ՀՍՀ/«ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ»
«ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ավետարան)։ Գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում (№ 887/116, 32×42 սմ)։ Դրվել և պատկերազարդվել է 1007-ին. Ադրիանուպոլսում՝ Հովհաննես Պրոքսիմոսի պատվերով։ Անհայտ մանրանկարիչը պատկերել է խորաններ, 2 խաչ, 4 ավետարանիչներին, Տիրամորը՝ գահի վրա, մանուկ Հիսուսի հետ, և պատվիրատուին։ Գրիչն է Կիրակոս երեցը։ Եթե Տիրամոր պատկերագրական տիպը և պատկերման եղանակը կրում են բյուզանդական արվեստի ազդեցությունը, ապա խորանները և կանգնած ավետարանիչների ծանր, մոնումենտալ ֆիգուրները բնորոշ են X–XI դարերի հայկական ձեռագրերի նկարազարդումներին ու տարբերվում են XI դարի բյուզանդական ոճից։ «Ա. ա.»֊ի մանրանկարները կարևոր են հայ և բյուզանդական արվեստի առնչությունները պարզաբանելու համար։
Գրկ. Հայկական մանրանկարչություն, Մխիթարյան մատենադարան ձեռագրաց, [հ.] 1, Վնտ., 1966։
