ՀՍՀ/«ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ»
«ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», հայ ազգագրական առաջին պարբերականը (1895–1916)։ Խմբագիր֊հրատարակիչն էր Ե. Լալայանը։ Հրատարակվել է 26 հատոր. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ Խմբագիրը նպատակ էր դրել «ուսումնասիրել ազգը» և հանդեսը դարձնել «ժողովրդական կյանքի մի ճշմարիտ հայելի»։ «Ա. հ.»֊ում տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ «Ա. հ.»֊ի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի (Ե. Լալայան), Բուլանըխի (Բենսե) և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ֊Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։ «Ա. հ.» նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։
