Jump to content

ՀՍՀ/«ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ», Կողբի աղահանքերից (Արաքսի աջ ափին) դեպի Թիֆլիս և Քութայիս ձգվող սայլուղի։ Հայտնի էր դեռ վաղ միջնադարում։ «Ա. ճ.» սկիզբ առնելով Կողբ ավանից, Արաքսի գետանցով մտնում էր Խերբեքլու (այժմ՝ Երվանդաշատ) և Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվում դեպի Բայանդուր–Ալեքսանդրապոլ (Լենինական)– Շիշթափա–Գորելովկա–Բոգդանովկա։ Այստեղ «Ա. ճ.» երկճյուղվում էր՝ մեկը դեպի Ծալկա–Թիֆլիս, իսկ մյուսը՝ Ախալքալաք–Ասպինձա–Ախալցխա–Զեկարի լեռնանցք–Քութայիս ուղղությամբ։ Արդեն XIX դ. երկրորդ կեսին այս երթուղով դեպի Անդրկովկասի տարբեր շրջանները սայլերով ու գրաստներով տարեկան տեղափոխվում էր ավելի քան 80 հզ. տ քարաղ։ «Ա. ճ.» բանուկ էր մինչև XX դ. սկիզբները։ Այդ ուղիով կատարվող երթևեկությունը նվազեց հատկապես 1902-ին՝ Թիֆլիս–Երևան երկաթուղու բացումից հետո։ Կողբից հվ–արմ. Հայկական պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, կոչվում էր Աղտո ձոր։ Վ. Պետրոսյան