Jump to content

Կյանքուկռիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ապրի՛ր, երկի՛ր...
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 9-11)։

ԿՅԱՆՔՈՒԿՌԻՎ



Գունավոր - անգույն ձևեր են փոխվում,
պիտակավորման տարբեր երանգներ,
հեղափոխության ոգին
սակայն` միշտ նույնն է մնում
հարափոփոխ այս ժամանակներում
խելահեղության։
Հեղափոխության,
որ ժողովրդին փողոցներ հանեց,
որ ժողովրդին ամբոխ դարձրեց։
Եվ ամբոխ դարձած այդ ժողովուրդը
ամբոխ էլ մնաց։
Իսկ ժամանակը քայլ արեց` գնաց,
իսկ պատմությո՞ւնը,
քայլ արեց` գնաց։

Պատմությո՞ւն,
Այո՞։
Իսկ մեր ինչի՞ն է պետք
այդ պատմություն կոչվածը,
կասե՞ք։

Նրա՛նք,
թող նրա՛նք
եղծեն ու կեղծեն, վերստին ստեղծեն`
ովքեր դա չունեն։
Ովքեր ո՛չ ունեն,
ո՛չ էլ կունենան`
խիղճ,
պատիվ։
Այստեղ կանգ առնենք մի պահ,
մեր շուրջը նայենք`
հնություններ են հինգ հազարամյա
և պատճեներն են դրանց՝ կողք-կողքի,
որ իսկականից չեն էլ տարբերվում։

Հիմա` ի՞նչ,
Լռե՞նք,
Թողնենք, որ ով ինչ ուզում է` անի՞,
մեր հիշողությունն առնի ու տանի՞,
սպանի՞ գուցե,
կամ էլ ողջ թողնի՞, իսկ մե՞նք` փակբերա՞ն,
առանց շնչելու իրավունքի՞,
և՝ դա ապրե՞լ կոչենք,
իսկ գուցե դրան
ա՞յլ անուն տայինք,
անվանեինք` ի՞նչ, լուսավոր գալի՞ք,
թե՞ խաղաղության նոր դարաշրջան,
ուր չես տարբերում` ինչ է` պետություն,
ինչ է` հայրենի՞ք։

Ասում են մի բան,
անում` մի այլ բան,
իսկ մե՞նք,
կարկամե՞նք,
դիտորդի դերո՞ւմ։

Մեր տուն ու տեղը աճուրդի հանեն,
իսկ մենք գո՞հ մնանք,
կամ` ուրախանա՞նք, որ... ո՞ղջ ենք,
որ դեռ...
մեզ չե՞ն մորթելու։

Մենք ժողովո՞ւրդ ենք,
մենք ժողովուրդ չե՞նք։
Իսկ գուցե գնանք,
դեմ առ դեմ կանգնենք,
կռվենք ու մնանք հենց այնտեղ,
մահվան դաշտում այդ մարտի,
հաղթենք, կամ հաղթվենք։

Կհաղթենք`
կապրենք հողում հայրենյաց
հետայսու նաև։
Իսկ թե կմեռնենք`
մեռնենք պատվավոր մահով,
նախորդաց փառքին արժանի,
ու խառնվենք հողին մեր հայրենական`
Արցախական
հի՜ն հայոց աշխարհի։

Ուրեմն`
գնանք...

24.01.2024 թ., Երևան, Շենգավիթ