ՀՍՀ/«ԱՆՏԻ–ԴՅՈՒՐԻՆԳ»
«ԱՆՏԻ–ԴՅՈՒՐԻՆԳ», այս անունով է պատմության մեջ մտել Ֆ. Էնգելսի «Պարոն Եվգենի Դյուրինգի կատարած հեղաշրջումը գիտության մեջ» աշխատությունը։ Առանձին գրքով լույս է տեսել 1878-ին։ Գիրքը գրվել է մարքսիստական տեսությունը մանրբուրժուական տեսաբան Ե. Դյուրինգի հարձակումներից պաշտպանելու նպատակով, որի հայացքները ընդունելություն էին գտել գերմանական սոցիալ–դեմոկրատական կուսակցության որոշ անդամների մոտ։
«Ա–Դ.» բաղկացած է ներածությունից և երեք բաժնից՝ Փիլիսոփայություն, Քաղաքատնտեսություն, Սոցիալիզմ։ Ներածության մեջ Ֆ. էնգելսը տալիս է փիլիսոփայության զարգացման համառոտ ակնարկ և հիմնավորում մարքսիզմի առաջացման անխուսափելիությունը։ Առաջին բաժնում շարադրված են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմունքները, փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական ըմբռնումը, հիմնավորվում են աշխարհի մատերիականության, նրա ճանաչողության հիմնական օրինաչափությունների, ժամանակի և տարածության՝ իբրև կեցության ձևերի, մատերիայի և շարժման միասնության դրույթները։ Էնգելսը մեծ ուշադրություն է հատկացնում դիալեկտիկայի, նրա հիմնական օրենքների բնութագրմանը, դիալեկտիկական և ձևական տրամաբանության փոխհարաբերությանը։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից «Ա–Դ.»–ում քննարկվում են բնագիտության կարևոր հարցերը՝ Դարվինի տեսությունը, օրգանական բջջի դերը և կյանքի էությունը, Կանտի կոսմոգոնիական վարկածը։ Ֆ. Էնգելսը քննարկում է նաև բարոյականության, հավասարության, ազատության ու անհրաժեշտության և այլ հարցեր։
Երկրորդ բաժնում էնգելսը, քննադատելով քաղաքատնտեսության վերաբերյալ Դյուրինգի հայացքները, տալիս է քաղաքատնտեսության առարկայի և մեթոդի սահմանումը, շարադրում Մարքսի ուսմունքը ապրանքի և արժեքի, հավելյալ արժեքի և կապիտալի, հողային ռենտայի մասին ևն։ Քննադատելով բռնության իդեալիստական տեսությունը՝ Էնգելսը ցույց է տալիս տնտեսության որոշիչ դերը հասարակության զարգացման մեջ, բացատրում է մասնավոր սեփականության և դասակարգերի ծագումը։
Երրորդ բաժնում էնգելսը տալիս է գիտական կոմունիզմի տեսության և պատմության ակնարկ, պարզաբանում իր վերաբերմունքն ուտոպիական սոցիալիզմի նկատմամբ, հիմնավորում հասարակության կոմունիստական վերակառուցման խնդիրները և ուղիները, շարադրում մարքսիստական ուսմունքը սոցիալիզմի և կոմունիզմի մի շարք արմատական հարցերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի ժամանակ արտադրության ու բաշխման, պետության, ընտանիքի, դպրոցի, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունների վերացման մասին։
«Ա–Դ.» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1932-ին, Երևանում, Գ. Ջաղեթյանի՝ գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Առ 1-ը հունվ. 1972 «Ա–Դ.» հայերեն հրատարակվել է 5 անգամ։
Գրկ. Լենին Վ. Ի., Ֆրիդրիխ Էնգելս, Երկ., հ. 2։
