Jump to content

ՀՍՀ/«ԱՆԱԲԱՍԻՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆԱԲԱՍԻՍ», «Նահանջ Բյուրոց» (հուն. – ανάβασις – վերելք, շարժում երկրի խորքով), Քսենոփոնի պատմա–հուշագրական երկը։ Բաղկացած է 7 գրքից, որոնցում նկարագրված է մ. թ. ա. 401-ին գահատենչ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հզ. հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II դեմ և Կունաքսայի (Միջագետք) ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին (հելլեն զորավարների նենգաբար սպանվելուց հետո նա նահանջող զորքի հրամանատարն Էր)։ «Ա.» արժանահավատ և անփոխարինելի սկզբնաղբյուր է հատ– կապես Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման համար։ «Ա.»–ում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր՝ որի սատրապն էր Օրոնտեսը, իսկ արմ. մասում հյուպարքոս էր Տիրիբազոսը։ Ըստ «Ա.»–ի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում, հայերով։ Արևելյան Տիգրիսից մինչև Արաքսի վերին հոսանքը հելլեններն անցել են հայկական գյուղերով։ «Ա.»–ի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում «տները լեցուն էին» մթերքներով (ցորեն, գարի, հաց, գարեջուր, անուշաբույր գինիներ, ընդեղեն, քունջութի, նշի և բևեկնի յուղ, կենդանական ճարպ ևն)։ Երկրագործության տեսակարար կշիռը մեծ էր Հայաստանի տնտեսության մեջ, հանգամանք, որը կարևոր նշանակություն ուներ պետականության կազմավորման ընթացքի համար։ «Ա.»–ի տվյալներից երևում է, որ Հայաստանում տիրապետող է եղել գյուղական–տերիտորիալ համայնքը։ «Ա.» տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի սատրապային վարչակարգի մասին։ Հիշատակվում են գյուղերում կանգնած ապարանք–ամրոցներ, որոնք պատկանել են սատրապներին։ Օրոնտեսի զորքը հայերից էր բաղկացած։ Սատրապն օգտվում էր նաև վարձկաններից։ Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր են գյուղական ճարտարապետության, զենքերի, կենցաղային առարկաների մասին տեղեկությունները։ «Ա.» որոշ պատկերացում է տալիս մ. թ. ա. V–IV դդ. Հայաստանի քաղաքական վիճակի մասին, լուսաբանում հին հայկական հասարակության կյանքի տարբեր կողմերը։ «Ա.»–ի շնորհիվ հելլենները ծանոթացան պարսկական ընդարձակածավալ տերության ներքին թուլությանը և հող պատրաստվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի համար։ «Ա.» իր պատմագիտական ու գեղարվեստական արժանիքների համար դարեր շարունակ եղել է ընթերցանության հաճելի գիրք, որն այսօր ևս առինքնում է պատմաբաններին, ռազմական գործիչներին և աշխարհագրագետներին։ 1970-ին Երևանում լույս տեսավ «Ա.»–ի հայերեն թարգմանությունը (թրգմ. և ծնթգր. Ս. Կրկյաշարյանի)։