ՀՍՀ/«ԱԶԴԱՐԱՐ» (ԱՄՍԱԳԻՐ)
«ԱԶԴԱՐԱՐ», ամսագիր, հայերեն առաջին պարբերականը։ Հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան), 1794–1796-ին։ Ընդամենը լույս է տեսել 18 համար։ Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով տպագրել է Հարություն Շմավոնյանը։ «Ա.» տարածվել է Մադրասում, Կ. Պոլսում, Նոր Նախիջևանում, Էջմիածնում և այլուր։ Նպատակն էր հաղորդել ընթացիկ ամսվա կարևոր անցքերը, տարբեր լրագրերում տպված տեղեկությունները։ Արտացոլել է հնդկահայ, մասնավորապես մադրասահայ կյանքը։ «Ա.»֊ում տպագրվել են կրոնա֊բարոյախոսական

հոդվածներ և գրական ու պատմագիտական (ինքնուրույն և թարգմանական) նյութեր (Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից», Հակոբ Սիմոնյանի (Այուբյանց) Դավրիժեցու «Պատմութիւն Հեիդարալի խանի» ևն)։ Հիշարժան են նաև Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի «Օրհնութեան թուղթ»֊ը, ուղերձներն ու նամակները, ուր նա զարգացրել է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը Թուրքիայի և Պարսկաստանի լծից ազատագրելու գաղափարը։ Ամսագրում գրական ստեղծագործություններ են տպագրել Հայ Որդի Հայի, Ազգակից, Ուրախակից, Սատանի Չարխ, Բարեկամ ծածկանուններով հեղինակները։ Ուշագրավ է ազատագրության և լուսավորության մասին Հայ Որդի Հայի և Ազգակցի բանավեճը, որը հայ հրապարակախոսության աոաջին նմուշներից է։ «Ա.» գաղութահայերին հորդորում էր վերադառնալ հայրենիք։ «Ա.»֊ի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ 1970-ին, ի նշանավորումն «Ա.»֊ի լույս ընծայման 175-ամյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ա.»։
Գրկ. Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893։ Լևոնյան Գ. Ջ., Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895։ Մխիթարյան Մ. Հ., Առաջին հայ պարբերականը, «ՊԲՀ», 1964, №4։ Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 233—42, 246—54։ Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956։
