ՀՍՀ/«ԱԵՐՈՖԼՈՏ»
«ԱԵՐՈՖԼՈՏ», ՍՍՀՄ քաղաքացիական ավիացիայի մինիստրության ավիատրանսպորտային կազմակերպություն։ Գործում է 1923-ից (երբ ստեղծվեցին քաղաքացիական ավիացիային օժանդակող համառուսաստանյան «Դոբրոլյոտ», ուկրաինական «Ուկրվոզդուխոպուտ» և անդրկովկասյան «Զակավիա» կամավոր ընկերությունները)։ «Ա.»֊ի ավիագծերի ընդհանուր երկարությունը 800 հզ. կմ է,՝ որից ավելի քան 225 հզ. կմ կազմում են արտասահմանյան երթուղիները։ Այդ գծերով «Ա.»֊ի ինքնաթիռները միմյանց հետ կապում են ՍՍՀՄ 3500 բնակավայրեր և կանոնավոր թռիչքներ կատարում դեպի աշխարհի 64 երկրներ։ 1972-ին «Ա.» փոխադրել է 83 մլն. ուղևոր։ 1965–70-ին վերակառուցվել է «Ա.»֊ի շուրջ 300 օդանավակայան։
Հայկական ՍՍՀ֊ում առաջին ավիագիծը (Երևան–Թբիլիսի) սկսել է գործել 1933-ից։ 1934-ից թռիչքներ են կատարվում Երևան–Վարդենիս, Երևան–Սիսիան, Երևան–Ղափան և այլ երթուղիներով։ 1966-ի ապրիլին ստեղծվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությունը (1933-ից՝ Հայկական առանձին ավիաջոկատ), որը ուղևորներ և բեռներ տեղափոխելուց բացի զբաղվում է գյուղատնտեսության մեջ և ժողովրդական տնտեսության այլ ճյուղերում ավիացիայի կիրառման հարցերով։ 1972-ին «Ա.»֊ի ինքնաթիռներով Երևանից առաքվել է 719 հզ. ուղևոր, 11.518 տ փոստ և բեռներ, իսկ 1969-ին ավիաքիմիական մեթոդով մշակվել 459 հզ. հա հողատարածություն։ «Ա.»֊ի գծերով Երևանը կապված է ՍՍՀՄ 35 քաղաքների և բոլոր խոշոր առողջավայրերի հետ։ 1969-ից գործում են Երևան–Բեյրութ, 1970-ից՝ Երևան–Ամման միջազգ. երթուղիները։
