ՀՍՀ/«ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»
«ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ», Վիեննայի Մխիթարյան միաբանության հայագիտական հրատարակությունների մատենաշար։ Լույս է տեսնում 1890-ից։ «Ա. մ.» ընդգրկում է հայագիտության ամենատարբեր բնագավառների վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ և փաստական հարուստ նյութեր։ Հրատարակված աշխատությունները մեծ մասամբ նախապես տպագրվել են «Հանդես ամսօրյա»֊ում։ «Ա. մ.»-ի հատորները թվահամարված են հայերեն այբուբենով։ «Ա. մ.»-ի 211-րդ հատորը լույս է տեսել 1970-ին։ Բացի Վիեննայի Մխիթարյաններից (Հ. Տաշյան, Գ. Մենևիշյան, Ղ. Հովնանյան, Գ. Գալեմքյարյան, Ն. Ակինյան, Հ. Ոսկյան և ուրիշներ) «Ա. մ.»-ին մասնակցել են հայ և օտարազգի բազմաթիվ այլ գիտնականներ (Գ. Խալաթյան, Ն. Ադոնց, Բ. Կյուլեսերյան, Ա. Սարուխան, Գ. Տեր-Մկրտչյան, Հ. Աճառյան, Խ. Սամվելյան, Հ. Մանանդյան, Թ. Ավդալբեգյան, Ն. Մառ, Ա. Կարիեր, Հ. Հյուբշման, Հ. Մարկվարտ, Հ. Գելցեր, Հ. Պեդերսեն և ուրիշներ)։
