Jump to content

ՀՍՀ/«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆՈՒՇ», հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ հիմնադրեց ոճական նոր ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն՝ Ա. Տիգրանյանի (ըստ. Հ. Թումանյանի համանուն պոեմի)։ Գրվել է 1908–1912-ին, Ալեքսանդրապոլում։ Առանձին հատվածները աշակերտների ուժերով ներկայացվել են 1908-ին, Թիֆլիսում, առաջին բեմադրությունը՝ 1912-ին, Ալեքսանդրապոլում, սիրող դերակատարներով (Անուշ՝ Աստղիկ Մարիկյան, Սարո՝ Շ. Տալյան, Մոսի՝ Վ. Մարտիրոսյան, գործիքավորող և կապելմայստեր՝ Գ. Բուրկովիչ)։ Բազմիցս խաղացվել է Կովկասի և Ռուսաստանի գրեթե բոլոր, ինչպես և արտասահմանի շատ հայաբնակ վայրերում, թափանցել ժողովրդի կենցաղի մեջ։ Լրիվ նվագախմբով, պրոֆեսիոնալ կատարողներով, հեղինակի ղեկավարությամբ ներկայացվել է Հ. Թումանյանի ծննդյան 50-ամյակին, Թիֆլիսի Արտիստական թատրոնում (1919)։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Ա.» բեմադրվել է 1935-ին, վերաբեմադրվել 1939-ին, 1956-ին, 1969-ին, ներկայացվել է 1000-ից ավելի անգամ (1972)։ Գլխավոր դերերգերը կատարել են. Անուշ՝ Հ. Դանիելյան, Թ. Խաչատրյան, Գ. Գասպարյան, Ա. Թութունջյան, Սարո՝ Շ. Տալյան, Ա. Պետրոսյան, Մոսի՝ Ն. Սերդոբով, Պ. Լիսիցյան, Վ. Գրիգորյան և ուրիշներ, դիրիժորներ՝ Ա. Շաթիրյան, Մ. Թավրիզյան, Ռ. Ստեփանյան, Օ. Դուրյան, ռեժիսորներ՝ Ա. Գուլակյան, Վ. Աճեմյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան, Պ. Անանյան, Ա. Միրզոյան, Ռ. Նալբանդյան։ «Ա.» երևանյան բեմադրությամբ ներկայացվել է Մոսկվայում (1939, 1956, 1969) և ՍՍՀՄ այլ քաղաքներում։ Բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում (1941, 1956), Մարսելում (1970) և Փարիզում (1972)։ Կլավիրը հայերեն և ռուսերեն հրատարակվել է Երևանում, 1954-ին։ Ռ. Աթայան