Jump to content

Կայծեր/Մաս I/Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կայծեր
 Ա
Գ 

Բ

ՀԱՅՐԵՆԻՔ

Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:

Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, — այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:

Ամեն դար, սկսյալ խորին հեթանոսական ժամանակներից, թողել էր այդ գավառում իր տիրապետության հետքերը: Այստեղ դեռ տեսնվում էին հին Զարեհավանի հետքերը: Այստեղ ահագին մոխրաբլուրներ դեռ հիշեցնում էին մոգական ատրուշանները և սրբազան կրակի հազարավոր տարիներով լափած նյութերը: Այստեղ բարձր մինարեթներ իրանց գեղեցիկ մոզայիկներով ցույց էին տալիս արաբաբոց տիրապետությունը և հիշատակը այն ազգի, որը ուր և իշխում էր, տարածում էր արհեստ, գիտություն և արյուն: Այստեղ դեռ մնացել էին բեկորները այն ամրոցի, ուր մեծ Հուլավունը պահում էր իր գանձերը: Այստեղ զանազան լեռների և բլուրների բարձրավանդակի վրա դեռ մնում էին փլատակները մեծամեծ բերդերի, որպես փշրանք ավատական իշխանների խորտակված փառքի, որոնք իրանց բռնակալության ներքո ճնշում և խեղդում էին ամեն կենդանի զորություն: — Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր: Պարսպաձև ժայռի հարթած մակերևույթի վրա դուրս էին բերված մի քանի ձիավորներ հնադարյան հագուստով և նույնպես նախնական զենքերով: Մեկին գերի էին տանում: Նա թագավոր էր: Ոչ մի արձանագրություն չէր ցույց տալիս դրանց ո՛վ և ի՛նչ ժամանակի մարդիկ լինելը: Միայն հայ ժողովրդի մեջ պահված էր մի ցավալի ավանդություն. գերին Արշականյաց վերջին թագավոր Արտաշեսն էր, որից հետո Հայաստանը ընկավ պարսիկների իշխանության ներքո և կորցրեց իր թագավորներին: Կարծես, այդ պատկերը, որպես մշտական նախատինք, իր քարաժայռի բարձրությունից հանդիմանում լիներ հայերին, ասելով. «Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»...

Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ: Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ, ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը, մշակված աշխատասեր ձեռքով, խոստանում են առատ հունձք. — տեսնում է` ցորյանը, գարին, բրինձը, բամբակը և ընդեղենների ամեն տեսակները, իրանց բեղմնավորությամբ ներկայացնում են խիստ գոհացուցիչ առատություն. տեսնում է` մրգաբեր այգիները լիացած են պտուղների ամենաազնիվ տեսակներով. — տեսնում է` խոտավետ արոտամարգերի վրա արածում են տավարների նախիրներ և ոչխարների հոտեր, — մի խոսքով, նա տեսնում է, որ բնությունը անխնա առատությամբ թափել է այստեղ իր հարստությունները: Նա սկսում է մտածել. «ո՜րքան բախտավոր ապրում են այստեղ մարդիկ»... Իսկ այդ ճոխությունները, բնության այդ պարգևները չեն պատկանում այն բյուրավոր աշխատող ձեռքերին, որոնք դաշտերի վրա, արևի կրակոտ բոցերի մեջ քրտինք են թափում:

Ահա գյուղերում, այստեղ և այնտեղ բարձրանում են ամրոցներ, որոնք իրանց հպարտ աշտարակներով և ատամնավոր պարիսպներով իշխում են շրջակայքի վրա, նրանց մեջ բնակվում են «աղաները» իրանց ախտերով և մոլություններով, — ահա նրանց է պատկանում երկրի բոլոր բեղմնավորությունը, նրանք են շռայլում մշակ մարդու աշխատավոր ձեռքի վաստակը:

Երեխայությանս ժամանակ, երբ ես որևիցե անկարգություն էի անում, տատս և մայրս ամեն մեկը իր առանձին եղանակն ուներ ինձ սաստելու, որ վախենամ և հանգիստ կենամ: Տատս ասում էր. «Սու՜ս, սու՜ս, մարդագելը եկավ, քեզ կտամ կուտի»: — Մայրս ասում էր «Ձենդ կտրի՛, թե չէ, ֆերրաշին կկանչեմ»... Թե առաջին և թե վերջին սպառնալիքը իմ վրա միօրինակ ազդեցություն էին գործում. ես ֆերրաշից նույնքան էի վախենում, որքան գայլից: Բայց երբ փոքր-ինչ մեծացա, մարդագայլից այլևս չէի վախենում, որովհետև հասկանում էի, թե մարդը գայլ չի դառնա, բայց ֆերրաշի երկյուղը երբեք դուրս չեկավ իմ սրտից... Ինձ թվում է, որ այս րոպեիս էլ լսում եմ նրա մտրակի ձայնը ինձ թվում է, թե իմ ականջին զարկում են գյուղացու ցավալի հառաչանքները, և ես տեսնում եմ նրան թուլացած, ուշաթափ եղած հարկապահանջի անգութ գանահարությունից...

Քեռուս տունը, ուր տեղափոխվեցանք մենք, մեզ հասած դժբախտությունից հետո, գտնվում էր Քոհնա — Շահարում: Քոհնա — Շահար նշանակում է հին քաղաք. այսպես կոչում էին նրան Սալմաստա նոր քաղաքից որոշելու համար, որի անունը Դիլիման էր: Հին քաղաքը կորցրել էր իր անունը: Շատ հավանական է, որ դա լիներ մեր Զարեհավանը կամ Զարեվանդը, որի անունով մի ժամանակ կոչվում էր ամբողջ գավառը:

Այս քաղաքում բնակվում էին չորս ազգություններ` հայ, թուրք, ասորի և հրեա. յուրաքանչյուր ազգություն զետեղված էր առանձին թաղերում: Հայերը ունեին երկու եկեղեցի, իսկ ասորիները` մեկ: Հին քաղաքը արժանի էր իր կոչմանը, այստեղ, կարծես, մի քանի քաղաքներ շինված էին մինը մյուսի վրա: Նոր շենք կառուցանելու համար նյութեր պետք չէին. քանդում էին գետինը և հողի տակից դուրս էին բերում ահագին քանակությամբ աղյուս, կոփածո քարեր, և շատ անգամ բացվում էր մի ընդարձակ, ստորերկրյա բնակարան: Ո՜րքան փորձանքներ, ո՜րքան հեղափոխություններ պետք է կրած լիներ այդ քաղաքը. ո՜րքան ազգեր այնտեղ բնակվել և անհետացել էին. իսկ հայը, նրա նախկին բնակիչը, դեռ մնում էր: Արաբներից մնացել էր մի լայնատարած գերեզմանատուն միայն, գեղեցիկ զարդարած տապանաքարերով:

Քաղաքի բոլորովին սպառված մի անկյունումն էր գտնվում քեռուս տունը, մեծ հեղեղատի ափի մոտ: Այդ հեղեղատը գարնան անձրևների ժամանակ հորդանում էր, և քանդելով ավերակները, բերում էր իր հետ զանազան հնություններ: Ես շատ ուրախ էի լինում, երբ հեղեղը փոքրանում էր, որովհետև մեր դրացի երեխաների հետ գնում էինք գետի ափերի մոտ և ավազների միջից գտնում էինք հին դրամներ, կանանց զարդեր, և վաճառելով հրեա ոսկերիչներին, փող էինք ստանում:

Հայերի տները թեև փոքրիկներ էին, բայց հովանավորված պարտեզներով և ծառերով, գեղեցիկ տեսք ունեին: Բնակարանը, ասում են, խիստ խորին կապ ունի մարդու կյանքի ու բնավորության հետ: Այս մտքով, հայերի տների ձևը և նրանց ներքին ու արտաքին դիրքը, ոչ միայն մեծ նշանակություն ունեին բնակիչների ճաշակի մասին, այլ առավելապես արտահայտում էին նրանց վիճակը և հասարակական դրությունը: Տները շատ սերտ և անմիջական կերպով կցած էին մինը մյուսի հետ, այնպես, որ տանիքերի վրայով կարելի էր հայոց թաղի մի ծայրից մինչև մյուսը գնալ: Բոլոր տները ունեին գաղտնի հաղորդակցություն: Այդ հաղորդակցությունը պահպանվում էր զանազան ծակերի միջոցով, որ բացված էին մի տանից մյուսի մեջ: Ծակերը բացված էին աննկատելի տեղերում: Նրանցից շատերը այնքան նեղ էին, որ մի ձեռք միայն կարելի էր անցկացնել, և ծառայում էին ավելի բանավոր հաղորդակցության համար: Երբ պատահում էր մի անսովոր դեպք, մի քանի րոպեի մեջ թաղի մյուս ծայրում արդեն գիտեին: Ամեն մի լուր, ամեն մի խոսք, ծակերի միջոցով, կայծակի արագությամբ տարածվում էր ամբողջ թաղի մեջ, առանց մի մարդ իր տանից դուրս գալու: Ծակերից շատերն այնքան մեծ էին, որ կարելի էր, մանավանդ վտանգի ժամանակ, մի տան կայքը թաքցնել կամ տեղափոխել մյուսի մեջ, և կամ հարևանի մոտ ապաստան գտնել: Թաքստի համար յուրաքանչյուր տան մեջ կային ստորերկրյա մառաններ, որոնց գաղտնի մուտքը միայն տան տիրոջն էր հայտնի:

Ասեցի, հայոց թաղի բոլորովին սպառված ծայրումն էր քեռուս տունը, ուր մենք պատսպարան գտանք մեզ հասած դժբախտությունից հետո, այսինքն այն օրից հետո, երբ հորս պարտատերերը մեզ արտաքսեցին հայրենական տնակից: Ամենօրյա երկյուղը, գողերի և ավազակների հարձակումների հաճախ կրկնությունը ստիպել էին կանգնել տան շրջապարիսպը, որքան կարելի է, բարձր և հաստ պատերով, որոնք անձրևից և խոնավությունից ստացել էին մուգ-կանաչ գույն: Ժամանակի ավերող ձեռքը կիսով չափ մաշել էր շրջապարիսպի վերին մասը, բայց նա տակավին այնքան բարձրություն ուներ, որ կարող էր ընդդիմադրել ամենահանդուգն հարձակման: Պատերի քայքայված ճեղքերից բուսել էին մացառներ փշոտ ոստերով և մանրիկ տերևներով, որոնց միջից կանաչ մողեսները շատ անգամ դուրս էին նայում իրանց նենգավոր աչիկներով: Բայց ես մողեսներից չէի վախենում, երբեմն ձեռքով բռնում էի նրանց. ես վախենում էի միայն օձերից, թեև նրանք այնքան ընտելացած էին մեզ հետ, որ երբեք չէին կծում: Քեռուս տան մեջ այդ օձերի մասին պահված էին խիստ հետաքրքիր ավանդություններ. պատմում էին, թե նրանք թագավոր և թագուհի ունեն, թե երկուսի գլուխներն էլ գարդարած են ոսկի պսակներով, որոնք կրում են իրանց վրա աշխարհի ամենաթանկագին գոհարները: Ասում էին, թե իմ մեծ քեռին շատ անգամ տեսել էր նրանց, բայց չէր կամեցել խլել նրանց պսակները, որովհետև այդ օձերի հետ մի դյութական կապով կապված էր նրա տան բախտավորությունը:

Գլխավոր դուռը ներս էր տանում դեպի բավական ընդարձակ բակը, որ հովանավորված էր դարևոր թթենիներով և կեռասենիներով: Բակի մեկ ճակատում արևելյան ճաշակով շինված էին մի քանի մեծ և փոքրիկ սենյակներ, հնացած, քայքայված, և միայն իրանց ծերության մեջ պահպանած հնության պատկառանքը: Այս տունը շինված էր այն ժամանակ, երբ քեռուս պապը քաղաքի նշանավոր և հարուստ բնակիչներից մեկն էր. հարյուրավոր տարիներից հետո նա տակավին պահպանել էր վաղեմի վայելչությունը: Ծառերի հետ փաթաթած խաղողի որթերը համարյա թե գրկում էին իրանց ծոցի մեջ այդ կիսանահապետական բնակարանը, որի նմանը անտառներում կամ լեռների խուլ ձորերի մեջ միայն կարելի է տեսնել: Փողոցից հոսող վտակից բաժանված էր մի առվակ, որ անցնում էր բակի միջով և ոռոգում էր ոչ միայն պարտեզը, այլ պահպանում էր մի մշտական զովություն, որ ազատում էր բնակիչներին ամառային տոթերից:

Առհասարակ այդ հնացած և մաշված տունը իր ընդարձակությամբ դարձյալ մեծ հարմարություն ուներ քեռուս հոյակապ ընտանիքի համար, որ կազմված էր բազմաթիվ անդամներից: Մեծ քեռիս, այսինքն մորս հայրը, դեռ կենդանի էր. նրան բոլորը դա-դա (հայր) էին կոչում: Նա հինգ որդի ուներ, բոլորը ամուսնացած, բոլորը բազմաթիվ չափահաս և անչափահաս զավակների տեր էին: Մայրս իր եղբայրների միակ քույրն էր: Առհասարակ մի հատիկ քույրը միշտ սիրելի է լինում իր եղբայրներին, բայց մորս վերաբերությամբ ընդհակառակն էր պատահել: Մայրս այն հազվագյուտ բնավորություններից էր, որին անկարելի էր չսիրել: Բայց ի՞նչ էր պատճառը, որ նրա և իր ազգատոհմի մեջ տիրում էր մի տեսակ խուլ սառնասրտություն, մի տեսակ ծածուկ անհամակրություն, որը իսկույն աչքի էր զարկում: Այստեղ մի գաղտնիք կար, որ ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, թեև ես չէի կարող չնկատել, որ քեռիներս խիստ անտարբերությամբ ընդունեցին իրանց քրոջ ամուսնու մահվան ցավալի բոթը, և կարծես ուրախ լինեին, որ աստծու արդար դատաստանը վերջապես պատժեց նրան: Այդ էր պատճառը, որ մեզ պատահած դժբախտությունից հետո մայրս խիստ դժվարությամբ հանձն առեց իր եղբայրների մոտ բնակվիլ, և եթե անճարությունն ու աղքատությունը չստիպեր նրան, գուցե այդ ծանր զիջողությունը չէր անի:

Քեռուս տան այն մասը, ուր տեղավորեցին մեզ, բոլորովին զուրկ էր ծառերից: Այստեղ գտնվում էր ախոռատունը, որի բակի մեջ կար փոքրիկ խրճիթ բաղկացած մի սենյակից և նախասենյակից, որ շինված էր ծառաների համար: Եվ որովհետև այժմ քեռիս ծառաներ չուներ, խրճիթը մնացել էր բոլորովին անբնակ. այնտեղ պահում էին տան կոտրատված և անպիտանացած կարասիքը: Այդ մթերքներին փոխարինեցինք մենք, որ մեր վիճակով շատ չէինք տարբերվում նրանցից: Այնուամենայնիվ, մենք գոհ մնացինք մեր բախտից, մաքրեցինք խրճիթը իր հին ապականությունից, շինեցինք և սարքեցինք նրան, թեև քայքայված առաստաղը և խարխուլ պատերը բոլորովին անզոր էին անձրևի հոսանքի առաջը առնելու, կամ պահպանելու մեզ վատ եղանակից: