Jump to content

Կանչե, կռունկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կանչե, կռունկ
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 11)։

Կանչե, կռունկ



Մեր հի՜ն գյուղում հիմա թուրքի կրո՞ւնկ,
Մեր հի՜ն հողի վրա թուրքի հետքե՞ր,
Մենք քնո՞վ ենք անցել՝ կանչե՛, կռունկ,
Թե արթուն ենք՝ ո՞ւր է կռիվը մեր։

Կանչե՛, կռունկ, կանչե՛, գնանք ի մարտ,
Կանչե՛, կռունկ, քանի ջահել ենք մենք,
Կանչե՛, կռունկ, էլի թող շատանանք,
Կանչե՛, կռունկ, մենք դեռ պետք է կռվենք։

Մեջքը մեր չի ճկվի երբեք մարտում,
Մենք դեռ պետք է կռվե՛նք, պետք է կռվե՛նք,
Ծունկ չե՛նք չոքի երբեք՝ կանչե՛, կռունկ,
Կանչե՛, կռունկ՝ գնանք կռվենք-մեռնե՛նք։

Գնանք կռվենք-մեռնենք, հաղթենք ու գա՛նք,
(Եվ կսազի՞, արդյոք, մեզ պարտություն,
Մենք եղե՛լ ենք անպարտ, եղե՛լ ենք, կա՛նք),
Զա՜նգ հնչեցրու, գնանք, կանչե՛, կռունկ...