեն բան լսում էի։ Իրավ է, դերասանուհին լավ ձայն ուներ — զրնգան, սոխակի, մեղրածոր ձայն։ Այնքան ծափ տվինք, որ ձեռներումս էլ ուժ չէր մնացել, բղավում էինք, բղավում, մի խոսքով՝ քիչ մնաց մեզ դուրս քշեին, ասենք՝ ճիշտ է, մեկին դուրս տարան։ Տուն եկա, ման էի գալիս շշմած. գրպանումս միայն մի ռուբլի էր մնացել, իսկ մինչև ռոճիկս կստանայի, դեռ տասն օր կար։ Հիմա ի՞նչ եք կարծում, ջանիկս, ի՞նչ անեի, որ լավ լիներ։ Հետևյալ օրը՝ նախքան ծառայության կգնայի, մտա պարֆյումյոր-ֆրանսիացու մոտ և ամբողջ կապիտալովս օծանելիք և հոտավետ սապոն առա,— ինքս էլ չգիտեմ, թե ինչո՞ւ այն ժամանակ առա այդ բոլորը։ Տանը չճաշեցի էլ, այլ շարունակ ման էի գալիս նրա պատուհանների տակ։ Նա ապրում էր Նևսկու վրա — չորրորդ հարկում։ Տուն եկա, մի ժամի չափ հանգստացա ու նորից Նևսկի գնացի, որպեսզի անցնեմ նրա պատուհանների տակով։ Մեկուկես ամիս ման էի գալիս այդպես, թրև էի գալիս նրա հետևից, րոպե առ րոպե կառք էի վարձում և շարունակ անցուդարձ անում նրա պատուհանների առաջով. քանդվեցի, քարը քսվեցի բոլորովին, պարտքերի տակ թաղվեցի ու հետո արդեն սրտիցս հանեցի նրան.— ձանձրացրեց։ Ահա թե դերասանուհին ինչ կարող է անել օրինավոր մարդուն, ջանիկս։ Ասենք ջահել էի ես այն ժամանակ, ջահել․․․

Մ. Դ.
Հուլիս 8

Իմ ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր գրքույկը, որ ես ստացա սույն ամսի 9-ին, շտապում եմ վերադարձնել ձեզ և, ընդսմին, շտապում եմ իմ սույն նամակիս մեջ բացատրվել ձեզ հետ։ Վատ բան է, ջանիկս, վատ բան է այն, որ դուք ինձ այսպիսի ծայրահեղության մեջ եք դրել։ Թույլ տվեք, ջանիկս, ասեմ ձեզ, ամեն մի գրություն որոշված է ամենաբարձրյալի կողմից մարդկությանը վիճակելու համար։ Ոմանց վիճակված է լինել գեներալական ուսադիրների մեջ, ոմանց՝ ծառայել իրին, տիտուլյարնի սովետնիկ. ոմանց՝ հրամայել, իսկ ոմանց էլ՝ անտրտունջ ու վախը սրտում հնազանդվել։ Այս արդեն ըստ մարդու ընդունակության է հաշվի առնված. մեկը մի բանի է ընդունակ, իսկ մյուսը՝ մի ուրիշ բանի, իսկ ընդունակությունները տրված են իրեն՝ աստծո, կողմից։ — Արդեն մոտ երեսուն տարի է, որ ես ծառայության մեջ եմ. ծառայում եմ անբիծ, վարքով ժուժկալ եմ, անկարգությունների մեջ երբեք չեմ նկատված։ Իբրև քաղաքացի, համարում եմ ինձ, իմ սեփական գիտակցությամբ, իբրև իմ թերությունները։ Բայց, ընդսմին, և իմ առաքինությունները ունեցող մարդ եմ։ Հարգված եմ իշխանությանս կողմից, և ինքը նորին գերազանցությունը գոհ է ինձանից. և թեպետ նա ցարդ բարեհաճության առանձին նշաններ չի ցույց տվել ինձ, բտյց ես գիտեմ, որ նա գոհ է։ Ապրել եմ այնքան, որ մազերս ճերմակել են. մեծ մեղքեր չունեմ։ Իհարկե, ո՞վ փոքր մեղքեր չունի։ Ամեն ոք մեղք ունի, և նույնիսկ դուք էլ մեղք ունեք, ջանիկս։ Բայց մեծ հանցանքների և հանդգնությունների մեջ երբեք չեմ նկատված, օրինակ, որևէ կարգադրության դեմ կամ հասարակական հանգստությունը խանգարելու մեջ, այսպիսի բանում ես երբեք չեմ նկատված, այդպիսի բան էլ չի եղել, նույնիսկ խաչ պիտի ստանայի,— է՜հ, ինչ ասեմ։ Այս բոլորը դուք պետք է որ գիտենայիք, ջանիկս, և նա էլ պետք է գիտենար,— մեկը որ գրիչը վերցնում է նկարագրելու, ուրեմն պետք է որ գիտենար բոլորը։ Ոչ, ես այդ չէի սպասում ձեզանից, ջանիկս, ոչ, Վարինկա։ Ա՜յ, հենց ձեզնից էր, որ չէի սպասում այդպիսի բան։

Ինչպե՜ս։ Ուրեմն սրանից հետո չի՞ կարելի, որ ապրես քեզ համար հանգիստ, քո անկյունում, ինչպես որ կա, ապրես ականջդ դինջ, առանց ոչ ոքի ձեռք տալու, աստծու վախը սրտումդ, ինքդ քեզ ճանաչելով, որպեսզի քեզ էլ ձեռք չտան, որպեսզի չմտնեն քո բունը տեսնելու, թե ի՞նչ ես անում այնտեղ, ունե՞ս արդյոք, օրինակ, լավ ժիլետ, ունե՞ս արդյոք ներքնաշորից ինչ որ հարկավոր է, ունե՞ս արդյոք կոշիկներ և ինչպիսի՞ տակեր ունեն նրանք. ի՞նչ ես ուտում, ի՞նչ ես խմում, ի՞նչ ես արտագրում... Դե, ի՞նչ գրելու բան է, ջանիկս, որ հենց թեկուզ ես, որտեղ որ սալահատակը վատ է, երբեմն անցնում եմ ոտներիս ծայրերի վրա, որպեսզի պահպանած լինեմ կոշիկներս։ Ի՞նչ հարկ կա գրելու ուրիշի մասին, թե նա երբեմն կարիքի մեջ է լինում, թեյ չի խմում։ Կարծես թե ամենքն էլ անպատճառ թեյ պիտի խմեն։ Ի՞նչ է, ես նայում եմ ամեն մեկի բերանին, թե ինչ է ծամում։ Ո՞ւմ եմ ես վիրավորել այդպես անելով։ Չէ, ջանիկս, ինչո՞ւ ուրիշներին նեղացնես, երբ որ քեզ ձեռք չեն տալիս։ Ահա ձեզ մի օրինակ, Վարվառա Ալեքսեևնա, ծառայում ես, ծառայում եռանդով, ջանադիր, իշխանությունդ էլ հարգում է քեզ (ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ, հարգում է), և ահա որևէ մեկը հենց քթիդ տակ, առանց որևէ նկատելի պատճառի, ոչ այս, ոչ այն, կվերցնի ու պասկվիլ կթխի քո դեմ։ Իհարկե, ճիշտ է, երբեմն որևէ մի նոր բան ես կարել տալիս քեզ համար, ուրախանում ես, չես քնում, այլ ուրախանում ես, նոր կոշիկներդ, օրինակ, հագնում ես այնպիսի քաղցրությամբ — այդ ճիշտն է, այդ ես զգացել եմ, որովհետև քեֆդ գալիս է, որ ոտդ տեսնում ես բարակ, կոկիկ կոշիկի մեջ,— այս ճիշտ է նկարագրված։ Բայց և այնպես ես անկեղծ կերպով զարմանում եմ, թե այդ ի՞նչպես Ֆյոդոր Ֆյոդորովիչը առանց ուշադրության թույլ է տվել այդպիսի մի գրքույկ և չի պաշտպանել իրեն։ Ճիշտ է, նա դեռևս ջահել սանովնիկ է և երբեմն սիրում է բղավել, բայց ինչո՞ւ չբղավի էլ։ Ինչո՞ւ հենց չշշպռի էլ, եթե հարկավոր է մեզպեսներին շշպռել։ Այո՛, դնենք թե, օրինակ, տոնը պահպանելու համար շշպռեր— դրա համար էլ կարելի է շշպռեր պետք է սովորեցնել, պետք է ահ տալ, որովհետև,— մեր մեջ մնա այս, Վարինկա,— մեզպես մարդիկ առանց ահը սրտում ոչինչ չեն անում. ամեն մեկն աշխատում է միայն որևէ տեղ նշանակված լինել, թե, տեսեք, ես այսինչ ու այնինչ տեղն եմ, իսկ գործից փախչում է։ Եվ որովհետև զանազան աստիճանի են լինում և ամեն մի աստիճանի չինովնիկ իր աստիճանին բոլորովին համապատասխան շշպռել է պահանջում, ապա բնական է, որ սրանից հետո շշպռելու տոնն էլ զանազան աստիճանի է լինում—սա բնական է։ Աշխարհիս բանն էլ հենց այդպես է, ջանիկս, որ մեզնից ամեն մեկը մյուսին տոն է տալիս, մեզնից ամեն մեկը մյուսին շշպռում է։ Առանց այս նախազգուշացման աշխարհս կանգուն չէր մնա, կարգ ու կանոն էլ չէր լինի։ Անկեղծ կերպով զարմանում եմ, թե ինչպես Ֆյոդոր Ֆյոդորովիչն այս վիրավորանքր թույլ է տվել առանց ուշադրության։

Եվ ինչո՞ւ պետք է գրել այդպիսի բան։ Եվ ինչի՞ է պետք այդ։ Ինձ ինչ դրանից, կարդացողներից որևէ մեկը շինել կկարի՞ ինձ համար, ինչ է։ Նոր կոշիկներ կառնի՞։— Չէ՛», Վարինկա, կկարդա ու դեռ շարունակությունն էլ կպահանջի։ Թաքնվում ես երբեմն, թաքնվում, վախենում ես քիթդ ցույց տալ որևէ տեղ, որովհետև դողում ես ասեկոսեներից, որովհետև ինչ կա-չկա՝ պասկվել կշինեն քեղանից և ահա քո ամբողջ քաղաքացիական և ընտանեկան կյանքը դրականության մեջ զբոսանք կկատարի. ամեն ինչ տված է, կարդացված, ծաղրված, քննադատված։ Փողոց դուրս դալ էլ չի կարելի, չէ՞ որ այդ բոլորն այնպես ապացուցված է, որ մեզ պես մարդուն հենց․ մենակ քայլվածքից կճանաչեն այսօր։ Դեռ էլի վնաս չունի, եթե նա գոնե վերջը ուղղած լիներ, որևէ բան մեղմացրած լիներ, օրինակ, այն կետից հետո, որտեղ ասված է, թե ինչպես նրա գլխին թղթեր էին թափվում, այսպիսի տողեր էլ ավելացրած լիներ, թե այս բոլորով հանդերձ նա առաքինի էր, լավ քաղաքացի, իր ընկերների կողմից այդպիսի վերաբերմունքի արժանի չէր, լսում էր մեծավորներին (այստեղ կարելի էր որևէ օրինակ բերել), ոչ ոքի չարիք չէր ցանկանում, հավատում էր աստծուն և երբ որ մեռավ (եթե դրոգն ուզում է, որ նա անպատճառ մեռնի), նրա վրա լաց էին լինում, բայց ամենից լավն այն կլիներ, որ խեղճին չթողներ մեռնելու, այլ այնպես աներ, որ նրա շինելը գտնվեր, որ գեներալը, մանրամասնորեն, իմանալով նրա առաքինությունները, խնդրեր, որ նրան տեղափոխեն իր կանցելյարը, չինը բարձրացներ և լավ ռոճիկ տար, այնպես որ, այ, տեսեք, թե հետո ինչ կլիներ.— չարը պատժված կլիներ, իսկ առաքինությունը' հաղթանակած և կանցելյարիստ ընկերներց կմնային քթները կախ։ Ես, օրինակ, այդպես կանեի, թե չէ ինչ մի առանձին, ի՞նչ մի չավ բան կա նրանում։ Այնպես, ինչ-որ մի դատարկ օրինակ ամենօրյա, գարշելի կյանքից։ Եվ դուք ի՞նչպես վստահացաք այդպիսի մի գրքույկ ուղարկել ինձ, բալիկս։ Չէ՞ որ դա մի չարամիտ գրքույկ է, Վարինկա, դա ուղղակի անհավատալի է, որովհետև չի կարող պատահել, որ այդպիսի չինովնիկ գտնվի։ Այս բանից հետո պետք է բողոքել, Վարինկա, պաշտոնապես բողոքել։

Ձեր ամենախոնարհ ծառա

Մակար Դեվուշկին
Հուլիս 27

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Վերջին անցքերը և ձեր նամակները վախեցրին, ապշեցրին ինձ և տարակուսանքի մեջ գցեցին, իսկ Ֆեդորայի պատմածները բացատրեցին ինձ բոլորը։ Բայց ի՞նչ հարկ կար այդպես հուսահատվելու և հանկարծ ընկնելու այնպիսի մի անդունդ, որի մեջ դուք եք ընկել, Մակար Ալեքսեևիչ։ Ձեր բացատրությունները բոլորովին չգոհացրին ինձ։ Տեսնում եք, ճիշտ չէի՞ ասում ես, երբ պնդում էի, թե պետք է վերցնեմ ինձ առաջարկած շահավետ պաշտոնը։ Բացի այդ իմ վերջին արկածն էլ քիչ չի վախեցնում ինձ։ Դուք ասում եք, թե ձեր՝ դեպի ինձ տածած սերն է ստիպել ձեզ ծածուկ պահելու ինձնից ձեր դրությունը։ Ես այն ժամանակ էլ արդեն տեսնում էի, որ շատ բանով պարտական եմ ձեզ, երբ դուք հավատացնում էիք, թե ինձ վրա ծախսում եք միայն ձեր հետ գցած փողերը, որոնք, ինչպես դուք էիք ասում, պահում էիք լոմբարդում սև օրվա համար։ Իսկ այժմ որ իմացար, թե դուք ոչ մի փող չեք ունեցել, թե պատահմունքով իմանալով իմ աղետալի դրությունը և այդ դրությունից զգացված, վճռել եք առաջուց վերցնել և ծախսել ձեր ռոճիկը, և նույնիսկ ծախել եք ձեր հագուստը, երբ որ ես հիվանդ էի,— այժմ ես, այդ բոլորը որ իմացա, այնպիսի մի տանջալից դրության մեջ եմ ընկել, որ մինչև այժմ չեմ իմանում, ինչպես ընդունեմ այդ բոլորը և ինչ մտածեմ այդ մասին։ Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ, դուք պետք է կանգ առնեիք ձեր առաջին բարերարություններից հետո, որ ներշնչել էին ձեզ կարեկցությունն ու ազգակցական սերը, և հետագայում չպետք է շռայլեք փողերը զուր տեղը։ Դուք դավաճանեցիք մեր բարեկամությունը, Մակար Ալեքսեևիչ, որովհետև անկեղծ չեք եղել ինձ հետ, և այժմ, երբ տեսնում եմ, որ ձեր վերջին կոպեկները ծախսել եք իմ արդուզարդի, կանֆետների, զբոսանքների, թատրոնի և գրքերի վրա,— ապա այդ բոլորն ինձ վրա էժան չի նստում այժմ, որովհետև զղջում եմ իմ աններելի թեթևամտության համար (որովհետև ես ձեզանից ամեն բան ընդունում էի, առանց հոգալու ձեր մասին), և այն ամենը, ինչով որ դուք ուզում էիք հաճույք պատճառել ինձ, այժմ դարդ է դառել ինձ համար և միայն ցավագին ափսոսանք է առաջացրել իմ մեջ։ Վերջին ժամանակներս ես նկատում էի, որ դուք դարդոտ եք և թեպետ ինքս էլ ինչ-որ տխուր բան էի սպասում, բայց այն, ինչ որ պատահեց այժմ, մտքովս էլ չէր անցնում։ Ինչպե՞ս դուք կարողացաք մինչև այդ աստիճան հոգեպես ընկճվել, Մակար Ալեքսեևիչ։ Բայց այժմ ի՞նչ կմտածեն ձեր մասին, ի՞նչ կասեն այժմ նրանք ամենքը, որոնք ճանաչում են ձեզ։ Դուք, որին ես և ամենքը, հարգում էինք ձեր հոգու բարության, ձեր համեստության և խոհեմության համար, դուք այժմ հանկարծ ընկել եք այնպիսի մի զզվելի արատի մեջ, որի մեջ, թվում է, թե երբեք նկատված չեք եղել առաջ։ Որ իմանաք, թե ինչ պատահեց ինձ, երբ Ֆեդորան պատմեց, թե ձեզ գտել են փողոցում հարբած դրության մեջ և տուն են տարեք ոստիկանության ձեռքով։ Ես քար կտրեցի դարմանքից, թեև ինչ-որ արտասովոր բանի էի սպասում, որովհետև չորս օր կորած էիք։ Բայց մտածե՞լ եք արդյոք, Մակար Ալեքսեևիչ, թե ինչ կասեն ձեր իշխանավորները, որ իմանան ձեր բացակայության իսկական պատճառը։ Ասում եք, թե ամենքը ծիծաղում են ձեզ վրա, թե ամենքն իմացել են մեր կապը և թե իրենց ծաղրանքի մեջ ինձ էլ են հիշում ձեր հարևանները։ Ուշադրություն մի՛ դարձնեք այդ բանի վրա, Մակար Ալեքսեևիչ, և, ի սեր աստծու, հանգստացեք։ Ինձ վախեցնում է դարձյալ ձեր այդ կռիվը այն օֆիցերների հետ. այդ մասին ես լռեցի մութ կերպով։ Բացատրեցեք ինձ, ի՞նչ է նշանակում այդ բոլորը։ Գրում եք, վախենում էիք ամեն բան հայտնել ինձ, վախենում էիք ձեր խոստովանությամբ կորցնել իմ բարեկամությունը, թե հուսահատության մեջ էինք, չէիք իմանում՝ ինչով օգնեք ինձ իմ հիվանդության ժամանակ, թե ծախել եք ամեն բան, որպեսզի օգնեք ինձ և թույլ չտաք, որ հիվանդանոց գնամ, թե որքան կարողացել եք՝ պարտք եք արել և ամեն օր կռիվ ու ղալմաղալ ունեք տանտիրուհու հետ,— բայց այս բոլորը ծածկելով ինձնից, շատ վատ եք արել։ Բայց այժմ ես հո ամեն բան իմացա։ Դուք քաշվել եք ստիպելու ինձ, որ խոստովանվեմ, թե ես եմ եղել ձեր դժբախտ դրության պատճառը, այնինչ այժմ կրկնակի վիշտ եք պատճառել ինձ ձեր վարմունքով։ Այս բոլորն ապշեցրել է ինձ, Մակար Ալեքսեևիչ։ Ախ, իմ բարեկամ, դժբախտությունը վարակիչ հիվանդություն է։ Դժբախտները և խեղճերը պետք է հեռու մնան իրարից, որպեսզի ավելի ևս չվարակվեն։ Ես ձեզ համար այնպիսի դժբախտություններ բերեցի, որոնց նմանը դուք չեք էլ փորձել առաջ ձեր համեստ և մենակյաց կյանքում։ Այս բոլորը տանջում և սպանում է ինձ։

Այժմ գրեցեք ինձ ամեն բան անկեղծորեն, թե ինչ է պատահել ձեզ և ինչպես է եղել, որ այդպիսի բան եք արել։ Հանգստացրեք ինձ, եթե կարելի է։ Ինքնասիրությունս չէ, որ ստիպում է ինձ գրելու այժմ իմ հանգստության մասին, այլ դեպի ձեզ ունեցած իմ բարեկամությունն ու սերը, որոնք ոչնչով չեն ջնջվի իմ սրտից։ Մնաք բարով։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։ Դուք վատ կարծիք եք ունեցել իմ մասին, Մակար Ալեքսեևիչ։

Ձեզ սրտագին սիրող Վարվառա Դոբրոսելովա

Հուլիս 28

Իմ անգին Վարվառա Ալեքսեևնա։

Հիմա որ ամեն բան վերջացած է և ամեն բան կամաց-կամաց իր նախկին դրությունն է ստանում, այդ պատճառով ահա թե ինչ կասեմ ձեզ, ջանիկս. դուք անհանգստանում եք այն մասին, թե ինչ կմտածեն իմ մասին, ուստի շտապում եմ հայտարարելու ձեզ, Վարվառա Ալեքսեևնա, որ իմ ամբիցիան ամենից թանկ է ինձ համար։ Հետևաբար և զեկուցանելով ձեզ իմ դժբախտությունների մասին և բոլոր անկարգությունների մասին, ծանուցանում եմ ձեզ, որ իշխանությունից դեռ ոչ ոք ոչինչ չգիտե և չի էլ գիտենա, այնպես որ նրանք ամենքն էլ դեպի ինձ հարգանք կտածեն առաջվա պես։ Մի բանից եմ վախենում,— բամբասանքներից։ Մեր տանը տանտիրուհին միայն բղավում է, իսկ այժմ, երբ ես ձեր տասը ռուբլու օգնությամբ վճարեցի նրան պարտքիս մի մասը, միայն փնթփնթում է և էլ ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, նրանք էլ ոչինչ, նրանցից միայն հարկավոր չէ փող փոխ առնել, թե չէ նրանք էլ ոչինչ։ Իսկ ի ամփոփումն իմ բացատրությունների, կասեմ ձեզ, ջանիկս, ձեր հարգանքը դեպի ինձ ես ամենից բարձր եմ համարում աշխարհիս երեսին և դրանով եմ մխիթարվում այժմ իմ ժամանակավոր անկարգությունների մեջ։ Փառք աստծու, որ առաջին հարվածը և առաջին ղալմաղալներն անցան, և դուք այս բանն ընդունեցեք այնպես, որ ինձ ուխտադրուժ բարեկամ և ինքնասեր չեք համարում այն բանի համար, որ ես ձեզ պահեցի ինձ մոտ և խաբում էի ձեզ, անկարող լինելով անջատվել ձեզնից և սիրելով ձեզ, ինչպես իմ հրեշտակիկին։ Ջանադիր կերպով եմ կպել այժմ ծառայությանս և պաշտոնս սկսել եմ կատարել լավ։ Եվստաֆիյ Իվանովիչը բնավ մի խոսք էլ չասաց, երբ երեկ անցնում էի կողքովը։ Չեմ ծածկի ձեզնից, ջանիկս, որ ինձ սպանում են պարտքերս և հագուստիս վատ դրությունը, բայց այս էլ վնաս չունի և այս մասին նույնպես աղաչում եմ ձեզ մի՛ հուսահատվեք, ջանիկս։ Ուղարկում եք դարձյալ հիսուն կոպեկ, Վարինկա, և այդ հիսուն կոպեկը սիրտս ծակեց։ Ուրեմն ահա թե բանը ոնց շուռ եկավ, ահա թե բանն ուր հասավ, այսինքն այս ես, ծեր հիմարս չեմ ձեզ, հրեշտակիկիդ օգնում, այլ դուք, իմ խեղճ որբիկ, ինձ։ Լավ է արել Ֆեդորան, որ փող է ճարել։ Ես առայժմ ոչ մի հույս չունեմ, ջանիկս, ստանալու, իսկ եթե որևէ հույս ծագի, այն ժամանակ ամեն բան կգրեմ մանրամասն։ Բայց բամբասանքները, բամբասանքներն են ինձ անհանգստացնում ամենից ավելի։ Մնաք բարով, իմ հրեշտակիկ։ Համբուրում եմ ձեր ձեռիկը և աղաչում եմ ձեզ առողջացեք։ Նրա համար չեմ գրում մանրամասն, որ շտապում եմ պաշտոնիս, վասնզի աշխատասիրությամբ և ջանադրությամբ ուզում եմ քավել իմ բոլոր հանցանքները և զանցառությունները ծառայությանս վերաբերմամբ. իսկ հետագա պատմություններս բոլոր անցքերի և օֆիցերների հետ ունեցած արկածիս մասին հետաձգում եմ մինչև երեկո։

Ձեզ հարգող և ձեզ սրտագին սիրող Մակար Դեվուշկին

Հուլիս 28

Է՜հ, Վարինկա, Վարինկա։ Այ, հիմա որ դուք եք մեղանչում և այդ ձեր խղճի վրա կծանրանա։ Ձեր նամակով ինձ բոլորովին շփոթեցրիք, շշմացրիք, և միայն այժմ, երբ գործից ազատ եմ և սրտիս խորքը թափանցեցի, տեսա, որ ես արդարացի էի, բոլորովին արդարացի։ Խոսքս իմ դեբոշի մասին չէ (հերն եմ անիծել), այլ այն մասին, որ ես սիրում եմ ձեզ և բոլորովին անխոհեմություն էր։ Դուք, ջանիկս, ոչինչ չգիտեք՝ իսկ որ իմանաք, թե ինչի՞ց է այս բոլորը, ինչո՞ւ ես պիտի սիրեմ ձեզ, այն ժամանակ ուրիշ բան կասեիք։ Դուք այդ միայն այդպես եք ասում, իսկ ես հավատացած եմ, որ ձեր սրտում բոլորովին այդ չէ։

Ջանիկս, ես ինքս էլ չգիտեմ և լավ չեմ հիշում, թե ոնց էր բանը օֆիցերների հետ։ Պետք է ձեզ նկատեմ, որ դրանից առաջ ես սարսափելի հուզված էի։ Երևակայեցեք, որ արդեն մի ամբողջ ամիս, այսպես ասած, մի թելի վրա էի ինձ պահում։ Դրությունս ծայր աստիճան աղետալի էր։ Ձեզնից ծածկում էի, տանը նույնպես, բայց տանտիրուհիս կռիվ ու ղալմաղալ էր անում։ Այդ էլ վնաս չունի, թող բղբղար անպիտան կնիկը, բայց մենակ այն, որ խայտառակություն է և երկրորդն այն, որ նա, աստված գիտե, որտեղից իմացել էր մեր կապի մասին, և այնպես էր բղավում այդ մասին ամբողջ տան մեջ, որ ես տեղն ու տեղս քարացա և ծածկեցի ականջներս։ Բայց բանն էլ այն է, որ ուրիշներն իրենց ականջները չէին ծածկում, այլ ընդհակառակը, լայն-լայն բաց էին արել։ Այժմ էլ, ջանիկս, ես չեմ իմանում ուր կորչեմ...

Եվ ահա, հրեշտակիկդ իմ, այս բոլորը, այս բոլոր դժբախտությունները վերջնականապես ջախջախեցին ինձ։ Հանկարծ տարօրինակ բաներ եմ լսում Ֆեդորայից, թե ձեր տունն է եկել ձեր ձեռքը խնդրող մի անարժան մարդ և վիրավորել է ձեզ անարժան առաջարկությամբ, թե նա վիրավորել է ձեզ, խորապես վիրավորել, ես այդ ինձնով եմ դատում, ջանիկս, որովհետև ես ինքս էլ խորապես վիրավորվեցի։ Ահա այստեղից էր, հրեշտակիկդ իմ, որ ես գժվեցի, այստեղից էր, որ ես ինքս ինձ կորցրի և կորա բոլորովին։ Ես, բարեկամդ իմ, Վարինկա, դուրս թռա ինչ-որ անչար կատաղության մեջ, ուզում էի գնալ նրա մոտ, այն պիղծ մարդու մոտ․ չէի էլ իմանում, թե ինչ պիտի անեմ նրան, որովհետև ես չեմ ուզում, որ ձեզ, իմ հրեջտակիկին, վիրավորեն։ Տխուր էի, իսկ այդ մամտնակ անձրև էր, ցեխ, դարդը սոսկալի կերպով մաշում էր սիրտս․․․ Ուզում էի հետ դառնամ... Ահա այստեղ էր, որ ընկա, ջանիկս։ Հանդիպեցի Եմիլին, Եմիլյան Իլյիչին․ նա չինովնիկ է, այսինքն՝ աստիճանավոր էր, իսկ այժմ այլևս աստիճանավոր չէ,— որովհետև նրան մեզնից արձակեցին։ Այժմ չգիտեմ էլ ինչ է անում, ինչով է յոլա գնում, ահա ես ու նա գնացինք։ Այստեղ,— դե՛, էլ ինչ ասեմ, Վարինկա, ուրախալի բա՞ն է, ինչ է կարդալ բարեկամի դժբախտությունների, ձախորդությունների մասին, նրա կրած փորձությունների պատմությունը։ Երրորդ օրը երեկոյան այդ Եմիլյանը խթխթեց ինձ, և ես գնացի նրա մոտ, այսինքն՝ օֆիցերի մոտ։ Նրա հասցեն մեր դռնապանից հարցրի։ Ես, ջանիկս, արդեն խոսքը որ այս մասին եկավ, վաղուց էի նկատել այդ ղոչաղին, հետևում էի նրան, երբ դեռևս մեր տանն էր ապրում։ Հիմա տեսնում եմ, որ անվայել բան եմ արել, որովհետև մի քիչ խմած էի, որ գնացի նրա մոտ։ Ճիշտը որ ասեմ, Վարինկա, ոչինչ չեմ հիշում, հիշում եմ միայն, որ նրա մոտ խիստ շատ օֆիցերներ կային, կամ թե ով գիտե, աչքումս մեկը երկուս էր երևում։ Չեմ հիշում նույնպես, թե ինչ ասացի, միայն գիտեմ, որ շատ էի խոսում, ազնիվ զայրույթով։ Այստեղ էր, որ ինձ վռնդեցին, այստեղ էր, որ շպրտեցին սանդուղքից ներքև, այսինքն ոչ թե շպրտեցին, այլ միայն բոթբթելով դուրս արին։ Դուք արդեն գիտեք, Վարինկա, թե ինչպես վերադարձա․ ահա այս է բոլորը։ Իհարկե, ես ինձ գցեցի, ամբիցիաս վնասվեց, բայց հո ոչ ոք չի իմանում այս. կողմնակի մարդկանցից ոչ ոք, բացի ձեզանից, չի իմանում․ դե, այդպիսի դեպքում, այդ միևնույն է, թե իսկի ոչինչ էլ չի եղել։ Գուցե թե այդ այդպես էլ է, Վարինկա, դուք ի՞նչ եք կարծում։ Ինչ որ ինձ հաստատ հայտնի է, այդ այն է, որ անցյալ տարի մեզանում Ակսենտիյ Օսիպովիչը նույնպիսի ձևով հանդգնեց Պյոտր Պետրովիչի անձնավորության վրա ձեռք բարձրացնելու, բայց ծածուկ, ծածուկ արեց նա այդ։ Նա նրան ներս տարավ պահակի սենյակը, ես այդ բոլորը ծակից տեսա ու այնտեղ ինչպես հարկն էր մի լավ դնգսեց, բայց ազնիվ կերպով, որովհետև այդ ոչ ոք չտեսավ, բացի ինձանից, դե՛, ես էլ ոչինչ, այսինքն ուզում եմ ասել, որ ես ոչ ոքի չհայտարարեցի։ Իսկ սրանից հետո Պյոտր Պետրովիչը և Ակսենտիյ Օսիպովիչր — ոչինչ։ Պյոտր Պետրովիչը, գիտեք, այնքան պատվասեր մարդ է, որ ոչ ոքի էլ չասաց, այնպես որ հիմա նրանք իրար բարևում էլ են, ձեռք էլ են տալիս իրար։ Ես չեմ վիճում, ես, Վարինկա, ձեզ հետ վիճել չեմ համարձակվում, ես խորապես ընկա, և ինչ-որ ամենից սարսափելի է, իմ սեփական կարծիքով տանուլ տվի, բայց երևի ճակատիս այդ էր գրած, երևի այդպես էր ճակատագիրս․ իսկ ինչ որ գրած է մարդու ճակատին, նրանից փախչել չի կարող, այդ ինքներդ էլ գիտեք։ Ահա այս է մանրամասն բացատրությունը իմ դժբախտությունների և աղետների, Վարինկա։ Ես մի քիչ տկար եմ, ջանիկս, և զրկվել եմ զգացումներիս բոլոր նրբությունից։ Ուստի և այժմ վկայելով ձեզ իմ անձնվիրությունը, սերը և հարգանքը, մնում եմ, ողորմած իմ տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա,

ձեր ամենախոնարհ ծառա Մակար Դեվուշկին

Հուլիս 19

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ես կարդացի ձեր երկու նամակն էլ և ապուշ կտրեցի։ Լսեցեք, բարեկամս, դուք կամ որևէ բան ծածկում եք ինձանից և ինձ գրել եք ձեր անախորժությունների մի մասը միայն, կամ թե․․․ հավատացնում եմ, Մակար Ալեքսեևիչ, ձեր նամակներից երևում է, որ դուք դեռևս խանգարված դրության մեջ եք․․․ Եկեք ինձ մոտ, ի սեր աստծու, եկեք այսօր, լսո՞ւմ եք, ուղղակի եկեք մեզ մոտ ճաշելու։ Ես չգիտեմ էլ, թե ինչպես եք ապրում այդտեղ և ինչպես հարթեցիք ձեր վեճը տանտիրուհու հետ։ Այս բոլորի մասին դուք ոչինչ չեք գրում և կարծես թե դիտմամբ լռության եք տալիս։ Ուրեմն ցտեսություն, իմ բարեկամ, մտեք մեզ մոտ անպատճառ այսօր, և լավ կանեիք, որ հենց ամեն օր էլ գայիք մեզ մոտ ճաշելու։ Ֆեդորան շատ լավ է պատրաստում կերակուրները։ Մնաք բարով։

Ձեր Վարվառա Դոբրոսելովա
Օգոստոս 1

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Դուք ուրախ եք, ջանիկս, որ աստված տվավ առիթ ունեցաք բարին բարով հատուցանելու և երախտապարտ չմնալու։ Ես այդ բանին հավատում եմ Վարինկա, և ձեր հրեշտակային սրտիկի բարությանը հավատում եմ, և ձեզ կշտամբելու համար չեմ ասում,— միայն թե մի՛ հանդիմանեք ինձ, ինչպես այն ժամանակ, որ ես այս ծեր հասակումս ունեցած-չունեցածս շռայլեցի։ Մեղք գործեցի, ինչ անեմ, եթե անպատճառ ուզում եք, որ այղ մեղսագործություն լինի. միայն թե, ա՜յ, ձեզանից այդպիսի բան լսելն է, որ ազդում է ինձ։ Իսկ մի՛ նեղանաք ինձանից, որ ես ասում եմ այս. սիրտս հալումաշ է եղել։ Աղքատ մարդիկ քմահաճ են, բնականից է այդպես։ Ես այդ առաջ էլ էի զգում, իսկ հիմա է՛լ ավելի զգացի։ Նա, աղքատ մարդն եմ ասում, նա խստապահանջ է. նա անցուդարձողի վրա խեթ աչքով է մտիկ տալիս, իր չորս կողմն էլ հայացք է գցում ու ականջ դնում ամեն մի խոսքի, թե տեսնես իր մասին ինչ են խոսում, թե տեսնես էս մարդն ինչո՞ւ այսպես անճոռնի է, ի՞նչ է զգացել, թե, օրինակ, այս կողքից որ նայենք՝ ի՞նչ տեսակ կլինի։ Եվ ամենքին հայտնի է, Վարինկա, որ աղքատ մարդը փալասից էլ վատ է և ոչ ոքից ոչ մի հարգանք ստանալ չի կարող, ինչ էլ որ գրեն նրանք, այդ մրոտողներն եմ ասում, ինչ էլ որ գրեն,— աղքատ մարդու մեջ ամեն բան կլինի այնպես, ինչպես որ կար։ Եվ ինչո՞ւ այդպես էլ կլինի առաջվա պես։ Նրա համար, որ աղքատ մարդու մեջ, նրանց կարծիքով, պետք է ամեն բան շուռ տված լինի, նրա մեջ ոչ մի նվիրական բան, որևէ ամբիցիա չպետք է լինի, ոչ, ամենևին։ Հրեն, Եմելյան անցյալ օրն ասում էր, թե իր համար ինչ-որ մի տեղ ստորագրությամբ փող էին ժողովում և ամեն մի կոպեկի համար մի տեսակ պաշտոնական քննություն էին կատարում։ Նրանք կարծում են, թե իրենց կոպեկները ձրի են տալիս նրան, իսկի էլ չէ․ նրանք փող են վճարել այն բանի համար, որ նրանը աղքատ մարդ էին ցույց տալիս։ Ներկայումս, ջանիկս, բարերարություններն էլ մի տեսակ զարմանահրաշ կերպով են արվում. ասենք գուցե միշտ էլ այդպես են եղել արվելիս, ով գիտե։ Կամ չեն իմանում անել, կամ թե մեծ վարպետներ են — երկուսից մեկը։ Ինչ բանում էլ որ մենք փաս լինենք, այդ բանն արդեն գիտենք։ Իսկ ինչո՞ւ խեղճ մարդն այս բոլորը քիտե և միշտ այդպիսի բաներ է մտածում։ Ինչո՞ւ։— Որովհետև փորձել է։ Որովհետև գիտե, որ, օրինակ, իր կողքին ապրող պարոնը ճաշարան գնալիս ասում է ինքն իրեն. տեսնես այո տկլոր չինովնիկն ի՞նչ պիտի ուտի այսօր. իսկ ես սոտե պապիլյոտ կուտեմ, իսկ սա, գուցե շորվա կուտի առանց յուղի։ Իսկ նրա ի՞նչ գործն է, որ ես շորվա կուտեմ առանց յուղի։ Այդպիսի մարդ լինում է, Վարինկա, լինում է, որ միայն այդպիսի բաների մասին է մտածում։ Եվ նրանք, անքաղաքավարի պասկվի լյանտների հեղինակները ման են գալիս ու նայում՝ քարին ամբո՞ղջ ոտդ ես գնում, թե ոտիդ ծայրը միայն, թե հրեն այսինչ տեղը ծառայող այսինչ աստիճանավորի, տիտուլյարնի սովետնիկի կոշիկի միջից դուրս են պրծել մերկ մատները, թե հրեն նրա արմունկները պատռտված են, ու հետո նստում նկարագրում են այս բոլորը և տպում այսպիսի ափեղ-ցփեղ բաներ... Իսկ քո ի՞նչ գործն է, որ արմունկներս պատռտված են։ Եթե ինձ կներեք, Վարինկա, իմ այս կոպիտ խոսքի համար, ապա կասեմ ձեզ, որ աղքատ մարդն այս կողմից նույն ամոթն ունի, ինչ որ ձերը, օրինակի համար ասած, կուսականը։ Չէ՞ որ դուք, ներեցեք կոպիտ խոսքիս համար, չեք մերկանա ամենքի առաջ, ահա ճիշտ այսպես էլ աղքատ մարդը չի սիրում, որ ուրիշը ներս նայի իր բունը՝ տեսնելու, թե ընտանեկան ինչպիսի հարաբերությունների մեջ է նա։ Ապա ի՞նչ հարկ կար, Վարինկա, ինձ վիրավորելու իմ թշնամիների հետ մեկտեղ, որոնք ձեռք են բարձրացնում ազնիվ մարդու պատվի և ամբիցիայի վրա։ Պաշտոնատեղումս էլ այսօր նստած էի արջի քոթոթի, փետրած ճնճղուկի պես, այնպես որ, քիչ էր մնում ամոթից գետինն անցնեի։ Ամաչում էի, Վարինկա։ Դե՜, իհարկե, ուզես-չուզես կամաչես, երբ որ շորիդ տակից մերկ արմունկներդ դուրս են պրծել, երբ որ կոճակներդ կախ են ընկել թելից։ Իսկ ես կարծես դիտմամբ այսպիսի անկարգ դրության մեջ էի։ Ուզես-չուզես հոգեպես կընկճվես։ Բայց ի՜նչ եմ ասում... Ինքը Ստեփան Կարլովիչն այսօր սկսել էր խոսել ինձ հետ գործի մասին, խոսում էր, խոսում ու կարծես պատահմամբ ավելացրեց, «է՛հ, Մակար Ալեքսեևիչ»․ և չշարունակեց մնացածը, ինչի մասին որ մտածում էր, այլ միայն ես ինքս ամեն բան հասկացա ու այնպես կարմրեցի, որ մինչև անգամ ճաղատ գլուխս էլ կարմրեց։ Այդ հո իսկապես ոչինչ բան է, բայց և այնպես անհանգստություն է պատճաոում, ծանր մտածողությունների առիթ է տալիս։ Չլինի՞ թե որևէ բան է իմացել նա։ Աստված մի՛ արասցե, թե իմացած լինի։ Խոստովանում եմ, ես կասկածում եմ, խիստ եմ կասկածում մի մարդուկի վրա։ Չէ՞ որ այդ չարագործների համար ոչ մի նշանակություն չունի, կմատնեն, քո ամրողջ մասնավոր կյանքը առանց մի գրոշի կմատնեն,— ոչ մի սրբություն չկա նրանց համար։

Այժմ ես գիտեմ ում բանն է այդ. դա Ռատազյայևի բանն է։ Նա որևէ մեկի հետ ծանոթ է մեր հաստատության մեջ և այնպես, խոսակցության ժամանակ, ի միջի այլոց, անշուշտ հաղորդել է նրան ամեն բան հավելվածներով. կամ գուցե պատմել է իր հաստատության մեջ և նրա պատմածը եկել հասել է մեր հաստատությունը։ Իսկ մեր տանը ամենքն ամեն բան գիտեն, և մատով ձեր պատուհանն են ցույց տալիս, այդ ես գիտեմ, որ ցույց են տալիս։ Իսկ որ երեկ գալիս էի ձեզ մոտ ճաշելու, ամենքը գլուխները դուրս էին հանել պատուհաններից, իսկ տանտիրուհին ասել էր, թե հրեն, սատանան կապվել է երեխայի հետ, և հետո ձեզ էլ անվայել անուն էր տվել։ Բայց այս բոլորը դեռ էլի վնաս չունի, եթե համեմատելու լինենք Ռատազյայևի մի քստմնելի մտադրության հետ, նա ուզում է ինձ ու ձեզ իր գրականության մեջ գցի և նուրբ զավեշտով մեզ նկարագրի. նա ինքն է այդ ասել, իսկ ինձ մերոնցից բարի մարդիկ հայտնեցին։ Ես էլ ոչ մի բանի մասին մտածել չեմ կարողանում, ջանիկս, և չեմ իմանում ինչ անեմ։ Մեղքս ինչ թաքցնեմ, շարժել ենք տեր աստծու բարկությունը, հրեշտակիկդ իմ։ Դուք, ջանիկս, ուզում էիք ձանձրույթս փարատելու համար ինչ-որ գրքույկ ուղարկել։ Կորցրեք, չեմ ուզում, ջանիկս։ Ինչի՞ս է պետք։ Գիրքը սուտ բան է, վեպն էլ հիմար բան է, հիմարության համար է գրված, այնպես, պարապ-սարապ մարդկանց կարդալու համար. ինձ հավատացեք, ջանիկս, իմ բազմամյա փորձառությանը հավատացեք։ Եվ եթե ձեզ հետ որևէ Շեքսպիրով խոսեն, թե տեսնո՞ւմ ես, գրականության մեջ Շեքսպիր կա,— ապա Շեքսպիրն էլ է հիմար բան, այդ բոլորը կատարյալ հիմար բան է և բոլորը միայն պասկվիլի համար է արված։

Ձեր

Մակար Դեվաշկին
Օգոստոս 2

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Մի՛ անհանգստանաք ոչ մի բանի մասին, տեր աստված կտա, ամեն բան կուղղվի։ Ֆեդորան իր համար էլ, ինձ համար էլ շատ գործ է ճարել, և մենք ուրախ-ուրախ նստել ենք գործի, գուցե թե ամեն բան կդրստենք։ Նա կասկածում է, թե իմ վերջին բոլոր անախորժություններին անմասն չէ Աննա Ֆյոդորովնան, բայց այժմ ինձ համար ողջ մեկ է։ Այսօր մի տեսակ անսովոր կերպով ուրախ եմ։ Դուք ուզում եք փող պարտք անել.— տեր մի արասցե. հետո պարտք տալու ժամանակ որ գա, այնքան խաթաների մեջ կընկնեք որ։ Ավելի լավ է, ձեզ հեռու մի պահեք մեզանից, շուտ-շուտ եկեք մեզ մոտ և ուշադրություն մի դարձնեք ձեր տանտիրուհու վրա։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս թշնամիներին և անբարյացակամներին, ապա ես հավատացած եմ, որ դուք տանջվում եք զուր կասկածներով, Մակար Ալեքսեևիչ։ Տեսեք, ես հո ասում էի ձեզ անցյալ անգամ, որ ձեր ոճը չափազանց անհարթ է։ Դե՛, մնաք բարով, ցտեսություն։ Անպատճառ սպասում եմ ձեզ ինձ մոտ։

Ձեր

Վ․ Դ․
Օգոստոս 3

Իմ հրեշտակիկ, Վարվառա Ալեքսեևնա։

Շտապում եմ ձեզ հաղորդելու, իմ կյանքիկ, որ իմ մեջ մի քանի հույսեր են ծնվել։ Բայց սպասեցեք, դստրիկդ իմ,— գրում եք, որ պարտքեր չանեմ։ Աղավնյակդ իմ, անկարելի է, որ չանեմ, արդեն ես էլ վատ դրության մեջ եմ, ձեզ էլ, ով գիտե, հանկարծ որևէ բան չպատահի՞. չէ՞ որ դուք թույլ եք, ապա ուրեմն ասելս այն է, որ պարտք անել անպատճառ հարկավոր է։ Այսպես ուրեմն շարունակում եմ։

Նկատեմ ձեզ, Վարվառա Ալեքսեևնա, որ իմ պաշտոնատեղում ես նստած եմ Եմելյան Իվանովիչի կողքին։ Այս այն Եմելյանը չէ, որին դուք գիտեք։ Սա էլ ինձ պես տիտուլյարնի սովետնիկ է, և երկուսս էլ մեր ամբողջ հաստատության մեջ համարյա թե ամենահին, հիմնական ծառայողներն ենք։ Բարեհոգի մարդ է անկաշառ սրտի տեր, բայց լռակյաց և միշտ խեթ-խեթ է նայում։ Բայց, մյուս կողմից, գործունյա մարդ է, գիրը՝ մաքուր անգլիական ձեռագիր և ամբողջ ճշմարտությունը որ ասեմ, ինձնից էլ վատ չի գրում,— մի խոսքով՝ արժանավոր մարդ է։ Իրար երբեք չենք մոտեցել, այլ միայն այնպես, ըստ սովորականին, ցտեսություն և բարև ձեզ, մեկ էլ եթե երբեմն գանակ է հարկավորվում ինձ, ասում եմ՝ Եմելյան Իվանովիչ, խնդրեմ ձեր դանակը տաք ինձ, մի խոսքով՝ լինում էր միայն այն, ինչ որ պահանջում է հարևանությունը։ Ահա նա ասում է ինձ այսօր. Մակար Ալեքսեևիչ, այդ ի՞նչ եք այդպես մտահոգվել։ Տեսա, որ մարդը բարիք է ցանկանում ինձ, ու սիրտս բաց արի նրա առջև, թե էսպես ու էսպես բան, Եմելյան Իվանովիչ, այսինքն՝ հո բոլորը չասացի և աստված մի արասցե, երբեք էլ չեմ ասի, որովհետև ասելու սիրտ չկա, այլ այնպես միքանի բան հայտնեցի նրան, թե նեղ դրության մեջ եմ և այսպիսի բաներ։ «Պարտք վերցրե՛ք»,— ասում է Եմելյան Իվանովիչը,— այ, հենց թեկուզ Պյոտր Պետրովիչից, նա տալիս է տոկոսով. ես վերցրել եմ, և տոկոսն էլ չափավոր է, ծանր չէ»։ Այս որ իմացա, Վարինկա, սիրտս վերուվեր թռավ։ Մտածում եմ, մտածում, արի, ասում եմ, իսկապես դիմեմ Պյոտր Պետրովիչին, գուցե և կտա։ Ու ինքս ինձ հաշիվ եմ անում — հա՛մ տանտիրուհուն կվճարեմ, հա՛մ ձեզ կօգնեմ, հա՛մ էլ ինքս ոտով-գլխով կնորոգվեմ, թե չէ այս ի՞նչ խայտառակություն է, նստած տեղս ամաչում եմ։ Բացի այն, որ մեր ծաղրածուները ծիծաղում են ինձ վրա, աստված նրանց հետ, նորին գերազանցությունն էլ երբեմն անցնում է մեր սեղանի մոտով․ աստված մի արասցե, թե մի հայացք գցի ինձ վրա և նկատի, որ անկարգ եմ հագնված։ Իսկ նրա համար գլխավորը մաքրությունն է և վայելչությունը։ Նա գուցե թե ոչինչ էլ չասի, բայց ես կմեռնեմ ամոթից, ահա թե ինչ կլինի։ Հետևաբար, սրտապնդվելով և ամոթս պահելով ծակ գրպանիս մեջ, գնացի Պյոտր Պետրովիչի մոտ լի հույսերով և սպասելուց կես կենդան, կես մեռած, բոլորը մեկտեղ։ Ու ի՞նչ, Վարինկա, բոլորը փուստ դուրս եկավ։ Նա ինչ-որ զբաղված էր, խոսում էր Ֆեոդոսիյ Իվանովիչի հետ։ Մոտեցա կողքից և թևը քաշեցի, թե Պյոտր Պետրովիչ, ա՛ Պյոտր Պետրովիչ։ Նա հետ նայեց, իսկ ես շարունակում եմ, թե էսպես ու էսպես բան, մի երեսուն ռուբլի, և այլն։ Սկզբում չհասկացավ ինձ, իսկ հետո որ բացատրեցի ամեն բան, ծիծաղեց ու ոչինչ, լռեց։ Ես նորից նույնը։ Իսկ նա, թե գրավական ունե՞ք։ Ու քիթը տնկեց թղթի վրա։ Գրում է ու չի նայում ինձ։ Ես մի քիշ շփոթվեցի։ Չէ, ասում եմ, Պյոտր Պետրովիչ, գրավական չունեմ, ու բացատրում եմ, թե ա՜յ, ռոճիկս որ ստանամ, կտամ, անպատճառ կտամ, առաջին պարտքս կհամարեմ տալու։ Այստեղ նրան ով որ կանչեց — սպասեցի, վերադարձավ ու սկսեց գրիչը թրաշել, իսկ ինձ կարծես թե չի նկատում։ Իսկ ես շարունակ իմն եմ ասում. թե Պյոտր Պետրովիչ, չի՞ կարելի, որ մի կերպ անեք։ Լռում է, և կարծես թե չի լսում։ Կանգնեցի, կանգնեցի, ասի՝ փորձեմ վերջին անգամ, ու քաշեցի թևից։ Ձեն-ձուն չհանեց, գրիչը թրաշեց պրծավ ու սկսեց գրել։ Հեռացա քոռ-փոշման։ Նա, ջանիկս, գուցե թե արժանավոր մարդ էլ է, բայց գոռոզ է, շատ գոռոզ,— ի՞նչ կարող եմ ասել։ Մենք նրանց չենք հասնի, Վարինկա։ Ահա որա համար է, որ գրեցի ձեզ այս բոլորը։ Եմելյան Իվանովիչը նույնպես ծիծաղեց և գլուխը թափ տվավ, բայց հուսադրեց։ Եմելյան Իվանովիչն արժանավոր մարդ է։ Խոստացավ ուղարկել ինձ մի մարդու մոտ, այդ մարդը, Վարինկա, ապրում է Վբորգսկայա Ստորոնա քաղաքամասում, նույնպես տոկոսով փող է տալիս, 14-րդ աստիճանի ինչ֊որ չինովնիկ է։ Եմելյան Իվանովիչն ասում է, որ սա արդեն անպատճառ կտա. վաղը ես, հրեշտակիկդ իմ, կգնամ։ Գնամ չէ՞, ի՞նչ եք կարծում։ Չի կարելի, է՜, պարտք չանել։ Տանտիրուհիս քիչ է մնում դուրս անի, և ճաշ էլ չի համաձայնում տալ։ Կոշիկներս էլ ջանիկս, բոլորովին հալից ընկել են, կոճակներս թափվել, ու մենակ է՞դ։ Ի՞նչ պիտի անեմ, եթե մեծավորներիցս որևէ մեկը նկատի այսպիսի մի անկարգություն։ Վա՜յ է, Վարինկա, վա՜յ, կատարյալ վա՜յ։

Մակար Դեվուջկին
Օգոստոս 4

Սիրելի Մակար Ալեքսեևիչ։

Ի սեր աստծու, Մակար Ալեքսեևիչ, որքան կարելի է շուտով որևէ մի գումար պարտք առեք, այժմյան պարագաներում ես ոչ մի պայմանով օգնություն չէի խնդրի ձեզնից, բայց որ գիտենայիք՝ ի՞նչ գրության մեջ եմ։ Այս բնակարանում մենք ոչ մի կերպ չենք կարող մնար Սոսկալի անախորժություններ պատահեցին ինձ հետ և որ գիտենար' ինչքան հուղվա՜ծ ու շփոթված եմ այժմ։ Երևակայեցեք, իմ բարեկամ, այսօր առավոտյան մեզ մոտ է մտնում մի անծանոթ հասակավոր մարդ, գրեթե ծերունի, շքանշաններով։ Զարմացա, չէի իմանում ինչ գործ ուներ մեզ մոտ։ Ֆեդորան այդ միջոցին խանութ էր գնացել բան առնելու։ Անծանոթ մարդն սկսեց հարցուփորձ անել ինձ, թե ինչպես եմ ապրում, ինչ եմ անում, և առանց պատասխանիս սպասելու, հայտարարեց, թե ինքն այն օֆիցերի քեռին է, թե ինքը շատ է բարկացած իր քրոջ որդու վրա նրա վատ վարմունքի և այն բանի համար, որ նա խայտառակել է մեր ամբողջ տան մեջ. ասաց, որ իր քրոջ որդին լակոտի մեկն է և թեթևամիտ և թե ինքը պատրաստ է ինձ իր պաշտպանության տակ առնելու, խորհուրդ չէր տալիս լսելու երիտասարդներին, ասաց, թե ինքը ցավակցում է ինձ ինչպես հայր, թե ինքը հայրական զգացումներ է տածում դեպի ինձ և պատրաստ է ինձ ամեն բանում օգնելու։ Ես կարմրատակում էի, չէի իմանում ինչ մտածեմ, բայց չէի շտապում շնորհակալություն հայտնելու։ Ձեռքս զոռով առավ,— թուշս կսմթեց, ասաց, շատ լավիկն եմ և թե ինքը չափազանց գոհ է, որ թշերիս վրա մատնեհարներ կան (աստված գիտե, թե ուրիշ էլ ինչեր էր ասում) և, վերջապես, ուզում էր համբուրել, ասելով, թե ինքն արդեն ծեր է (այնքա՜ն զզվելի էր նա)։ Այստեղ մտավ Ֆեդորան։ Անծանոթը մի քիչ շփոթվեց և նորից խոսեց. ասաց, թե հարգանք է տածում դեպի ինձ իմ համեստության և բարի վարքի համար, և շատ է ուզում, որ ես չխրտնեմ իրենից։ Հետո մի կողմ տարավ Ֆեդորայինե ինչ-որ տարօրինակ մի պատրվակով ուզում էր փող տալ նրան։ Ֆեդորան, իհարկե, չվերցրեց։ Վերջապես, վեր կացավ, որ գնա, մի անգամ ևս կրկնեց իր բոլոր հավաստիացումները, ասաց, թե էլի կմտնի ինձ մոտ և ականջի օղեր կբերի ինձ համար (կարծեմ ինքն էլ շատ շփոթված էր)» խորհուրդ տվեց բնակարանս փոխեմ, ասաց թե ինքը նկատի ունի մի շատ գեղեցիկ բնակարան, որի մեջ, կարող եմ ձրի ապրել․ ասաց, թե շատ սիրեց ինձ, որ ես ազնիվ և առաքինի աղջիկ եմ, խորհուրդ տվեց զգուշանալ անբարոյական երիտասարդությունից և վերջապես հայտարարեց, թե ճանաչում է Աննա Ֆյոդորովնային ե թե Աննա Ֆյոդորովնան հանձնարարել է իրեն ասելու ինձ, որ նա ինքը կայցելի ինձ։ Այստեղ ես ամեն բան հասկացա։ Չեմ իմանում ինչ պատահեց ինձ՝ կյանքումս աոաջին անգամն էի այդպիսի դրության մեջ գտնվում. ինքս ինձնից ելա. բոլորովին ամոթահար արի նրան։ Ֆեդորան օգնեց ինձ և համարյա թե դուրս արեց նրան սենյակից։ Մենք վճռեցինք, որ այս բոլորը Աննա Ֆյոդորովնայի գործն էր, այլապես ո՞րտեղից պիտի նա ճանաչեր մեզ։

Այժմ ես ձեզ եմ դիմում, Մակար Ալեքսեևիչ, և աղերսում՝ օգնեցեք ինձ։ Մի՛ թողնեք ինձ, ի սեր աստծու, այսպիսի դրության մեջ։ Պարտք արեք, խնդրում եմ, դեթ մի քիչ փող ճարեցեք ինձ համար. մենք փող չունենք, որ բնակարանը փոխենք, իսկ այստեղ մնալ այլևս ոչ մի կերպ չի կարելի Ֆեդորան էլ է խորհուրդ տալիս այսպես։ Մեզ հարկավոր է ամենաքիչը 25 ռուբլի. այդ փողը ես ձեզ կվերադարձնեմ, գործ կանեմ և կվերադարձնեմ․ Ֆեդորան այս օրերս դարձյալ գործ կճարի ինձ համար, այնպես որ, եթե մեծ տոկոսները խրտնեցնեն ձեզ, մի վախենաք, համաձայնեցեք։ Ես ձեզ բոլորը կվերադարձնեմ, միայն ի սեր աստծու, մի՛ թողնեք ինձ անօգնական։ Ինձ համար շատ ծանր է, որ անհանգստացնում եմ ձեզ այժմ, երբ դուք այդպիսի հանգամանքների մեջ եք, բայց իմ ամբողջ հույսը միմիայն ձեզ վրա է։ Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ, և թող աստված հաջողի ձեզ։

Վ. Դ.
Օգոստոս 4

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ահա այդ բոլոր անսպասելի հարվածներն են, որ ցնցում են ինձ։ Ահա այդպիսի սոսկալի աղետներն են, որ սպանում են իմ հոգին։ Բացի այն, որ այդ զանազան պնակալեզների և անպիտան ծերուկների խուժանը ձեզ, իմ հրեշտակիկին, հիվանդագին մահիճն է ուզում քցել, բացի այդ բոլորից նրանք, այդ պնակալեզները, ինձ էլ են ուզում հալումաշ անել։ Եվ հալումաշ կանեն, երդվում եմ, որ հալումաշ կանեն։ Ահավասիկ ես այժմ պատրաստ եմ ավելի շուտ մեռնել, քան թե ձեզ չօգներ։ Չօգնեմ ձեզ մահս է, Վարինկա, կատարյալ, իսկական մահս, օգնեմ — այն ժամանակ դուք կթռչեք ինձնից, ինչպես բնից կթռչի ծիտիկը, որին այդ բուերը, այդ գիշակեր թռչուններն ուզում են կտցել։ Ահա այս է, որ տանջում է ինձ, ջանիկս։ Դուք էլ, Վարինկա, դուք էլ այդ ինչ անգութն եք եղել։ Ինչպե՜ս թե։ Ձեզ չարչարում են, ձեզ վիրավորում են, դուք՝ իմ ծիտիկ, տանջվում եք և դեռ դարդ եք անում, թե պետք է ինձ անհանգստացնեք և խոստանում էլ եք, թե գործ կանեք, պարտքը կվերաղարձնեք, այսինքն, դրուստն որ ասենք, ձեր թույլ առողջությամբ պետք է ուժասպառ անեք ձեզ, որ պարտքը ժամանակին վերադարձնեք։ Մեկ մտածեցեք, Վարինկա, այդ ինչե՛ր եք ասում։ Ախր ինչո՞ւ կարեք, ինչո՞ւ աշխատեք, ձեր խղճուկ գլխիկը մտահոգությամբ տանջեք և ձեր առողջությունն սպանեք։ Ա՜խ, Վարինկա, Վարինկա, աղավնյակդ իմ, ես ոչ մի բանի պետք չեմ, ինքս և գիտեմ, որ ոչ մի բանի պետք չեմ, բայց այնպես կանեմ, որ պետք գամ։ Ես ամեն բան կհաղթահարեմ, կողմնակի աշխատանք կճարեմ, զանազան թղթեր կարտագրեմ զանազան գրականագետների համար, կգնամ նրանց մոտ, ինքս կգնամ, կկպչեմ, պոկ չեմ գա, աշխատանք կպահանջեմ, որովհետև, ջանիկս, նրանք լավ գրագետներ են փնտրում, գիտեմ, որ փնտրում են, իսկ ձեզ թույլ չեն տա, որ ձեզ ուժասպառ անեք, թույլ չեմ տա, որ այդպիսի մի կործանիչ մտադրություն իրագործեք։ Ես, հրեշտակիկդ իմ, անպատճառ պարտք կվերցնեմ և ավելի շուտով կմեռնեմ, քան թե պարտք չեմ վերցնի։ Եվ գրում եք, աղավնյակդ իմ, որ մեծ տոկոսներից չվախենամ, իսկի էլ չեմ վախենա, ջանիկս, չեմ վախենա, այժմ ոչ մի բանից էլ չեմ վախենում։ Ես, ջանիկս, կխնդրեմ քառասուն (40) ռուբլի ասիգնացիա, շատ չէ, չէ՞, Վարինկա, ի՞նչ եք կարծում: Կարելի՞ է ինձ աոաջին իսկ խոսքից քառասուն ռուբլի հավատալ, այսինքն՝ ուզում եմ ասել, ընդունա՞կ եք համարում ինձ արդյոք առաջին իսկ հայացքից հավանականություն ու հավատարմություն ներշնչելու։ Իմ երեսին նայելով, կարելի՞ է արդյոք դատել իմ մասին բարենպաստ կերպով։ Մեկ հիշեցեք, հրեշտակիկս, ընդունա՞կ եմ ես արդյոք ներշնչելու։ Ի՞նչ եք դուք ձեզ ու ձեզ կարծում։ Գիտեք, մի տեսակ վախ է զգացվում,— ցավագին, ճշմարիտն ասած, ցավագին։ Քառասուն ոուբլուց քսանհինգը հետ եմ գնում ձեզ համար, Վարինկա, երկու ռուբլի տանտիրուհուն, իսկ մնացածը նշանակված է սեփական ծախսերիս համար։ Գիտեք, տանտիրուհուն պետք էր ավելի տալ, նույնիսկ անհրաժեշտ էր, բայց ինքներդ դատեցեք, ջանիկս, մեկ-մեկ թվեցեք իմ բոլոր կարիքները և կտեսնեք, որ ոչ մի կերպ չի կարելի ավելի տալ, հետևաբար ավելորդ է այս մասին խոսել, պետք չէ էլ հիշել։ Մի արծաթ ռուբլի կտամ կոշիկներ կառնեմ. չեմ էլ իմանում, վաղն ընդունակ կլինե՞մ հին կոշիկներովս ծառայության գնալու։ Վզի աղլուխ էլ անհրաժեշտ կլիներ, որովհետև շուտով հին աղլուխի տարին կլրանա. բայց որովհետև դուք ձեր հին գոգնոցից ոչ միայն վզի աղլուխ, այլև թևնոց եք խոստացել կարելու, ուստի աղլուխի մասին այլևս չեմ մտածի։ Այդպես, ուրեմն, կոշիկներ և աղլուխ կա։ Հիմա կոճակները։ Դուք էլ կասեք չէ՞, բալիկս, որ առանց կոճակների չի կարելի, իսկ առջևիս կոճակների համարյա թե կեսը թափվել են։ Դողը բռնում է ջանս, որ մտածում եմ, թե նորին գերազանցությունը կարող է նկատել այդ անկարգությունը և կասի, ով գիտե, ինչ կասի։ Ջանիկս, չեմ էլ լսի, ինչ կասի, որովհետև կմեռնեմ, կմեռնեմ, տեղնուտեղը կմեռնեմ, ուղղակի կվերցնեմ ու կմեռնեմ ամոթից, հենց մենակ այն մտքից, որ նա ինձ նկատողություն արեց։— Օ՜հ, ջանիկս։— Հա՛, բոլոր անհրաժեշտություններից կմնա դարձյալ մի երեք ռուբլիանոց, այդ էլ ապրուստիս և մի կես ֆունտ թամբաքուի, որովհետև, հրեշտակիկդ իմ, առանց թամբաքուի ես ապրել չեմ կարող, և ահա իններորդ օրն է, չիբուխը բերանս չեմ առել։ Խղճի տակ որ խոսենք, թամբաքու կառնեի, ձեզ էլ ոչինչ չէի ասի, բայց խիղճս չտվավ։ Դուք հրեդ դժբախտության մեջ եք, դուք զրկվում եք վերջին ունեցածից, իսկ ես այստեղ զանազան հաճույքներ եմ վայելում. այս բոլորն էլ նրա համար եմ ասում ձեզ, որ խիղճս չտանջի։ Ես ձեզ պարզ կերպով խոստովանում եմ, Վարինկա, ես այժմ ծայր աստիճան աղետալի դրության մեջ եմ, այսինքն՝ երբեք ինձ այսպիսի բան չի պատահել։ Տանտիրուհիս ատում է ինձ, ոչ ոքից ոչ մի հարգանք, սոսկալի պակասություններ, պարտքեր, իսկ պաշտոնատեղիս մասին, ուր ընկեր չինովնիկների պատճառով առաջ էլ բերանս չէր յուղոտվել, այժմ ջանիկս, ավելորդ էլ է խոսել։ Ես թաքցնում եմ, ամենքից խիստ թաքցնում եմ ամեն ինչ, և ինքս էլ թաքնվում եմ, պաշտոնատեղս էլ որ մտնում եմ, կողքանց եմ մտնում, ամենքից հեռու եմ պահում ինձ։ Այս միայն ձեզ է, որ հոգեկան ուժ եմ գտնում խոստովանվելու... Բայց որ հանկարծ չտա՞, այսինքն նա, որից ուզում եմ պարտք վերցնել։ Չէ՛, Չէ՛։ Վարինկա, ավելի լավ է չմտածեմ այս մասին և այսպիսի մտքերով առաջուց չսպանեմ հոգիս։ Այս նրա համար եմ գրում, որ նախազգուշացնեմ ձեզ, որպեսզի դուք էլ մտածեք այս մասին և չար մտքով չտանջվեք։ Ա՜խ, տեր իմ աստված, ի՞նչ պիտի անեք դուք այն ժամանակ։ Ասենք՝ այն էլ ճիշտ է, որ այն ժամանակ դուք այդ բնակարանից չեք տեղափոխվել, և ես ձեզ հետ կլինեմ, բայց որ չտա, այն ժամանակ չեմ էլ վերադառնա, ուղղակի կկորչեմ, գլուխս կառնեմ ու կկորչեմ որևէ տեղ։ Ահա ես այստեղ գրելով զբաղվեցի, այնինչ պետք է սափրվել, սափրած դեմքը վայելուչ բան է, իսկ վայելչությունը միշտ կարող է ճամփա բանալ իր համար։ Դե, աստված հաջողի։ Աղոթք կանեմ ու ճամփա կընկնեմ։

Մ. Դեվուշկին
Օգոստոս 5

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։

Գոնե դուք չհուսահատվեիք։ Մեր դարդն էլ հերիք է մեզ։ Ուղարկում եմ ձեզ երեսուն կոպեկ արծաթ, ավելին ոչ մի կերպ չեմ կարող։ Առեք ձեզ համար ինչ որ ամենից հարկավոր է ձեզ, որպեսզի գեթ մինչև վաղը մի կերպ յոլա գնաք։ Մեզ համարյա թե ոչինչ չմնաց, իսկ վաղն այդ չեմ իմանում ինչ կլինի։ Բանը վատ է, Մակար Ալեքսեևիչ։ Սակայն մի՛ տխրեք, չաջողվեց, չաջողվեց, ինչ անենք։ Ֆեդորան ասում է, թե վնաս չունի, կարելի է միառժամանակ էլ մնալ այս բնակարանում, եթե տեղափոխվեինք էլ, շատ չէինք շահվի, և եթե ուզենան, մեզ ամեն տեղ էլ կգտնեն։ Բայց միայն բանն այն է, որ, այնուամենայնիվ, մի տեսակ լավ չէ այժմ մեր այստեղ մնալը։ Եթե տխուր չլինեի, կգրեի ձեզ միքանի բաներ։

Ի՞նչ տարօրինակ բնավորություն ունեք, Մակար Ալեքսեևիչ։ Ամեն բան արդեն չափազանց շատ եք ձեր սրտին առնում, դրանից դուք միշտ ամենադժբախտ մարդը կլինեք։ Ես ուշադրությամբ կարդում եմ ձեր բոլոր նամակները և տեսնում եմ, որ ամեն մի նամակի մեջ իմ մասին այնպես եք տանջվում ու մտահոգում, ինչպես երբեք չեք մտահոգվել ձեր մասին։ Ամենքը, իհարկե, կասեն, որ դուք բարի սիրտ ունեք, բայց ես կասեմ, որ ձեր սիրտն արդեն չափազանց բարի է։ Ես ձեզ բարեկամական խորհուրդ եմ տալիս, Մակար Ալեքսեևիչ։ Ես ձեզնից շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ այն ամենի համար, ինչ որ դուք արել եք ինձ համար. ես այդ բոլորը շատ լավ եմ զգում, ուրեմն ինքներդ դատեցեք՝ ինչ պիտի զգամ ես, որ տեսնում եմ, թե դուք հիմա էլ, ձեր բոլոր դժբախտություններից հետո էլ, որոնց պատճառը ես եմ եղել ակամա, դուք հիմա էլ ապրում եք միմիայն նրանով, որ ես ապրում եմ—իմ ուրախություններով, իմ վշտերով, իմ սրտով։ Եթե ուրիշին վերաբերող ամեն բան այդպես ձեր սրտին առնեք և եթե այդպես ուժգին կարեկցեք ամեն բանի, ապա ճշմարիտ որ ամենադժբախտ մարդը կլինեք։ Այսօր, ծառայությունից հետո որ մտաք ինձ մոտ, վախեցա, որ նայեցի ձեզ։ Այնքան գունատ, ընկճված, հուսահատված էիք,— և այդ բոլորը նրա համար, որ վախենում էիք պատմել ինձ ձեր անհաջողությունը, վախենում էիք դարդոտել, վախեցնել ինձ, բայց հենց որ տեսաք՝ ես քիչ էր մնում ծիծաղեի, հանգիստ շունչ առաք։ Մակար Ալեքսեևիչ, մի՝ տխրեք, մի՛ հուսահատվեք, խոհեմ եղեք,— խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ։ Ա՛յ, կտեսնեք, որ ամեն բան լավ կգնա, ամեն ինչ կփոխվի դեպի լավը, ապա թե ոչ ձեր կյանքը կյանք չի լինի, եթե այդպես շարունակ ուրիշների դարդը քաշեք։ Մնաք բարով, իմ բարեկամ, աղաչում եմ ձեզ, չափազանց մի՝ անհանգստանաք իմ մասին։

Վ. Դ.
Օգոստոս 5

Աղավնյակդ իմ, Վարինկա։

Լավ, հրեշտակիկդ իմ, լավ։ Դուք վճռել եք, թե վնաս չունի, որ փող չեմ ճարել։ Լավ, ես հանգիստ եմ, ես երջանիկ եմ, ձեր հաշվին։ Նույնիսկ ուրախ եմ, որ ինձ՝ ծերունուս, չեք թողնում և մնում եք այդ բնակարանում։ Սիրտս ուրախությամբ լցվեց, երբ որ տեսա, որ դուք ձեր նամակի մեջ իմ մասին այնպես լավ եք գրել և իմ զգացումներին հարկավոր գովասանքն եք տվել։ Ես այս հպարտությունից չեմ ասում, այլ նրա համար, որ տեսնում եմ, թե դուք ինչպես եք ինձ սիրում, երբ որ իմ սրտի մասին այդպես անհանգստանում եք։ Շատ բարի, հիմա էլ ի՜նչ խոսենք իմ սրտի մասին։ Սիրտը՝ ինքնըստինքյան,— այդ, դուք պատվիրում եք, ջանիկս, որ փոքրոգի չլինեմ։ Այո՛, հրեշտակիկդ իմ, ճիշա է, ես ինքս էլ կասեմ, որ փոքրոգություն հարկավոր չէ, բայց այս բոլորով հանդերձ, ինքներդ վճռեցեք, ջանիկս, ինչպիսի կոշիկներով ես վաղը ծառայության պիտի գնամ։ Ահա թե ցավը որտեղ է, և չէ ՞ որ այսպիսի մի միտք մարդու կործանել կարող է, բոլորովին գործ անել։ Իսկ գլխավորը, բալիկս, այն է, որ ես ինձ համար չեմ դարդ անում, ինձ համար չեմ տանջվում, ինձ համար ողջ մեկ է, թեկուզ ճրթճրթացող սառնամանիքին առանց շինելի և առանց կոշիկների էլ ման գամ,— կտանեմ, ամեն բանի կդիմանամ, ինձ վնաս չի հասնի. ես հասարակ փոքր մարդ եմ.— բայց մարդիկ ի՛նչ կասեն։ Իմ թշնամիները, այդ բոլոր չար լեզուները ինչե՞ր չեն ասի, որ տեսնեն առանց շինելի եմ գնացել։ Չէ՞ որ մարդկանց համար ես շինելով մանգալիս։ Կոշիկներն էլ, գուցե նրանց համար են հագնում։ Կոշիկներն այս դեպքում, ջանիկս, հոգյակդ իմ, հարկավոր են պատիվս ու բարի անունս պահպանելու համար, իսկ ծակ կոշիկներով թե՛ մեկը և թե՛ մյուսը կորած է,— հավատացեք, ջանիկս, իմ երկարամյա փորձառությանը, հավատացեք, ինձ՝ աշխարհս ու մարդկանց ճանաչող ծերունուս լսեցեք, այլ ոչ թե որևէ գրող մրոտողի։

Իսկ ես ձեզ, ջանիկս, դեռ չեմ էլ պատմել մանրամասնաբար, թե այդ բոլորն իսկապես ինչպես եղավ այսօր, ինչեր կրեցի այսօր։ Այնքա՜ն բան անցավ գլխովս, հոգեկան այնքա՜ն տանջանքներ կրեցի միայն մեկ առավոտվա ընթացքում, որ ուրիշը մի ամբողջ տարում էլ չէր կրի։ Ա՛յ, բանն ինչպես էր. նախ, ծեգծգալի գնացի, որ նրան տանը գտնեմ և ծառայությունից չուշանամ։ Սաստիկ անձրև էր այսօր, ցեխ։ Ես, պայծառիկս, պինդ կոլոլվեցի շինելիս մեջ, գնում եմ ու ինքս ինձ ասում. տե՛ր, թողություն տուր իմ մեղքերին և ուղարկիր քո շնորհը, որ ցանկություններս կատարվեն։ Անցա ...-յան եկեղեցու մոտով։ Երեսս խաչ հանեցի, բոլոր մեղքերս խոստովանեցի և հիշեցի, որ ես արժանի չեմ տեր աստծու հետ խոսելու։ Խորասուզվեցի ինքս իմ մեջ և ոչ մի բանի չէի ուզում նայել, այսպես, առանց իմանալու ուր եմ գնում, գնացի։ Փողոցներում մարդ չէր երևում, պատահողներն էլ բոլորն այնպես զբաղված, բարկացած, թթված դեմքերով էին. ասենք՝ զարմանալու էլ չէ. ո՞վ այդպես վաղ և այդպիսի եղանակին դուրս կգար զբոսնելու։ Ցեխակոլոլ մշակների մի արտել հանդիպեց. դեն հրեցին ինձ բռի գյուղացիները։ Վախեցա, կուչ եկա, փողի մասին էլ, ճիշտն ասած, չուզեցի մտածել, ինչ կլինի, թող լինի։ Վոսկրեսենսկի կամուրջի մոտ կոշիկիս տակը պոկվեց, այնպես որ, ինքս էլ չգիտեմ ինչ հալով գնացի։ Իսկ այդտեղ մեր գրագիր Երմոլաևը հանդիպեց ինձ, շտկվեց, կանգնեց, աչքերով հետևում է, կասես արաղի փող է խնդրում, է՜հ, բարեկամ, ասում եմ ինքս ինձ, ի՜նչ արաղի ժամանակ ես գտել։ Սաստիկ հոգնել էի, կանգ առա, մի քիչ շունչս հետ բերի ու էլի ճամփես շարունակեցի։ Դիտմամբ դես ու դեն էի նայում, որ մտքովս մի բանի կպչեմ, զբաղվեմ, սիրտ տամ ինձ,— բան չունե՜ս, ոչ մի միտք, ոչ մի բանի վրա չկարողացա մեխել, այնքան էլ ցեխոտվեցի, որ ինքս ինձնից սկսեցի ամաչել։ Վերջապես հեռվից տեսա մի փայտաշեն տուն, դեղին մեզոնինով, բելվեդերի նման․ դե, ասում եմ, այս է որ կա, Եմելյան Իվանովիչին էլ այդպես էր ասում,— Մարկովի տունն է (այդ այն Մարկովն է, ջանիկս, որ տոկոսով փող է բաց թողնում)։ Այստեղ ես ինքս ինձ կորցրի ու թեև գիտեի, որ Մարկովի տունն է, բայց և այնպես հարցրի բուդոչնիկին— բարեկամ, ասում եմ, ո՞ւմ տունն է այս տունը։ Բուդոչնիկը, մի կոպիտ մարդ, չուզելով, կասես մեկի վրա բարկացած, փնթփնթում է քթի տակ, ո՞ւմը պետք է լինի, ասում է, Մարկովի տունն է։— Այդ բուդոչնիկները բոլորն էլ անզգա մարդիկ են,— ասենք, ի՜նձ ինչ,— բայց և այնպես տպավորությունը մի տեսակ վատ էր և անդուրեկան, մի խոսքով մեկը մյուսի նման, ամեն բանում քո դրության նման որևէ բան ես գտնում, և այս միշտ այսպես է լինում։ Տան մոտով ես երեք անգամ անցուդարձ արի փողոցում և քանի շատ եմ գնում ու գալիս, այնքան վատ եմ դառնում,— չէ, ասում եմ, չի տա, ոչ մի պայմանով չի տա։ Թե՛ անծանոթ մարդ եմ, թե՛ այս բանը հանաք բան չէ, հա՛մ էլ ինքս իմ կերպարանքով մի զատ չեմ։ Էհ, ասում եմ, ինչ կլինի, թող լինի, միայն թե հետո չփոշմանեմ, հո չե՞ն ուտելու ինձ, որ փորձեմ,— ու բակի դուռը կամաց բաց արի։ Ահա այստեղ էլ մի ուրիշ խաթա, բակի քոսոտ հիմար շունը վրա պրծավ ինձ, կաշուց դուրս է գալիս, հաչում, հա հաչում։ Ա՜յ, այսպիսի ստոր, մանր դեպքերն են, ջանիկս, որ միշտ կատաղեցնում են մարդու, ահ են գցում նրա սիրտը և առաջուց կշռադատած ամբողջ վճռականությունը ոչնչացնում, այնպես որ տուն մտա ո՛չ կենդանի, ո՛չ մեռած, մտա ու այստեղ էլ մի ուրիշ խաթա,— մթության մեջ չտեսա, թե ներքևը շեմքի մոտ ինչ կա, մտա թե չէ, ոտս դիպավ մի կնկա. իսկ այդ կնիկը կովկիթից կաթ էր քամում ամանների մեջ և ամբողջ կաթը թափեց։ Հիմար կնիկն սկսեց ճղալ-ճղճղալ, թե էդ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես ներս խցկվում, ի՞նչ ես ուզում, ու էլ ինչ անեծքներ ասես չսկսեց։ Ես այս, ջանիկս, նրա համար եմ նկատում, որ այսպիսի գործերում ինձ միշտ այս տեսակ բան է պատահել, է՜հ, կնշանակի այս էլ ճակատագիրս է. շարունակ որևէ մի կողմնակի բանի դեմ կընկնեմ։ Աղմուկի վրա դուրս եկավ տանտիրուհին. մի ջադու-պառավ, ես ուղղակի դիմեցի նրան, թե այստե՞ղ է ապրում Մարկովը։— Ոչ, ասում է. լռեց, լավ տնտղեց ինձ։— «Իսկ ինչո՞ւ եք ուզում նրան»։ Ես բացատրում եմ նրան, թե այսպես ու այսպես բան, Եմելյան Իվանովիչը,— և այլն,— գործ ունեմ, ասում եմ։ Պառավը կանչեց աղջկան, աղջիկը դուրս եկավ, հասակն առած աղջիկ, բոբիկ ոտներով— «կանչիր հորդ, վերևն է, կենողների մոտ, համեցե՜ք»։ Մտա։ Սենյակում վատ չէր— պատերին նկարներ են կախված, բոլորն ինչ-որ գեներալների պատկերներ, դիվան է դրած, կլոր սեղան, հափրուկ, հինածաղիկներ, արի, ասում եմ, փասափուսես քաշեմ, հեռանամ, հը՞, մտածում եմ, գնա՞մ, թե չգնամ, և աստված է վկա, ջանիկս, ուզում էի փախչեմ։ Ասում եմ, ավելի լավ է վաղը գամ. հա՛մ եղանակը լավ կլինի, հա՛մ կսպասեմ, իսկ այսօր, հրեն հա՛մ կաթը թափվեց, հա՛մ էլ գեներալներն են նայում այնպես բարկացած․․․ Հենց ուզում էի դուրս գնամ, տեսնեմ մտավ... մի առանձին բան չէր ճերմակ մազերով, գողի աչքերով, յուղոտած խալաթով, մեջքին էլ գոտու տեղ թոկ կապած։ Հարցրեց բանն ինչո՞ւմն է, ինչ եմ ուզում, ես էլ թե՝ էսպես ու էսպես, Եմելյան Իվանովիչը — քառասուն ռուբլի, ասում եմ, բանն այն է, ասացի ու խոսքս չվերջացրի։ Աչքերից տեսա, որ բանս փթռուկ է։ «Ինչ բան, ինչ ման, ասում է, ես փող չունեմ. իսկ գրավական ունե՞ք»։ Ուզում էի բացատրեմ, որ գրավական չունեմ,— բայց, ա՛յ, Եմելյան Իվանովիչը,— մի խոսքով` բացատրում եմ, ինչ-որ հարկավոր է։ Ականջ դրեց մինչև վերջը,— չէ՛, ասում է, ի՛նչ անեմ, թե Եմելյան Իվ անովիչր, փող չունեմ ։ — Դե, մտածում եմ, այսպես, միշտ այսպես, գիտեի, որ այդպես էլ կլինի, առաջուց զգում էի։ Այնպես որ, Վարինկա, ավելի լավ կլիներ գետինը պատռվեր, ինձ իր ծոցն առներ. սառը պատեց ճակատիս, ոտներս փետացան, մեջքովս սարսուռ անցավ։ Ես նրան եմ նայում, նա ինձ է նայում և քիչ է մնում ասի, դե՛, բարեկամ, փասափուսեդ քաշի, գնա, էստեղ բան չունես,— այնպես որ եթե մի ուրիշ դեպքում այսպիսի բան լիներ, ուղղակի նամուսս չէր տա մնալու։ — Դե՛, ինչների՞դ է պետք, ի՞նչ եք անում փողը (տեսնո՞ւմ եք, ջանիկս, ինչեր է հարցնում)։ Հենց ուզում էի բերանս բաց անեմ, որպեսզի պարապ տեղը կանգնած չմնամ, ամենևին լսել էլ չուզեց — չէ՛, ասում է, փող չունեմ, թե չէ, ասում է, ուրախությամբ։ Սկսեցի խնդրել, աղաչել, ասում եմ, չէ՞ որ քիչ եմ ուզում, կտամ, ժամանակին կտամ, ժամանակից էլ առաջ կտամ, տոկոսն էլ ինչքան ուզում է թող վերցնի, և թե աստված է վկա կտամ։ Ես, ջանիկս, այդ րոպեին ձեզ հիշեցի, ձեր բոլոր դժբախտություններն ու կարիքները հիշեցի, ձեր հիսուն կոպեկանոցը հիշեցի,— չէ ասում է, տոկոսներն ինչ, ա՜յ, թե որ գրավական տաք, թե չէ ես փող չունեմ, աստված է վկա չունեմ, ես, ասում է ուրախությամբ,— դեռ երդում- կրակն էլ ընկավ ավազակը։

Դե՛, այստեղ արդեն, բալիկս, չեմ էլ հիշում թե ինչպես դուրս եկա, ինչպես անցա Վբորգսկայան, ինչպես հասա Վոսկրեսենսկի կամուրջը, հոգնեցի, սաստիկ մրսեցի, թրջվեցի և միայն ժամը տասին հազիվ հասա պաշտոնատեղս։ Ուզում էի շորերս մաքրեմ ցեխից, բայց Սնեգիրյով ծառան ասաց, թե չի կարելի, խոզանակը կփչացնես, իսկ խոզանակը, պարոն, կազյոննի է։ Այ թե ինչպիսի մարդիկ են, ջանիկս, այնպես որ ես այդ պարոնների մոտ ոտները սրբելու փալասից էլ վատ եմ։ Եվ ի՞նչն է ինձ սպանում, Վարինկա։ — Փողը չէ, որ սպանում է ինձ, այլ այս բոլոր առօրյա հուզումներր, այդ բոլոր փսփսուկները, ժպիտները, հանաքները։ Նորին գերազանցությունը կարող է պատահական կերպով, որևէ կերպ մի բան անել ինձ համար,— օ՜հ, ջանիկս,— անցան իմ ոսկե ժամանակները։ Այսօր նորից կարդացի ձեր բոլոր նամակները, տխուր եմ, ջանիկս։ Մնաք բարով, բալիկս, թող աստված պահպանի ձեզ։

Մ. Դեվուշկին

Հ․ Գ․ Վարինկա, դարդս ուզում էի նկարագրել ձեզ կես հանաքով, միայն թե, երևում է հանաք անելու շնորհք չունեմ։ Ուզում էի ձեզ զվարճացնել։— Ձեզ մոտ կմտնեմ, ջանիկս, անպատճառ կմտնեմ, վաղը կմտնեմ։

Օգոստոս 11

Վարվառա Ալեքսեևնա։ Աղավնյակդ իմ, ջանիկս։ Կորա ես, կորանք մենք երկուսս էլ, երկուսս էլ մեկտեղ, կորանք անդարձ։ Իմ վարկը, ամբիցիան—բոլորը արատավորված է, բոլորը կորած։ Ես կործանվեցի, դուք էլ կործանվեցիք, ջանիկս, դուք էլ ինձ հետ միասին, կործանվեցիք վերջնականապես։ Այս ես, ես տարա ձեզ դեպի կործանում։ Ինձ հալածում են, ջանիկս, արհամարհում են, ծիծաղում են վրաս, իսկ տանտիրուհիս սկսել է ուղղակի հայհոյել ինձ. այսօր բղավում-ճղավում էր ինձ վրա, շշպռում-շշպռում, հողի հետ հավասարեցնում։ Իսկ երեկոյան Ռատազյայևի մոտ նրանցից մեկն սկսել էր բարձրաձայն կարդալ իմ մի նամակի սևագրությունը, որ ես գրել էի ձեզ և գրպանիցս ընկել էր։ Տե՛ր իմ աստված, ի՜նչ ծիծաղ էին բարձրացրել։ Մեծարում էին մեզ, մեծարում, հրհռում, հրհռում դավաճանները։ Ես մտա նրանց մոտ և պատռեցի Ռատազյայևի դիմակը, ասացի, որ նա ուխտադրուժ և մատնիչ է։ Իսկ Ռատազյայևը պատասխանեց ինձ, թե մատնիչը ես ինքս եմ, թե ես զանազան սիլիբիլիներով եմ զբաղվում, ասում է, — դուք ծածկում էիք մեզնից, դուք լովելաս եք. և այժմ ամենքն լովելաս են անվանում, և ես ուրիշ անուն չունեմ։ Լսո՞ւմ եք, հրեշտակիկդ իմ, լսո՞ւմ եք, այժմ նրանք ամեն բան գիտեն, ամեն բանի ծանոթ են, և ձեր մասին էլ, բալիկս, գիտեն, ամեն բան, ինչ որ կա ձեզ մոտ, ամեն բան գիտեն։ Ի՞նչ եմ ասում, Ֆալդոնին էլ նրանց հետ է, նրանց հետ մեկտեղ, այսօր ես նրան խանութ եմ ուղարկում, կալբասից-բանից բերի՝ ուտեմ, չի գնում, գործ ունեմ, ասում է, Բայց չէ՞ որ դու պարտական ես, ասում եմ։ «Իսկի էլ պարտական չեմ, ասում է. հրեն, դուք իմ աղջիկ պարոնին փող չեք վճարում, էլ ինչու պարտական պիտի լինեմ ձեզ»։ Չհամբերեցի, չկարողացա տանել այդ անկիրթ մուժիկի հասցրած վիրավորանքը և ասացի՛, «հիմար», իսկ նա ինձ թե՝ «հիմարից եմ լսում»։ Կարծեցի, թե հարբած տեղն ասաց այդ կոպտությունը և ասացի, դու հարբած ես, բռի մուժիկ. իսկ նա թե՝ ի՞նչ է, դո՞ւք թավազա արիք. դուք ինքներդ խմելու բան ունե՞ք որ. մի ինչ-որ աղջկանից եք կոպեկներ մուրում ի սեր Քրիստոսի» ու դեռ ավելացրեց էլ. «է՜հ, և դուք պարոն եք մթամ»։ Ահա, ջանիկս, ահա թե բանն ուր է հասել։ Էլ հալ չմնաց, Վարինկա, ապրելու. կասես գլխիս տվել շշմեցրել են. պասպորտ չունեցող որևէ մի թափառականից էլ վատ եմ դառել։ Ծանր են աղետները, կործանվեցի ես, ուղղակի կործանվեցի, անդարձ կործանվեցի։

Մ. Դ.
Օգոստոս 13

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։ Շարունակ դժբախտություններ ու դժբախտություններ, ես ինքս էլ արդեն չգիտեմ, ինչ անեմ։ Ի՞նչ պիտի անեք դուք այժմ, իսկ ինձ վրա հույս մի՜ ունենաք.— այսօր հարթուկով այրեցի ձախ ձեռքս. ձեռքիցս ընկավ, հա՜մ ջարդեց, հա՜մ այրեց։ Աշխատել ոչ մի կերպ չեմ կարող, իսկ Ֆեդորան արդեն երրորդ օրն է՝ հիվանդ է։ Չափազանց անհանգիստ եմ։ Ուղարկում եմ ձեզ երեսուն կոպեկ արծաթ, դա համարյա թե մեր վերջին ունեցածն է, իսկ, աստված գիտենա, այնպես ուզում եմ օգնել ձեզ այժմ, որ այդքան կարիքի մեջ եք։ Լացս գալիս է բարկությունից։ Մնաք բարով, իմ բարեկամ։ Շատ կմխիթարեք ինձ, որ այսօր գաք մեզ մոտ։

Վ. Դ.
Օգոստոս 14

Մակար Ալեքսեևիչ, այդ ի՞նչ է պատահել ձեզ։ Երևի աստծուց չեք վախենում։ Դուք ուղղակի կխելագարեցնեք ինձ։ Ամոթ չե՞ք քաշում, Դուք կործանում եք ձեզ։ Մեկ մտածեցեք, թե ինչ անուն ունեք։ Դուք ազնիվ մարդ եք, վեհանձն, ինքնասեր, ի՞նչ կասեն, որ իմանան, թե ինչպես եք պահում ձեզ։ Ուղղակի պետք է մեռնեք ամոթից։ Թե չեք խղճում ձեր ճերմակ մազերը։ Չեք վախենում աստծուց, Ֆեղորան ասաց, թե այժմ արդեն այլևս չի օգնի ձեզ, ես ինքս էլ ձեզ փող չեմ տա։ Ա՜յ թե ուր հասցրիք ինձ, Մակար Ալեքսեևիչ։ Երևի կարծում եք, թե ինձ համար միևնույն է, որ դուք այդպես վատ եք պահում ձեզ. դուք դեռ չգիտեք էլ, թե ձեր պատճառով ինչ թուք ու մուր եմ կրում ես։ Մեր սանդուղքով վեր ու վար անել չեմ կարողանում, ամենքն ինձ են նայում, մատով են ցույց տալիս և այնպիսի սարսափելի բաներ ասում որ.— ուղղակի ասում են, թե ես կապվել եմ հարբեցողի հետ։ Լավ է, չէ՞, այսպիսի բաներ լսելը. Ձեզ որ տուն են բերում, բոլոր կենողներն արհամարհանքով են ձեզ մատով ցույց տալիս, ահա ասում են, բերին այն չինովնիկին։ Իսկ ես ամոթից մեռնում եմ ձեր պատճառով։ Երդվում եմ ձեզ, որ կտեղափոխվեմ այստեղից որևէ տեղ. աղախին, լվացարար կմտնեմ ու այստեղ չեմ մնա։ Ես ձեզ գրել էի, որ մտնեք ինձ մոտ, իսկ դուք չեկաք։ Ուրեմն, Մակար Ալեքսեևիչ, ձեզ համար ոչ մի նշանակություն չունե՞ն իմ արցունքներն ու խնդրանքները։ Եվ այդ ո՞րտեղից էիք փող ճարել։ Ի սեր ստեղծողի, զգուշացեք։ Չէ՞ որ կկորչեք, անմեղ տեղը կկորչեք. Եվ ի՜նչպիսի ամոթ, ի՜նչպիսի խայտառակություն։ Տանտիրուհին երեկ ձեզ ներս թողնել չուզեց. միջանցքում քնեցիք, ես ամեն բան գիտեմ։ Որ իմանայիք, թե որքան ծանր էր ինձ համար, երբ իմացա այս բոլորը։ Եկեք մեզ մոտ, ժամանակն ուրախ կանցկացնենք մեզ մոտ. միասին կկարդանք, կհիշենք հին-հին բաները։ Ֆեդորան կպատմի իր ուխտագնացություններից։ Թե ինձ սիրում եք, մի՛ կործանեք ձեզ, ինձ էլ մի՛ կործանեք։ Չէ՞ որ մենակ ձեզ համար եմ ապրում ես, ձեր պատճառով էլ մնում եմ ձեզ մոտ։ Հիմա ձեզ տեսնեմ։ Վեհանձն մարդ եղեք, պինդ եղեք դժբախտությունների ժամանակ. հիշեցեք, որ աղքատությունն արատ չէ։ Հուսահատվելու էլ ի՞նչ կա. այս բոլորը ժամանակավոր բան է, կանցնի, կգնա։ Աստված կտա, ամեն ինչ կուղղվի, միայն թե դուք հիմա պինդ կացեք։ Ուղարկում եմ ձեզ քսան կոպեկ, թամբաքու առեք ձեզ համար կամ ինչ որ ուզում եք, միայն, ի սեր աստծու, վատ բանի վրա չծախսեք։ Եկեք մեզ մոտ, անպատճառ եկեք։ Գուցե առաջվա պես ամաչեք, բայց մի՝ ամաչեք, դա սուտ ամաչկոտություն է։ Միայն թե անկեղծ կերպով զղջացած լինեք։ Հույսներդ դրեք աստծու վրա։ Նա կտա, ամեն բան լավ կզնա։

Վ. Դ.
Օգոստոս 19

Վարվառա Ալեքսեևնա, ջանիկս։

Ամաչում եմ, պայծաոիկդ իմ, Վարվառա Ալեքսեևնա, բոլորովին ամոթահար եմ եղել։ Ասենք՝ առանձին մի ի՞նչ կա այստեղ ջանիկս։ Ւնչո՞ւ սիրտս չուրախացնեմ։ Ես իմ կոշկատակերի մասին չեմ էլ մտածում, որովհետև կոշկատակը հիմար բան է և միշտ էլ կմնա հասարակ, զզվելի, կեղտոտ կոշկատակ։ Կոշիկներն էլ հիմար բան են։ Նույն իսկ հունական իմաստուններն էլ առանց կոշիկների էին ման գալիս, ո՜ւրեմն ինչո՞ւ պետք է մեզ պես մարդիկ այդպիսի մի անարժան առարկա գուրդուրեն։ Ուրեմն ինչո՞ւ պետք է նեղացնեն, ինչո՞ւ պետք է արհամարհեն ինձ այդպիսի դեպքում։ Է՜հ, ջանիկս, ջանիկս, դուք էլ բան եք գտել գրելու։ Իսկ Ֆեդորային ասացեք, որ նա դատարկագլուխ, անդնջում, կռվարար և այն էլ հիմար, անպատմելի հիմար կնիկ է։ Ւնչ վերաբերում է իմ ճերմակ մազերին, այս բանումն էլ սխալվում եք, բալիկս, որովհետև ես ամենևին էլ այնքան ծեր չեմ, ինչքան դուք եք կարծում։ Եմելյանը ձեզ բարև է անում։ Գրում եք, թե դարդոտվեցիք և լաց էիք լինում, իսկ ես ձեզ գրում եմ, որ ես էլ էի դարդոտվել և լաց էի լինում։ Ի վերջո, ցանկանում եմ, ձեզ ամեն տեսակ աոողջություն և բարօրություն, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես էլ առողջ եմ և բարօրության մեջ և մնում եմ, հրեշտակիկդ իմ, ձեր բարեկամ՝

Մակար Դեվուշկին


Օգոստոս 21

Ողորմած տիրուհի և սիրելի բարեկամ Վարվաոա Ալեքսեևնա։

Զգում եմ, որ մեղավոր եմ, զգում եմ որ մեղանչել եմ ձեր առջև և, ինձ որ հարցներ, ոչ մի օգուտ էլ չկա, ջանիկս, որ ես այս բոլորը զգում եմ, ինչ էլ որ ասելու լինեք։ Ես առաջ էլ զգում էի իմ արարքը, բայց ահա ընկճվել եմ հոգով, ընկճվել եմ մեղավորությունս գիտակցելով։ Ջանիկս, ես չար չեմ և ոչ էլ անգութ, իսկ ձեր սրտիկը պատռոտելու համար, աղավնյակդ իմ, պետք է լինել ոչ ավելի, ոչ պակաս, քան արյունարբու վագր, իսկ իմ սիրտը գառան սիրտ է, և ես, ինչպես ձեզ էլ է հայտնի, հակում չունեմ արյունարբության, հետևաբար, հրեշտակիկդ իմ, ես բոլորովին մեղավոր չեմ իմ արարքի համար, նույնպես, ինչպես և ո՛չ սիրտս, ո՛չ էլ մտքերս մեղավոր են, այլ այնպես, ես չգիտեմ էլ, թե ինչն է մեղավոր։ Մի ինչ-որ մութ բան է, ջանիկս։ Ինձ ուղարկել եք երեսուն կոպեկ արծաթ, հետո էլ քսան կոպեկ, սիրտս նվվաց, որ նայեցի ձեր որբ տեղովն ինձ ուղարկած փողերին։ Ինքներդ այրել եք ձեր ձեռիկը, շուտով սոված պիտի մնաք, իսկ գրում եք, որ ես թամբաքու առնեմ։ Դե՛, ի՞նչ անեի ես այսպիսի դեպքում։ Սկսեցի առանց խղճահարության, ավազակի նման, կողոպտել ձեզ, որբիկիգ։ Ահա այստեղ էր, որ ես ընկճվեցի հոգով, ջանիկս, այսինքն սկզբում, ակամա զգալով, որ ոչ մի բանի պետք չեմ և ինքս գուցե մի քիշ լավ եմ իմ կոշկատակից, անվայել բան համարեցի ինձ որևէ նշանակություն տալ, այլ ընդհակառակը, ինքս ինձ սկսեցի անվայել և մի որոշ աստիճանի էլ տգեղ բան համարել։ Ուրեմն, քանի որ կորցրի հարգանքը դեպի ինձ, քանի որ սկսեցի ուրանալ իմ բարի հատկությունները և արժանապատվությունը, այղտեղից էլ սկսվեց անկումը, անխուսափելի անկումը։ Այդ արդեն ի վերուստ է այդպես վիճակված, և ես այստեղ մեղք չունեմ։ Սկզբում դուրս եկա, որ մի քիչ թարմանամ։ Այստեղ արդեն ամեն բան եկավ պակասը լրացնելու։ Երկինքը լաց էր լինում, եղանակը ցուրտ, անձրև. Եմելյան էլ մյուս կողմից պատահեց։ Վարինկա, նա արդեն ամեն բան, ինչ ուներ-չուներ, գրավ է դրել, ամեն բան գնացել է իր տեղը, և նրան որ հանդիպեցի, արդեն երկու օր էր՝ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, այնպես որ ուզում էր գրավ դնել այնպիսի մի բան, որը ոչ մի կերպ էլ չի կարելի գրավ դնել, որովհետև այդպիսի գրավներ չեն էլ լինում։ Դե՛, ինչ անեմ, Վարինկա, զիջեցի, ավելի շուտ մարդկությանը խղճահարվելով, քան թե սեփական ցանկությամբ։ Այսպես ուրեմն ահա թե հանցանքն ինչպես պատահեց։ Ու որ գիտենաք, ինչպես էինք մենք լաց լինում միասին։ Ձեզ հիշում էինք։ Նա շատ բարի․ խիստ բարի մարդ է և շատ էլ զգայուն։ Ես ինքս, ջանիկս, այս բոլորն զգում եմ, նրա համար էլ ինձ միշտ պատահում են այսպիսի բաներ, որովհետև ես շատ եմ զգում այս բոլորը։ Ես գիտեմ, թե ինչով եմ ես, աղավնյակդ իմ, պարտական ձեզ։ Ճանաչելով ձեզ, ես սկսեցի, նախ՝ ավելի լավ ճանաչել ինքս ինձ և ձեզ էլ սկսեցի սիրել, իսկ ձեզնից առաջ, հրեշտակիկդ իմ, ես մենակ էի և կասես քնած էի և ոչ թե ապրում էի աշխարհիս երեսին։ Նրանք, իմ չարագործները, ասում էին, թե մինչև անգամ իմ կերպարանքն էլ անվայելուչ է և զզվում էին ինձանից, դե՛, ես էլ սկսեցի զզվել ինձնից, ասում էին, թե ես բթամիտ եմ, ես էլ իսկապես կարծում էի, թե բթամիտ եմ. բայց հենց որ դուք երևացիք, իսկույն լուսավորեցիք իմ ամբողջ մութ կյանքը, այնպես որ իմ սիրտն էլ, հոգին էլ լուսավորվեցին, և ես հոգեկան հանգստություն ձեռք բերի, և իմացա, որ ես էլ վատ չեմ ուրիշներից, որ չնայելով ոչնչով չեմ փայլում, կոկված-հղկած չեմ, բայց և այնպես ես մարդ եմ, սրտով ու մտքերովս մարդ։ Իսկ այժմ զգալով, որ հալածված եմ բախտից, որ նրանից նվաստացած լինելով անձնատուր եմ եղել իմ սեփական արժանապատվության ուրացմանը, ես ընկճված լինելով իմ դժբախտությունների ծանրության տակ, ընկել եմ հոգով։ Եվ որովհետև դուք ամեն բան գիտեք, ջանիկս, ուստի աղաչում եմ ձեզ, այլևս չհետաքրքրվեք այս մասին, վասնզի սիրտս կտոր կտոր է լինում և ես լցվում եմ դառն ու ծանր զգացումներով։

Ուղարկում եմ ձեզ, ջանիկս, հարգանքիս հավաստիքը և մնում եմ ձեր հավատարիմ՝

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 3

Անցյալ անգամ նամակս չվերջացրի, Մակար Ալեքսեևիչ, որովհետև սիրտ չունեի գրելու։ Երբեմն րոպեներ են լինում, որ ուզում եմ մենակ մնալ, մենակ տխրել, մենակ քաշել իմ դարդերը, առանց ոչ ոքի մասնակից անելու, և այսպիսի րոպեներ ավելի ու ավելի հաճախ են պատահում ինձ, որ անբացատրելի մի բան է, որը գրավում է ինձ այնքան անհաշիվ, այնքան ուժգին, որ ես մի քանի ժամ շարունակ անզգա եմ մնում դեպի իմ ամբողջ շրջապատը և մոռանում եմ ամեն ինչ, ամբողջ ներկան։ Եվ չկա այժմյան կյանքիս մեջ հաճելի, թե ծանր կամ տխուր մի տպավորություն, որը չհիշեցնի ինձ որևէ նման մի բան անցյալի մեջ և ամենից հաճախ իմ մանկությունը, իմ ոսկի մանկությունը։ Բայց այսպիսի րոպեներից հետո սիրտս միշտ ծակծկվում է։ Ես մի տեսակ թուլանում եմ, ցնորքներս ուժասպառ են անում ինձ, իսկ առողջությունս առանց այն էլ ավելի ու ավելի վատանում է։ Բայց այսօր թարմ, փայլուն, պայծառ առավոտ է, որպիսին քիչ է լինում այստեղ աշնանը, և ես ուրախությամբ ընդառաջեցի։ Այսպես, ուրեմն, արդեն աշուն է մեզ մոտ։ Ի՜նչպես սիրում էի ես աշունը գյուղում։ Դեռևս երեխա էի, բայց այն ժամանակ էլ արդեն շատ բան էի զգում։ Աշնանային երեկոն ավելի էի սիրում, քան թե առավոտը։ Հիշում եմ, մեր տնից մի քանի քայլ հեռու, լեռան տակ, լիճ կար։ Այս լիճը կարծես այժմ էլ աչքիս առջևն է,— այս լիճն այնպես լայն, պարզ, մաքուր էր, ինչպես հախճապակի։ երբեմն, եթե երեկոն հանգիստ էր, լիճն էլ հանդարտ էր. ափին բսած ծառերը չեն շրշում, ջուրն անշարժ է, կարծես հայելի լինի։ Օդը թարմ է, ցուրտ։ Ցողն ընկնում է խոտի վրա, ափին խրճիթներում ճրագներ են վառվում, նախիրը գալիս է, — ահա այդ ժամանակ դուրս եմ վազում տնից, որ նայեմ իմ լճին ու նայելով չեմ կշտանում։ Ջրի մոտ ձկնորսները ցախ են վաոել և խարույկի լույսը հեոու-հեոու տարածվել է ջրի վրա։ Երկինքն այնքան կապույտ է, ծայրերը երիզված կարմիր հրավառ շերտերով, և այդ շերտերը հետզհետե դժգունում են, դժգունում, դուրս է գալիս լուսինը, օդն այնքան զրնգան է, որ թեկուզ վախեցած մի ծիտ ծառի մի ճյուղից մյուսը թռչի, ղամիշը խշխշա թեթև հովից կամ ձուկը պոչովը տա ջրին,— ամեն ինչ լսվում է։ Կապույտ ջրի երեսը ծածկվում է նուրբ, թափանցիկ գոլորշու սպիտակ շղարշով։ Հեոուն մթնում է, ամեն ինչ մի տեսակ սուզվում է մառախուղի մեջ, իսկ մոտերքը ամեն ինչ—նավակը, ափը, կղզիները երևում են այնքան որոշակի, որ կարծես դանակով տաշած, հղկած դրված են աոջևդ. ափի մոտ ընկած մոռացված տակառը հազիվ նկատելի կերպով օրորվում է, ծառի ճյուղը դեղնած տերևներով խճճվել է ղամիշի մեջ, ուշացած ճայը ցատկում է ջրի երեսը, մերթ սուզվում սառը ջրի մեջ, մերթ նորից ցատկում և կորչում մաոախուղի մեջ,— ես նայում էի, ականջ դնում — լա՜վ էր, հրաշա՜լի։ Իսկ ես դեռևս մանուկ էի, երեխա...

Ես այնքան էի սիրում աշունը, ուշ աշունը, երբ արդեն հավաքում են հացը, վերջացնում բոլոր աշխատանքները, երբ խրճիթներում սկսվում են կոչունքները, երբ արդեն ամենքն սպասում են ձմռան։ Այն ժամանակ ամեն ինչ մռայլվում է, գորշ ամպերը ծածկում են երկինքը, դեղին տերևները փռվում, շավիղներ են կազմում մերկացած անտառի կողքերին, իսկ անտառը կապտում, սևին է տալիս, մանավանդ երեկոյան, երբ իջնում է խոնավ մառախուղը և ծառերը հազիվ երևում են մառախուղի միջից, ինչպես հսկաներ, ինչպես այլանդակ, սարսափելի ուրվականներ։ Երբեմն ուշանում ես զբոսանքի ելած ժամանակ, հետ ես մնում մյուսներից, գնում ես մենակ, շտապում,— ահալի է։ Դողում ես տերևի պես, մտածում ես՝ որտեղ որ է, սարսափելի մի բան գլուխը կհանի այս փչակից, մեկ էլ տեսար քամին սլացավ անտառով, վզզում է, շվացնում, ոռնում ողբագին, տերևներն ահագին քանակությամբ պոկում կմախքացած ճյուղերից, պտույտ-պտույտ տալիս օդի մեջ և նրանց հետևից երկար, լայն, աղմկալի երամով, զիլ ծկլթոցներով սուրում են թռչունները, այնպես որ երկինքը սևանում է, և ամեն ինչ ծածկվում նրանցով։ Զարզանդում ես և այդ միջոցին կարծես լսում ես ինչ-որ մի ձայն, կարծես մեկը շշնջում է.— «վազի՜ր, փախի՛ր, մանո՜ւկ, մի՛ ուշանա, այստեղ սոսկալի կլինի իսկույն, փախիր, մանուկ» — սիրտդ ահ է ընկնում և վազում ես, վազում այնպես, որ շունչդ կտրվում է։ Հևալով տուն ես հասնում. տանը կենդանություն, ուրախություն է տիրում. բոլոր երեխաներիս գործի են դնում, սիսեռ կամ խաշխաշ բաժանում, որ կճեպները հանենք։ Թաց փայտերը ճրթճրթում են վառարանի մեջ. մայրիկս ուրախ հետևում է մեր ուրախ աշխատանքին, պառավ դայակը, Ուլյանան, պատմում է հին ժամանակներից կամ սարսափելի հեքիաթներ կախարդների և մեռելների մասին։ Երեխաներս պինդ կպչում ենք իրար, իսկ ամենքի դեմքին ժպիտ է խաղում։ Մեկ էլ հանկարծ լռում ենք ամենքս... սսս՜, աղմուկ, կարծես մեկը թրխկթրխկացնում է։ — Դատարկ բան. այդ պառավ Ֆլորովնայի ջահրան է դրդռում, ծիծաղը բռնում է ամենքիս։ Իսկ հետո գիշերը չենք քնում վախից, սարսափելի երագներ ենք տեսնում։ Երբեմն զարթնում ենք, չենք համարձակվում շարժվել և մինչև լույս դողում ենք վերմակի տակ։ Առավոտյան վեր ենք կենում թարմ, ինչպես ծաղիկ։ Նայում ենք պատուհանից դուրս, սառնամանիքը բռնել է ամբողջ դաշտը, բարակ աշնանային եղյամը կախվել է մերկացած ճյուղերից, թղթի պես բարակ սառույցով ծածկվել է լիճը. սպիտակ գոլորշի է բարձրանում լճից, ծլվլում են ուրախ թռչունները։ Արևը լուսավորում է շուրջդ ամեն ինչ պայծառ շողերով և շողերը ջարդում են ապակու պես բարակ սառույցը։ Ամեն ինչ լուսավոր, շողշողուն, ուրախ տեսք ունի։ Վառարանի մեջ նորից ճրթճրթում է կրակը, ամենքս նստում ենք սամովարի մոտ, իսկ պատուհաններից ներս է նայում գիշերը թրջված ու մրսած մեր Պոլկան շունը և պոչը շարժում։ Որևէ մի մուժիկ կայտառ ձին լծած անցնում է պատուհանների առջևով՝ անտառից փայտ բերելու։ Ամենքս այնպես գոհ ենք, այնպես ուրախ... Ա՜խ, ինչպիսի ոսկի մանկության ունի ես․․․

Ահա հիշողություններիս անձնատուր լինելով, հիմա էլ լաց եղա երեխայի պես։ Այնքան կենդանի, այնքան կենդանի կերպով հիշեցի ամեն ինչ, այնքան պայծառ կերպով աոջևս կանգնեց բոլոր անցյալը, իսկ ներկան այնքան մութն է, այնքան մռայլ... Ինչո՞վ պիտի վերջանա այս, ինչո՞վ պիտի վերջանա այս բոլորը։ Գիտե՞ք, ես մի տեսակ համոզում ունեմ, մի տեսակ հավատացած եմ, որ այս աշնանը կմեռնեմ։ Ես շատ, շատ հիվանդ եմ։ Ես հաճախ եմ մտածում, որ կմեռնեմ, բայց չէի ուզի այստեղի հողում թաղվել։ Գուցե նորից անկողին ընկնեմ, ինչպես և այն ժամանակ, աշնանը, իսկ ես դեռ չեմ ապաքինվել։ Ահա հենց հիմա էլ շատ վատ եմ զգում ինձ։ Ֆեդորան այսօր ամբողջ օրով գնաց ուր-որ, և ես նստած եմ մենակ։ Իսկ ես մի քանի ժամանակից ի վեր վախենում եմ մենակ մնալ. ինձ միշտ թվում է, թե սենյակում ինձ հետ մի ուրիշն էլ կա, թե մեկը խոսում է ինձ հետ, մանավանդ, երբ որևէ բանի մասին մտածմունքի մեջ եմ ընկնում և հանկարծ սթափվում մտածմունքից, այնպես որ սոսկում է գալիս վրաս։ Ահա թե ինչու ես այսպիսի մեծ նամակ գրեցի ձեզ. երբ որ գրում եմ, սոսկումս անցնում է։ Մնաք բարով, նամակս վերջացնում եմ, որովհետև համ թուղթ չունեմ, հա՜մ ժամանակ։ Ստացածս փողերից հագուստիս և գլխարկիս համար մոտս մնացել է միայն մի ռուբլի արծաթ։ Դուք տանտիրուհուն տվել եք երկու ռուբլի արծաթ, այդ շատ լավ է. այժմ նա միառժամանակ կլռի։

Ձեր հագուստը մի կերպ կարգի գցեցեք։ Մնաք բարով, ես շատ հոգնեցի, չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ ես այսպես թուլանում, ամենաչնչին զբաղմունքն էլ հոգնեցնում է ինձ։ Գործ որ պատահի, ի՞նչպես պիտի աշխատեմ։ Այս է ահա, որ սպանում է ինձ։

Վ. Դ.
Սեպտեմբեր 5

Աղավնյակդ իմ, Վարինկա։

Այսօր, հրեշտակիկդ իմ, ես շատ տպավորություններ կրեցի։ Նախ՝ գլուխս ամբողջ օրը ցավում էր։ Մի կերպ թարմանալու համար դուրս եկա Ֆոնտանկայում ման զալու։ Երեկոյան թխպոտ, խոնավ էր։ Ժամը վեցին արդեն մթնում է.— այսպես է այժմ։ Անձրև չկար, բայց մառախուղ էր, անձրևից էլ վատ։ Երկնքի երեսով երկար, լայն շերտերով անց էին կենում ամպերը։ Անհամար ժողովուրդ էր անցուդարձ անում գետափին և ինչպիսի ժողովուրդ, ամենքն էլ սարսափելի, տխրություն ազդող դեմքերով—հարբած մուժիկներ, քթատ չուխոնկա կանայք սապոգներով և գզգզված մազերով, արտելշչիկներ, կառապաններ, մեր չինովնիկներից ոմանք՝ որևէ կարիքի համար, փողոցային երեխաներ, փականագործի որևէ աշակերտ շերտավոր խալաթով, հարբած, կմախքացած, յուղի մեջ թաթախած դեմքով, կողպեքը ձեռքին, ծառայությունը լրացրած զինվոր մի սաժեն բարձրությամբ.— ահա թե ինչպիսի հասարակություն էր։ Երևի այնպիսի ժամանակ էր, որ ուրիշ տեսակ հասարակություն չէր էլ կարող լինել։ Նավագնաց ջրանցք—Ֆոնտա՜նկա։ Այնքան անհատնում նավակներ են, որ չես հասկանում, ո՞րտեղ կարող էին այդ բոլորը տեղավորվել։ Կամուրջների վրա նստած են թաց խմորեղեն և փտած խնձորներ ծախող կանայք, ամենքն էլ այնքան կեղտոտ ու թրջված։ Տխուր տպավորություն է թողնում Ֆոնտանկայում զբոսնելը։ Ոտներիդ տակ թաց գրանիտ, այս ու այն կողմը բարձր, սև, մրոտ տներ, ոտներիդ տակ մառախուղ, գլխիդ վերևը նույնպես մառախուղ։ Այնքան տխուր, այնքան խավար էր երեկոն այսօր։

Գորոխովայա որ վերադարձա, արդեն մթնել էր բոլորովին, և սկսել էին գազը վառել։ Վաղուց է, որ չէի եղել Գորոխովայում, չէր հաջողվում։ Աղմկալի փողոց է։ Ինչպիսի խանութներ, մագազիններ, հարուստ, բոլորը հուրհրատում են, վառվում. կտորեղեն, ծաղիկներ ապակիների հետևը, զանազան գլխարկներ ժապավեններով։ Կարծում ես, թե այդ բոլորը դարսված են հենց այնպես, գեղեցկության համար. ո՛չ, չէ՞ որ կան մարդիկ, որոնք առնում են այս բոլորը և նվիրում իրենց կանանց։— Հարուստ փողոց է, գերմանացի բուլոչնիկներ խիստ շատ են ապրում Գորոխովայում, պետք է որ նույնպես խիստ ունևոր ժողովուրդ լինի։ Որքան կառետներ են րոպե առ րոպե անցնում, սալահատակը ո՞նց է դիմանում այս բոլորի տակ։ Կառքերն այնքան շքեղ են, ապակիները ոնց որ հայելի. ներսը թավիշ ու մետաքս. լաքելները ազնվականների ուսադիրներով, սուրը կախած։ Ես նայում էի բոլոր կառեթների ներսը. բոլորի մեջ էլ տիկիններ են նստած, այնպես պճնված. գուցե և իշխանուհիներ և կոմսուհիներ են։ Անշուշտ այն ժամն էր, որ ամենքն էլ պարահանդեսներ ու ժողովներ էին շտապում։ Հետաքրրքրական է մոտիկից տեսնել իշխանուհի և առհասարակ ազնվազարմ տիկին. պետք է որ շատ լավ լինի. ես ոչ մի ժամանակ չեմ տեսել, տեսել եմ ա՜յ, այսպես, ինչպես հիմա, կառեթի ներսը նայելով։ Այդտեղ ես հիշեցի ձեզ։— Ախ, աղավնյակդ իմ, բալիկս, այժմ որ հիշում եմ ձեր մասին, ամբողջ սիրտս մղկտում է։ Ինչո՞ւ դուք, Վարինկա, այդքան դժբախտ եք։ Հրեշտակիկդ իմ, ախր ինչո՞վ դուք վատ եք նրանց բոլորից։ Դուք բարի եք, գեղեցիկ, գիտուն, ինչո՞ւ ուրեմն ձեզ այդպիսի չար բախտ է վիճակվել։ Ինչո՞ւ միշտ այնպես է պատահում, որ լավ մարդը մնում է երեսի վրա ձգված, իսկ մի ուրիշին բախտն ինքն է գնում կպչում։ Գիտեմ, գիտեմ, ջանիկս, որ այսպես մտածելը լավ չէ, որ սա ազատամտություն է, բայց անկեղծ կերպով որ խոսենք, ճշմարիտ իսկությունը որ ասենք, ինչո՞ւ մեկին դեռևս մոր արգանդում ճակատագիրը բախտավորություն է տալիս, իսկ մի ուրիշը լույս աշխարհ է գալիս չար աստղի տակ։ Այդ ի՞նչպես է լինում, որ բախտավորությունը հաճախ Իվանուշկա դուրաչոկին է վիճակվում և բախտն ասում է նրան,— դու, Իվանուշկա դուրաչոկ, ձեռքդ կոխիր պապերիդ տոպրակները, հանիր, կեր, խմիր, քեֆ արա, իսկ դու, այս-ինչ ու այն-ինչդ, միայն շրթունքներդ լպստիր, որովհետև ուրիշ բանի պետք չես։ Մեղք է, ջանիկս, մեղք է այսպես մտածելը, բայց ինչ արած, մարդ ակամա հոգուն մեղք է անում այսպիսի բաներ որ տեսնում է։ Ի՞նչ կլիներ, որ դուք էլ, բալիկս, պայծառիկս, անցնեիք այնպիսի կառեթով։ Ձեր բարեհաճ հայացքները կորսային. գեներալները, և ոչ թե մեզ նման մարդիկ, ման կգայիք դուք ոչ թե քաթանի հնամաշ հագուստով, այլ մետաքսի և ոսկու մեջ պճնված։ Լղարիկ, չորիկ-մորիկ չէիք լինի, ինչպես հիմա, այլ շաքարահացի նման թարմ, կարմիր, փափլիկ։ Իսկ ես այն ժամանակ երջանիկ կլինեի հենց միայն նրանով, որ փողոցից աչքս կգցեի ձեր պայծառ լուսավորված պատուհաններին, որպեսզի ձեր գեթ ստվերը տեսնեի, մենակ այն միտքը, որ դուք երջանիկ եք և ուրախ, իմ լավ ծիտիկ, ինձ էլ կուրախացներ։ Իսկ հիմա ի՞նչ է։ Բավական չէ, որ չար մարդիկ ձեզ կործանել են, որևէ անպիտանի, անառակի մեկն էլ վիրավորում է ձեզ։ Թե ինչ է, ֆրակը կոկիկ նստած է նրա վրա, ոսկի լորնետի միջից է նայում ձեզ վրա այդ անամոթը, ուրեմն նա ամեն բան կարող է, ուրեմն նրա անվայելուչ խոսքերը պետք է լսել զիջողաբար։ Այդպես հա՞։ Իսկ ինչու է այդ այդպես։ Որովհետև դուք որբ եք, որովհետև դուք անպաշտպան եք, որովհետև դուք չունեք մի ուժեղ բարեկամ, որը ձեզ վայելուչ հենարան տար։ Եվ ի՞նչ մարդ է դա, ի՞նչ մարդիկ են դրանք, որոնց համար որբին վիրավորելը ոչինչ բան է։ Դրանք ոչնչություններ են և ոչ թե մարդիկ, ուղղակի ոչնչություններ. դրանք միայն մարդիկ են համարվում, այնինչ իսկապես մարդիկ չեն, ոչ, ես այդ բանում համոզված եմ։ Ահա թե ինչպիսի մարդիկ են դրանք։ Իսկ իմ կարծիքով, բալիկս, ա՜յ, այն շարմանշչիկը, որին այսօր հանդիպեցի ես Գորոխովայում, ավելի շուտ հարգանք է ներշնչում դեպի ինքը, քան նրանք։ Նա թեև ամբողջ օրը ման է գալիս, մի կերպ յոլա գնում, սպասում, որ մի անպետք, ժանգոտ դրոշ ստանա ապրուստի համար, բայց նա իր գլխի տերն է, իր հալալ աշխատանքովն է ապրում։ Նա ողորմություն խնդրել չի ուզում, այլ մարդկային հաճույքի համար է աշխատում, ինչպես լարված մեքենա, այսինքն թե ահա, ես էլ սրանով կարող եմ ձեզ հաճույք պատճառել։ Ճիշտ է, աղքատ է նա, աղքատ, մի՛շտ միևնույն աղքատը, բայց ազնիվ աղքատ է. նա հոգնում է, նա մրսում է, բայց միշտ աշխատում է, թեկուզ յուրավարի, բայց և այնպես աշխատում է։ Եվ շատ կան ազնիվ մարդիկ, ջանիկս, որոնք թեև իրենց աշխատանքի չափի և օգտակարության համեմատ քիչ են վաստակում, բայց ոչ ոքի առջև գլուխ չեն խոնարհում, ոչ ոքից հաց չեն խնդրում։ Ահա ես էլ ճիշտ այնպես, ինչպես՝ այն ջարմանշչիկը, այսինքն ոչ թե, որ ամենևին այնպես, ինչպես նա, այլ ուրիշ իմաստով, ազնիվ ազնվական տեսակետից ճիշտ այնպես, ինչպես և նա. ուժերիս չափ աշխատում եմ, այսինքն՝ ինչքան որ կարողանում եմ։ Ավելին չկա, իսկ չկա-ին դատաստան չկա։ Ես նրա համար խոսեցի այդ շարմանշչիկի մասին, ջանիկս, որ այսօր ես կրկնակի փորձեի իմ աղքատությունը։ Կանգնեցի, որ նայեմ ջարմանշչիկին։ Այնպիսի մտքեր էին մտել գլուխս, ահա այդ մտքերը ցրելու համար էր, որ կանգնեցի։ Ես եմ կանգնած, կառապաններն են կանգնած, մի ինչ-որ աղջիկ, մեկ էլ մի փոքրիկ աղջիկ ոտից-գլուխ ցեխոտված։ Շարմանշչիկը տեղավորվել էր մի ինչ-որ տան պատուհանների տակ։ Նկատում եմ մի պստիկ տղա, այսպես մոտ տասը տարեկան, լավիկն էր, բայց հիվանդոտ, չորիկ-մորիկ, հագին մենակ շապիկ և մի ուրիշ չես իմանում ինչ, համարյա թե բոբիկ կանգնել է, բերանը բաց լսում է նվագը.— հա՜յ գիտի երեխայություն. նայում է, թե ինչպես գերմանացի շարմանշչիկը պար է ածում իր տիկնիկները, ձեռքերն ու ոտները փետացել են, դողում է և կրծում թևի ծայրը։ Նկատում եմ, որ ձեռքին ինչ-որ թուղթ կա։ Անց կացավ մի պարոն և ինչ-որ մի փոքրիկ դրամ շպրտեց շարմանշչիկին. դրամն ուղղակի ընկավ այն արկղի մեջ, որի մեջ ներկայացված է պուրպիկ-տիկինների հետ պարող պուրպիկ ֆրանսիացին։ Դրամը զրնգաց թե չէ, ցնցվեց իմ մանկիկը, մի վախկոտ հայացք գցեց շուրջը և երևի կարծեց, թե փողը ես տվի։ Վազեց ինձ մոտ, ձեռնիկները դողում են, ձայնիկը դողում է, թուղթը մեկնեց ինձ ու ասում է.— գի՜ր։ Բայց արի — դե ինչ ասեմ, հայտնի է, է՛լի. այսինքն — բարերարներ, երեխանց մայր եմ, մեռնում եմ, երեք երեխաս սոված են, օգնեցեք. մեռնելուց հետո այն աշխարհում չեմ մոռանա ձեզ, իմ բարերարներ, որ դուք այժմ չմոռացաք իմ բալիկներին։— Դե՛, ի՞նչ կա այստեղ, պարզ բան, առօրյա բան, բայց ի՞նչ ունեմ, որ ինչ տամ։ Ու ոչինչ չտվի։ Բայց ինչքան սիրտս մղկտաց։ Խղճուկ երեխա, ցրտից կապտած, գուցե և սոված, և սուտ չի ասում, աստված է վկա սուտ չի ասում, ես այդ բանը գիտեմ։ Բայց միայն վատն այն է, թե ինչո՞ւ այդ անպիտան մայրերը երեխաներին չեն խնայում և կիսամերկ այսպիսի ցրտին թուղթը ձեռքներն են տալիս ու փողոց ուղարկում։ Նա գուցե թե հիմար կնիկ է, բնավորություն չունի. բայց նրա համար գուցե թե աշխատող էլ չկա, ուստի և նստած է ծալապատիկ, գուցե և ճիշտ որ հիվանդ է։ Բայց թող դիմի ուր հարկավոր է. ասենք, գուցե թե պարզապես խաբեբա է, սոված ու տկլոր երեխային դիտմամբ ուղարկում է ժողովրդին խաբելու և խեղճ երեխային էլ հիվանդացնելու։ Եվ խեղճ երեխան էլ ի՞նչ պիտի սովորի այդ թղթերով: Միայն սիրտը պետք է չարությամբ լցվի. ման է գալիս նա, վազում, խնդրում։ Մարդիկ են անցնում, բայց ժամանակ չունեն։ Նրանց սրտերը քար են, խոսքերն անգութ։ «Դեն գնա, կորի, սուտ ես ասում»։— Ահա թե ինչ է լսում նա ամենքից, և երեխայի սիրտը լցվում է չարությամբ և իզուր դողում է ցրտում խղճուկ, վախեցած երեխան, քանդած բնից ընկած թռչնիկի նման։ Նրա ձեռքերն ու ոտները սառչում են, շունչը կտրվում։ Տեսնում ես. ըհը՝ հազում էլ է. հիվանդությունն էլ հեռու չէ. զզվելի օձի պես կմտնի նրա կուրծքը, իսկ հետո մեկ էլ տեսար մահը եկավ կանգնեց գլխին որևէ մի հոտած անկյունում, առանց խնամքի, առանց օգնության — ու դրանով էլ կվերջանա նրա ամբողջ կյանքը։ Ահա թե կյանքը ինչ տեսակ է լինում։ Օ՜հ, Վարինկա, ծանր է լսել «ի սեր Քրիստոսի»-ն մոտովն անցնել և, ոչինչ չտալով, ասել «աստված տա»։ Դեռ վնաս չունի մի տեսակ «ի սեր Քրիստոսին»-ն (և ի սեր Քրիստոսի-քն էլ զանազան տեսակ են լինում, ջանիկս)։ Մի տեսակը կա, որ երկար է, միալար, սովորական, բերան արած, ուղղակի մուրացիկի այս տեսակին դեռ այնքան էլ ծանր չէ, որ չես տալիս, դա երկարամյա, վաղուցվա մուրացկան է, արհեստով մուրացկան. դա սովոր է, ասում ես՝ կդիմանա և գիտե, թե ինչպես պիտի դիմանա։ Իսկ մի ուրիշ տեսակ «ի սեր քրիստոսի» էլ կա, որն անսովոր է, կոպիտ, սարսափելի,— ա՜յ. ինչպես այսօր, երբ երեխայից թուղթը վերցնելու վրա էի, հենց նույն տեղում ցանկապատի մոտ կանգնած էր մեկը, ամենքից ողորմություն չէր խնդրում, բայց ինձ ասաց. «Աղա, տուր ինձ մի գրոշ ի սեր Քրիստոսի». այնպիսի կցկտուր, կոպիտ ձայնով ասաց, որ ես ցնցվեցի ինչ-որ մի սարսափելի զզացումից, բայց չտվի, չունեի։ Իսկ հարուստ մարդիկ չեն սիրում, որ աղքատները բարձրաձայն գանգատվում են իրենց թշվառ վիճակից,— իբր թե անհանգստացնում են, զահլա են տանում։ Այո՛, աղքատությունը միշտ էլ զահլա տանող է,— չլինի՞ թե նրանց սովի հառաչանքները խանգարում են քնել։

Խոստովանում եմ ձեզ, բալիկս, այս բոլորն սկսեցի նկարագրել մասամբ նրա համար, որ սիրտս հետ բերեմ, իսկ ավելի նրա համար, որ ձեզ ցույց տամ իմ շարադրութչունների լավ ոճի օրինակը։ Որովհետև, դուք ինքներդ էլ կխոստովանեք, ջանիկս, որ վերջերս իմ ոճը ձևավորվում է։ Բայց այժմ ինձ այնպիսի թախիծ է պատել, որ ես իմ մտքերին մինչև հոգուս խորքն սկսել եմ կարեկցել և թեև ինքս էլ գիտեմ, որ այդ կարեկցությամբ չեմ հաղթի, բայց և այնպես մի տեսակ կարդարացնեմ ինձ։ Եվ իսկապես, բալիկս, հաճախ ինքս ինձ, առանց որևէ պատճառի, ոչնչացնում եմ, գրոշի արժեք չեմ տալիս ինձ և մի տաշեղից էլ ցածր եմ դնում։ Իսկ եթե համեմատությամբ արտահայտվեմ, այդ գուցե նրանից է լինում, որ աչքս վախեցած է և հետ եմ հրված, ինչպես հենց թեկուզ այն խղճուկ երեխան, որ ողորմություն խնդրեց ինձնից։ Այժմ ես ձեզ օրինակի համար, այլաբանորեն կասեմ, ջանիկս. լսեցեք ինձ. պատահում է, որ վաղ առավոտյան, ծառայության շտապելիս, դիտում եմ, թե ինչպես քաղաքը զարթնում է, վեր է կենում, ծխում, եռում, աղմկում,— և այսպիսի տեսարանի առջև երբեմն այնպես եմ նվաստանում, որ կարծես թե մեկը շրմփցրեց հետաքրքիր քթիս, ու սուսուփուս շարունակում եմ ճանապարհս, ձեռքս թափ տալիս։ Այժմ, նայեցեք, թե ինչ է կատարվում այդ սև, մրոտ, մեծ, հաստահիմն տներում, խորացեք այդ բանում և այն ժամանակ ինքներդ դատեցեք, արդարացի՞ էր արդյոք, որ ես մի տաշեղից էլ ցածր էի դնում և անարժան կերպով շփոթվում։ Նկատեցեք, Վարինկա, որ ես այլաբանորեն եմ խոսում, ոչ ուղղակի իմաստով։ Հիմա տեսնենք՝ ինչ է կատարվում այդ տներում։ Այնտեղ որևէ մրոտ անկյունում, որևէ խոնավ խոզաբնում, որը կարիքի պատճառով բնակարան է համարվում, որևէ մի արհեստավոր քնից զարթնում է, իսկ երազում ամբողջ գիշերը օրինակի համար ասենք, տեսել էր այն կոշիկները, որոնց կաշին երեկ կտրել էր պատահմամբ, կարծես թե մարդ անպատճառ պետք է այդպիսի հիմար բան տեսնի երազում։ Ասենք, նա արհեստավոր է, նա կոշկակար է, նրան ներելի է, որ մենակ իր առարկայի մասին մտածի։ Նրա երեխաները ծնվում, լաց են լինում և կինն էլ սոված է. և մենակ կոշկակարները չեն, որ երբեմն այդպես են վեր կենում քնից, բալիկս։ Այս դեռ էլի վնաս չունի, և այս մասին չարժե գրել, բայց ահա թե ինչպիսի հանգամանք է դուրս գալիս, ջանիկս, հենց նույն այդ տան մեջ, մի հարկ վերև թե ներքև, ոսկեզօծ պալատներում և ամենահարուստ մի անձնավորություն գիշերը գուցե թե երազում տեսավ նույն կոշիկները, այսինքն ուրիշ տեսակ, ուրիշ ֆասոնի կոշիկներ, բայց և այնպես կոշիկներ. որովհետև իմ այստեղ հասկացած իմաստով, ջանիկս, մենք ամենքս դուրս ենք գալիս մի քիշ կոշկակարներ։ Եվ այս էլ դեռ վնաս չունի, բայց միայն վատն այն է, որ ոչ ոք չկա այդ ամենահարուստ մարդու մոտ, մարդ չկա, որը փսփսար նրա ականջին, թե «բավական է այդ մասին մտածես, մենակ քո մասին մտածես, մենակ քեզ համար ապրես. դու կոշկակար չես. երեխաներդ քաղցած չեն և կինդ ուտելու բան չի խնդրում. մտիկ արա շուրջդ, հոգացողություններիդ համար ավելի ազնիվ բան չե՞ս գտնում, քան քո կոշիկները»։ Ահա թե ինչ էի ուզում ասել ձեզ այլաբանորեն, Վարինկա։ Այս գուցե թե չափազանց ազատ միտք է, բալիկս, բայց այս միտքը երբեմն լինում է, երբեմն գալիս է և այն ժամանակ ակամա մարդուս սրտից դուրս է պրծնում ջերմ խոսքով։ Ուստի և հարկ չկար ինքս ինձ գրոշի արժեք չտալու, վախենալով աղմուկից ու գորգոռոցից։ Ուրեմն կեզրափակեմ նրանով, ջանիկս, որ դուք գուցե թե մտածեք, թե ես զրպարտություն եմ ասում, կամ թե մելամաղձոտություն է եկել վրաս, կամ թե այս բանը ես որևէ գրքից եմ արտագրել։ Ո՛չ, ջանիկս, սխալվում եք, այդպիսի բան չկա. զրպարտությունից զզվում եմ, մելամաղձություն չի եկել և ոչ մի գրքից էլ ոչինչ չեմ արտագրել — ահա թե ինչ։

Տուն եկա հոգեկան տխուր տրամադրության մեջ, նստեցի սեղանի մոտ, թեյնոցս տաքացրի և պատրաստվում էի մի-երկու բաժակ թեյ խմելու։ Մեկ էլ տեսնեմ մտնում է ինձ մոտ Գարշկովը, մեր աղքատ կենողը։ Դեռ առավոտը նկատեցի, որ նա շարունակ ինչ-որ ման-ման է անում կենողների շուրջը և ինձ էլ ուզում էր մոտենալ։ Պետք է ասեմ, ջանիկս, որ նրանց ապրուստը իմ ապրուստից էլ շատ ու շատ վատ է։ Ի՜նչ եմ ասում, կին ունի, երեխաներ ունի։ Այնպես որ, ես որ Գարշկով լինեի, չեմ իմանում ճշմարիտ ինչ պիտի անեի նրա տեղ։ Այսպես ուրեմն մտավ իմ Գարշկովը, գլուխ է տալիս, աչքերը, ինչպես և միշտ, ճպռոտվել են, ոտները դես-դեն է շարժում ու ոչ մի խոսք չի կարողանում ասել։ Նստեցրի աթոռի վրա, ճիշտ է, կոտրած աթոռի, բայց, ինչ արած, ուրիշը չկար։ Թեյ առաջարկեցի։ Ներողություն խնդրեց, երկար ժամանակ ներողություն էր խնդրում, բայց և այնպես, վերջիվերջո, բաժակը վերցրեց։ Ուզում էր առանց շաքարի խմել, սկսեց նորից ներողություն խնդրել, երբ ես սկսեցի հավատացնել նրան, որ շաքար պետք է վերցնել. երկար ժամանակ վիճում էր, հրաժարվում, վերջապես իր բաժակի մեջ գցեց ամենափոքրիկ մի կտոր և սկսեց հավատացնել, թե թեյը սովորականից դուրս քաղցր է։ Է՜հ, մինչև որ աստիճանի նվաստացման է հասցնում մարդկանց աղքատությունը։— «Դե, ի՞նչ կա, ի՞նչ կհրամայեք»— ասացի ես նրան։— «էլ ի՞նչ կա, Մակար Ալեքսեևիչ,— ասաց,— բանս էսպես ու էսպես է ի սեր աստծու, օգնեցեք իմ թշվառ ընտանիքին, կինս, երեխաներս, ուտելու բան չկա, երևակայեցեք, թե մի հայր, այսինքն՝ ես, ինչ պիտի զգամ, որ այս ասում եմ»։ Ուզում էի խոսեմ, բայց նա խոսքս կտրեց. «ես,— ասում է,— ամենքից վախենում եմ այստեղ, Մակար Ալեքսեևիչ, այսինքն ոչ թե վախենում, այլ այնպես, գիտեք, քաշվում եմ. նրանք բոլորն էլ հպարտ և քթները վեր ցցած մարդիկ են։ Ես, ասում է, ձեզ նեղություն չէի տա. գիտեմ, որ դուք էլ անախորժություններ եք ունեցել, գիտեմ, որ դուք շատ տալ չեք էլ կարող, բայց գոնե մի քիչ փող տվեք. և նրա համար եմ, ասում է, համարձակվել խնդրելու ձեզ, որ ճանաչում եմ ձեր բարի սիրտը, գիտեմ, որ դուք ինքներդ էլ կարիքի մեջ եք եղել և հիմա էլ կարիքի մեջ եք, և այդ պատճառով էլ ձեր սիրտը կարեկցություն է զգում»։ Եզրափակեց նրանով, որ ասաց, թե ներեցեք իմ հանդգնությունը և անքաղաքավարությունը, Մակար Ալեքսեևիչ։— Ես պատասխանում եմ նրան, թե հոգովս չափ ուրախ կլինեի, բայց ոչինչ չունեմ, բոլորովին ոչինչ։— «Մակար Ալեքսեևիչ, ասում է նա ինձ, ես շատ չեմ էլ խնդրում, իսկ իմ բանը էսպես ու էսպես է (այստեղ նա կարմրեց) — կինս, ասում է, երեխաներս սոված են — գոնե մի տասը կոպեկ»։ Դե՛, այստեղ արդեն սիրտս մղկտաց։ Հե՜յ, ասացի մտքումս, ինձնից էլ անց են կացել։ Իսկ մոտս մնացել էր ընդամենը քսան կոպեկ, հույսս էլ այդ քսան կոպեկի վրա էր․ ուզում էի վաղն իմ ծայրահեղ կարիքների վրա ծախսել։— «Ո՛չ, սիրելիս, ասում եմ, չեմ կարող, բանս էսպես ու էսպես է»։— «Խնդրում եմ, Մակար Ալեքսեևիչ, գոնե ինչքան ուզում եք,— ասում է,— գոնե տասը կոպեկ»։ Արկղիցս հանեցի ու տվի իմ քսան կոպեկը, ջանիկս. այսպես թե այնպես, բարի գործ էր։ Է՜հ, աղքատություն, աղքատություն։ Խոսակցության բռնվեցի նրա հետ, այդ ի՞նչպես է,— ասում եմ,— որ այդպես կարիքի մեջ եք և դեռ այդպիսի կարոտության մեջ էլ արծաթ հինգ ռուբլիով սենյակ եք վարձել։ Նա ինձ բացատրեց, թե կես տարի առաջ է վարձել և փողը վճարել առաջուց երեք ամսվա համար. բայց հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ խեղճը մնացել է ձեռքերը ծոցին։ Սպասում է եղել, թե իր դատը մինչև այդ ժամանակ կվերջանա։ Իսկ նրա դատն անհաճելի դատ է։ Նա, Վարինկա, ինչ-որ մի բանի համար դատի տակ է։ Գանգատ ունի ինչ-որ մի վաճառականի հետ, որը պետական աճուրդի մեջ խաբեբայություն է արել, խաբեբայությունը բացվել է, վաճառականին դատի են տվել, իսկ նա իր ավազակային գործի մեջ խառնել է և Գարշկովին, որը նույնպես ընկել է մի տեսակ պատահմունքով։ Ճիշտը որ ասենք, Գարշկովը մեղավոր է, որովհետև անփույթ է եղել, շրջահայաց չի եղել և աններելի կերպով աչքից բաց է թողել պետական գանձարանի շահերը։ Միքանի տարի է արդեն, որ դատը շարունակվում է, շարունակ զանազան արգելքներ են պատահում Գարշկովի դեմ։— «Իսկ անազնվության համար, որ բարդում են ինձ վրա,— ասում է ինձ Գարշկովը,— մեղավոր չեմ, ամենևին մեղավոր չեմ, խաբեբայության և կողոպտման համար մեղավոր չեմ»։ Այս գործը նրան մի քիչ արատավոր էլ է. նրան արձակել են ծառայությունից և թեև չեն գտել, որ նա հիմնովին մեղավոր է, բայց մինչև իր կատարելապես արդարացումը նա մինչև այժմ չի կարողանում վաճառականից ստանալ իրեն հասանելիք ինչ-որ մի խոշոր գումար, որ դատարանով պահանջում է նրանից։ Ես նրան հավատում եմ, բայց դատարանը նրա լոկ խոսքին չի հավատում, գործն այնպիսի գործ է, այնպես խճճված ու մճճված, որ հարյուր տարումն էլ չես կարող հետ տալ։ Հենց որ կծիկի թելը միքիչ հետ են տալիս, վաճառականը նոր ու նոր կշկուոներ է ավելացնում։ Ես ի սրտե կարեկցում եմ Գարշկովին, բալիկս, ցավում եմ նրա համար։ Մարդն առանց պաշտոնի է. անհուսալիության պատճառով ոչ մի տեղ չի ընդունվում. ունեցած պաշարը կերել են. գործը խճճված է, մինչդեռ ապրել հարկավոր է. թարսի պես էլ, բոլորովին անհարկավոր տեղը, երեխա է ծնվել,— այստեղ էլ նոր ծախսեր, տղան հիվանդացավ — ծախսեր, մեռավ — ծախսեր, կինը հիվանդ է. ինքը Գարշկովը տկար է, ինչ-որ հնացած հիվանդությամբ, մի խոսքով մարդը քանդվել, քարն է քսվել բոլորովին։ Սակայն, ասում է, թե սպասում է, որ այս օրերս նպաստավոր լուծում կստանա իր գործը և թե այժմ արդեն ոչ մի կասկած չկա դրանում։ Ցավում, ցավում, շատ եմ ցավում նրա համար, ջանիկս։ Ես նրան խրախուսեցի։ Կորած, աչքը վախեցած մարդ է. հովանավորության պետք ունի, դրա համար էլ ես խրախուսեցի նրան։ Դե՛, մնաք բարով, ջանիկս, Քրիստոսը ձեզ հետ, ողջ մնաք։ Աղավնյակդ իմ, հենց որ հիշում եմ ձեզ, ոնց որ սպեղանի դնես իմ հիվանդ հոգուն, և թեև տանջվում եմ ձեզ համար, բայց և այնպես ձեզ համար տանջվելն էլ թեթևություն է ինձ համար։

Ձեր իսկական բարեկամ Մակար Dեվուշկին

Սեպտեմբեր 9

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Գրում եմ ձեզ՝ ինքս ինձ կորցրած։ Ես ամբողջովին հուզված եմ մի սոսկալի պատահարից։ Գլուխս պտտվում է: Զգում եմ, թե շուրջս ամեն ինչ պտտվում է։ Ա՜խ, բալիկս, որ իմանաք, թե այժմ ինչ պիտի պատմեմ ձեզ։ Այս ի՞նչպես էր, որ մենք չէինք նախազգում այդ։ Ո՜չ, ես չեմ հավատում, թե նախազգացած չլինեի։ Այս բոլորը սիրտս գուշակում էր առաջուց։ Նույնիսկ այս օրերս այդպիսի մի բան տեսել էի երազումս։

Ահա թե ինչ պատահեց։— Կպատմեմ ձեզ առանց ոճի, այլ այնպես, ինչպես լեզուս կտա։ Այսօր գնացի պաշտոնիս։ Եկել, նստել գրում եմ։ Պետք է գիտենաք, ջանիկս, որ ես երեկ էլ էի գրում նույնպես։ Այսպես, ուրեմն, երեկ մոտենում է ինձ Տիմոֆեյի Իվանովիչը և անձամբ բարեհաճում է պատվիրել, թե ահա այս թուղթը կարևոր թուղթ է, շտապողական։ Արտագրեցեք, ասում է, Մակար Ալեքսեևիչ, որքան կարելի է մաքուր, շտապ և խնամքով. այսօր պետք է ստորագրվի։— Պետք է նկատեմ ձեզ, հրեշտակիկս, որ երեկ հալս տեղը չէր, ոչ մի բանի չէի ուզում նայել, այնպիսի տխրություն, թախիծ էր պատել ինձ։ Սիրտս սառնություն էր տիրել, հոգուս վրա խավար էր իջել։ Հիշողությանս մեջ շարունակ դուք էիք, իմ խեղճ պայծառիկս։ Այսպես, ուրեմն, ես էլ սկսեցի արտագրել, արտագրեցի մաքուր, լավ, միայն թե, չգիտեմ ինչպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, ինքը սատանա՞ն ինձ մոլորեցրեց, թե գաղտնի ճակատագի՞րն էր այդպես որոշել, կամ թե պարզապես այդպես պետք է լիներ,— մի ամբողջ տող բաց էի թողել, ուստի և տերը գիտե, թե ինչ միտք էր դուրս եկել, ուղղակի ոչ մի միտք էլ չէր դուրս եկել։ Այդ պատճառով թուղթը երեկ ուշացավ և նորին գերազանցությանը միայն այսօր տվին ստորագրելու։ Ես, բանից անտեղյակ այսօր գնում եմ սովորական ժամին և տեղավորվում Եմելյան Իվանովիչի կողքին։ Պետք է նկատեմ ձեզ, բալիկս, որ վերջին ժամանակս ես սկսել եմ առաջվանից կրկնակի ավելի քաշվել և ամաչել։ Վերջին ժամանակս ոչ ոքի չէի էլ նայում։ Հենց որ մեկի աթոռը ճրճռար, ես տեղն ու տեղս ցամաքում էի, ոչ մեռած էի, ոչ կենդանի։ Ահա ճիշտ այդպես էլ այսօր, սուսուփուս, առանց ձայն-ծպտուն հանելու նստած էի ինձ համար կծկված, այնպես որ Եֆիմ Ակիմովիչր (այնպիսի մի բերան-պատռած մարդ, որի նմանը նրանից առաջ էլ չի եղել աշխարհիս երեսին) ասաց այնքան քան բարձր, որ ամենքն էլ լսեցին.— Մակար Ալեքսեևիչ,— ասում է,— այդ ինչո՞ւ այսօր նստած եք այդպես ու-ու֊ու,— և հետն էլ դեմքն այնպես ծամածռեց, որ ամենքն էլ, ովքեր կային նրա և ինձ մոտ, ծիծաղից թուլացան և, իհարկե, իմ հաշվին։ Ու սկսեցին, ու սկսեցին։ Ես ականջներս էլ փակեցի, աչքերս էլ փակեցի, նստած եմ ինձ համար, չեմ շարժվում։ Այդպես է արդեն իմ սովորությունը. այդպես նրանք շուտով են ձեռք քաշում ինձանից։ Հանկարծ լսում եմ աղմուկ, վազվզոց, շփոթ, լսում եմ — չե՞ն խաբում արդյոք ականջներս — ինձ են կանչում, ինձ են պահանջում, Դեվուշկինին են կանչում։ Սիրտս դողաց կրծքիս մեջ ու ինքս էլ չգիտեմ ինչից վախեցա, մենակ այն գիտեմ, որ կյանքիս մեջ երբեք այդպես չէի վախեցել։ Մեխվեցի աթոռիս ու որպես թե ոչինչ չգիտեմ, որպես թե ես չեմ։ Բայց ահա նորից սկսեցին, ձայները մոտենում են ու մոտենում։ Ահա արդեն ականջիս տակ են կանչում — Դեվուշկինին, Դեվուշկին, ո՞րտեղ է Դեվուշկինը։ Աչքերս բարձրացնում եմ. առջևս ցցված է Եվստաֆիյ Իվանովիչը, ասում է՝ Մակար Ալեքսեևիչ, գնացեք նորին գերազանցության մոտ շուտով, թղթի գլխին ինչ-որ օյին եք բերել։ Մենակ այս էր ասածը, բայց այս էլ բավական էր, չէ՞, ջանիկս։ Մեռա, ճակատս սառը քրտինք պատեց, զգացումներից զրկվեցի, գնում եմ, ուղղակի ոչ կենդանի եմ, ոչ մեռած։ Գնում եմ մի սենյակով, մյուս սենյակով, երրորդ սենյակով, առանձնասենյակ — ներկայացա։ Մի դրական հաշիվ, թե ինչի մասին էի մտածում այն ժամանակ, ես ձեզ տալ չեմ կարող։ Տեսնում եմ, կանգնած է նորին գերազանցությունը, նրա շուրջն էլ նրանք բոլորը։ Կարծեմ գլուխ չտվի, մոռացա։ Վախն այնպես էր բռնել ինձ, որ շրթունքներս էլ էին դողդողում, ոտներս էլ էին դողդողում։ Եվ պատճառը մեկ չէր, երկու չէր, ջանիկս։ Նախ, քաշվում էի. նայեցի աջ կողմը հայելու մեջ և ուղղակի քիչ մնաց խելագարվեի այն բանից, ինչ որ տեսա այնտեղ։ Եվ երկրորդ, ես միշտ այնպես էի անում, որպես թե աշխարհիս երեսին չկամ։ Այնպես որ հազիվ թե նորին գերազանցությանը հայտնի լիներ իմ գոյությունը։ Գուցե թե այնպես, անցողակի լսած լիներ, որ իրենց հաստատության մեջ Դեվուշկին կա, բայց նրա հետ ամենամոտիկ հարաբերությունների մեջ երբեք չէր մտել։

Սկսեց զայրագին. «Այս ի՞նչ եք արել, պարոն։ Ո՞րտեղ էին ձեր աչքերը, հարկավոր թուղթ է, շտապողական, իսկ դուք վերցնում, փչացնում եք։ Եվ դուք էլ այդ ի՞նչպես եք թույլ տվել».— այստեղ նորին գերազանցությունը դիմեց Եվստաֆիյ Իվանովիչին։ Ես միայն լսում եմ, թե ինչպես խոսքերի հնչյուններն են թռչում դեպի ինձ.— «Անփութություն, անշրջահայեցողություն։ Անախորժությունների մեջ եք գցում»:— Բերանս բաց արի, ինչ-որ բան ասելու։ Ուզում էի ներողություն խնդրեմ, չկարողացա, փախչել — չհամարձակվեցի, և այստեղ... այստեղ... ջանիկս, այնպիսի բան պատահեց, որ ես հիմա էլ գրիչս հազիվ եմ բռնում ամոթից։— Կոճակս — այ սատանան տանի — կոճակս, որ կախ էր ընկած թելից, հանկարծ պոկվեց, թռավ, վեր ու վար ցատկեց (երևի պատահմամբ ձեռքս դիպել էր), զրնգաց և հլորվելով գնաց ընկավ ուղղակի, այո, ուղղակի նորին գերազանցության ոտների տակ։ Անիծյալ լինի։ Եվ այս ընդհանուր լռության մեջ։ Ահա այս էր իմ բոլոր արդարացումը, ներողություն խնդրելը բոլոր պատասխանը, բոլորը, ինչ որ պատրաստվում էի ասելու նորին գերազանցությանը։ Հետևանքները սոսկալի էին։ Նորին գերազանցությունն իսկույն ուշադրություն դարձրեց իմ կերպարանքին և հագուստին։ Հիշեցի, թե ինչ տեսա հայելու մեջ։ Առաջ ընկա, որ կոճակը բռնեմ։ Խենթություն էր եկել վրաս։ Կռացա, ուզում եմ վերցնեմ կոճակը — գլորվում է, պտույտ է գալիս, չեմ կարողանում վերցնել, մի խոսքով ճարպկության կողմից էլ աչքի ընկա։ Այստեղ արդեն զգում եմ, որ վերջին ուժերս հասնում են, որ ամեն, ամեն բան կորած է արդեն։ Ամբողջ վարկս կորած է, ինքս ամբողջապես կորա, վերջացա։ Իսկ մյուս կողմից էլ, որտեղից որտեղ, երկու ականջներումս էլ սկսեցին դրդռալ Թերեզայի և Ֆալդոնիի իմ հասցեին ասած խոսքերը։ Վերջապես կոճակը բռնեցի, վերկացա և մեկ որ հիմարացել էի, գոնե կանգնեի շիփ-շիտակ, ձեռքերս ցած։ Չէ՛, ո՜րտեղ։ Սկսեցի կոճակր կտրտված թելերին կպցնել, կարծես թե կկպչեր. ու դեռ ժպտում էլ եմ, դեռ ժպտում էլ եմ։ Նորին գերազանցությունն սկզբում երեսը շուռ տվավ, հետո նորից նայեց ինձ — լսում եմ, ասում է Եվստաֆիյ Իվանովիչին. «Այդ ի՞նչ է... մեկ նայեցեք ինչ դրության մեջ է... ինչո՞ւ է այդպես... ի՞նչ է դա...»։— Ախ, բալիկս, էլ խոսք կա՞, որ ասեմ։ Աչքի ընկա, չէ՞։ Լսում եմ, Եվստաֆիյ Իվանովիչն ասում է «նկատված չէ, ոչ մի բանում նկատված չէ, ու մի բանում նկատված չէ, վարքով օրինակելի է, ռոճիկը բավարար, ըստ կոպարի...»։ «Դե, թեթևացրեք դրան մի կերպ,— ասում է նորին գերազանցությունը։— Տվեք դրան էս գլխից...»։ «Վերցրել է,— ասում են,— վերցրել, ահա այսքան ժամանակվանը էս գլխից է վերցրել։ Երևի հանգամանքներն այդպես են, իսկ վարքը լավ է և նկատված չէ, ոչ մի ժամանակ նկատված չէ»։ Ես, հրեշտակիկդ իմ, այրվում էի, դժոխային կրակի մեջ այրվում։ Ես մեռնում էի.— «Դե, ասում է նորին գերազանցությունը բարձրաձայն, շուտով արտադրել։ Դեվուշկին, մոտ եկեք այստեղ, նորից արտադրեցեք առանց սխալի. բայց լսեցեք...». այստեղ նորին գերազանցությունը դարձավ մյուսներին, զանազան հրամաններ տվավ, և ամենքը ցրվեցին։ Հենց որ նրանք դուրս գնացին, նորին գերազանցությունը շտապով հանում է թղթապանակը և նրա միջից մեկ հարյուրանոց, «Ահա,— ասում է,— ինչով որ կարող եմ, համարեցեք, ինչ ուզում եք, վերցրեք...» ու ձեռքս կոխեց։ Ես, հրեշտակիկդ իմ, ցնցվեցի ամբողջ հոգիս տեղահան եղավ, չեմ իմանում, ինչ պատահեց ինձ. ուզում էի նրա ձեռքն առնել։ Իսկ նա ամբողջովին կարմրեց, աղավնյակդ իմ, և,— ահա այստեղ արդեն ես մի մազաչափ անդամ չեմ հեռանում ճշմարտությունից, բալիկս,— առավ իմ անարժան ձեռքը և ամուր սեղմեց, այո՛, այո՛, առավ և ամուր սեղմեց, կասես իրեն հավասար լինեի, կասես ես էլ իր նման գեներալ լինեի։ «Գնացեք,— ասում է,— ինչով որ կարող եմ... Սխալներ մի՛ անեք, իսկ այժմ մի կերպ յոլա գնացեք»։

Հիմա, ջանիկս, ահա թե ինչպես եմ վճռել, ձեզ ու Ֆեդորային խնդրում եմ, և եթե ես զավակներ ունենայի, ապա նրանց էլ կհրամայեի, որ աղոթք անեն աստծուն, այսինքն՝ ահա թե ինչպես, հարազատ հոր համար աղոթք չանեն, այլ նորին գերազանցության համար ամեն օր և հավիտյան աղոթեն։ Դարձյալ կասեմ, ջանիկս, և այս հանդիսավոր կերպով եմ ասում.— լսեցեք ինձ, ջանիկս, լավ լսեցեք երդվում եմ, որ ինչքան էլ որ մեր թշվառության դաժան օրերին կործանվում էի ես հոգեկան վշտից, նայելով ձեզ, ձեր դժբախտություններին և ինձ, իմ ստորացմանը և անընդունակությանը, չնայելով այս բոլորին, երդվում եմ ձեզ, որ հարյուր ռուբլին ինձ համար այնքան թանկ չէ, որքան այն, որ նորին գերազանցությունն ինքը ինձ, ծղոտիս, արբեցողիս, բարեհաճեց սեղմել իմ անարժան ձեռքը։ Այս վարմունքով նա իմ հոգուն հարություն տվավ, հավիտյանս հավիտենից քաղցրացրեց իմ կյանքը, և ես հաստատ համոզված եմ, որ որքան էլ որ մեղավոր եմ ամենաբարձյալի առաջ, բայց իմ աղոթքը նորին գերազանցության երջանկության և բարօրության համար կհասնի նրա աթոռին...

Ջանիկս։ Ես այժմ հոգեկան սարսափելի այլայլման մեջ եմ, սարսափելի հուզման մեջ։ Սիրտս տրոփում է, ուղում է դուրս պրծնել կրծքիցս։ Եվ ինքս ամբողջապես մի տեսակ կարծես թե թուլացել եմ։— Ուղարկում եմ ձեզ 45 ռուբլի ասիգնացիա, 20 ռուբլի տանտիրուհուն եմ տալիս, ինձ մոտ թողնում եմ 35 ռուբլի, որից 20-ով հագուստս կնորոգեմ, իսկ 15-ը կթողնեմ ապրուստիս համար։ Բայց թե հիմա, առավոտվա այդ բոլոր տպավորությունները ցնցել են ամբողջ էությունս։ Կպառկեմ։ Ասենք, հանգիստ եմ, շատ եմ հանգիստ։ Միայն թե հոգիս է տրորվում, և լսում եմ, որ այնտեղ, խորքում, հոգիս դողում է, թպրտում, շարժվում։— Կգամ ձեզ մոտ, իսկ այժմ ուղղակի հարբած եմ այդ բոլոր զգացողություններից... Աստված տեսնում է ամեն բան, ջանիկս, դուք իմ անդին աղավնյակ։

Ձեր արժանավոր բարեկամ՝ Մակար Դեվուշկին

Սեպտեմբեր 10

Ես անչափ ուրախ եմ ձեր բախտավորության համար և գիտեմ գնահատել ձեր մեծավորի առաքինությունները, իմ բարեկամ։ Այդպես ուրեմն, այժմ կհանգստանաք ձեր դարդերից։ Միայն թե, ի սեր աստծու, նորից դատարկ տեղը փող մի՛ ծախսեք։ Ապրեցեք խաղաղ, որքան կարելի է համեստ, և հենց այս օրվանից սկսեցեք միշտ որևէ բան հետ գցել, որպեսզի նորից դժբախտությունները հանկարծակի չբերեն ձեզ։ Մեր մասին, ի սեր աստծու, մի՛ անհանգստանաք։ Ես ու Ֆեդորան մի կերպ կապրենք։ Ինչո՞ւ եք մեզ այդքան փող ուղարկել, Մակար Ալեքսեևիչ։ Բոլորովին հարկավոր չէ մեզ։ Մեր ունեցածովն էլ գոհ ենք մենք։ ճիշտ է, շուտով մեզ փող կհարկավորվի այս բնակարանից տեղափոխվելու համար, բայց Ֆեդորան հույս ունի մեկից մի ինչ-որ հին պարտք ստանալու։ Սակայն, քսան ռուբլի թողնում եմ ինձ մոտ ծայրահեղ կարիքների համար։ Մնացածը հետ եմ ուղարկում ձեզ։ Փողերը պահեցեք ի սեր աստծո, Մակար Ալեքսեևիչ։ Մնաք բարով։ Ապրեցեք հիմա հանդիստ, առողջ և ուրախ կացեք։ Ավելի շատ կգրեի ձեզ, բայց սարսափելի հոգնածություն եմ զգում, երեկ ամբողջ օրը չեմ վերկացել անկողնից։ Լավ եք արել, որ խոստանում եք գալ։ Եկեք, ի սեր աստծու, Մակար Ալեքսեևիչ։

Վ. Դ.
Սեպտեմբեր 11
Իմ սիրելի Վարվառա Ալեքսեևնա։

Աղաչում եմ ձեզ, բալիկս, մի բաժանվեք ինձանից հիմա, որ ես կատարելապես երջանիկ եմ և ամեն բանից գոհ։ Աղավնյակդ իմ։ Դուք Ֆեդորային ականջ մի դնեք, իսկ ես ամեն բան, ինչ որ հաճելի է ձեզ, կանեմ, լավ կպահեմ ինձ, հենց միայն ի հարգանս նորին գերազանցության ինձ լավ և անբիծ կպահեմ. մենք նորից բախտավոր նամակներ կգրենք իրար, կհայտնենք իրար մեր մտքերը, մեր ուրախությունները, մեր հոգսերը, եթե հոգսեր լինեն, կապրենք, երկուսով համաձայն և բախտավոր։ Կզբաղվենք գրականությամբ... Հրեշտակիկդ իմ։ Իմ վիճակի մեջ ամեն ինչ փոխվել է և ամեն ինչ դեպի լավն է փոխվել։ Տանտիրուհին ավելի զիջող է դարձել, Թերեզան խելոքացել է, նույնիսկ ինքը Ֆալդոնին մի տեսակ շարժուն է դարձել։ Ռատազյայևի հետ հաշտվել եմ։ Ինքս գնացեք նրա մոտ, ուրախությունից դրդված։ Նա, հավատացեք, ջանիկս, լավ մարդ է, և ինչ որ նրա մասին ասում էին վատ, այդ բոլորը սուտ է։ Ես հիմա տեսա, որ այդ բոլորը զզվելի զրպարտություն է։ Նա ամենևին մտքովն էլ չի անցկացրել մեզ նկարագրելու, նա ինքն ասաց ինձ այդ։ Կարդաց ինձ մոտ իր նոր գրվածքը։ Իսկ որ այն ժամանակ ինձ լովելաս անվանեց, այդ ամենևին էլ հայհոյանք չէ կամ որևէ անվայել անուն, նա բացատրեց ինձ։ Այդ բառ առ բառ օտարազգի լեզվից է վերցրած և նշանակում է շարժուն, ճարպիկ տղա և եթե ավելի գեղեցիկ, ավելի գրականորեն ասենք նշանակում է՝ հը, տղա կարագս — ահա թե ինչ և ոչ թե ուրիշ որևէ բան։ Անմեղ հանաք է եղել, հրեշտակիկդ։ Իսկ ես, տգետս, նեղացա, որովհետև հիմար էի։ Այնպես որ հիմա ներողություն խնդրեցի նրանից... Եվ եղանակն էլ ինչ լավ է այսօր, Վարինկա, ինչ հրաշալի։ Ճիշտ է, առավոտյան մի քիչ ցուրտ էր, անձրև էր մաղում։ Ոչինչ։ Բայց օդը թարմացավ մի քիչ։ Գնացի կոշիկներ առնելու և զարմանալի կոշիկներ առա։ Անցկացա Նևսկով «Пчелка»-ն կարդացի։ Հա՛։ Գլխավորը մոռանում եմ ձեզ պատմել.

Գիտե՞ք ինչ։

Այս առավոտ խոսում էի Եմելյան Իվանովիչի և Ակսենտիյ Միխայլովիչի հետ նորին գերազանցության մասին։ Այո՛, Վարինկա, նա մենակ ի՛նձ հետ չի այդպես ողորմածաբար վարվել։ Նա մենակ ինձ համար չի բարերար, իր սրտի բարությամբ ամբողջ աշխարհին է հայտնի։ Շատ տեղերից են նրա պատվին փառաբանություններ վեր առաքվում և շնորհակալության արցունքներ թափվում։ Նրա մոտ մի սրբ աղջիկ է եղել դաստիարակվելիս։ Բարեհաճել է մարդի տալ նրան. ամուսնացրել է մի հայտնի մարդու հետ, որն իրեն իսկ՝ նորին գերազանցության առաջ հանձնարարությունների չինովնիկ է եղել։ Մի այրի կնոջ որդուն տեղավորել է մի ինչ-որ գրասենյակում և ուրիշ շատ զանազան բարեգործություններ է արել։ Ես, ջանիկս, իմ պարտքը համարեցի այդտեղ ևեթ իմ լուման էլ գցել։ Ի լուր ամենեցուն, պատմեցի նորին գերազանցության վարմունքը, ես բոլորը պատմեցի նրանց և ոչինչ չթաքցրի։ Ամոթս գրպանս դրի։ Ի՞նչ ամոթ, ինչ ամբիցիա այդպիսի հանգամանքում։ Հենց այդպես էլ ասացի լսելի կերպով — թող փառավոր լինեն նորին գերազանցության գործերը։ Խոսում էի գրավիչ կերպով, տաքացած էի խոսում ու չէի կարմրում, ընդհակառակը, հպարտանում էի, որ առիթ ունեի այդպիսի բան պատմելու։ Ես ամեն բանի մասին պատմեցի (ձեր մասին միայն խոհեմաբար լռեցի, ջանիկս), թե իմ տանտիրուհու մասին, թե Ֆալդոնիի մասին, թե՛ Ռատազյայևի մասին, թե՛ կողիկներիս մասին, թե՛ Մարկովի մասին — ամեն բան պատմեցի։ Մի քանիսը ծիծաղում էին, հա՛, ճիշտ է, նրանք ամենքն էլ ծիծաղում էին։ Միայն, երևի թե իմ կերպարանքի մեջ որևէ ծիծաղելի բան էին գտել, կամ թե իմ կոշիկների մասին — հենց կոշիկներիս մասին։ Իսկ որևէ վատ մտադրությամբ նրանք չէին կարող անել այդ։ Այդ այդպես է, ջահելություն է, կամ նրա համար, որ նրանք հարուստ մարդիկ են, բայց վատ, չար մտադրությամբ ոչ մի կերպ չէին կարող իմ ճառը ծաղրել։ Այսինքն որևէ բան նորին գերազանցության վերաբերյալ — այդ ոչ մի կերպ չէին կարող անել նրանք։ Չէ՞, Վարինկա։

Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մի տեսակ ուշքի գալ, ջանիկս։ Այս բոլոր անցքերն այնպես են շփոթեցրել ինձ։ Փայտ ունե՞ք դուք։ Ձեզ չմրսացնեք, Վարինկա, դժվար չէ մրսելը։ Օհ, ջանիկս, դուք ձեր տխուր մտքերով սպանում եք ինձ։ Ես աղոթում եմ աստծուն, ինչպես եմ աղոթում ձեզ համար։ Օրինակ, բրդի գուլպաներ ունե՞ք կամ տաք հագուստից որևէ բան։ Տեսեք, աղավնյակդ իմ, եթե որևէ բան հարկավոր լինի ձեզ, ի սեր ստեղծողի, դիմեցեք ինձ. թե չէ կնեղանամ։ Ուղղակի եկեք ինձ մոտ։ Հիմա վատ ժամանակներն անցել են։ Իմ մասին մի անհանգստանաք։ Առաջներս ամեն բան պարզ, լավ է։

Բայց ի՞նչ վատ ժամանակներ էին, Վարինկա։ Է՜հ, միևնույն է, անցան։ Տարիներ կանցնեն, այդ ժամանակների համար էլ հոգոց կքաշենք։ Հիշում եմ ջահելությանս տարիները։ Հե՜յ գիտի, հա՜։ Երբեմն կոպեկ էլ չէի ունենում։ Հադիս բան չունեի, սոված էի, բայց ուրախ։ Առավոտյան կանցնեի Նևսկով, կնայեի մի սիրունիկ դեմքի և ամբողջ օրը երջանիկ էի։ Սքանչելի, սքանչելի ժամանակ էր, ջանիկս։ Լավ բան է աշխարհիս երեսին ապրելը։ Մանավանդ Պետերբուրգում։ Երեկ ես արտասուքն աչքերիս մեղա էի գալիս աստծուն, որ տերը թողություն տա այդ տխուր ժամանակի բոլոր մեղքերիս — քրթմնջումներիս, ազատ մտքերիս, դեբոշիս և ազարտիս համար։ Ձեր մասին աղոթքիս մեջ հիշեցի հիացքով։ Մենակ դուք էիք, հրեշտակիկս, ինձ ուժ տալիս, մխիթարում ինձ, բարի խորհուրդներ ու խրատներ տալիս։ Այս բանը, ջանիկս, երբեք չեմ կարող մոռանալ։ Ձեր բոլոր նամակներն այսօր պաչպչորեցի, աղավնյակդ իմ։ Դե՛, մնաք բարով, ջանիկս։ Ասում են, այստեղ մոտերքը ծախու հագուստ կա։ Կգնամ տեսնելու։ Ուրեմն, մնաք բարով, հրեշտակիկդ, մնաք բարով։

Հոգով-սրտով ձեզ անձնվեր՝
Մակար Դեվուշկին


Սեպտեմբեր 15
Ողորմած տեր Մակար Ալեքսեևիչ։

Ես ամբողջությամբ սոսկալի դրության մեջ եմ։ Մեկ լսեցեք, թե ինչ է եղել մեզ մոտ։ Ինչ-որ ճակատագրական բան եմ նախազգում։ Ահա ինքներդ դատեցեք, իմ անգին բարեկամ. պարոն Բըկովը Պետերբուրգումն է։ Ֆեդորան հանդիպել է նրան։ Նա կառքով գնալիս է եղել, կառապանին հրամայել է կանգնեցրնել կառքը, մոտեցել է Ֆեդորային և սկսել է հարցուփորձ անել, թե որտեղ է ապրում։ Ֆեդորան սկզբում չի եղել ասելիս։ Հետո Բըկովը քմծիծաղով ասել է, թե ինքը գիտե ով է ապրում նրա մոտ (երևում է Աննա Ֆյոդորովնան է նրան ամեն բան պատմել)։ Այն ժամանակ Ֆեդորան չի համբերել և հենց այնտեղ ևեթ փողոցումն սկսել է նրան հանդիմանել, շշպրել, ասել է, թե նա անբարոյական մարդ է, թե նա է իմ բոլոր դժբախտությունների պատճառը։ Բըկովը պատասխանել է, թե երբ որ մարդ գրոշ չունի, իհարկե, դժբախտ կլինի։ Ֆեդորան ասել է նրան, որ ես կարող էի ապրել իմ ձեռքի աշխատանքով, կարող էի ամուսնանալ կամ թե որևէ տեղ ճարել ինձ համար, իսկ այժմ առ միշտ դժբախտացել եմ, հիվանդ եմ և շուտով կմեռնեմ։ Այս խոսքերի վրա Բըկովը նկատել է, թե ես դեռևս շատ ջահել եմ, թե դեռ խելք չունեմ և թե մեր անունն էլ է կոտրվել (նրա խոսքերն են)։ Ես ու Ֆեդորան կարծում էինք, թե նա չգիտե մեր բնակարանի տեղը, բայց հանկարծ, երեկ, երբ ես նոր դուրս գնացած եմ եղել Գաստինիյ Դվորում բան-ման առնելու, նա մտնում է մեր սենյակը. կարծեմ նա չի ուզեցել ինձ տանը տեսնել։ Երկար հարցուփորձ է արել, թե ինչպես ենք ապրում, ամեն բան տնտղել է, տնտղել է իմ աշխատանքը, վերջապես հարցրել է.— այդ ի՞նչ չինովնիկ է, որ ծանոթ է ձեզ հետ։ Այդ միջոցին դուք անցնելիս եք եղել բակով. Ֆեդորան մատով ցույց է տվել ձեզ. նա մտիկ է տվել ու ծիծաղել. Ֆեդորան խնդրել է նրան, որ հեռանա, ասել է, որ ես առանց այն էլ հիվանդ եմ բարկությունից և թե ինձ համար խիստ անհաճելի բան կլինի, որ նրան մեր տանը տեսնեմ։ նա լռել է. ասել է, թե այդ կողմովն անցնելիս է եղել և մտել է հենց այնպես, ուզեցել է Ֆեդորային 25 ռուբլի տալ. Ֆեդորան իհարկե, չի վերցրել։— Ի՞նչ է նշանակում այս։ Ինչու է եկել մեզ մոտ։ Ես չեմ կարողանում հասկանալ, որտեղից նա ամեն բան գիտե մեր մասին։ Հազար ու մի ենթադրություններ եմ անում։ Ֆեդորան ասում է, թե Ակսինյան, իր տալը, որը գնում-գալիս է մեր տուն, ծանոթ է լվացարարուհի Նաստասյայի հետ, իսկ Նաստասյայի հորեղբոր տղան դռնապան է այն դեպարտամենտում, որտեղ ծառայում է Աննա Ֆյոդորովնայի քեռորդու մի ծանոթը։ Ահա այս այստեղից չի՞ ծագել արդյոք բամբասանքը։ Ասենք, շատ կարելի է, որ Ֆեդորան սխալվում էլ է, չենք իմանում, ինչ մտածենք։ Միթե նա նորից կգա մեզ մոտ։ Սարսափում եմ, որ մտածում եմ այս մասին, Ֆեդորան, որ երեկ պատմում էր այս բոլորը, ես այնպես վախեցա, որ քիչ մնաց ուշաթափվեի վախից։ Էլ ի՞նչ են ուզում ինձնից։ Ես չեմ էլ ուզում ճանաչել նրանց։ Ինչ գործ ունեն ինձ հետ, մի խեղճ աղջկա հետ։ Ա՜խ, ինչպիսի ահ ու դողի մեջ եմ այժմ, կարծում եմ, թե ահա, որտեղ որ է, կմտնի Բըկովը։ Ի՞նչ պիտի անեմ։ Էլ ի՞նչ նոր բան է պատրաստում ինձ համար իմ ճակատագիրը։ Ի սեր Քրիստոսի, եկեք ինձ մոտ հենց այժմ, Մակար Ալեքսեևիչ։ Եկեք, ի սեր աստծու, եկեք։

Վ. Դ.
Սեպտեմբեր 17

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Սույն թվիս մեր բնակարանում անպատմելի ցավալի, անբացատրելի և անսպասելի մի անցք պատահեց։ Մեր խեղճ Գարշկովը (պետք է ձեզ նկատեմ, ջանիկս) բոլորովին արդարացել էր։ Վճիռն արդեն վաղուց էր հանվել, իսկ այսօր նա գնացել էր լսելու վերջնական որոշումը։ Գործը նրա համար շատ բախտավոր կերպով էր վերջացել։ Ինչ մեղադրանք էլ որ բարձվել էր նրա վրա անփութության և անշրջահայեցոդության համար — բոլորի համար կատարյալ ներում էր դուրս եկել։ Վճռել էին վաճառականից նրա օգտին մի նշանավոր գումար առնել, այնպես որ նրա հանգամանքները խիստ լավացել էին, պատիվն էլ ազատվել էր բծից և ամեն բան լավացել էր,— այնպես որ ցանկությունն ամենակատարյալ կերպով կատարվել էր։ Այսօր նա տուն եկավ ժամը երեքին։ Երեսն իրանը չէր, գունատ, ինչպես քաթան, շրթունքները դողդողում են, իսկ ինքը ժպտում է — գրկեց կնոջը, երեխաներին։ Մենք ամենքս խմբովին գնացինք նրա մոտ շնորհավորելու նրան։ Նա խիստ զգացված էր մեր վարմունքից, գլուխ էր տալիս ամեն կողմը, սեղմում էր մեզնից ամեն մեկի ձեռքը մի քանի անգամ։ Ինձ նույնիսկ թվաց, թե նա հասակով բարձրացել է և շտկվել, և թե աչքերն էլ չեն ջրակալում։ Այնպիսի հուզման մեջ էր խեղճը։ Չէր կարողանում երկու րոպե տեղումն մնալ. վերցնում էր ամեն բան, ինչ որ պատահում էր, հետո նորից գցում, անդադար ժպտում էր և գլուխ տալիս, նստում էր վեր կենում, նորից նստում, խոսում էր, աստված գիտի՝ ինչ. ասում էր «պատիվս, պատիվս, բարի անունս, զավակներս»— ու ի՛նչպես էր ասում։ Մինչև անգամ լաց եղավ։ Մենք նույնպես մեծ մասամբ արտասվեցինք։ Ռատազյայևը երևի ուզում էր նրան քաջալերել և ասաց.— «պատիվն ի՞նչ կանես, երբ ուտելու բան չունես, փողը, փողն է գլխավորը, բարեկամ, ահա թե ինչի համար շնորհակալ եղեք աստծուց»— և այս ասելով խփեց նրա ուսին։ Ինձ թվաց, թե Գարշկովը վիրավորվեց, այսինքն՝ ոչ թե ուղղակի դժգոհություն հայտնեց, այլ միայն մի տեսակ օտարոտի նայեց Ռատազյայևին և նրա ձեռքը հեռացրեց ուսից։ Իսկ առաք այդպիսի բան չէր չինի, ջանիկս ասենք, բնավորությունները զանազան են լինում։ Ա՜յ, օրինակ, ես այդպիսի ուրախության ժամանակ չէի հպարտանա, երբեմն մարդի մի ավելորդ անգամ գլուխ տալիս և ինքն իրեն նվաստացում ոչ այլ բանից, եթե ոչ հոգու բարությունից և սրտի ավելորդ փափկությունից... Սակայն բանն իմ մասին չէ։— «Հա՛,— ասում է,— փողն էլ է լավ․ փառք աստծու... փառք աստծու...» ու հետո, ինչքան ժամանակ որ մենք նրա մոտ էինք, շարունակ կրկնում էր. «փառք աստծու, փառք աստծու...»։ Նրա կինը օրինավոր և առատ ճաշ պատվիրեց։ Մեր տանտիրուհին ինքը պատրաստեց։ Մեր տանտիրուհին մասամբ բարի կին է։ Եվ մինչև ճաշը Գարշկովը չէր կարողանում մի տեղ նստած մնալ։ Մտնում էր ամենքի սենյակը, կանչեին թե չկանչեին։ Այնպես, կմտներ, կժպտար, կնստեր աթոռի վրա, որևէ բան կասեր, երբեմն էլ ոչինչ չէր ասի ու կգնար։ Միչմանի մոտ նույնիսկ վերցրեց խաղաթուղթը, նրան նստեցրին խաղալու։ Խաղաց, խաղաց, խաղի մեջ ինչ-որ հիմար բան արավ, և վեր կացավ։ «Չէ,— ասում է,— ես այնպես, ես,— ասում է,— հենց այնպես, է՛լի»— ու հեռացավ։ Ինձ հանդիպեց միջանցքում, առավ երկու ձեռքս էլ, նայեց ուղղակի աչքերիս զարմանահրաշ կերպով, ձեռքս սեղմեց և հեռացավ և շարունակ ժպտալով, բայց մի տեսակ ծանր, տարօրինակ կերպով ժպտալով, կասես մեռել լիներ։ Նրա կինը լաց էր լինում ուրախությունից, տոն օրվա պես ուրախություն էր տիրում նրանց տանը։. Շուտով ճաշեցին։ Ճաշից հետո նա ասաց կնոջը. «Լսեցեք, հոգյակս, ես մի քիչ կպառկեմ»,— ու գնաց պառկեց։ Աղջկան կանչեց իր մոտ, ձեռքը դրավ նրա գլխին և երկար, երկար ժամանակ շոյում էր երեխայի գլուխը։ Հետո նորից դիմեց կնոջը, «իսկ ո՞ւր է Պետենկան. մեր Պետյան,— ասում է,— Պետենկան...»։ Կինը երեսը խաչակնքեց և պատասխանում է, թե չէ՞ որ նա մեռավ:— «Հա՛, հա՛, գիտեմ, բոլորը գիտեմ, Պետենկան հիմա երկնային թագավորության մեջ է»։ Կինը տեսնում է, որ նա իրեն կորցրել է, անցքը ցնցել է նրան բոլորովին, և ասում է նրան «հոգիս, լավ կլինի, որ քնեիք»։ - «Հա, լավ, ես իսկույն, ես մի քիչ»,— այստեղ նա երեսը դարձրեց, մի քիչ պառկած մնաց, հետո նորից շուռ եկավ, ուզեց ինչ-որ բան ասել։ Կինը չլսեց, հարցրեց «ի՞նչ»։ Իսկ նա չպատասխանեց։ Կինը մի քիչ սպասեց,— քնեց,— ասում է,— ու դուրս գնաց տանտիրուհու մոտ։ Մի ժամից հետո վերադարձավ — ու տեսնում է մարդը դեռ չի զարթնել և պառկած է իր համար, չի շարժվում։ Կարծեց՝ թե քնած է, նստեց և ինչ-որ բանի կացավ։ Նա պատմում է, թե կես ժամի չափ աշխատում էր և այնքան խոր մտածմունքների մեջ էր ընկել, որ մինչև անգամ չի հիշում, թե ինչի մասին էր մտածում, ասում է միայն, թե մարդու մասին մոռացել էլ էր։ Միայն հանկարծ ուշքի է գալիս ինչ-որ մի վատ նախազգացումից, և ամենից առաջ նրան ապշեցնում է սենյակում տիրող գերեզմանային լռությունը։ Նայում է մահճակալին և տեսնում, որ մարդը պառկած է միշտ նույն դրության մեջ։ Մոտենում է նրան, վերմակը հետ քաշում, տեսնում է մարդը՝ սառած դրած է.— մեռավ, ջանիկս, մեռավ Գարշկովը, հանկարծ մեռավ, կասես կայծակը տվեց սպանեց։ (բայց թե ինչից մեռավ — աստված գիտե։ Այս բանն ինձ այնպես է ազդել, Վարինկա, որ մինչև հիմա էլ չեմ կարողանում ուշքի գալ։ Մի տեսակ հավատս չի գալիս, թե մարդ կարող է այսպես հանկարծ մեռնել։ Ա՜խ, խեղճ, ողորմելի Գարշկով։ Ա՜խ բախտ, բախտ։ Կինը լաց է լինում, վայ է տալիս գլխին։ Փոքրիկ աղջիկը կուչ է եկել մի անկյունում։ Այնպիսի իրարանցում է ընկել այնտեղ. բժշկական քննություն պիտի կատարեն, թե ինչ... ճիշտը չեմ կարող ասել ձեզ։ Միայն մեղքանալու բան է, օ՜հ, ինչպես մեղքանալու։ Տխուր բան է, որ մտածում ես, թե իսկապես չես իմանում ո՛չ օրը, ՛՜չ ժամը... Զուր տեղն ընկնում մեռնում ես • • • • • • • • • • • • • •

Ձեր
Մակար Դեփսշկին


Սեպտեմբեր 19

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Շտապում եմ ծանուցանելու, բարեկամդ իմ, որ Ռատազյայևն ինձ համար աշխատանք է ճարել մի հեղինակի մոտ։ — Մի ինչ-որ մարդ եկավ նրա մոտ, հետը մի հաստ ձեոագիր բերեց․ — փառք աստծու, շատ աշխատանք կա։ Միայն չեմ իմանում ինչպես գործի նստեմ, որովհետև այնքան վատ է գրված, որ չի կարդացվում. շուտ են ուզում։ Բոլորը ինչ-որ այնպես մի բանի մասին է գրված, որ կասես չի էլ հասկացվում... Թերթին 40 կ․ պայմանավորվեցինք։ Այս նրա համար եմ գրում ձեզ, բալիկս, որ հիմա կողմնակի փողեր էլ կշինեն։— Դե՛, հիմա մնաք բարով, ջանիկս։ Ես արդեն ուղղակի նստում եմ աշխատանքի։

Ձեր հավատարիմ բարեկամ Մակար Դեփոշկին

Սեպտեմբեր 23

Իմ թանկագին բարեկամ, Մակար Ալեքսեևիչ։

Երրորդ օրն է արդեն, իմ բարեկամ, որ ոչինչ չեմ գրել ձեզ, իսկ ես շատ-շատ հոգսեր ունեի, շատ ահ ու դող կրեցի։

Երեկ չէ, մեկել օրն ինձ մոտ էր Բըկովը։ Ես մենակ էի, Ֆեդորան գնացել էր ուր֊որ։ Դուռը ես բաց արի և նրան որ տեսա, այնպես վախեցա, որ չկարողացա տեղիցս շարժվել։ Զգացի, որ գույնս թռավ։ Նա մտավ, իր սովորության համաձայն, բարձրաձայն ծիծաղելով, մի աթոռ առավ ու նստեց։ Ես երկար ժամանակ չէի կարողանում ուշքս գլուխս հավաքել, վերջապես նստեցի անկյունում՝ իմ գործին։ Շուտով դադարեց ծիծաղելուց։ Կարծեմ իմ տեսքը զարմացրեց նրան։ Ես այնպես եմ նիհարել վերջին ժամանակս, այտերս ու աչքերս փոս են ընկել, թաշկինակի պես գունատ էի... իսկապես, ով ինձ մի տարի առաջ տեսել է, դժվար թե հիմա ճանաչի։ Նա երկար և պինդ նայում էր ինձ. վերջապես նորից ուրախացավ։ Ւնչ-որ բան ասաց, չեմ հիշում ինչ պատասխանեցի, և նա նորից ծիծաղեց։ Մի ամբողջ ժամ նստած էր ինձ մոտ. երկար խոսում էր ինձ հետ. հարցնում էր մի քանի բաների մասին։ Վերջապես, գնալուց առաջ, առավ ձեռքս և ասաց (ես ձեզ գրում եմ բառ առ բառ). «Վարվառա Ալեքսեևնա։ Խոսքը մեր մեջ մնա, Աննա Ֆյոդորովնան, ձեր ազգականուհին, իսկ իմ մոտիկ ծանոթուհին և բարեկամուհին, շատ ստոր կին է (այստեղ նրան մի անվայել անուն էլ տվեց)։ Նա ճանապարհից հանեց ձեր քեռու աղջկան և ձեզ էլ կործանեց։ Իմ կողմից ես էլ այդ բանում ստոր գտնվեցի, ասենք, է՛հ, աշխարհի բան է, է՛լի»։ Այստեղ նա քրքջաց, որքան ուժ ուներ։ Հետո նկատեց, թե ինքը գեղեցիկ խոսելու վարպետ չէ և թե գլխավորը, որ հարկավոր էր բացատրել և որի մասին ազնվության պարտքը հրամայում էր իրեն չլռել, ինքն արդեն բացատրեց, և թե կարճ խոսքերով սկսում է մնացածը։ Այստեղ բացատրեց ինձ, թե խնդրում է իմ ձեռքը, թե իր պարտքն է համարում վերադարձնել իմ պատիվը, թե ինքը հարուստ է, թե հարսանիքից հետո ինձ կտանի իր տափաստանի գյուղը, թե ուզում է այնտեղ նապաստակներ որսալ, թե այլևս երբեք Պետերբուրգ չի գա, որովհետև Պետերբուրգում ապրելը զզվելի է, թե այստեղ Պետերբուրգում ունի, ինչպես ի՛նքն արտահայտվեց, մի անպիտան եղբորորդի, որին երդվել է զրկել ժառանգությունից և հատկապես այդ բանի համար, այսինքն՝ օրինական ժառանգներ ունենալու համար է, որ խնդրում է իմ ձեռքը, թե այդ է գլխավոր պատճառն իր խնամախոսության։ Հետո նկատեց, թե ես շատ աղքատ եմ ապրում, թե զարմանալի չէ, որ ես հիվանդ եմ, ապրելով այսպիսի մի որջում, ասաց, թե մի ամիս էլ որ մնամ այսպես, անպատճառ կմեռնեմ. ասաց, թե Պետերբուրգում բնակարաններն անպիտան են և, վերջապես, թե ինձ որևէ բան հարկավոր չէ՞ արդյոք։

Նրա առաջարկից այնպես էի շշմել, որ ինքս էլ չգիտեմ ինչու լաց եղա։ Իմ արցունքները նա շնորհակալության տեղ ընդունեց և ասաց ինձ, թե ինքը միշտ հավատացած է եղել, որ ես բարի, զգայուն և ուսում առած օրիորդ եմ, թե ինքը նախ մանրամասն տեղեկություններ է հավաքել իմ այժմյան վարքի մասին և հետո միայն վճռել, որ իմ ձեռքը խնդրի։ Այստեղ նա հարցուփորձ արավ ձեր մասին, ասաց, թե ամեն ինչ լսել է, թե դուք ազնիվ մարդ եք, թե ինքն իր կողմից չի ուզում երախտապարտ մնալ ձեր առջև և թե ձեզ բավական կլինի 500 ռուբլի այն բոլորի համար, ինչ որ դուք արել եք ինձ համար։ Իսկ երբ ես բացատրեցի նրան, թե դուք ինձ համար այնպիսի բան եք արել, որի համար ոչ մի փողով չի կարելի վճարել, նա ինձ ասաց, թե այդ դատարկ բան է, թե այդ բոլորը ռոմաններ են, թե ես դեռ ջահել եմ և բաչեմ եմ կարդում, թե ռոմանները կործանում են ջահել աղջիկներին, թե գրքերը միայն բարոյականությունն են փչացնում և թե ինքը հանդուրժել չի կարող ոչ մի գիրք, խորհուրդ տվավ իր տարիքին հասնել և ապա թե՝ մարդկանց մասին խոսել. «այն ժամանակ ահա» ավելացրեց նա, «մարդկանց էլ կճանաչեք»։ Հետո ասաց, որ լավ մտածեմ իր առաջարկների մասին, թե ինքը շատ կնեղանա, որ ես այսպիսի մի կարևոր քայլ առանց մտածելու անեմ, ավելացրեց, թե անխոհեմությունը և ոգևորությունը կործանում են անփորձ ջահելությունը, բայց ինքը չափազանց ցանկանում է, որ ես նպաստավոր պատասխան տամ, թե, վերջապես, հակառակ դեպքում, ստիպված կլինի ամուսնանալ Մոսկվայում մի վաճառականի աղջկա հետ, որովհետև, ասում է նա, ես երդվել եմ անպիտան եղբորորդուս զրկել ժառանգությունից։ Նա զոռով հինգ հարյուր ռուբլի թողեց, ինչպես ինքն ասաց, կանֆետների համար. ասաց, թե գյուղում ես կհաստանամ բուլկու նման, թե իր մոտ իմ քեֆին քեֆ չի հասնի, թե հիմա ինքը չափազանց շատ զբաղված է, թե ամբողջ օրը գործերի հետևից է եղել վազվզելիս և թե հիմա ի միջի այլոց է մտել ինձ մոտ։ Այստեղ նա հեռացավ։ Ես երկար մտածում էի, ծանր ու թեթև անում ու մտածելով տանջվում. վերջապես վճռեցի։ Իմ բարեկամ, ես կամուսնանամ նրա հետ, ես պետք է համաձայնեմ նրա առաջարկին։ Եթե մեկը կա, որ կարող է ազատել ինձ իմ խայտառակությունից, վերադարձնել իմ անունը, հեռացնել ինձնից իմ աղքատությունը, զրկանքներն ու դժբախտություններն ապագայում, այդ միայն նա է։ Էլ ի՞նչ սպասեմ ապագայից, էլ ի՞նչ հարցնեմ ճակատագրիս։ Ֆեդորան ասում է, թե բախտին քացով չպետք է տալ. ասում է, թե բախտն էլ հենց այդ է, որ կա։ Ես գոնե ուրիշ ճանապարհ չեմ գտնում ինձ համար, անգին իմ բարեկամ։ Ի՞նչ անեմ։ Աշխատանքով առանց այն էլ բոլորովին փչացրել եմ առողջությունս, շարունակ աշխատել չեմ կարող։ Ծառայությա՞ն մտնեմ։— Դարդից կչորանամ. բացի դրանից ոչ ոքի խաթրն էլ չեմ առնի։ Ես հիվանդոտ եմ ի բնե, ուստի և մի ծանր բեռ կլինեմ օտար մարդկանց ձեռքին։ Իհարկե, ես այժմ էլ դրախտ գնում, բայց ի՞նչ անեմ, իմ բարեկամ, ճա՞րս ինչ է։ Ի՞նչ կա, որ ընտրություն անեմ։

Ես ձեզնից խորհուրդ չխնդրեցի։ Ուզում էի մենակ ծանր ու թեթև անեմ։ Վճիռս, որ այս րոպեին կարդացիք դուք, անփոփոխելի է, և այդ վճիռս անհապաղ հայտնում եմ Բըկովին, որն առանց այն էլ շտապեցնում է ինձ, վերջնական պատասխան տամ։ Նա ասաց, թե գործերը չեն սպասում, թե, պետք է գնա և թե հո չի՞ կարելի դատարկ բաների պատճառով հետաձգել։ Աստված գիտե, երջանի՞կ կլինեմ, թե ոչ. իմ ճակատագիրն աստծու սուրբ, անիմանալի զորության ձեռքին է, բայց ես վճռել եմ։ Ասում են, որ Բըկովը բարի մարդ է, նա կհարգի ինձ, գուցե թե ես էլ հարգեմ նրան։ Էլ ի՞նչ կարելի է դրանից ավելի սպասել մեր ամուսնությունից:

Տեղեկացնում եմ ձեզ ամեն բանի մասին, Մակար Ալեքսեևիչ։ Ես հավատացած եմ, որ դուք կհասկանաք իմ բոլոր դարդերը։ Մի՛ աշխատեք հեռացնելու ինձ իմ մտադրությունից։ Ձեր ջանքերն իզուր կլինեն։ Զեր սրտում կշռադատեցեք այն ամենը, ինչ որ ստիպել է ինձ այսպես վարվելու։ Սկզբում շատ էի անհանգստանում, բայց այժմ ավելի հանգիստ եմ։ Ի՞նչ կա առաջներս — չգիտեմ, ինչ լինում է, թող լինի, ինչպես աստված կտա։

Բըկովն եկավ, նամակս թողնում եմ կիսատ։ Էլի շատ բան էի ուզում ասել ձեզ։ Բըկովն արդեն այստեղ է։

Վ. Դ.
Սեպտեմբեր 23

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Ես, ջանիկս, շտապում եմ ձեզ պատասխանել, ես, ջանիկս, շտապում եմ ձեզ հայտարարել, որ ես ապշած եմ։ Այդ բոլորը մի տեսակ ինչ-որ այն չէ... Երեկ մենք թաղեցինք Գարշկովին։ Հա՛, այդ այդպես է, Վարինկա, այդ այդպես է. Բըկովն ազնիվ կերպով է վարվել, միայն թե ահա տեսնո՞ւմ եք, բալիկս, դուք այդպես էլ համաձայնում եք։ Իհակե, ամեն բանում աստծու կամքն է, այդ այդպես է, այդ անպատճառ այդպես պետք է լինի. այսինքն այդտեղ աստծու կամքը անպատճառ պետք է լինի, և երկնքի ստեղծողի նախախնամությունը, իհարկե, և բարիքը, և անիմանալի, և բախտը նույնպես, դրանք նույնպես։ Ֆեդորան նույնպես ձեզ հետ համաձայն է։ Իհարկե, դուք հիմա բախտավոր կլինեք, ջանիկս, ամեն բան կունենաք, իմ աղավնյակ, իմ պայծառին, դուք իմ սիրունիկ, իմ հրեշտակիկ,— միայն գիտե՞ք ինչ, Վարինկա, այդ ի՞նչպես այդպես շուտով... Հա՛, գործերը... պ. Բըկովը գործեր ունի,— իհարկե, ո՞վ չունի գործ, կարող է պատահել, որ նա էլ գործեր ունենա... տեսա նրան, որ ձեզնից դուրս էր գալիս։ Երևելի, երևելի տղամարդ է, մինչև անգամ շատ է երևելի տղամարդ։ Միայն այս բոլորը մի տեսակ այնպես չէ, բանն այն չէ իսկապես, որ նա տեսոք տղամարդ է. դե՛, ես էլ հիմա մի տեսակ կորցրել եմ ինքս ինձ։ Միայն թե հիմա ի՞նչպես մենք նամակներ պետք է դրենք իրար։ Իսկ ես, իսկ ես, ի՞նչպես պետք է մենակ մնամ։ Ես, իմ հրեշտակիկ, բոլորը կշռադատում եմ, բոլորը կշռադատում, ինչպես դուք եք գրել, սրտիս մեջ կշռադատում եմ այդ բոլորը, այդ պատճառները։ Ես արդեն քսաներորդ թերթն էի վերջացնում արտադրել, այնինչ վրա հասան այդ բոլոր անցքերը։ Ջանիկս, ահա դուք գնում եք, ուրեմն ձեզ համար զանազան բաներ պետք է առնեք. զանազան կոշիկներ, հագուստ, հրես, ի դեպ, ես մի ծանոթ խանութ էլ գիտեմ Գորոխովայում. հիշո՞ւմ եք, որ ձեզ բոլորը նկարագրում էի։— Բայց չէ՛։ Այդ ի՞նչպես կարելի է, ջանիկս, ի՞նչ եք ասում, չէ՞ որ հիմա ձեզ համար անկարելի է, որ գնաք, բոլորովին անկարելի, ամենևին անկարելի։ Չէ՞ որ շատ բաներ պետք է առնեք և կառք ձեռք բերեք։ Բացի դրանից եղանակն էլ հիմա վատ է. մեկ նայեցեք, անձրևը ոնց է շռռալի գալիս և ինչ խոնավ, մեկ էլ... մեկ էլ այն, որ կմրսեք իմ հրեշտակիկ, սրտիկդ կմրսի։ Այդ ի՞նչպես է, վախենում եք օտար մարդուց, բայց գնում եք։ Իսկ ես ո՞ւմ հուսով պետք է մնամ այստեղ։ Հա՛, այ Ֆեդորան ասում է, թե ձեզ մեծ բախտավորություն է սպասում... բայց չէ՞ որ նա կատաղի կնիկ է և ուզում է ինձ կործանել։ Այսօր երեկոյան ժամ կգա՞ք, ջանիկս։ Կգայի ձեզ տեսնելու։ Հա՛, ճիշտ է, ջանիկս, կատարյալ ճշմարտություն, որ դուք ուսում առած օրիորդ եք, առաքինի և զգայուն, բայց ավելի լավ կլինի, որ նա վաճառականի աղջիկ առնի։ Դուք ի՞նչ եք կարծում, ջանիկս, ավելի լավ կլինի, չէ՞, որ վաճառականի աղջիկ առնի։ Իմ Վարինկա, հենց որ մթնի, կգամ ձեզ մոտ մի ժամով։ Հիմա հո վաղ է մթնում, այնպես որ կգամ։ Ես, ջանիկս, մի ժամով անպատճառ կգամ ձեզ մոտ այսօր։ Ահա դուք հիմա սպասում եք Բըկովին, իսկ հենց որ նա գա, այն ժամանակ... Ա՜յ, սպասեցեք, ջանիկս, կգամ․․․

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 27

Իմ բարեկամ Մակար Ալեքսեևիչ։

Պարոն Բըկովն ասաց, թե ես անպատճառ երեք դյուժին շապիկ պիտի ունենամ հոլլանդական քաթանից։ Այնպես որ պետք է որքան կարելի է շուտով կարողներ գտնել երկու դյուժինի համար, իսկ ժամանակ շատ քիչ ունենք։ Պարոն Բըկովը բարկանում է. ասում է, թե այդ փալաս-փլուսները չափազանց ղալմաղալ բաներ են։ Մեր հարսանիքը հինգ օրից հետո է, իսկ հարսանիքի մյուս օրը գնում ենք։ Պարոն Բըկովն շտապում է, ասում է, թե հիմար բաների վրա շատ ժամանակ չպետք է կորցնել։ Ես հոգնել եմ դես-դեն վազելուց և հազիվ եմ ոտիս վրա կանգնում։ Սարսափելի շատ գործ կա, բայց, հավատացեք, ավելի լավ կլիներ, որ ոչինչ չլիներ։ Հա՛, մեկ էլ ինչ եմ ասում, բլոնդր և կրուժովան պակասում է, այնպես որ պետք է առնել, որովհետև պարոն Բըկովն ասում է, թե չի ուզում, որ իր կինը ման գա խոհարարուհու պես, և թե ես անպատճառ պետք է «սևացնեմ բոլոր կալվածատերերի կանանց»։ Այս նա ինքն է ասում։ Այսպես, ուրեմն, Մակար Ալեքսեևիչ, գնացեք, խնդրում եմ. մադամ Շիֆոնի մոտ Գորոխովոյե և խնդրեցեք, որ, նախ, սպիտակեղեն կարողներ ուղարկի մեզ մոտ և, երկրորդ, ինքն էլ գա։ Այսօր ես հիվանդ եմ։ Մեր նոր բնակարանում այնպես ցուրտ է և սարսափելի անկարգություն է տիրում։ Պարոն Բըկովի մորաքույրը հալից ընկել է պառավությունից։

Վախենում եմ, որ մինչև գնալներս մեռնի, բայց պարոն Բըկովն ասում է, թե ոչինչ, ուշքի կգա։ Մեր տանը սարսափելի անկարգություն է տիրում։ Պարոն Բըկովը մեզ հետ չի ապրում, ամենքը դես-դեն են ցրվել, աստված գիտե ուր։ Պատահում է, որ մենակ Ֆեդորան է մեզ ծառայում. իսկ պարոն Բըկովի կամերդիները, որը նայում է ամեն բանի, երրորդ օրն է արդեն հայտնի չէ՝ ուր է կորել։ Պարոն Բըկովը գալիս է ամեն առավոտ, շարունակ չարանում և երեկ ծեծեց տան գործակատարին, որի համար և անախորժություններ ունեցավ ոստիկանության հետ... Մարդ չկար, որ ձեզ նամակներ ուղարկեի։ Գրում եմ քաղաքային փոստով։ Հա՜, քիչ մնաց մոռանայի ամենից կարևորը։ Ասացեք մադամ Շիֆոնին, որ բլոնգներն անպատճառ փոխի երեկվա նմուշի համաձայն և ինքն էլ գա ինձ մոտ ցույց տալու նոր կտորը։ Ասացեք, որ ես միտքս փոխել եմ կանեզի մասին, որ կանեզը պետք է կարել մանր։ Մեկ էլ ասացեք, որ թաշկինակների վրա վենզելների տառերը պետք է կարել տամբուրով, լսո՞ւմ եք, տամբուրով և ոչ թե հարթակարով։ Տեսեք, չմոռանաք — տամբուրով։ Ա՛յ, էլի ինչ, քիչ էր մնում մոռանայի։ Ի սեր աստծու, ասացեք նրան, որ պելերինայի վրա թերթիկները կարի բարձր, բեղիկները և փշերը կորդոնե, և հետո վզնոցին կրուժովո կամ լայն ֆալբալա դնի։ Խնդրում եմ, իմ կողմից այս հայտնեցեք նրան, Մակար Ալեքսեևիչ։

Ձեր

Վ. Դ.

Հ. Գ. Ես այնպես խղճում եմ, որ ձեզ շարունակ տանջում եմ իմ հանձնարարություններով։ Ահա անցյալ օրն էլ դուք ամբողջ առավոտը վազվզում էիք դես ու դեն։ Բայց ինչ արած։ Մեր տանը ոչ մի կարգ չկա, իսկ ես ինքս տկար եմ։ Ուրեմն մի չարանաք ինձ վրա, Մակար Ալեքսեևիչ։ Այնպիսի թախիծ է տիրում ինձ։ Ա՜խ, երանի գիտենամ ինչ կլինի, իմ բարեկամ, իմ սիրելի, իմ բարի Մակար Ալեքսեևիչ։ Ես մինչև անգամ վախենում եմ խորը նայելու իմ ապագային։ Շարունակ ինչ-որ նախազգում եմ, և կասես մի տեսակ տագնապի մեջ եմ ապրում։ Ի սեր աստծու, իմ բարեկամ, ոչինչ չմոռանաք, ինչ որ ասացի։ Շարունակ վախենում եմ, որ սխալվեք։ Ուրեմն հիշեցեք, տամբուրով և ոչ թե հարթակարով։

Վ․ Դ.
Սեպտեմբեր 27

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր բոլոր հանձնարարությունները կատարեցի ժրաջան կերպով։ Մադամ Շիֆոնն ասում է, թե ինքն էլ արդեն ուզում էր կարել տամբուրով, թե այդ ավելի վայելուչ է, թե ինչ, չգիտեմ, լավ չհասկացա։ Մեկ էլ ինչ-որ ֆալբալա էիք գրել, ֆալբալայի մասին էլ խոսեց։ Միայն թե ջանիկս մոռացա թե ինչ էր ասում ֆալբալայի մասին։ Միայն հիշում եմ, որ խիստ շատ էր խոսում. այնպիսի անպիտան կին է։ Էլ ինչ ասա՞ց։ Հա՛, ինքը կգա ամեն բան կպատմի ձեզ։ Ես, ջանիկս, բոլորովին հոգնել եմ։ Այսօր պաշտոնիս էլ չգնացի։ Մի այն թե դուք, բալիկս, իզուր եք հուսահատվում։ Ձեր հանգստության համար ես պատրաստ եմ բոլոր խանութները ման գալու։ Գրում եք, թե վախենում եք խորը նայել ապագային։ Բայց չէ՞ որ այսօր ժամը յոթին կիմանաք ամեն ինչ։ Մադամ Շիֆոնը ինքը կգա ձեզ մոտ։ Ուրեմն մի հուսահատվեք. հուսացեք, ջանիկս, գուցե թե ամեն ինչ լավ կլինի։ Է՜հ ֆալբալա, ֆալբալա, անիծյալ ֆալբալա։ Ես կվազեի ձեզ մոտ, հրեշտակիկ, կվազեի, անպատճառ կվազեի, արդեն մի-երկու անգամ մոտեցա էլ ձեր տան բակի դռանը։ Բայց շարունակ Բըկովը, այսինքն՝ ուզում եմ ասել, պարոն Բըկովը միշտ այնպես չարացած է լինում, որ... է՜հ, էլ ինչ ասեմ։

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 28

Ողորմած տեր Մակար Ալեքսեևիչ։

Ի սեր աստծու, այս րոպեիս վազեցեք ականագործի մոտ։ Ասացեք նրան, որ ականջի օղերը հարկավոր չէ մարգարիտով և զմրուխտով շինել։ Պալան Բըկովն ասում է, թե չափազանց թանկ է։ Չարանում է, ասում է, թե առանց այն էլ գրպանում փող չի մնացել և թե մենք կողոպտում ենք իրեն, իսկ երեկ ասաց, որ եթե առաջուց իմանար, թե այսպիսի ծախսեր կլինեն, իսկի էլ չէր կապվի։ Ասում է, թե հենց որ պսակվենք, իսկույն կմեկնենք, թե հյուրեր չեն լինի և պարելու հույս չունենամ, թե տոները դեռ հեռու են։ Ահա թե ինչպես է խոսում նա։ Իսկ աստված էլ է տեսնում, որ ինձ հարկավոր չեն այդ բոլորը։ Ինքը պարոն Բըկովն է այդ բոլորը պատվիրել։ Ես՝ նրան պատասխանել չեմ համարձակվում, այնպես տաքարյուն մարդ է։ Երանի գիտենայի՝ ինչ է սպասում ինձ։

Վ. Դ.
Սեպտեմբեր 28

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ես, այսինքն ականագործն ասում է — լավ․ իսկ ես սկզբում ուզում էի իմ մասին ասել, որ հիվանդացել եմ և չեմ կարողանում անկողնից վերկենալ։ Թարսի պես հիմա, որ անելու բան շատ կա, հարկավոր ժամանակ է, մրսել եմ, գրողը տանի։ Ծանուցանում եմ նույնպես, թե իմ դժբախտությունները բավական չէին, նորին գերազանցությունն էլ բարեհաճեց խիստ լինել և Եմելյան Իվանովիչի վրա շատ էր բարկանում ու բղավում և վերջը հոգնեց խեղճը։ Ահա և ես ծանուցանում եմ ձեզ այս բոլորի մասին։ Դարձյալ ուզում էի մի քանի բան գրել, միայն թե վախենում եմ նեղություն պատճառել ձեզ։ Չէ՞ որ, ջանիկս, ես հիմար, հասարակ մարդ եմ, գրում եմ, ինչ որ պատահում է, այնպես որ գուցե թե դուք ուրիշ բան կարծեք․ - է՜հ, էլ ի՞նչ ասեմ։

Ձեր
Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 29

Վարվառա Ալեքսեևնա, բալիկս։

Այսօր Ֆեդորային տեսա, աղավնյակդ իմ։ Ասում է, թե վաղը ձեզ պսակում են արդեն, իսկ վաղը չէ մյուս օրը մեկնում եք և թե պարոն Բըկովն արդեն ձիեր է վարձում։ Նորին գերազանցության մասին արդեն ծանուցեցի ձեզ, ջանիկս։ Մեկ էլ — Գորոխովայի վրա գտնված խանութից ստացած հաշիվներն ստուգեցի, բոլորը ճիշտ է, բայց միայն շատ թանկ է։ Միայն ինչո՞ւ պարոն Բըկովը բարկանում է ձեզ վրա։ Դե՜, բախտավոր լինեք, ջանիկս։ Ես ուրախ եմ. այո՛, ես ուրախ կլինեմ, եթե դուք բախտավոր լինեք։ Ես եկեղեցի կգայի, ջանիկս, բայց չեմ կարող, մեջքս ցավում է։ Ես էլի նամակների մասին, հիմա ո՞վ պետք է մեր նամակներն իրար հասցնի, ջանիկս։ Հա։ Ֆեդորային դուք բարերարություն եք արել, բալիկս։ Այդ բարի գործ է, որ արել եք, իմ բարեկամ, այդ դուք շատ լավ եք արել։ Բարի գործ։ Իսկ ամեն մի բարի գործի համար տերը ձեզ կօրհնի։ Բարի գործերն առանց հատուցման չեն մնում և բարեգործությունը միշտ կպսակվի աստծու արդարության պսակով, վաղ թե ուշ։ Ջանիկս։ Կուզեի շատ բան գրել ձեզ. այսպես, ամեն ժամ, ամեն րոպե կուզեի գրել։ Ինձ մոտ դարձյալ մնացել է ձեր մի գրքույկը, «Повести Белкина»։ Գիտե՞ք ինչ, ջանիկս, այդ գրքույկը հետ մի՛ պահանջեք, նվիրեցեք ինձ, իմ աղավնյակ։ Այս նրա համար չեմ ասում, թե շատ եմ ուզում կարդալ։ Բայց ինքներդ էլ գիտեք, ջանիկս, ձմեռ է գալիս, գիշերները երկար կլինեն, տխուր, ահա դրա համար էլ կնստեմ կկարդամ։ Ես, ջանիկս, իմ բնակարանից կտեղափոխվեմ ձեր հին բնակարանը և կվարձեմ Ֆեդորայից։ Այդ ազնիվ կնոջից հիմա ոչ մի պայմանով չեմ բաժանվի, բացի դրանից, նա այնքան աշխատասեր է։ Ձեր դատարկ բնակարանը երեկ մանրամասն դիտեցի։ Այնտեղ, ինչպես որ դրած էր ձեր քարգան, նրա վրա էլ կարը, այնպես էլ կար ձեռք չտված, անկյունում։ Դիտեցի ձեր կարը։ Այնտեղ մնացել էին էլի զանազան կտորտանքներ։ Իմ մի նամակի վրա դուք սկսել էիք թելեր փաթաթել։ Սեղանի մեջ թղթի մի թերթիկ գտա, որի վրա գրված էր — «Ողորմած տեր, Մակար Ալեքսևիչ: Շտապում եմ»— ու էլ ոչինչ։ Երևում է որևէ մեկն ընդհատել է ձեզ ամենահետաքրքիր տեղում։ Անկյունում պատվարի հետևը դրված է ձեր մահճակալը... Աղավնյակդ իմ։ Դե՛, մնաք բարով, մնաք բարով, ի սեր աստծու, շուտով մի բան պատասխանեցեք իմ այս նամակին։

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 30

Իմ անգին բարեկամ, Մակար Ալեքսեևիչ։

Ամեն ինչ վերջացավ։ Վիճակս որոշվեց, չգիտեմ ինչպիսի վիճակ, բայց ես հնազանդ եմ աստծու կամքին։ Վաղը մեկնում ենք։ Մնաք բարով եմ ասում ձեզ վերջին անգամ, իմ անգին բարեկամ, իմ բարերար, իմ հարազատ։ Դարդ մի՛ անեք ինձ համար, ապրեցեք բախտավոր, հիշեցեք ինձ և թող աստծու օրհնությունը իջնի ձեզ վրա։ Ես հաճախ կհիշեմ ձեզ մտքումս, աղոթքներիս մեջ։— Ահա և վերջացավ այս ժամանակը։ Անցյալիս հիշողություններից ես քիչ ուրախալի բան եմ տանելու իմ նոր կյանքի մեջ. այդ պատճառով էլ ավելի ևս թանկագին կլինի հիշողությունս ձեր մասին, ավելի ևս թանկագին կլինեք դուք ինձ համար։ Դուք իմ միակ բարեկամն եք. այստեղ մենակ դուք էիք սիրում ինձ։ Չէ՞ որ ես ամեն բան տեսնում էի, չէ՞ որ գիտեի, թե որքան էիք սիրում ինձ։ Իմ մի ժպիտը, նամակիս մի տողը ձեզ երջանկություն էր պատճառում։ Դուք հիմա պետք է մոռանաք ինձ։ Ի՞նչպես պետք է մենակ մնաք այստեղ։ Ո՞ւմ հուսով եք մնալու այստեղ, իմ բարի, թանկագին, միակ բարեկամ։ Թողնում եմ ձեզ գրքույկը, քարգան, սկսած նամակը, երբ որ նայեք այդ սկսված տողերին, մտքով շարունակեցեք կարդալ այն ամենը, ինչ որ կկամենայիք լսել կամ կարդալ ինձնից, այն ամենը, ինչ որ կգրեի ձեզ, իսկ ինչ չէի գրիլ ձեզ հիմա։ Հիշեցեք ձեր խեղճ Վարինկային, որն այնքան սաստիկ սիրում էր ձեզ։ Ձեր բոլոր նամակները մնացին Ֆեդորայի կամոդում, վերևի արկղում։ Գրում եք, թե հիվանդ եք, իսկ պարոն Բըկովը չի թողնում, որ այսօր որևէ տեղ գնամ։ Ես ձեզ կգրեմ, իմ բարեկամ, խոստանում եմ, որ կգրեմ, բայց միայն աստված գիտե, թե ինչ կարող է պատահել։ Այսպես ուրեմն, այժմ հրաժեշտ տանք իրար առմիշտ, իմ բարեկամ, իմ սիրելի, իմ հարազատ բարեկամ, առմիշտ... Օ՜հ, ինչպես հիմա կգրեի ձեզ։ Մնաք բարով, իմ բարեկամ, մնաք բարով, մնաք բարով։ Ապրեցեք բախտավոր, ողջ ու առողջ։ Իմ աղոթքը հավիտյան ձեզ համար կլինի։ Օ՜, ինչքան տխուր եմ, ինչպես ճնշված է ամբողջ հոգիս։ Պարոն Բըկովը կանչում է ինձ։

Ձեզ հավիտյան սիրող՝

Վ.

Հ. Գ. Հոգիս այնքան լիքն է, այնքան լիքն է հիմա արրցունքներով... Արցունքները խեղդում, պատառոտում են ինձ։ Մնաք բարով։ Տե՛ր իմ աստված, որքան տխուր եմ։

Հիշեցե՛ք, հիշեցե՛ք ձեր խեղճ Վարինկային։

Ջանի՜կս, Վա՜րինկա, աղավնյա՜կդ իմ, թանկագի՜նդ իմ։ Ձեզ տանում են, դուք գնո՜ւմ եք։ Դե, ավելի լավ է հիմա սիրտս պոկեն կրծքիցս, քան թե ձեզ՝ ինձանից։ Այդ ի՞նչպես թե։— Ահա, դուք լաց եք լինում և գնում եք։ Ահա այս րոպեին ձեզնից նամակ ստացա, ամբողջովին արցունքով թրջված։ Նշանակում է, չեք ուզում գնալ, նշանակում է, զոռով են տանում ձեզ, նշանակում է, խղճում եք ինձ, նշանակում է, սիրում եք ինձ։ Բայց ի՞նչպես թե, ո՞ւմ հետ պետք է լինեք այժմ։ Այնտեղ տխուր կլինեք, սիրտներդ վեր չի գա։ Դարդը կկրծի ձեր սիրտը, միջից կես կանի։ Դուք կմեռնեք այնտեղ, սառը հողը կդնեն ձեզ, ոչ ոք էլ չեք ունենա այնտեղ, որ լաց լինի ձեզ վրա։ Պարոն Բըկովը ամբողջ ժամանակ նապաստակներ կլինի որսալիս... Ախ, ջանիկս, ջանիկս, այդ ի՞նչ արիք, ի՞նչպես կարողացաք այդպիսի բան վճռել։ Այդ ի՞նչ արիք, ի՞նչ արիք, այդ ի՞նչ բերիք ձեր գլխին։ Ախր ձեզ գերեզման կդնեն այնտեղ. նրանք ձեզ կսպանեն այնտեղ, հրեշաակիկդ իմ։ Չէ՞ որ, ջանիկս, դուք թույլ եք փետուրի պես։ Վա՜յ, մեռնի իմ գլուխը, ո՞րտեղ էի ես։ Էլ ի՞նչ բանի էի նայում ես, հիմարս։ Տեսնում եմ, երեխան խելառություն է անում, գլուխը ցավում է։ Դրանից էլ հեշտ բա՞ն,— բայց չէ որ, չէ. ինչպես որ հիմար էի, այնպես էլ հիմար մնացի, ոչինչ չմտածեցի, ոչինչ չտեսա, կասես թե, իրավունք ունեի, կասես թե գործն ինձ չէր վերաբերում, և դեռ վազվզում էլ էի ֆալբալայի հետևից... Չէ՛, Վարինկա, ես վեր կկենամ, մինչև վաղը վեր կկենամ, գուցե թե, կառողջանամ և վեր կկենամ... Ես, ջանիկս, անիվների տակ կգցեմ ինձ, չեմ թողնի, որ գնաք։ Բայց ո՛չ, իսկապես խո չեմ խելառվել ես։ Ի՞նչ իրավունք ունեմ։ Ես կգամ ձեզ հետ. ձեր կարետի հետևից վազ կտամ, եթե ինձ չվերցնեք ձեզ հետ, վազ կտամ, ինչքան որ ոտներումս ուժ կլինի, մինչև որ շունչս հատնի։ Բայց գիտե՞ք դուք, ջանիկս, թե ինչ կա այնտեղ, թե ուր եք գնում։ Գուցե թե չգիտեք, ապա ուրեմն ինձ հարցրեք։ Այնտեղ տափաստան է, բալիկս, տափաստան, մերկ տափաստան, ա՛յ, ինչպես ձեռքիս ափը՝ մերկ։ Կնիկարմատն այնտեղ անզգա է, մուժիկը անկիրթ, հարբեցող։ Այնտեղ հիմա ծառերի տերևները թափվել են, այնտեղ անձրևներ են գալիս, այնտեղ ցուրտ է,— և դուք այնտեղ եք գնում։ Դե, պարոն Բըկովն այնտեղ զբաղմունք ունի, նա իր նապաստակների հետ կլինի այնտեղ, իսկ դուք ինչ պիտի անեք։ Ուզում եք կալվածատերի կի՞ն լինել, ջանիկս։ Դե՛, հրեշտակիկդ իմ, մեկ նայեցեք ձեզ, դուք նմանո՞ւմ եք արդյոք կալվածատերի կնոջ... Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել, Վարինկա։ Ո՞ւմ պետք է նամակներ գրեմ, ջանիկս։ Հա է՜, մեկ լավ մտածեցեք, ջանիկս, մեկ ինքներդ ձեզ հարցրեք, թե ո՞ւմ պետք է նամակներ գրի նա, այսինքն՝ ես։ Էլ ո՞ւմ պետք է ջանիկս անվանեմ, ո՞ւմ պետք է տամ այդ սիրելի անունը։ Հետո ո՞ւր գտնեմ ձեզ, հրեշտակիկդ իմ։ Ես կմեռնեմ, Վարինկա, անպատճառ կմեռնեմ, սիրտս չի դիմանա այդպիսի մի դժբախտության։ Ես ձեզ սիրում էի, ինչպես աստծու լույսը, սիրում էի, ինչպես հարազատ աղջկաս, ես ձեր ամեն ինչը սիրում էի, ջանիկս, բալիկս, և ինքս միայն ձեզ համար էի ապրում։ Ես աշխատում էի, թե՛ թղթեր գրում, ման էի գալիս, թե զբոսնում և իմ դիտողությունները տալիս էի թղթին բարեկամական նամակների ձևով, այս բոլորը նրա համար էի անում, որ դուք, ջանիկս, այստեղ, դիմացս, ինձ մոտիկ էիք ապրում։ Դուք, գուցե թե, այս չգիտեիք էլ, բայց այդ իսկապես այդպես էր։ Լսեցեք, ջանիկս, ինքներդ դատեցեք, իմ սիրելի աղավնյակ, այդ ինչպե՞ս կարող է լինել, որ դուք հեռանաք մեզանից։ Բալիկս, ախր չի կարելի, որ գնաք, անկարելի է, ուղղակի կատարելապես ոչ մի հնարավորություն չկա։ Հրես անձրև է գալիս, իսկ դուք թույլ եք, կմրսեք։ Ձեր կառեթը կթրջվի, անպատճառ կթրջվի․ հենց որ քաղաքից դուրս գնաք, կկոտրվի, դիտմամբ կկոտրվի։ Չէ՞ որ այստեղ Պետերբուրգում կառեթները շատ վատ են շինում։ Ես այդ կառեթ շինողներին բոլորին էլ ճանաչում եմ. նրանք միայն աշխատում են ֆասոնը պահպանել, որևէ մի խաղալիք կպցնել, բայց որ ամուր լինի, կերդվեմ, որ ամուր չեն շինում։ Ես, ջանիկս, կչոքեմ պարոն Բըկովի առջև, ես նրան կապացուցեմ, բոլորը կապացուցեմ։ Դուք էլ, ջանիկս, ապացուցեք, օրինավոր կերպով ապացուցեք նրան։ Ասացեք, որ մնում եք, չեք կարող գնալ․․․ Ա՜խ, ինչո՞ւ նա Մսսկվայում վաճառականի աղջկա հետ չամուսնացավ։ Թող այդպիսի մի աղջկա հետ ամուսնանար այնտեղ։ Վաճառականի աղջիկն ավելի կսազեր նրան, այդ արդեն ես գիտեմ, թե ինչու։ Իսկ եո ձեզ կպահեի այստեղ ինձ մոտ։ Ախր նա ձեր ի՞նչն է, ջանիկս, այդ Բըկթվը։ Ինչո՞վ նա ձեզ հանկարծ սիրելի դարձավ։ Դուք, գուցե թե նրա համար, որ նա շարունակ ֆալբալաներ է առնում ձեզ համար, դուք, գուցե թե, դրա՞ համար։ Բայց ախր ի՞նչ բան է ֆալրալան, ինչի՞ է պետք ֆալրալան։ Չէ՞ որ դա հիմար բան է, ջանիկս։ Այստեղ գործը վերաբերում է մարդկային կյանքին, իսկ ֆալբալան, ջանիկս, փալաս է, փալասի մի կտոր։ Հրես ես ինքս, հենց ռոճիկս ստանամ, ձեզ համար ինչքան ուզեք, ֆալրալա կառնեմ, կառնեմ ֆալրալա, ջանիկս. ես հրեն մի ծանոթ խանութ էլ գիտեմ, միայն թե սպասեցեք, որ ռոճիկս ստանամ, հրեշտակիկդ իմ, Վարինկա։ Ա՜խ, տեր իմ աստված, տեր իմ աստված։ Այդպես ուրեմն, դուք պարոն Բըկովի հետ անպատճառ տափաստան եք գնում, անդարձ դնում։ Ա՜խ, ջանիկս... Ո՛չ, դուք ինձ էլի գրեցեք, էլի նամակ գրեցեք ինձ ամեն բանի մասին, և երբ եք գնալու, այնտեղից էլ նամակ գրեցեք։ Թե չէ հրեշտակդ իմ երկնային, չէ՞ որ այս վերջին նամակը կլինի, և չէ՞ որ ոչ մի կերպ չի կարող լինել, որ այս նամակը վերջինը լինի։ Հա՛, է՜, ինչպես կարող է պատահել, որ այդպես հանկարծ, իսկապես, անպատճառ վերջինը։ Ո՛չ, ո՛չ, ես կգրեմ և դուք էլ գրեցեք․․․ Թե չէ իմ ոճն էլ հիմա ձևավորվում է... Ախ, բալիկս, ինչի՞ս է պետք ոճը։ Հրես հիմա չեմ իմանում ինչ եմ գրում, ամենևին չեմ իմանում, ոչինչ չեմ իմանում, և գրածս չեմ կարդամ, ոճս էլ չեմ ուղղում, այլ գրում եմ, միայն թե գրեմ, միայն թե շատ գրեմ ձեզ...

Աղավնյակդ իմ, բալիկս, ջանիկս։

  1. Այստեղից մինչև նոր պարբերությունը Նար-Դոսը բաց է թողել, թարգմանել է Ռ. Զարյանը։
  2. «Կոնտեսսա-դյուշեսսա — ծաղրական անուն, որ Դևուշկինը տալիս ազնվական ծագում ունեցող հերոսուհիներին (comtesse ֆրանսերեն — կոմսուհի, duchesse) — հերց ականի» — այս ծանոթությունը Նար-Դոսը գրել է և ապա ջնջել։ (Ծ. Ռ. Զարյանի)։