ՀՍՀ/«ԱՂԲՅՈՒՐ»
«ԱՂԲՅՈՒՐ», առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը Արևելյան Հայաստանում։ Լույս է տեսել Թիֆլիսում (1883–1918), հրապարակախոս–մանկագիր Տիգրան Նազարյանի խմբագրությամբ։ Ամսագիրը ձգտել է մանուկների մեջ արթնացնել պատվասիրություն, սեր դեպի մարդը, վսեմն ու ազնիվը։ Տպագրել է գրական–գեղարվեստական, բնագիտական, աշխարհագրական նյութեր, կենսագրական ակնարկներ նշանավոր մարդկանց մասին, նաև թարգմանություններ Անդերսենի, Հոֆմանի, Հյուգոյի, Գյոթեի, Պուշկինի, Տուրգենևի, Նեկրասովի և այլ գրողների մանկական երկերից։ Մեծ տեղ է տվել ժողովրդական բանահյուսությանը։ Ունեցել է ոչ պարբերաբար լույս տեսնող երկրորդ բաժին, որտեղ տպագրվել են մանկավարժ. տեսական հոդվածներ, ուսումնասիրություններ, խորհուրդներ ծնողներին և դաստիարակներին։ Իբրև «Ա.»–ի հավելված հրատարակվել են ժողովածուներ, գրքույկներ, նկարներ, «Մանկական աշխարհ» պարբերաթերթը՝ երեխաների գրվածքներով և թարգմանական նյութերով։ Ամսագրի էջերում հանդես են եկել հայ անվանի գրողներ Րաֆֆին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Իսահակյանը, Լեոն և ուր.։
Գրկ. Քսան և հինգ ամյակ «Աղբյուր» մանկական ամսագրի (1883- 1908), կազմեց Նար–Դոս, Թ., 1908։ Հակոբյան Մ. Ն., «Աղբյուր» ամսագիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1959, № 2։ Գյուլնազարյան Ի. Ս., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Ե., 1961, էջ 63–73։
