Կապույտը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կատուն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Կապույտը

Վարդան Հակոբյան

Սարգիսիկը Ավարայրում

Գետից պոկված բեկոր էր կապույտը՝ մի տաշտակ ջուր, որի մեջ իրենց դեսուդեն էին գցում ձկները եւ նրանց մեջ հատկապես մեկը, որն էլ դուր եկավ Տիգրանին։ Ձկան շերեփուկներում մի գույն կար, որ արեւի շողը ձգում, առնում էր իր մեջ, դառնում ուրիշ, բոլորովին ուրիշ մի կապույտ։ Տիգրանը մտքում ձկանը անուն տվեց՝ Կապույտ, թեպետ այդպիսին երբեւէ չէր տեսել։ Միտք ծագեց՝ ազատել ձկանը։ Զգաց, որ այդ մտածումի մեջ Աստված կա։

-Այս ձուկը, խնդրում եմ, տուր ինձ։

-Վճարեցեք՝ վերցրեք։

-Ձկան դիմաց ես քեզ համար բանաստեղծություն կարտասանեմ, ասենք՝ «Ճպուռն ու մրջյունը»։ Թռի-վռի մի ճպուռ... Փող չունեմ, մի քոռ գրոշ անգամ,- տղան պրտուտուսեց («պորտ» եւ «դուրս» բառերից) գրպանները։

-Այդքա՞նը միայն։

-Ոչ։

-Հապա՞...

Տղայի շեշտակի հայացքը դանակի շեղբի պես սրվել էր.

-Դրան գումարած՝ խոստանում եմ, որ ծեծ չես ուտի հենց հիմա։

Վաճառականը փորձեց ընդդիմանալ, սակայն ուրիշ տղաներ եկան այդ պահին ու իրար ետեւից հերթ կանգնեցին Տիգրանի թիկունքին։ Տիգրանի հետ կապ չունեին, բայց ձուկ վաճառողը մի պահ վախեցավ, կարծելով, թե մի խումբ են բոլորը եւ գերադասեց լուռ ենթարկվել.

-Վերցրեք, հաշվեցեք մուծումը կատարել եք։

Տիգրանը վերցնելով ձուկը, վայրկենապես նետեց մոտիկ գետի մեջ։ Այդքանը անասելի արագ կատարվեց։

Հեքիաթում լիներ, ձուկը գլուխը կհաներ ջրից, երեւի գոհունակություն կարտահայտեր։ Բայց Կապույտը գնաց ու գնաց։ Իսկ Տիգրանին ոչինչ պետք չէր։ Հետո ամեն օր գալիս էր գետափ՝ ապրելու-վերապրելու համար այն գեղեցիկ պահը, երբ ինքը ձկանը փրկեց։ Այդ զգացումն իրեն բավականություն էր պատճառում՝ երակով հոսող տաքի նման։

Արդեն իր երազի մեջ, որպես ձուկը ջրում, մեծացավ տղան։ Եվ երբեք էլ չի իմանա, որ այն աղջիկը, որին սիրեց ու ամուսնացավ, ոչ թե ձկնավաճառի դուստրն էր, այլ իր փրկած Կապույտ ձուկը։ Ճիշտ է, այդպես միայն հեքիաթում է լինում, բայց ով է ասել, թե ճշմարիտը կարող է լինել հեքիաթից դուրս։ Մանավանդ, որ այդ տղան, որ ես էի, հետո դարձավ Տիգրան Մեծ։

Կապույտ ձուկն էլ էր փոքր, բայց մեծ է, չէ՞։