Jump to content

ՀՍՀ/«ԱԼՄԱՍՏԵ ԳԱՀ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԼՄԱՍՏԵ ԳԱՀ», 1660-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառական Զաքար Սահրատյանը նվիրել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։ Գահը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Ունի պարզ ձև, որը լայն տարածում էր գտել XVI–XVIII դդ. կիրառական արվեստում (լավագույն օրինակներից են 1604-ին Շահ–Աբբաս I Բորիս Գոդունովին նվիրած գահը, Թեհրանի Գյուլիստանի պալատի մի քանի գահեր, Հայաստանի պատմության թանգարանում գտնվող XVIII դ. գահը՝ Էջմիածնից ևն)։ Գահը պատրաստելու համար օգտագործվել են 897 տարբեր չափի ալմաստներ, 1.298 մարգարիտ, ամեթիստ, շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 նիշապուրի փիրուզա, ոսկի, արծաթ, փայտատեսակներից՝ չինարենի, հաճարենի ևն։ Գահի հարդարանքում օգտագործված են նաև սև թավիշ, կարմիր մետաքս, դեղին կերպաս։ Թիկնակի վրա ասեղնագործված են մանր մարգարիտներով ելուզված ուղերձը և հրեշտակների պատկերներ։ «Ա. գ.»–ի վերևի մասում հետագայում կատարվել են հավելնումներ (երկգլխանի արծիվ ևն)։ Ժամանակին «Ա. գ.» գնահատվել է 22.589 ռռւբլի: Գահը պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։