Jump to content

ՀՍՀ/«ԱԼՄԱՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԼՄԱՍՏ», Ա. Սպենդիարյանի օպերան։ Լիբրետոն (ռուս.) ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը 1917–18-ին։ Կլավիրն ավարտվել է 1923-ին, գործիքավորումը շարունակվել մինչև 1928-ը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը)։ «Ա.» հայ ժողովրդի հերոսական–ազատագրական պայքարն արտացոլող հոգեբանական–փիլիսոփայական բնույթի երաժշտական դրամա է։ Առաջին անգամ բեմադրվել է 1930-ին, Մոսկվայի Մեծ թատրոնի ֆիլիալում (Ալմաստ՝ Մ. Մակսակովա), ապա նաև՝ Օդեսայում (1930, ուկրաիներեն), Թբիլիսիում (1932, վրացերեն), Տաշքենդում (1953), Նովոսիբիրսկում (1972)։ Հայաստանում բեմադրվել է 1933-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի բացման օրը (լիբրետոյի թարգմ. Տ. Հախումյանի)։ Վերաբեմադրվել է 1939-ին, 1969-ին և 1971-ին։ Գլխավոր դերերգերը կատարել են. Ալմաստ՝ Թ. Շահնազարյան, Տ. Սազանդարյան, Մ. Չմշկյան, Դ. Գալաչյան, Օ. Գաբանա, Թաթուլ՝ Պ. Լիսիցյան, Մ. Երկաթ, Ա. Կարապետյան, Նադիր շահ՝ Լ. Իսեցկի (Հովհաննիսյան), Ն. Հովհաննիսյան, Դ. Պողոսյան, Հ. Ալավերդյան, Աշուղ՝ Գ. Գաբրիելյան, Վ. Միրաքյան և ուրիշներ. դիրիժորներ՝ Ս. Ստոլերման, Գ. Բուդաղյան, Ա. Քաթանյան, Օ. Դուրյան, ռեժիսորներ՝ Ա. Բուրջալյան, Գ. Հովհաննիսյան, Վ. Բագրատունի, Վ. Աճեմյան, նկարիչներ՝ Մ. Սարյան, Մ. Արուտչյան, Խ. Եսայան, Մ. Ավետիսյան։ «Ա.» 1951-ին, ռուս և ֆրանսիացի կատարողներով, բեմադրվել է Փարիզի Մյություալիթե պալատում (նվագախմբի մասը կատարվել է երկու դաշնամուրով)։ Կլավիրը հրատարակվել է Երևանում, 1971-ին (լիբրետոյի նոր թարգմ. Պ. Միքայելյանի)։ Գ. Գյոդակյան