Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 1, 2017 թ.
Վահան Թոթովենց՝ «Հրկիզված թղթեր»
Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։
Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։
Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։
Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։
Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։
Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։
Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կարկառվում էին անդողդոջ ու համառ։
Թնդաց «Ինտերնացիոնալը»։ Ժամանակը հանկարծ շրջվեց, ցեխի մեջ խրված անիվներն սկսեցին դառնալ կատաղի թափով, գյուղացու ճակատի վրա փայլեց քրտինքի կաթիլը՝ ինչպես աստղը մռայլ երկնքում, փոկերը շարժվեցին, և շչակները ձայնեցին լուսաբացը։