ՀՍՀ/«ԱՆՏԻՈՔԻ ԱՍԻԶՆԵՐ»
«ԱՆՏԻՈՔԻ ԱՍԻԶՆԵՐ», «Անտիոքի անսիզներ», Անտիոքի դքսության օրենքների ժողովածու։ Ըստ Ղևոնդ Ալիշանի, կազմվել է Բոհեմունդ IV օրոք (1201–1235)։ Ժողովածուն բաղկացած է երկու մասից, առաջին մասի (17 գլուխ) կանոնները վերաբերում էին սենիորի և նրա վասալների փոխհարաբերություններին՝ նրանց իրավունքներին ու պարտականություններին, առաջինի դատելու իրավունքին, վասալի գույքը բռնագրավելու կարգին, ֆեոդալների միջև ծագած քաղաքացիական վեճերին և քրեական գործերին, ամուսնությունից առաջացած գույքային հարաբերություններին։ Երկրորդ մասի (21 գլուխ) կանոնները կարգավորում էին քաղաքային բնակչության ամուսնա–ընտանեկսւն՝ հատկապես գույքային հարաբերությունները, սահմանում կտակ կազմելու, տոհմական և այլ գույքի օտարման, տների վարձակալության, գույքի պահատվության և դրամափոխների գործարքներ կնքելու կարգը։ Մի շարք կանոններ վերաբերում էին պարտատիրոջ ու պարտապանի փոխհարաբերություններին և քրեական իրավունքին։ Անաիոքի դքսությանը Կիլիկիայի Հայկական թագավորության հարևանն էր։ Երկու պետությունների քաղաքացիները սերտ կապ ունեին առևտրական, մշակութային և քաղաքական ասպարեզներում։ Ժողովածուն կիրառվում էր նաև Կիլիկիայում՝ հայերի ու խաչակիրների միջև ծագած վեճերը լուծելիս։ Սմբատ Սպարապետը այդ օրենքները թարգմանել է հայերենի (XIII դ.)։ Օրենքների բնագիրը (հին ֆրանս.) մոռացության է տրվել ու կորել։ Ղևոնդ Ալիշանը 1876-ին «Ա. ա.» հայերենից թարգմանել է ֆրանսերենի։ Ռուսերեն թարգմանվել է 1958-ին (թրգմ. Ա. Ա. Պապովյան)։
Գրկ. Assises ďAntioche, reproduites en francais et publiées, au sixième centenaire de la mort de Sempad le Connetable, leur ancien traducteur arménien [trad. par L. Alichan avec le texte arménien]. Venise, 1876; Ассизы Антиохийские, пер. с киликийского диалекта армянского языка А. А. Паповяна, «ԲՄ», 1958, № 4։
