Կանձրևե, տղա՛ս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կանձրևե, տղա՛ս

Վահան Թեքեյան


Կանձրևե, տղա՛ս


Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:


1901