Խոսք ընթերցողիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հեղինակ:Արիս Արսենի Խոսք ընթերցողիս

Արիս Արսենի

Նախերգ (Կարոտներիս կանաչ հովտում...)

Ահա` նորից հանդիպեցինք,
Իմ սիրելի ընթերցող,
Ապրումներս ու հույզերս
Քո մեջ նաև ապրեն թող:

Գուցե դրանք մի քիչ նանիր,
Դատարկաբան թվան քեզ,
Բայց դու, ի՞նչ է ասել, հիշիր,
Մեր բանաստեղծ մարգարեն.

-Զգացմունքն է գերիշխանը,
Խելքը` նրա լոկ ծառան...
...Ես էլ` հաճախ թերանալով,
Բայց լսել եմ միշտ նրան:

Ոմանց նման ձգտել փառքի՞,
Կամ էլ... «հանճար երևա՞լ»...
Գրել եմ այն, ինչ հոգուս մեջ
Ու իմ սրտում, իրոք, կար:

Հաճախ գուցե այն չեմ գրել,
Ինչ որ պիտի գրեի,
Չգրածիս մեջ էլ սակայն,
Անշուշտ, միշտ էլ ես էի:

Իմ մեջ միայն ես եմ նստած,
Իմ մեջ «ուրիշ մարդ» չկա,
Ես չեմ կարող ո՛չ ինձ խաբել,
Ո՛չ կեղծավոր երևալ:

Ահա և ես, ամբողջությամբ,
Ընդունիր ինձ` ինչպես կամ,
Սիրտս բաց է միշտ քո առաջ,
Իմ ընթերցող բարեկամ:

16.03.07, Ստեփանակերտ