ՀՍՀ/«ԱՄՈԹԱԼԻ ԴԱՇՆԱԳԻՐ»
«ԱՄՈԹԱԼԻ ԴԱՇՆԱԳԻՐ» 363, կնքվել է հուլիսի սկզբներին, Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև (30 տարով)՝ վերջ տալով 338-ին սկսված և ընդմիջումներով շարունակված պարսկա–հռոմ. պատերազմներին։ Այդ պատերազմներում Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր։ 363-ին Հուլիանոս կայսրը, վճռական հաղթանակի հասնելու մտադրությամբ, Միջագետքի վրայով արշավեց Պարսկաստան, սակայն հունիսի 26-ին զոհվեց, և արշավանքը ձախողվեց։ Հռոմեական զորքը նոր կայսր ընտրեց Հովիանոսին, որը թուլամորթ ու անվճռական էր։ Նա իր իշխանությունը ապահովելու և հռոմ. զորքերի նահանջը կազմակերպելու նպատակով ընդունեց Շապուհ II առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները, չնայած բավարար ուժեր ուներ կռվելու համար։ Կնքված պայմանագրի համաձայն, որը հռոմ. պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամիանոս Մարկելինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին զիջեց Արվաստանը՝ Մծբին քաղաքով, Սինգարա ու Կաստրա–Մավրորում հզոր ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեիմենեն։ «Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին Պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի» (Аммиан Марцеллин, История в 2, Киев, 1907, с. 265)։ «Ա. դ.»–ով Հռոմ. կայսրությունը Պարսկաստանի հետ ոչ միայն
ԱՄՈՆԻՏՆԵՐ 325
գործարք կնքեց Հայաստանի հաշվին, այլև նենգորեն դավաճանեց նրան։ «Ա. դ.» Հայաստանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։
Շապուհ II, իրեն ազատ զգալով, 364-ին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։
Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մանանդյան Ժ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 1, մասն 2, Ե., 1957։
