Կրկին՝ ղեկավարը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առեւտրականը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Կրկին՝ ղեկավարը)

Վարդան Հակոբյան

Ներկարար թագավորը

-Բարեւ, պարոն Կիրակոսյան։

Բռունցքը խփում է սեղանին.

-Այ, քեֆս եկավ, որ գրողները որոշեցին ինձ բարեւել հայ մշակույթի հին կենտրոններից մեկում՝ Շուշիում։ Բարեւ...

-Շուշին նաեւ Պուղու օրրանն է ինչ-որ չափով...

Բռունցքը խփում է սեղանին.

-Հարկավոր է կարգադրել, որ Շուշվա ամենալավ շենքը հատկացնեն Պուղուն, գրողների միությանը... Մեր հայեվար գրողներին։

-Գրողներին բնակարաններ էլ են պետք։

Բռունցքը խփում է սեղանին.

-Պա խե ասըմ չըք... Մենք մեքենագրուհի, գրամեքենա չունենք, դուք որոշումներ գրեք՝ բերեք, մենք կստորագրենք...

-Շնորհակալ ենք։

Ուզում էինք դուրս գալ, իրար ետեւից ներս են մտնում Շուշվա ժամանակավոր վարչակարգի բոլոր աշխատողները՝ կոմկուսակցության երբեմնի շրջկոմի քարտուղարի գլխավորությամբ.

-Հինչ ա իլալ, ընկեր Կիրակոսյան։

-Հի՞նչ... Ոչինչ,- ժպտում է ղեկավարը, բռունցքը խփում արդեն ձեռքից գնացող սեղանին ու սկսում մեզ բացատրել,- լույս չկա։ Որ ուզում եմ աշխատողներիս կանչել, սեղանին խփում եմ մի երկու անգամ եւ գալիս են... Երեւի ձեզ հետ զրուցելիս մոռացել ու խփել եմ սեղանին... Գնացեք (ասում է աշխատողներին), բան չկա...