Jump to content

Կը Սիրեմ Զքեզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կը Սիրեմ Զքեզ

Կը Սիրեմ Զքեզ


Ո՜հ, ո՞վ ես դու, սե՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր,
Քու սև անո՜ւշ ալերդ չունի գիշերը,
Վարդը չունի քու լանջդ ամբիծ ձյունաթույր,
Լուսին չունի քու վարդագույն այտերը։

Ցայգն` աստղերուն փաղփուն, լուսնույն սիրադեմ,
Ցերեկն` ալյաց, ծաղկանց ժըպիտ մեկուն... գեթ.
Իսկ քեզ համար ես արցունքով կաղոթեմ,
Դու չես շնորհեր նայվածք մ’ինձ սև աչերեդ։

Արդյոք էա՞կ մ’ես, թե երկնից զըվարթուն.
Կը նախանձէն դեղույդ վըրա վարդ, լուսնակ,
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթռուն`
Նոճյաց խորերն կը սգա լըռէն լուսինյակ։

Այլ ի՜նչ քաղցր է, եթե ըլլամ ես զեփյուռ,
Եվ գըգվելով մազերդ խարտյաշ ու անոսր,
Տամ շունչս հուշէկ այտերուդ վրա վարդասփյուռ,
Սըրբեմ, եթե կա աչքերուդ մեջ արտոսր։

Պարտեզէդ մեջ իցի՜վ թե վարդ մ’ըլլամ ես,
Եվ երբ դու գաս առավոտուն ժըպտով պերճ,
Որ քու այտերդ կարմիր գունովըս ներկես,
Թոռմիմ... փափկիկ ձեռքիդ մեջ տամ կյանքիս վերջ:

Երանի՜ թե վըտակ մ’ըլլամ ես վըճիտ,
Եվ երբ հուշիկ նըստած մոտ իմ եզերքին`
Պատկերանա հայելույս մեջ քու ժըպիտ,
Պըղտորելով կապույտ ալիքըս ցամքին։

Այլ ոչ, ա՛ն գութ, եթե ունիս սիրահար,
Իցի՜վ թ’անոր գերեզմանին վեմն ըլլամ,
Եվ հոն թափած դառն արցունքներդ ծըծեմ հար,
Ըզգամ դեմքդ... այլ ոչ, թեպետ վեմն, այլ կուլամ։

Ո՜հ, դու սիրե, գըգվե, մըպտե, Հայ աղջիկ,
Քեզի համար պիտի մեռնիմ, թո՛ղ պլպլուն
Արցունք մ’հեղու դագաղիս վրա սև աչիկդ,
Տըխուր շիրմիս վերև երդե թո՛ղ պլպուլն։