Կոչ հացադուլավորներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոչ հացադուլավորներին

Լևոն Տեր-Պետրոսյան

Ապրիլի 9-ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը։ Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների և խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով։

Արևմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ ևրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով և երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության և իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերևույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արևմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։

Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության և ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել և երբևէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ։ Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից՝ ոստիկանության և բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից՝ համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ։ Այդ միջոցառումների շարքում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև բանտերում և ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը։

Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարևորությունը և խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում՝ այս պահից դադարեցնել հացադուլը։ Ձեր առողջությունը, անկոտրում կամքը և վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար։ Ապրիլի 9-ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսևորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը։ Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատևությունը կստիպի նաև միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ։

10 ապրիլի, 2008թ.