ՀՍՀ/«ԱԶԱՏ ՖՐԱՆՍԻԱ»
«ԱԶԱՏ ՖՐԱՆՍԻԱ» («La France Libre»), 1942-ի հուլիսի 13-ից՝ «Մարտնչող Ֆրանսիա» («La France combattante»), հակաֆաշիստական ազատագրական շարժում։ Կազմակերպեցին Անգլիայում ապաստանած ֆրանսիացի վտարանդիները 1940-ի ամռանը գերմանա֊ֆաշիսաական զորքերի կողմից Ֆրանսիան օկուպացվելուց հետո։ «Ա. Ֆ.» հենվում էր Անգլիայում գտնվող ֆրանսիական զինվորական միավորումների և Ֆրանսիայի մի քանի գաղութների վարչությունների վրա։ Կապեր ուներ Ֆրանսիայում գործող դիմադրության շարժման հետ։ 1941-ի սեպտ. 23-ին կազմակերպվեց «Ա․ Ֆ.»֊ի ղեկավար մարմինը՝ Ազգային կոմիտեն (ԱՖԱԿ), գեներալ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ։ 1943-ի հուլիսի 3-ին ԱՖԱԿ֊ի և գաղութների հյուսիսաֆրիկյան վարչության ներկայացուցիչներից ստեղծվեց Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտե, որը 1944-ի հուլիսի 2-ին վերանվանվեց Ֆրանսիական Հանրապետության ժամանակավոր կառավարություն։
