ՀՍՀ/«ԱՆԴԱՍՏԱՆ»
«ԱՆԴԱՍՏԱՆ», պարբերական գրականության և արվեստի։ Լույս է տեսել 1952–1969-ին, Փարիզում, նախ որպես եռամսյա, ապա որպես պարբերագիրք (տարին մեկ համար)։ Խմբագիրն էր Բ. Թոփալյանը։ «Ա.» տպագրել է գեղարվեստական ոչ ծավալուն գործեր, գրականության, արվեստի, գեղագիտության, մշակույթի հարցերին նվիրված հոդվածներ, գունավոր վերարտադրություններ հայ նկարիչների գործերից։ Զգալի տեղ Է հատկացրել թարգմանական (մեծ մասամբ ֆրանսերեն) նյութերին՝ նպատակ ունենալով ֆրանսախոս և օտար ընթերցողներին ծանոթացնել հայ դասական գրողների ստեղծագործություններին (Քուչակ, Սայաթ–Նովա, Հ. Թումանյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց և ուրիշներ)։ «Ա.»–ին աշխատակցել են Հ. Զարդարյանը, Զ. Որբունին, Վ. Քաչան, Վ. Մավյանը, Լ. Անդրե–Մարսելը և այլ հայ ու ֆրանսիացի հեղինակներ։ Տպագրել է նաև սովետահայ գրողների գործերից։
