ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Դժվար և պատասխանատու առաքելություն
ԴԺՎԱՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ԴԺՎԱՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ, լրագրող Արիս Արսենին (Գրիգորյան) ոչ միայն մեր գոյապայքարի բարեխիղճ տարեգիրն է, այլև մեկն է այն նվիրյալներից, ովքեր աներեր կանգնած են եղել Արցախյան շարժման ակունքներում:
Այս վավերագիրքը երեք տասնամյակի տքնաջան աշխատանքի արդյունք է: Դեռևս ՙԱրցախ՚ հանդեսում աշխատելու ժամանակ ծնված հղացումըª արձանագրել բոլոր կարևոր իրադարձությունները, մարմին առավ բացառապես Ա. Արսենիի աշխատասիրության շնորհիվ: Այդ տարիներին, բնականաբար, Արցախում և Հայաստանում չկային ինտերնետ ռեսուրսներ, տպագրական մամուլը լույս էր տեսնում տեխնիկական դժվարություններով: Եվ որպեսզի առերևույթ մանրուք թվացող դեպքերն ու իրադարձությունները չկորչեն պատմության մշուշում, խմբագրակազմը որոշեց ստեղծել ՙԱրցախյան իրադարձությունների փոստարկղ՚ անվանյալ մի բաժին, որտեղ պիտի զետեղվեին հավաքված վավերանյութերը: Ժամանակի պարբերական մամուլը փորփրելու, հանրապետության ուժային կառույցների ամփոփագրերն ու այլ աղբյուրներ ուսումնասիրելու դժվարին գործը հանձնարարվեց Արիս Արսենիին:
Արցախում ծավալված պատերազմը, սակայն, նրան ստիպեց ժամանակավորապես դադարեցնել ուսումնասիրությունները: Գրիչը փոխարինելով զենքով, Ա. Արսենին կամավոր մեկնեց ճակատª իր ներդրումն ունենալու հայրենիքի փրկության սուրբ գործում: Մասնակցեց արցախյան պատերազմին, Վարանդայում (Ֆիզուլի) մղված դաժան մարտերից մեկում վիրավորվեց: Այնուհետև, ապաքինվելուց հետո, ծառայությունը շարունակեց որպես զինվորական լրագրողª մասնագիտական ու ստեղծագործական ունակություներն անվերապահորեն ծառայեցնելով Արցախին: Հենց այդ պահից սկսած էլ, կարևորելով սկսած գործը, նա կրկին ձեռնամուխ եղավ վավերագիր տվյալների հավաքագրմանը:
Գրքում տեղ գտած փաստերը նա հավաքել է ջանադրաբարª 31 տարի շարունակ: Օր օրի, ժամ առ ժամ: Թվերն էլ ինքնին շատ բան են հուշումª 1991 թ. ապրիլի 1 - 2022 թ. մարտի 26: Դա մի ամբողջ էպոպեա էª հագեցած հաղթանակներով ու պարտություններով: Այդպես էլ վերնագրել է գիրքըª ՙՕր օրի, ժամ առ ժամ՚£
Հեղինակը ներքին հանձնառություն չի ունեցել գնահատականներ տալ այս կամ այն իրադարձությանը, փաստին, դեպքին ու դեմքին: Իսկ եթե նույնիսկ գնահատականներ տրվել ենª միայն երևույթի խորքայնությունն ընդգծելու մղումով: Իրական նպատակը աղբյուրագիտական գործ ստեղծելն էր ապագա պատմաբանների համար:
Մենք չենք կարող պնդել, թե հետխորհրդային ժամանակաշրջանում հայ ուսումնասիրողների կողմից այսօրինակ գիրք կամ աշխատություն չի գրվել: Նման հավակնություն ոչ ՙԱրցախ՚ հանդեսի խմբագրությունը (որի գլխավոր խմբագիրը լինելու պատիվն եմ ունեցել), ոչ էլ գրքի հեղինակը բնավ չեն ունեցել: Ավելին, տարիներ հետո հանդեսը զրկված լինելով հրատարակչական հնարավորություններից, փակվել է, իսկ Արիս Արսենին ինքնակամորեն շարունակել է նյութերի հավաքագրումը: Իսկ թե ինչքանով է դա նրան հաջողվել՝ թող դատի ընթերցողը:
Արցախի ժուռնալիստների միությունը նախաձեռնելով գրքի տպագրությունը, ուղղակի ձգտել է պատմության էջերում ներդնել տարածաշրջանի երեսնամյա իրականությունը: Նաև՝ գնահատելով Արիս Արսենիի անխոնջ աշխատանքը:
Հնարավոր է, գրքում կան անճշտություններ. ի վերջո հարկ է հաշվի առնել, որ այդքանակ տվյալներ հավաքագրողն ընդամենը մեկ անձ է եղել, ինչը, խոստովանենք, շատ դժվար ու պատասխանատու առաքելություն է: Ուրախ կլինեինք, եթե նկատված անճշտությունները ներկայացվեին Արցախի ժուռնալիստների միության վարչությանը: Եթե ճշգրտումների քանակն անհրաժեշտություն ստեղծի, խոստանում ենք, կվերահրատարակենք գիրքը, որպեսզի հնարավորինս անաչառ տեղեկություններ փոխանցվի ապագային:
Կարծում ենք, դա մեր բոլորի շահերից է բխում:
Գրող,
Բանասիրական գիտությունների թեկնածու,