ՀՍՀ/«ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՎԱՐՔ»
«ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՎԱՐՔ» (այլ անվամբ՝ «Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ»), հունարեն վեպ՝ նվիրված Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի առասպելական պատմությանը։ Գրվել է II–III դդ.։ Հեղինակն անհայտ է։ Ուշ շրջանի աղբյուրները վերագրել են Եզոպոսին, Պտղոմեոսին, Արիստոտելին, Կալիսթենեսին։ Տարածված է եղել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Միջնադարյան Ֆրանսիայում վերամշակվելով դարձել է առասպելական մի շարք վեպերի հիմք։ Ռուսաստանում հայտնի է XI–XII դարերից, ի հայտ է եկել նոր մշակմամբ՝ XV–XVII դդ.։ «Ա. վ.»–ով մեծապես հետանքրքրվել են պարսկալեզու բանաստեղծները։ Ֆիրդուսու «Շահնամե»–ում առանձին գլուխ է հատկացված Ալեքսանդր Մակեդոնացուն, Նիզամի Գյանջևին գրել է «Իսքենդերնամե», Ամիր Խոսրով Դեհլևին՝ «Իսքենդերի հայելին», Ջամին՝ «Իսքենդերի իմաստության մատյան» դրվատական պոեմները։ Վեպի հայերեն թարգմանությունը կատարվել է V դ. և մեզ է հասել բազմաթիվ օրինակներով։ Միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում կա 21 ձեռագիր օրինակ։ «Ա. վ.»–ով հրապուրվել է Խաչատուր Կեչառեցին, արտագրել և յուրաքանչյուր հատվածի վերջում նյութը վերապատմել միջին հայերենով։ Տալով վեպի առանձին դրվագ հերը՝ իրենց վերաբերմունքն են արտահայտել կամ ոտանավոր–կաֆաներ գրել նաև Հովհաննես Երզնկացին, Գրիգորիս Աղթամարցին և ուրիշներ։
Գրկ. Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, Վնտ., 1842։ Տաշյան Հ., Ուսումնասիրութիւնք Ստոյն–Կալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վնտ., 1892։ Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 2, Ե., 1946, էջ 230–44։ Ավդալբեգյան Մ. Թ., Խաչատուր Կեչառեցի, Ե., 1958, էջ 57–86։ Бертельс Е. Э., Роман об Александре и его главные версии на Востоке, М.-Л., 1948.
