ՀՍՀ/«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ ՏԱՐԵԳԻՐՔ»
«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ ՏԱՐԵԳԻՐՔ», հանրագիտական հրատարակություն։ Լույս է տեսել 1925–26-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Կազմել է Հ. Խաշմանյանը։ «Ա. հ. տ.» հայ հասարակական կյանքի, մասնավորապես՝ ամերիկահայ գաղութի կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին նվիրված հոդվածների հետ միասին զգալի տեղ է հատկացրել հայտարարություններին ու ռեկլամներին, աշխատել է ԱՄՆ գաղթած հայերին ծանոթացնել երկրի վարք ու բարքին։ «Խորհրդային Հայաստանը 1925-ին» ընդարձակ հոդվածում (2-րդ գիրք) պատկերված են հայ ժողովրդի ազգային ու սոցիալական վերածնության առաջին նվաճումները։ «Ա. հ. տ.» տվյալներ է պարունակում առանձին ամերիկահայ հայրենակցական ընկերությունների ու միությունների գործունեության մասին։ Հոդվածներ են նվիրված նկարիչներ Հ. Փուշմանին և Հ. Ալխազյանին, քանդակագործ Հ. Գյուրջյանին, ռումինական ականավոր փիլիսոփա, ծագումով հայ Վասիլ Գոնտային և մշակույթի ուրիշ նշանավոր գործիչների։
