Jump to content

ՀՍՀ/«ԱԶԳԱՍԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԶԳԱՍԵՐ», շաբաթաթերթ։ Հրատարակել է հնդկահայ «Արարատյան ընկերություն»֊ը Կալկաթայում, 1845–48-ին, Մ. Թաղիադյանի խմբագրությամբ։ Նշանաբանն էր՝ «Ուսումն առնէ զմարդ երջանիկ»։ Լեզուն սկզբում աշխարհաբար էր, հետո՝ գրաբար։ Առավելագույն տպաքանակը՝ 300, տարածվել է գլխավորապես հնդկահայ և պարսկահայ գաղութներում։ Հայության արմատը համարելով Արարատյան Հայաստանը՝ թերթը հայերին կոչ է արել համախմբվել, տնտեսությունն ու մշակույթը զարգացնել մայր հայրենիքում, պահպանել հայոց լեզուն՝ իբրև ազգի գոյատևման և առաջադիմության գործոն։ «Ա.» հրապարակել է տնտեսագիտական նյութեր, արտացոլել հայ վաճառականների գործունեությունը, լուսաբանել գաղթավայրերի (Նոր Ջուղա, Մադրաս, Զմյուռնիա, Բոմբեյ) հասարակական֊մշակութային կյանքը, արծարծել ուսումնա֊դաստիարակչական, եկեղեցուն ու կրոնին վերաբերող հարցեր։ Հանդես է եկել Անգլիայի գաղութային քաղաքականության դեմ, ազատության երաշխիք

համարել գիտությունն ու լուսավորությունը։ Դատապարտելով ցարիզմի քաղաքականությունը՝ «Ա.» միաժամանակ դրվատել է Ռուսաստանի պատմական դերը հայ ժողովրդի փրկության գործում։ Տպագրել է չափածո և արձակ երկեր (Մ. Թաղիադյան, Թ. Ավետումյան, Ա. Ազնուր, Ղ. Հովհան, Ե. Մանուկյան), թարգմանություններ (Ֆիրդուսի, Վ․ Շեքսպիր, Ռ. Բեռնս, Ջ. Բայրոն, Չ. Դիքենս, Հ. Լոնգֆելլո, դեկաբրիստ Պ. Պեստել), արտատպություններ։ Կարճատև ընդհատումից հետո «Ա.» հրատարակվել է «Ազգասեր Արարատյան» նոր անունով։

Գրկ․ Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. I, Ե., 1956։