Կոմիտասի նամակներ/Մարգարիտ Բաբայանին (1906, 8 դեկտեմբեր, Փարիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարգարիտ Բաբայանին
1906, 8 դեկտեմբեր, Փարիզ


Կոմիտաս

Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,

Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:

Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց: Աստուած իրանց բարին տայ:

Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:

Շատ ու շատ բարև բոլորիդ:

Ձեր անձնուէր

Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի: Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն:

Կար ու չըկար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտին վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՛կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունես»:
«Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»: